• 11 դեկտեմբեր, 2024
     Ոսկի քաղաքը

    Ոսկի քաղաքը

    Ժուկով-ժամանակով Հնդկաստանի Բենարես քաղաքում տիրելիս է լինում Ուքանա թագավորը։ Օրերից մի օր մեռնում է նրա սիրելի կինը։ Դժբախտ թագավորը չի կարողանում մխիթարվել ոչ մի բանով. իրեն որսորդության է տալիս։

    Մի անգամ էլ, երբ որսի է դուրս գալիս, անտառում մի գեղեցիկ փոքրիկ աղջիկ է գտնում։ Ուրախանում, աշխարհով մեկ է լինում, առնում տուն է բերում, որդեգրում, անունը դնում Քանաքարա։

    Մեծանում է Քանաքարան, դառնում է տխուր թագավորի միակ մխիթարանքը։ Երբ հասնում Է ամուսնության ժամանակը, թագավորը հրավիրում-հավաքում է իր երկրի երիտասարդ արքայազուններին ու իշխանազուններին, որ նրանց միջից ընտրություն անի Քանաքարան։ Բայց աղջիկը դուրս չի գալիս իր սենյակից։

    - Հայրի՛կ, - ասում է, - գիշերս մորս հոգին երազ եկավ ինձ։ Ասաց. «Քանաքա՛րա, շատ-շատերը կխնդրեն քու ձեռքը, չխաբվես ո՛չ գեղեցկության, ո՛չ քաջության, ո՛չ հարստության, որովհետև անբախտ կլինես, որին էլ ընտրես քեզ ամուսին, ընտրի միայն նրան, ով իր կյանքում գոնե մի անգամ եղած կլինի Ոսկի քաղաքում»։
    - Շատ լավ, աղջի՛կս, - ասում է բարի ծերունին, - իմաստուն են երազները, ու մորդ հոգին քո երջանկության համար է խոսում։ Ես այդպես էլ կհայտնեմ հավաքված փեսացուներին, ինչպես ազդել է երազը, ու ինչպես քո սիրտն է ուզում։ Նրանք աշխարհ տեսած մարդիկ են և, անշուշտ, նրանց մեջ կգտնվեն այնպեսները, որոնք իրենց կյանքում գոնե մի անգամ եղած են Ոսկի քաղաքում։
    Այսպես էլ հայտնում է թագավորը հավաքված արքայազուններին ու իշխանազուններին։
    Երբ Ոսկի քաղաքի անունը լսում են, բոլորը զարմացած նայում են միմյանց երեսի.
    - Նման քաղաք մենք չենք էլ լսել մեր օրերում, ո՜ւր թե տեսեինք ... Նստում են ձիերն ու իրար հետևից հեռանում, ցրվում իրենց աշխարհները։
    Բենարեսում մի երիտասարդ է լինում՝ Դիվանա անունով։ Մի շռայլ, զվարճասեր երիտասարդ է լինում Դիվանան՝ իր կարողությունը խնջույքներում ու քեֆերում վատնած, դատարկ, ձանձրացած կյանքից ու աշխարհից։ Հենց լսում է թագավորի աղջկա որոշումը, մտածում է.
    «Այ քեզ լավ դեպք՝ աշխարհում մի քիչ էլ զվարճանալու... Միանգամից և՛ կհարստանաս, և՛ գեղեցիկ կին կունենաս։ Եվ ինչպե՜ս ոչ ոքի մտքով չի անցել գնա ասի՝ տեսել է Ոսկի քաղաքը ու ամուսնանա հետը»։
    Եվ ուղիղ գնում է Ուքանա թագավորի պալատը։
    - Հայտնե՛ք չքնաղ Քանաքարային, որ ես՝ երիտասարդ Դիվանաս, եղել եմ Ոսկի քաղաքում։
    Ամբողջ պալատը թնդում է ցնծությունից. վերջապես եկավ սպասած հերոսը։
    - Նե՛րս համեցեք,- խնդրում են դրանիկները ու ներս են տանում երիտասարդին գեղեցիկ Քանաքարայի մոտ։
    Քանաքարան խնդրում է նրան, որ պատմի, թե ինչ բան է Ոսկի քաղաքը։ Ու Դիվանան սկսում է իր սուտ պատմությունը.
    - Ոսկի քաղաքը... Էլ մի՛ ասի, տիրուհի՛, թե ինչ զարմանալի բան է էդ Ոսկի քաղաքը, որ ես ընկա մեջը... Առևտրական գործերով անցնում էի աշխարհից աշխարհ, հազար ու մի աշխարհ ընկա, հազար ու մի քաղաք տեսա՝ հազար ու մի հրաշալիքներով լիքը... Մի անգամ էլ, մի աշխարհում, որի անունը լեզվիս ծերին է և հիմա կասեմ որտեղ որ է, տեսնեմ հեռվում մի ահագին տարածություն վառվում է արևի տակ, ինչպես մի հսկայական հրդեհ։ «Էս ի՞նչ հրաշք է»,- հարցնում եմ ընկերներիս։ « Ոսկի քաղաքն է»,- ասում են ինձ։ Ճշմարիտ որ՝ Ոսկի քաղաք...
