• 29 մարտ, 2024
     Փոքրիկ ձկնորսը

    Փոքրիկ ձկնորսը

    Շատ-շատ տարի առաջ Ճապոնական ծովի ափին մի ջահել ձկնորս է լինում, անունը՝ Ուրաշիմա։ Մի լավ ու բարի տղա է լինում Ուրաշիման և հմուտ ուռկան ու կարթ գցող։ Մի անգամ գնում է ձուկ բռնելու։ Եվ ձկան տեղ ջրից հանում է մի մեծ, ահագին կրիա։
    Ուրաշիման մտածում է. «Ավելի լավ էր՝ սրա տեղը մի ձուկ բռնեի, գոնե ճաշին կուտեի։ Իսկ սրան ի՞նչ անեմ, ինչո՞ւ սպանեմ, սրանք երկար են ապրում: Չէ՛, այդպես խստասիրտ չեմ լինի։ Ես գիտեմ, իմ մորն էլ դա դուր չի գա»։
    Ու կրիան կրկին ծովն է գցում։ Սրանից հետո Ուրաշիման քնում է իր նավակում։
    Ամառվա տաք օր է լինում: Քնած ժամանակ ծովի անդունդից դուրս է գալիս մի սիրուն աղջիկ, մտնում է նավակն ու ասում.
    - Լսի՛ր, Ուրաշիմա. ես ծովի թագավորի աղջիկն եմ, իմ հոր հետ ապրում եմ ծովի հատակին, վիշապների ապարանքում։ Ոչ թե կրիա էր քո բռնածը, այլ ես էի։ Իմ հայրը՝ ծովի աստվածը, ուղարկել էր ինձ փորձով իմանալու՝ բարի՞ ես դու, թե՞ չէ։ Մենք այժմ գիտենք, որ դու մի լավ ու բարի տղա ես, որ երբեք խստասիրտ չես կարող լինել, և ահա ես եկել եմ քո ետևից։ Եթե կուզես՝ եկ ամուսնացիր ինձ հետ ու հազար տարով բախտավոր ապրենք կապույտ ծովի հատակին, վիշապների ապարանքում։
    Այստեղ թիակն առավ Ուրաշիման, մյուս թիակն առավ ծովի թագավորի աղջիկն, ու երկար թիավարում էին, մինչև հասան ծովի տակի վիշապների ապարանքը, ուր բնակվում էր ծովի աստվածը ու իշխում էր վիշապների, կրիաների ու ձկների վրա։
    Ա՜խ, ի՜նչ լավ էր այնտեղ։ Պատերը մարջանից էին, ծառերի տերևները՝ զմրուխտից, պտուղները՝ հակինթից, ձկների թեփերը՝ արծաթից, վիշապների պոչերը՝ մաքուր ոսկուց։
    Ու այդ ամենը պատկանում էր Ուրաշիմային, որովհետև նա ծովի աստծու փեսան էր, չքնաղ Սեն-Նինիի ամուսինն էր։ Ու ապրում էին անհոգ, երջանիկ։ Միայն հայրենի երկրի ու հարազատների կարոտը մտել էր Ուրաշիմայի սիրտը և զորանում էր օրեցօր։
    Անցավ երեք տարի։
    Մի առավոտ էլ Ուրաշիման ասավ.
    - Ես շատ եմ բախտավոր այստեղ՝ այս հրաշալի դրախտում, քեզ հետ, իմ աննմա՛ն Սեն-Նինի, բայց սրտով ուզում եմ մեր տուն գնալ, տեսնել իմ անօգնական, ծերացած հորն ու մորը, իմ քույրերին ու եղբայրներին... Ու նորից վերադառնալ։
    - Ես թեև հակառակ եմ քո ցանկությանը, բայց չեմ կարող հետ պահել,- ասաց Սեն-Նինին։- Գնա՛, բայց հետդ վերցրո՛ւ այս տուփը և զգո՛ւյշ մնա, բաց չանես։ Եթե բաց անես, իմացի՛ր, որ էլ երբե՜ք, երբե՜ք չես կարող վերադառնա ինձ մոտ։
    Ու նա մի գեղեցիկ տուփ տվեց Ուրաշիմային։
    Ուրաշիման խոստացավ բաց չանել, ինչ ուզում է լինի։ Ապա Սեն-Նինին քնեցրեց նրան:
