- Ողջույն Աննա-Մարի։ Կպատմե՞ք Ձեր մանկությունից, կրթության՝ դպրոցի, համալսարանի մասին։ 
- Բարև Ձեզ։ Ծաղկաձորում եմ մեծացել, քանի որ հայրս այն ժամանակ աշխատում էր Հրազդան քաղաքում, և հինգ տարի այնտեղ եմ դպրոց գնացել։ Ապա սովորել եմ Երևանում՝ Մաշտոցի դպրոցում։ 
Երբ ընդունվեցի նոր դպրոց, հասկացա, թե ինչքան գիտելիք է ինձ տվել Ծաղկաձորի դպրոցը, որը միակն էր քաղաքում, և յուրաքանչյուր դասարանում 15-20 երեխա էր սովորում։
Աննա-Մարի Սարգսյան, BSMI մարքեթինգի դպրոց Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի Երևանի Պետական Համալսարան։ Ուզում էի, ինչպես հայրս, իրավաբանությամբ շարունակել, սակայն ընդունելության ժամանակ երկու բալ չբավարարեց։
Քանի որ ես սկզբունք ունեմ, որ «եթե ինչ որ բան լինում է՝ ուրեմն պետք է այդպես լինի», այդ փաստն էլ հանգիստ ընդունեցի։ Փաստորեն այդպես էլ պետք էր․․․
Հանրային կառավարման բաժնում սովորեցի, հետո ընդունվեցի Մոսկվայի Высшая Школа Экономики մագիստրատուրա, որտեղ էլ հետագայում դասավանդել եմ չորս տարի։ Իսկ այժմ Հայաստանում ունեմ իմ կրթական հաստատությունը՝ BSMI մարքեթինգի դպրոցը, որը բացեցի 2020թ․ մարտին, քովիդից երկու շաբաթ առաջ։ 

- Աշխատանք, ընտանիք, երկու երեխա...
- Կհասցնես, թե ոչ, կախված է այն մարդուց, ում ընտրել ես։
Ես ընդհանրապես չէի ուզում շուտ ամուսնանալ։ Բայց նոր եմ հասկացել, որ ես 21 տարեկանում եմ ամուսնացել))
Ամուսինս՝ Վրույրը, գիտեր, որ այդ ժամանակ իմ համար առաջնայինը կրթությունն էր, ուսումը, աշխատանքը, մենք երեխա չէինք պլանավորել։ Ու քանի որ Վրույրն էլ էր դրան կողմ, մենք ամուսնացանք ու առաջին ժամանակահատվածը նվիրեցինք մեր ուսմանը, կարիերային։ 
Չեմ կարող ասել, որ կյանքում միաժամանակ հնարավոր է ամեն ինչ հասցնել։ Բայց եթե գիտակցաբար մոտենաս ընտրությանը և այն ամենին, ինչ անում ես, հաստատ կստացվի։

Կարծում եմ, որ ոչ թե իմ բախտն է բերել, այլ գիտակցաբար մոտեցումները, ընտրությունները բերել են նրան, որ ես այսօր երջանիկ եմ՝ ամեն ինչը համատեղելով։

Ես ուզում էի Հայաստանում ապրել, ամուսինս՝ ևս։ Մինչև Հայաստան գալը, ամուսնությունից չորս տարի անց պլանավորեցինք երեխա ունենալ։ Ես այնքան էի աշխատել, որ կարող էի գնալ դեկրետ։ Բայց ստացվեց այնպես, որ երեխայի ծնունդից յոթ ամիս անց հասկացա, որ կարող եմ արդեն աշխատել։ Այդ ժամանակ ամբողջ աշխատավարձս տվեցի երեխայիս դայակին՝ գործից հետ չընկնելու համար։