    Մոտենում ենք, ի՜նչ տեսնենք՝ տները ոսկի, ծառերը ոսկի, փողոցները ոսկի... Մարդիկ էլ ո՛չ աշխատում են, ո՛չ չարչարվում են, նստած ուտում-՚խմում ՛են ...
    - Դու՛րս արեք էս անամոթ ստախոսին,- բարկացած կանչում է Քանաքարան։
    Վզին տալով դուրս են անում երիտասարդ Դիվանային, և պալատը նորից ընկղմվում է տխրության մեջ...
    Բայց այն օրվանից, ինչ երիտասարդ Դիվանան տեսնում է գեղեցիկ Քանաքարային, սիրահարվում, փոխվում, դառնում է բոլորովին ուրիշ մարդ։
    Քունը փախչում է նրա աչքերից, գիշեր-ցերեկ միայն մտածում է, որ գնա՜, գնա՜, գնա՜, գտնի Ոսկի քաղաքը, ուր ուզում է լինի, ու գա պատմի Քանաքարային։ Թողնում է տուն ու տեղ, հայր ու մայր, գլուխը փեշն է դնում, գնում: Որտե՞ղ ես, Ոսկի՛ քաղաք, քեզ եմ գալիս։
    Գնում է, գնում, ամեն պատահողի հարց ու փորձ է անում, ոչ ոք չի էլ լսել Ոսկի քաղաքի անունը, ուր մնաց թե տեղն ասեր։
    Մի օր էլ Դիվանան հոգնած, տխուր անց է կենում մի խոր անտառով։ Տեսնում է մի ծառի վրա նստած մի մեծ արծիվ։ Նետն ու աղեղը պատրաստում է որ զարկի, արծիվը լեզու է առնում, ասում.
    - Ինչո՞ւ ես ինձ սպանում, բարի՛ մարդ, առանց այն էլ վիրավոր եմ։ Որսկանի նետը մտել է թևիս տակ, անտանելի ցավ է տալիս: Եթե գթաս, նետը հանես ու առողջացնես ինձ, ես քեզ այնպիսի լավություն կանեմ, որ միայն արծիվը կարող է անել։
    Զարմանում է երիտասարդ Դիվանան, թե ինչպես է անլեզու հավքը խոսում մարդկային լեզվով: Մոտենում, ծառից իջեցնում է վիրավոր արծվին. նետը հանում է թևի տակից ու տանում անտառում մի խրճիթ, սկսում է բժշկել։
    Արծիվն առողջանում է ու դիմում Դիվանային.
    - Ես խոսք տվեցի, թե քեզ լավություն կանեմ: Խոսք եմ տվել, ու խոսքս խոսք է, պետք է կատարեմ, ինչ էլ որ սիրտդ ուզի։ Ասա տեսնեմ՝ ինչ ես ուզում։
    Ու նստում է երիտասարդը, պատմում արծվին իր պատմությունը, աղաչում, որ իրեն տանի Ոսկի քաղաքը։
    - Դժար բան ուզեցիր, բայց արծվի համար ոչ մի դժվար բան չկա։ Դու միայն ամո՛ւր բռնվիր իմ մեջքից, դեռ ճրագները չվառած՝ քեզ վեր կհասցնեմ Ոսկի քաղաքը,- ասում է արծիվը ու վեր թռցնում երիտասարդին։ Բաց է անում իր հսկայական թևերը, բարձրանում է մինչև ամպերը, սլանում հեռո՜ւ: Երկյուղից ու արագությունից գրեթե շնչասպառ է լինում, ուշքից գնում է Դիվանան։ Մին էլ այնտեղ է ուշքի գալիս, որ արծիվը ծղրտում է.
    - Ահա Ոսկի քաղաքը,- ու իջեցնում է գետին։
    Աչքը բաց է անում Դիվանան։ Առջևում՝ կանաչ այգիների մեջ թաղված, տարածվում է մի քաղաք։
    Կապույտ գետը ոլորվելով անցնում է նրա միջով։ Հեռվից շատ ծանոթ քաղաքների նման մի քաղաք և այն էլ, փոքրիկ քաղաք։ Առաջ է գնում։
    Չորս կողմը բերրի այգիներ, զմրուխտ կանաչ, երփներանգ ծաղիկներ։ Օդը լիքն է թարմությամբ ու բուրմունքով, թռչունների ծլվլոցով ու ջրերի կարկաչով, և նրանց հետ միախառնվելով հնչում են մարգերում ու այգիներում աշխատողների երգերը.

