Մի հարուստ մարդ մի աղքատ տղայի ծառա է վերցնում մի տարի ժամանակով։ Մի օր ծառան տիրոջը հարցնում է.
- Աղա՛, տարին որ լրացավ՝ ինձ ի՞նչ պիտի տաս։
- Կտամ, էլի՜, ինչ որ խիղճս կասի,- պատասխանում է հարուստը։
Տարին լրանում է, ծառան պայմանի համաձայն արձակվում է, տերն էլ հանում քսան կոպեկ է տալիս որպես վարձ։
- Աղա ջա՛ն, ասում է ծառան,- էս քսան կոպեկով ես ի՞նչ երեսով գնամ ընտանիքիս մոտ, ի՞մչ ասեմ կնոջս ու երեխաներիս։
- Դո՛ւ գիտես, ոնց ուզում ես՝ գնա,- անտարբեր պատասխանում է հարուստը։
Ծառան գլխիկոր հեռանում է։ Էդ երկրում մի մեծ զանգ է լինում՝ հրապարակի սյունից կախած։ Հենց որ մեկը մեռնում էր՝ գնում էին զանգը տալիս, մարդիկ հավաքվում էին, հարցուփորձ անում, իմանում, թե՝ ո՛վ է մեռնողը։
Էս տղան գնում է հրապարակ, քաշում է զանգը, տալիս է, հա՛ տալիս։
Մարդիկ հավաքվում են, հարցնում.
- Ո՞վ է մեռել։
- Այսինչ հարուստը,- ասում է ծառան։
Մի քիչ հետո տեսնում են՝ էն հարուստ մարդն էլ է գալիս դեպի հրապարակ։ Զարմացած ասում են.
- Հրե՛ն, էն հարուստը ողջ-առողջ գալիս է՝ ո՞վ էր ասում, թե մեռել է։
- Ինքը չի մեռել, խիղճն է մեռել,- բացատրում է ծառան ու պատմում եղելությունը։
Հավաքված մարդիկ նախատում են հարուստին. նա էլ հանում է ծառայի լրիվ վարձը տալիս ու ճանապարհում։
Մեռած խիղճը
- Հայ գրականություն
- 05.07.2023
Հավանեցի՞ր, տարածի՛ր
Մեկնաբանել