Աննա-Մարի Սարգսյան, Վրույր Օգանյան, ընտանիք Արդեն Հայաստանում, երկուսով հիմնադրեցինք դպրոցը և բնականաբար մենք ամբողջ օրը միասին էինք։ Չեմ կարող ասել, որ աշխատում եմ, ամուսնուս չեմ տեսնում կամ ընտանիքն է տուժում, որովհետև մենք միասին էինք։ Տուժողը ավելի շատ երեխան էր, որ քիչ էի նրան տեսնում։ Բայց գիտեինք, որ ինչ անում ենք՝ անում ենք նրա համար, որ նա իր երկրում մեծանա։ Ու հետո նա հաստատ շնորհակալ կլինի, և ինքներս մեզ չէինք մեղադրում։
Դժվար էր հասցնելը։ Չեմ կարող ասել, որ ես ամեն ինչ հասցնում եմ, լավ մամա եմ, իդեալական կին եմ և ամեն տեղ լավն եմ․․․ Բացի ընտանիքից ունեմ ծնողներ, ընկերներ, որոնց շատ քիչ ժամանակ է հնարավոր լինում հատկացնել։
Բայց մի բան կարող եմ հաստատ ասել, որ նաև հասկանում էի, որ եթե հիմա չունենամ երկրորդ երեխային, միևնույն է ես միշտ աշխատանքի տեմպի մեջ եմ լինելու և կարող է այլևս երեխա չունենամ։ Եվ պետք է իմ կյանքի ռիթմի մեջ պարզապես ինտեգրել հղիությունը, երեխային։
Այդպես էլ ստացվեց։ Երեխային ունենալու ես գնացել եմ աշխատանքից, բայց ես դժբախտ չեմ եղել դրանով։ Ես շատ ուրախ եմ և փառք աստծու, հղիությունս թույլ է տվել մինչև վերջ գալ աշխատանքի։
Աննա-Մարի Սարգսյան, Վրույր Օգանյան, ընտանիք Հինգ օրականից ետ եմ եկել աշխատանքի))
Այո, շատ դժվար էր, բայց ես հասկանում եմ հանուն ինչի էր այդ ամենը։ Եվ ամուսինս ինձ հոգեպես շատ էր օգնում։


- Ձեր առաջին հանդիպումը...