    «Ա՜խ, ի՜նչ լեն է աշխարհն ազատ Էս կյանքի համար, ամենքի համար.
    Ի՜նչքան լիքն է, ի՜նչքան առատ Էս կյանքի համար, ամենքի համար։
    Ա՜խ, ի՜նչ լավն է աշխատանքը,
    Առողջ ձեռքով, խաղաղ հոգով,
    Ի՜նչ անուշ է հոսում կյանքը
    Լիքը սիրով, ծաղկով, երգով»։

    «Երջանիկ մարդիկ», - մտածում Է Դիվանան ու դիմում է նրանց.
    - Ասացե՛ք, աղաչում եմ, ո՛վ երջանիկ մարդիկ, ի՞նչ է այս քաղաքի անունը:
    - Ոսկի քաղաքն է սա, բարի օտարական։
    - Իսկ դուք ծառաներ եք, որ բանում եք ձեր տերերի այգիներում, թե՞...
    - Մենք տեր ու ծառա չգիտենք։
    - Իսկ ո՞վ է ձեզ կառավարում։
    - Գոհար թագուհին։
    - Շատ զորեղ թագուհի է երևի։
    - Այո՛, նա գիտի երջանկացնելու գաղտնիքը։
    - Արդյոք կարելի՞ է նրան տեսնել։
    - Նրա դուռը բաց է ամենքի առջև, իսկ օտարականներին միշտ նրա մոտ են տանում, և քեզ էլ կհրավիրեն անշուշտ։
    Ճշմարիտ որ, ներս է մտնում քաղաքը թե չէ, Դիվանային խնդրում են Գոհար թագուհու ապարանքը։ Ապարանքում երբ կերակրվում է, կազդուրվում ու հանգստանում, հրավիրում են թագուհու մոտ։ Թագուհին մի շատ բարի ու ազնիվ կին է լինում և այնքան չքնաղ, որ հուրի-փերի է թվում Դիվանային։ Հենց մի տեսնելով կախարդում է նրան։
    - Ի՞նչն է քեզ բերել մեր աշխարհը, երիտասա՛րդ օտարական,- հարցնում է Դիվանային,- Վի՞շտն է քեզ հալածում, թե՞ բախտն է առաջնորդում, և ինչո՞վ կարող ենք օգտակար լինել քեզ։
    Թագուհու ազնվությունից ու հարցմունքից ոգևորված՝ Դիվանան սրտաբաց պատմում է, թե ով է ինքը, ինչ է եկել իր գլուխն ու ինչպես է հասել Ոսկի քաղաքը։
    - Միշտ լավ է,- ասում է թագուհին,- երբ մարդիկ թողնում են իրենց վատ սովորություններն ու կրքերը, լցվում են բարձր կարոտով ու ձգտում են, գնում են հասնելու մի բարձր նպատակի: Թե կհասնեն, լավ, թե չեն հասնի, դարձյալ միշտ լավ է ու լավ, որովհետև կյանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ ձգտումն ու ճանապարհը։
    - Իսկ երջանկությո՞ւնը...
    - Աշխատել լավ ճանապարհի վրա ու գոհ լինել իր ունեցածով։
    - Դա՞ է երջանկությունը.
    - Ուրիշ ոչինչ։
    - Իսկ ես կարծում էի՝ ձեր քաղաքը լիքն է ոսկով, և դրանից է, որ գոհ ու երջանիկ են ձեր մարդիկ, - հայտնում է զարմացած Դիվանան։
    - Ոսկի՞,- քմծիծաղ է տալի Գոհար թագուհին,- ոսկին մետաղ է, որ հողից է դուրս գալիս, երջանկությունը զգացմունք է, որ սրտի՛ց է բխում։ Ի՞նչ կապ կա նրանց մեջ։
    - Իսկ ես կարծում էի՝ ահռելի բանակ ունեք ու զենքի ուժով եք պահպանում ձեր երկրի սքանչելի կարգը և խաղաղությունը,- շարունակում է Դիվանան։
    - Օ՜, երբեք։ Ահը, սպառնալիքը ու խաղաղությունը իրար չեն տեսել և միասին չեն ապրում։
    - Իսկ ես կարծում էի, թե դուք հազարավոր ոսկեգմբեթ տաճարներ ունեք, նրանց մեջ անդադար աղոթում են ձեր հոգևոր հայրերը ու Աստծու աչքը քաղցր են պահում ձեզ վրա։
    - Ո՛չ, բարեկա՛մ, մենք բնության ընդարձակության մեջ ենք պաշտում նրան և միջնորդներ չենք ճանաչում մեր հոգու ու նրա մեջ։
    - Սքանչելի երկիր,- բացականչում է Դիվանան, և հիշում է իր հայրենի երկիրը։
    Թագուհին տանում, ման է տալիս Դիվանային ապարանքի սրահներում։ Սրահներից մեկում Դիվանան տեսնում է պատից կախած մի աղջկա պատկեր։