    Մեկ էլ աչքերը բաց արեց, տեսավ իր հայրենիքի եզերքները։ Բայց ինչ էր պատահել իր բացակայության տարիներին։ Որտե՞ղ էր իր հայրական տունը։ Որտե՞ղ էր իրենց գյուղը։ Ճիշտ է, սարերն իրենց տեղն էին, բայց նրանց անտառները չկային։ Հոսում էր և իրենց տան մոտի վտակը, սակայն էլ առաջվա նման կանայք լվացք չէին անում նրա մեջ։ Զարմանալի էր, թե երեք տարում ինչպե՞ս էր ամեն ինչ այդքան փոխվել։ Մտածմունքի մեջ Ուրաշիման պատահեց մի անցորդ ծերունու։
    - Ասա՛, խնդրում եմ, բարի՛ ծերունի, ո՞ւր է փոխադրվել Ուրաշիմայի տունը, որ կանգնած էր այստեղ։ Ծերունին հիշեց ու պատմեց, թե մանուկ ժամանակ լսել է, որ հարյուրավոր տարիներ առաջ մի Ուրաշիմա է եղել, գնացել է ծով՝ ձուկ որսալու ու ետ չի եկել։ Նրա ծնողները, եղբայրները, նրանց որդիներն ու թոռները վաղո՜ւց-վաղո՜ւց են մեռել, իսկ տունը ավերվել, անցել, հողի հետ գնացել։
    Այստեղ գլխի ընկավ Ուրաշիման, որ ծովի աստծու ապարանքը՝ մարջանի պատերով, հակինթի պտուղներով ու ոսկեպոչ վիշապներով, կախարդական աշխարհ է եղել, որ այնտեղ անցկացրած մի օրը հավասար է եղել երկրի մի տարուն։
    Ու հեռացավ իր հայրենիքից, քանի որ մեռել էին իր բոլոր հարազատները, և մինչև անգամ իրեն ծանոթ ծառերն էլ չկային։
    Սաստիկ ցանկացավ վերադառնալ նորից ծովի հատակը, չնաշխարհիկ Սեն-Նինիի մոտ, բայց ինչպե՞ս, ի՞նչ ճանապարհով։ Ոչ մի կերպով չկարողացավ գտնել, և չկար մեկը, որ առաջնորդեր նրան կրկին այդ կախարդական աշխարհը։
    Կանգնեց միտք արավ Ուրաշիման։
    - Եթե բաց անեմ այս տուփը, որ տվել է Սեն-Նինին, գուցե թե գտնեմ ճանապարհը, որ տանում է նրա մոտ։
    Ու բաց արեց տուփը։ Եվ ի՞նչ դուրս եկավ միջից։ Մի կտոր թեթև ամպիկ, որ վերացավ, ծուխ դարձավ, գնաց դեպի օվկիանոս, կախարդական աշխարհի կողմը։
    Ուրաշիման նոր հիշեց կնոջ խոսքը, որ բաց չպիտի աներ տուփը, աղերսեց, որ կանգնի, վազեց հետևից, ցավից լաց եղավ, բոլորն իզուր ամպիկը ցնդեց, ցրվեց, վերացավ, հեռացավ անդարձ, անհետ։
    Ու այստեղ էլ տեղնուտեղը հատավ Ուրաշիմայի ուժը, էլ ոչ վազել կարողացավ, ոչ կանչել։ Հանկարծ մազերը ճերմակեցին ձյունի պես, երեսը կնճռոտեց, մեջքը կորացավ զառամած ծերունու մեջքի նման, շունչը կտրեց ու մեռած ընկավ ծովափին։
    Խեղճ Ուրաշիմա … Չիմացավ, որ ջահելության գաղտնիքն էր ամփոփված կախարդական տուփի մեջ, որ տվել էր իրեն հավերժահարս գեղեցկուհի Սեն-Նինին։
    Թեթևամիտ անհամբերութլունից բաց արեց ու կորցրեց։ Զրկվեց ջահել, երկար կյանքից ու երջանիկ ապրելու վայելքից։ Բայց նա սիրող, ազնիվ սիրտ ուներ և գնաց իր սրտի ետևից։ Այդ է պատճառը, որ մինչև օրս էլ Ճապոնիայում չեն մոռացել Ուրաշիմային ու նրա խորհրդավոր պատմությունը։
    Եվ շատ տեղերում պաշտում են նրան նրա համար, որ նույնիսկ աստվածների անհոգ աշխարհում՝ Սեն-Նինիի սիրո մեջ էլ չմոռացավ իր հարազատներին ու իր աղքատ ծննդավայրը։

    Երեք արջի հեքիաթը

    Երեք արջի հեքիաթը

    Նախորդը

    Ոսկի քաղաքը

    Ոսկի քաղաքը

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: