«Չորրորդ գնդի հրամանատար քաջ Քեռի,
Ինքդ արի եւ գործերդ միշտ բարի,
Սրտաճմլիկ լուրդ առինք ցաւալի,
Քաջաց քաջն հերոս Քեռի պանծալի:...»
Նշելով հերոսի մահվան օր, հենց նրա մասին ենք երգում ու հիշում իր հերոսականությունները եւ հարգում հիշատակը՝ 1916 մայիս 15։
Կարինցի Արշակ Գավաֆյանը միանալով ազատագրական պայքարին դարձել է Քեռի։
24-ամյա Արշակը նախ անդամագրվել է Կարինի պաշտպան հայրենյաց կազմակերպությանը, անցել է Կաղզվան ու համագործակցել Հունոյի (Հարություն Տեր-Մարտիրոսյանի) հետ եւ մասնակցել նրա գլխավորած Մատռաբերդի արշավանքին, որը ձախողվել է։
Մեկ տարի անց եղել է Սարգիս Կուկունյանի խմբում՝ Երկիր անցնելու նպատակով, սակայն չի հաջողվել, բայց կարողացել է խուսափել ձերբակալությունից ու 1891-ին անդամագրվել է ՀՅԴ-ին։
1893 –ին մի փոքրիկ խմբով Ջալլադի (Երվանդ Բաբերյան) հետ անցել է Կարին։
1895 -ի կոտորածների ժամանակ ղեկավարել է հայկական զինված խմբավորում։
1903 –ին հայդուկ Թորգոմի (Թուման Թումյան) հեծյալ «Մրրիկ» խմբի հետ անցել է Սասուն։
1904 -ին մասնակցել Սասունի ապստամբությանը, որի պարտությունից հետո անցել է Վասպուրական։
1905-1906 –ի հայ-թաթարական բախումների ժամանակ Քեռին եղել է Զանգեզուրի ինքնապաշտպանության ղեկավարներից մեկը, կռվել հիմնականում Անգեղակոթի հատվածում։
Այնուհետև անցել է Պարսկաստան, միացել է Եփրեմ Խանին (Եփրեմ Դավթյան), դարձել նրա օգնականը՝ մասնակցելով 1905-1911 թթ. Իրանական հեղափոխությանը։
Եփրեմ Խանի սպանությունից հետո վրեժխնդիր է եղել նրա սպանության համար։
1914-1918–ին անցել է Կովկաս։
Հայ կամավորական խմբերի կազմավորումից հետո Քեռին եղել է 4-րդ կամավորական գնդի հրամանատար, մասնակցել 1915-ի Սարիղամիշի ճակատամարտին։
1916-ի մայիսին Մոսուլ գնալու ճանապարհին՝ Ռևանդուզի մոտ, Քեռին իր ջոկատով շրջապատվել է։ Ջոկատը դուրս է բերել շրջափակումից, իսկ ինքն ընկել մարտում։
Քեռու աճյունն ամփոփվել է Թիֆլիսի Խոջիվանքի հայկական գերեզմանատանը՝ Նիկոլ Դումանի եւ Սեբաստացի Մուրադի կողքին, սակայն հետագայում գերեզմանատունը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է։
Շատ ու շատ ականավոր հայորդիների շիրիմների հետ միասին ոչնչացվել է նաեւ Քեռու շիրիմը։
Նյութի աղբյուր՝ սոց․ էջեր
Մեկնաբանել