    - Վա՛հ, ինչքան նման է,- բացականչում է ու քարանում նկարի առաջ։
    - Ո՞ւմ նման է։
    - Նրա...
    - Ո՞վ է նա։
    - Քանաքարան... իմ Քանաքարան...
    - Բայց ո՞վ է Քանաքարան։
    - Քանաքարան, թագուհի՛, հենց այն աղջիկն է, որի մասին քեզ պատմեցի։ Նրա համար եմ ես հեռացել իմ հայրենի երկրից, ընկել աշխարհից աշխարհ ու արծվի թևով հասել Ոսկի քաղաքը և կրկին պետք է վերադառնամ նրա մոտ։
    - Ինչո՞ւ ես վերադառնում, ազնի՛վ Դիվանա,- խոսում է գեղեցիկ թագուհին:- Մի՛ վերադառնա, Դիվանա՛, մնա մեզ մոտ, մեզ հետ ապրի։ Մի՞թե ավելի փարթամ չէ Ոսկի քաղաքը, մի՞թե հոյակապ չեն այս ապարանքները, մի՞թե հրաշալի չեն այս կախարդական այգիները ...
    - Ո՛չ, թագուհի՛, չեմ կարող։
    - Մի՞թե գեղեցիկ չեմ ես...
    - Ո՛չ,- պնդում է Դիվանան,- չի լինելու, որ չի լինելու։
    Այն ժամանակ թագուհին պատվիրում է, նավ են պատրաստում, ու ճանապարհ է դնում Դիվանային դեպի իր հայրենի երկիրը, դեպի Քանաքարան։ Ճանապարհին ծովում սաստիկ ալեկոծություն է սկսվում, նավը ձգում է մի կղզի։ Մի կանաչ կղզի՝ լիքն ամեն բարիքով ու ամեն գեղեցկությունով։ Բայց ամենից գեղեցիկը լինում է նրա ջահել տիրուհին, որ Դիվանային առաջարկում է ամուսնանա իր հետ, թագավորել էն ազատ ու առատ աշխարհում։
    - Չեմ կարոդ, նազելի՛ տիրուհի,- հրաժարվում է Դիվանան։- Ես դարձյալ իմ ճանապարհն եմ շարունակելու, ինչ ուզում է լինի, դեպի իմ հայրենի տունը, դեպի իմ Քանաքարան, որ չեմ փոխելու ոչ ոքի և ոչ մի թագավորության հետ։
    Այս ասելու հետ հենց աչքը թարթում է Դիվանան, մեկ էլ բաց է անում, կղզում տիրուհու փոխարեն առաջ կանգնած է Գոհար թագուհին։
    - Մի՛ վախենա, Դիվանա՛, ու մի զարմանա,- անուշ ժպտալով խոսում է նա։ - Տեսնո՞ւմ ես, Ոսկի քաղաքի թագուհին եմ ես՝ կախարդ Գոհարը։ Իմ աղջիկն է Քանաքարան։ Մանուկ հասակում Սև դևը նրան հափշտակեց ու տարավ։ Այն օրվանից ամեն եկվորի ինձ մոտ էի հրավիրում, հարց ու փորձ էի անում, պատկերն էի ցույց տալիս, բայց ոչ ոք չէր իմանում, թե ուր է ընկել նա։ Եվ ահա դու եկար նրա սիրով ոգևորված ու վերադառնում ես կրկին նրա մոտ։ Քո սերը փորձելու համար էր, որ ես քեզ արեցի այս բոլորը առաջարկները։ Եվ դարձյալ քեզ փորձելու համար ես առա ուրիշ կերպարանք, քեզ փորձելու համար ստեղծեցի այս փորձանքն ու վայելչությունները, որ լոկ երևույթ են միայն։ Այժմ ես հավատում եմ քեզ, հավատում եմ քո սիրուն ու քո բարությանը։ Դու, հիրավի, այժմ երջանիկ կանես և՛ իմ Քանաքարային, և՛ ամեն մարդու։ Վերջապես, այժմ դու գիտես երջանկության գաղտնիքը։
    Այս խոսքի հետ մի փետուր է կրակում կախարդ թագուհին, և սև ամպի նման, հակինթավոր թևերը փռած հայտնվում է մի մեծ արծիվ։
    - Տա՛ր,- բացականչում է կինը, ու ամեն բան չքանում է Դիվանայի աչքից, այնինչ օդի մեջ հնչում է երգը.
    Գոհ աշխարհքից, գոհ իր կյանքից,
    Սիմուրղ հավքի զմրուխտ թևին,
    Երջանկության հայրենիքից
    Գնում է նա, գնում կրկին։
    Գնում է նա վերածնված
    Մաքուր սիրով, բարի սրտով,
    Դեպի երկիրն իր նախահարց,
    Ցավերի տուն, արցունքի ծով։
    Տանում է նա ուժը ոգու,
    Անվերջ սերը, անհատ բարին,
    Երջանկությունն ամեն մարդու,
    Խաղաղություն ողջ աշխարհին։

