• 10 դեկտեմբեր, 2024
     Արագիլն ու աղվեսը - Հայրապետ Հայրապետյան

    Արագիլն ու աղվեսը - Հայրապետ Հայրապետյան

    (ռուսերենից)

     

    1

    Աղվեսը մի օր
    Արագիլ եղբորը
    Կանչել էր ճաշի:
    - Վեր առ, մի՛ քաշվի,
    Արագիլ եղբայր,
    Վեր առ, վեր առ կեր,
    Հավատա անգին,
    Սպաս է կարգին:

     

    Բայց ինչպե՞ս ուտեր.
    Ափսեն տափակ էր:
    Կը՛տ հա՛ կը՛տ արավ,
    Բայց բան չդառավ:
    Աղվեսը ելավ
    Սպասը կերավ,
    Բերանը սրբեց
    Եվ հյուրին ասաց.
    - Ների՛ր, արագի՛լ,
    Տնազ մի՛ անիլ,
    Պատիվդ այդ չէր,
    Սպասը քիչ էր:
    - Տունդ շեն, աղվե՛ս,
    Թե հարմար գտնես,
    Նեղություն քաշիր,
    Եկ ինձ մոտ ճաշի:

     

    2

    Մյուս կեսօրին,
    Նոր շորը հագին,
    Հպարտ ու զուգված
    Աղվեսը գնաց
    Եղբոր մոտ ճաշի:
    - Մոտ եկ, մի՛ քաշվիր,
    Թանկագին եղբայր,
    Վեր առ, վեր առ կեր,
    Հավատա անգին,
    Փլավ է կարգին:

     

    Բայց ինչպե՞ս ուտեր,
    Ամանը խոր էր,
    Երկար ու նեղլիկ:
    Աղվեսը սուսիկ
    Շուրջը պտտվեց,
    Հոտոտեց, լիզեց,
    Բայց բան չդառավ՝
    Միայն հոտն առավ:

     

    Արագիլն այստեղ
    Այն ամանը նեղ,
    Դատարկեց մաքրեց,
    Իր եղբորն ասաց.
    - Սիրելի աղվես,
    Խնդրեմ ինձ ներես.
    Ինչ որ ցանեցիր,
    Այն էլ հնձեցիր:

    Իշի օգնությունը - Հայրապետ Հայրապետյան

    Իշի օգնությունը - Հայրապետ Հայրապետյան

    Նախորդը

    Կռունկն ու սագը - Հայրապետ Հայրապետյան

    Կռունկն ու սագը - Հայրապետ Հայրապետյան

    Հաջորդը

    Մեկնաբանել