• 13 հունիս, 2024
     Ծաղկանց ծովը - Աթաբեկ Խնկոյան

    Ծաղկանց ծովը - Աթաբեկ Խնկոյան

    Ծաղկունքն ամեն մեկ-մեկ բուսան
    Հարյուր - հազար գույն - գույն ներկած,
    Լեռ ու հովիտ ծաղիկ դարձան,
    Ծաղկանց ծովը ծըփ-ծըփծըփաց:

     

    Մանուշակը կապույտ գլխով
    Թաք է կացել թփերի տակ,
    Զանգակիկը մեղմ ճոճալով
    Թերն է ներկել կապույտ - սպիտակ:

     

    Ատամնավոր պսակ գլխին
    Կարմրել է ցից մեխակը,
    Իր բյուրավոր աչքը դեղին՝
    Հոտ է բուրում բարձմենակը:

     

    Սիպտակ հագած հեզ շուշանը
    Փսփսում է զեփյուռի հետ,
    Թերը փռած մարգարիտը
    Օրորվում է առաջ ու ետ:

     

    Կարմիր մախմուր, կուրծքը սևիկ,
    Մեն - մենակ է ալ - կակաչը,
    Սիպտակ փրփուր, լայնաթևիկ
    Բոժոժ էլ կա ծաղկանց մեջը:

     

    Զարմանազան, էն զանազան
    Ծաղիկը իր վիզն է թեքել,
    Շարշարուրիկ շարան, շարան
    Ոտից գլուխ դեղին հագել:

     

    Գյուլիսապահ մի ծաղիկ կա,
    Որ չի բացվում օր ցերեկով,
    Նա կբացվի ու հոտ կտա
    Արևից ետ, մութ գիշերով:

     

    Քաֆուր - վարդի գովքը մնաց,
    Քնքուշ վարդի, կարմիր վարդի,
    Փշերով է շրջապատված,
    Փուշը սուր - սուր քաֆուր - վարդի:

     

    Մի անթառամ ծաղիկ էլ կա
    Ծաղիկների ծաղիկն է նա,
    Նորի նման հինն անթառամ,
    Ամառ, ձմեռ չի չորանա:

     

    Սուսան, քրքում ու բալասան
    Ոսկե պսակ սարի լանջին,
    Ամեն ծաղիկ իր հոտն ունի,
    Բույր ու բուրմունք դաշտի միջին:

    Լուսադեմին - Աթաբեկ Խնկոյան

    Լուսադեմին - Աթաբեկ Խնկոյան

    Նախորդը

    Բկլիկ - ձկնիկ - Աթաբեկ Խնկոյան

    Բկլիկ - ձկնիկ - Աթաբեկ Խնկոյան

    Հաջորդը

    Մեկնաբանել