Լույսը լույսով շողշողաց,
Երգը հնչեց սոխակի,
Շողը շողով դողդողաց,
Շուտով արև կծագի:
Արշալույսի ցոլքերը
Շապիկ հագան ծիրանի,
Տեսան, թռան հավքերը,
Նրանց հազա՜ր երանի:
Դաշտի քնքուշ ծաղիկը
Բացեց թերթեր բուրավետ,
Եվ վաղորդյան շաղիկը
Երկինք թռավ շողի հետ:
Ու բարձրացավ թանձր մեգ
Գետի փրփուր ջրերից,
Ջրին ասավ մի եղեգ.
- Տե՜ս, լո՜ւյս ծագեց վերևից:
Մեկնաբանել