    Հոգու վրա է լինում Ուքանա թագավորը, որ արծիվը ծղրտում ու իջեցնում է Դիվանային իր հայրենի քաղաքի սահմանում։ Քաղաքն է մտնում Դիվանան ու գնում ուղիղ թագավորի ապարանքը։
    - Հայտնե՛ք գեղեցիկ Քանաքարային, որ ես՝ երիտասարդ Դիվանան, գալիս եմ Ոսկի քաղաքից։
    Ընդունում են ներս։ Դեմքը տեսնելուն պես Քանաքարան բարկանում է իր ծառաների վրա։
    - Մի՞թե չեք ճանաչում սրան, որ ներս եք թողել նորից։- Մի՞թե սա այն սրիկան չի, որ մի անգամ փորձեց ինձ խաբել և ահա նորից է հանդգնում, ուզում է հին խաղը խաղալ։ Դու՛րս արեք իսկույն։
    - Ապասի՛ր, չքնաղ Քանաքարա,- խնդրում է Դիվանան։ - Հիրավի, ես նա էի, բայց էլ նա չեմ։ Ես այժմ Ոսկի քաղաքից եմ գալիս, քո կախարդ մոր՝ Գոհար թագուհու ապարանքիցն եմ վերադառնում, քո մանկության ննջարանում եմ եղել, ուր դեռ կախված է քո սիրուն պատկերը...
    Ես այժմ գիտեմ՝ ինչ բան է Ոսկի քաղաքը, ինչ է ոսկին, և ինչ է երջանկությունը։ Ես այժմ գիտեմ երջանկության գաղտնիքը։
    Եվ ամեն բան նստում պատմում է մի առ մի։
    - Այժմ ես քոնն եմ,- բացականչում է Քանաքարան, ու աշխարհքով մեկ է լինում ուրախությունից։ Ուքանա թագավորն էլ շնչի է գալիս, յոթ օր, յոթ գիշեր ամբողջ երկիրը կատարում է նրանց հարսանիքը։
    Ամենքն ուրախանում են ու լիանում։ Այդ ուրախությունը տեսնելուց հետո ծեր թագավորն էլ կյանքն ու արևը բաշխում է ապրողներին ու մեռնում։ Նրա տեղը թագավոր է նստում Դիվանան և սկսում է իր երկիրը կառավարել այն կարգով, ինչ որ տեսել էր Ոսկի քաղաքում։
    Ոսկի չկար նրա երկրում, բայց մարդիկ ապրում էին արդար աշխատանքով, գոհ ու երջանիկ իրենց ունեցածով։ Եվ այն ժողովուրդը, որ մի ժամանակ տրտնջում էր, թե աշխարհը նեղ է ու ցավով լիքը, հիմա երգում էր ամեն տեղ.

    Ի՜նչքան լեն է աշխարհն ազատ Էս կյանքի համար, ամենքի համար.
    Ի՜նչքան լիքն է, ի՜նչքան առատ, Էս կյանքի համար, ամենքի համար։
    Ի՜նչ ազնիվ է աշխատանքը
    Առողջ ձեռքով, խաղաղ հոգով,
    Ի՜նչ թեթև է անցնում կյանքը՝
    Լիքը սիրով, ուրախ երգով։    

    Փոքրիկ ձկնորսը

    Փոքրիկ ձկնորսը

    Նախորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: