• 15 հոկտեմբեր, 2024
     Կռունկն ու աղվեսը - Աթաբեկ Խնկոյան

    Կռունկն ու աղվեսը - Աթաբեկ Խնկոյան

    Աղվեսն ու Կռունկը ընկերացան: Կռունկը բույն շինեց, ձու ածեց, թուխս նստեց, ձագ հանեց: Աղվեսն էլ ձագեր ունեցավ, մայր դարձավ: Մի օր Կռունկը դուրս գնաց ձագերի համար կերակուր բերելու, տնպահ Աղվեսը բռնեց Կռունկի ձագերից մեկին, կոլորեց, վիզը ոլորեց, անուշ արավ: Տուն եկավ Կռունկը և ի՞նչ տեսնի… Աղվեսը լալիս է, իրեն քրքրում ու ասում.
    - Կռունկ քուրիկ, էսպես էլ անբախտությո՛ւն…
    - Ի՞նչ անբախտություն, ի՞նչ է պատահել, Աղվես քուրիկ:
    - Բա չես ասի, մեր բալիկը չկա ու չկա: Էնքա՛ն ման եկա, էնքա՛ն ման եկա, չկա ու չկա:
    - Ո՞ր Բալիկը:
    - Մեր բալիկը:
    - Մեր ո՞ր բալիկը:
    - Նա՛, նա՛,
    Աչքս կուրանա.
    Փափկամազիկ,
    Երկար վզիկ,
    Երկար ոտիկ,
    Երկար տոտիկ,
    Բոյը բարձրիկ,
    Ձենը քաղցրիկ…
    Գովում էր Աղվեսը, իրան քրքրում, մին խփում, հազար թափում:
    - Աղվես քուրիկ,- ասում է Կռունկը,-

     

    Դու ձագի տեր ես,
    Դու սիրող մեր ես,
    Արցունք մի՛ թափի,
    Արցունք մի՛ չափի,
    Դա էլ չար բախտից,
    Դա էլ մեր բախտից:

     

    Հա, հա,- հեկեկում էր Աղվեսը,- հա, Կռո՛ւնկ քուրիկ, հա՛, լացը չի օգնի, անցածն անցած է:

     

    2

     

    Երկրորդ օրը Կռունկն էլի գնում է կերակուր բերելու:
    Տնպահ Աղվեսը հիմի բռնում է Կռունկի մյուս ձագին կոլորում, վիզը ոլորում ու անուշ անում, տեղը բան չի թողնում:
    Տուն է գալիս Կռունկը և ի՞նչ տեսնում… Աղվեսը երեկվանից ավելի դառը լալիս է, մի խփում հազար թափում, իրան քրքրում ու լալով ասում.

     

    Ա՜խ, Կռո՛ւնկ քուրիկ,
    Քուրիկ ու մերիկ,
    Իմ աչքը դուրս գա,
    Աշխարհը փուլ գա,
    Փափկամազիկ,
    Երկար վզիկ,
    Երկար ոտիկ,
    Երկար տոտիկ,
    Բոյը բարձրիկ,
    Ձենը քաղցրիկ,
    Էն մի բալիկն էլ չկա:

     

    Կռունկն էս անգամ հասկանում է, որ ձագերին ուտողը քուրիկ Աղվեսն է, բայց իրան չհասկացողի տեղ է դնում ու ասում.

     

    Աղվես քուրիկ,
    Քուրիկ, մուրիկ,
    Դու ձագի տեր ես,
    Դու սիրող մեր ես,
    Արցունք մի՜ թափի,
    Կաթդ կցամքի,
    Դա էլ չար բախտից,
    Դա էլ իմ բախտից…

     

    Դու ճիշտ ես ասում, ա՛յ Կռունկ քուրիկ, չար բախտի ձեռքից ո՞ւմ գնանք գանգատ,- հեկեկում էր Աղվեսը ու մտքում ծիծաղում Կռունկի վրա:

     

    3

     

    - Աղվես քուրիկ,- մի օր էլ ասում է Կռունկը,- էն է իմ ձագերը կորան, տանողի աչքը դուրս գա, քո ձագերն էլ մեծացան, իրենք իրենց կապրեն: Արի գնանք քիչ ման գանք, սրտներս բացվի:
    - Է՛, ո՞ւր գնանք, Կռունկ քուրիկ:
    - Ա՛յ հենց կուզես երկինք թռչենք, տեսնենք վերևն ի՞նչ կա:
    - Ի՜նչ ես ասում, քուրիկ,— ծիծաղեց Աղվեսը,— ինչպե՞ս կարող եմ քեզ հետ թռչել, ես թև չունեմ:
    - Է՛, ի՞նչ անենք, որ չունես, ես հո ունեմ: Նստի՛ր ինձ վրա, միասին թռչենք:
    Աղվեսն ինքն իրան մտածում է.
    «Էս ինչ լավ եղավ. կգնամ երկինք, պատահած թռչունը կխեղդեմ, վեր կածեմ գետնին, ետ գալիս էլ քուրիկիս կբռնեմ՝ կուտեմ… Սրանից էլ լավ բա՞ն»:
    Աղվեսը նստում է Կռունկի մեջքին:
    Կռունկը թափահարում է թևերը, վեր բարձրանում, գնում է ու գնում, հասնում է երկինք ու հանկարծ շուռ է գալիս: Մեկ էլ Աղվեսը մեջքի վրա դրը՜խկ… ընկնում է գետին ու իրեն ջարդում:
    - Աղվե՛ս քուրիկ,- ցած գալով ասում է Կռունկը,- էդ էլ քո՛ բախտից, էդ էլ քո՛ բախտից:

     

     

    Գյուղացին ու արջը - Աթաբեկ Խնկոյան

    Գյուղացին ու արջը - Աթաբեկ Խնկոյան

    Նախորդը

    Ոսկե իլիկը - Աթաբեկ Խնկոյան

    Ոսկե իլիկը - Աթաբեկ Խնկոյան

    Հաջորդը

    Մեկնաբանել