- Ես այն տարիքում էի, երբ բոլոր հայ աղջիկներն ունենում են շատ հավանող տղամարդիկ ու բոլորից նյարդայնանում են։ Իմ համար կրթությունը առաջնահերթ էր։ Ես վստահ էի, որ պետք է դրսում սովորեմ․․․
Քույրս ապրում էր Մոսկվայում։ Մի օր ասաց, որ մի լավ տղա կա, ում հետ ուզում էր ինձ ծանոթացնել։ Ես ասացի ոչ, բացառվում է, որ ես պետք է սովորեմ։
Նրանք հակառակ կողմը գտան, գնացին Վրույրի մոտ, ասացին, որ Հայաստանում կա այսպիսի աղջիկ և ուզում ենք ձեզ ծանոթացնել))
Նրանք գտան ընդհանուր կետեր, որ կարողանան մեզ ծանոթացնել։ 
Այդ ժամանակ ես իրոք տրամադրված չէի որևէ մեկի հետ հարաբերությունների և պարզապես սկսեցինք շփվել։ Իմ համար շատ տարօրինակ էր Վրույրի բնավորությունը այն պահով, որ հայ տղամարդկանց այդ ուշադրությունը՝ ամեն օր ծաղիկ և այլն, իսկ նա, հունվարին գալիս է Հայաստան և անգամ ինձ չի տեսնում, իմ ծննդյան օրը նվեր չի ուղարկում։ Իրականում ես շատ էի նյարդայնացել ու ֆիքսվեցի արդեն, թե ինչու ես նրանից բավարար ուշադրություն չեմ ստանում։
Այնպես չէ, որ Վրույրը գիտակցաբար էր անում, բայց նրա այդ բնավորությունը ինձ ավելի տրամադրեց։
Մենք հանդիպել ենք մեր շփումը սկսելուց մեկ տարի անց, երբ ես Ռուսաստանում էի։ Հայրիկիս ու մայրիկիս հետ առիթի էինք և նա էլ եկավ։ Ինձ համար շոկ էր, որովհետև մեկ տարի մարդու հետ շփվելով այն ինչը տեսնում ես, ընդունում ես, ինչը չես տեսնում՝ պատկերացնում ես։
Խոսքը, բնավորությունը նույնն էր, բայց ընդհանուր շփման մեջ լրիվ ուրիշ մարդ էր։
Այդ պահին ես հասկացա, որ մեկ տարի է սիրահարված եմ մեկին, ով այս պահին չկա, բայց կա ուրիշ լավը։ Ես փորձեցի տրամադրել ինձ, ընդունել նրան այնպիսին, ինչպիսին ինքը կա  կենդանի շփման մեջ։
Աննա-Մարի Սարգսյան, Վրույր Օգանյան, BSMI մարքեթինգի դպրոց Շփվում էինք, երբ ինքը այստեղ էր լինում, կամ ես էի գնում Ռուսաստան։ Մեր հարաբերությունները բավականին ամրապնդվեցին։
Ես հանգիստ էի և գիտեի, որ պետք է գնամ այդ երկիր սովորելու ու կշարունակեմ շփումը։ Կենդանի շփման մեջ եթե հասկանամ, որ ինչ որ խնդիր կա, մենք ուղղակի կմնանք ընկերներ կամ կբաժանվենք։ Բայց այն հոգատարությունն ու ուշադրությունը, որ ես տեսա, երբ գնացի այնտեղ սովորելու, երևի ոչ ոք այդպիսի բան չէր անի․․․
Վրույրն աշխատում էր այլ քաղաքում։ Նա այնտեղից գալիս էր, համալսարանից ինձ տանում էր իմ քեռու տուն և գնում էր քաղաքի լրիվ մյուս ծայրը՝ իր տուն, որպիսի ես մետրոյով կամ տաքսիով չգնամ, որ ինձ ինչ որ կոմֆորտ գտնեմ այդ երկրում։
Այդ ծայրահեղ գերհոգատարությունից ես հասկացա, որ իրականում առիթ չի եղել, որ ճանաչեմ նրան։ Ես պարզապես բացահայտեցի նրան, ու պատրաստ էի անգամ իմ պլանավորածից շուտ ամուսնանալ։
Այնպես ստացվեց, որ մեր կյանքի բոլոր նպատակները համընկան, թե ժամկետները, երբ ենք ցանկանում ունենալ երեխա, տեղափոխվելը Հայաստան, դպրոցի հիմնումը։
Դպրոց բացելը ավելի շատ իմ գաղափարն է եղել։ Սակայն բացելուց մեկ տարի անց, եթե Վրույրը չլիներ, դպրոցը կփակվեր, որովհետև եղան բարդություններ, որտեղ պետք էր իր տնտեսագիտական, ֆինանսական ուղղվածության մտածելակերպը։
Բացի դրանից, դպրոցը ինքնին բավական չէր այսքան հայտնի դառնալու համար, բայց նա բացեց այն գործակալությունը, որը մատուցում է մի շարք ծառայություններ։ Եվ մեր երկուսի բիզնեսները սկսեցին իրար օգնել։
Այն մարդիկ, ովքեր լավ աշխատանք են գտնում, հետո այդ ֆիրմային դարձնում են մեր հաճախորդը և մենք սկսում ենք իրար հետ աշխատել։ Պատահում է երբ աշխատանքի ընթացքում այլ կոլեգայի երեխա կամ ինքը գա մեր մոտ սովորելու։
Մենք շատ փոխլրացնում ենք իրար բոլոր հարցերում։

- Առհասարակ, ինչո՞ւ մայրը պետք է աշխատի...
- Իմ մայրը չի աշխատել, իմ ծնվելուց հետո։ Ես մեր ընտանիքի երրորդ երեխան եմ։ Այսօր մայրս շատ է ուրախանում մեր ձեռքբերումներով, սակայն նա տանն է և ամեն պահ նրա մասին հիշելով՝ շատ նեղվում եմ։ Ի նկատի ունեմ, որ չի աշխատել ու սոցիալական կյանք չի ունեցել։ Ընկերներ ունեցել է, սակայն նրանք այսօր երկրում չեն։ Հայրս է այժմ աշխատում։ Մայրս ինձ տեսնում է հեռուստացույցով, ուրախանում է։ Շատ հաճախ, շաբաթվա մեջ մի քանի անգամ գնում եմ ծնողներիս տուն։
Շատ կուզեի մորս նույնքան հաջողակ տեսնեի, ինչքան իմ հայրիկին եմ տեսնում։ Դա հասկացա այն պահին, երբ մի օր առավորյան պետք է գնայի հեռուստատեսությունում հարցազրույց տալու։ Երեխաս երկու տարեկան էր և ողբալով լացում էր, որ իր հետ մնամ։ Մեղքի զգացումով դուրս եկա տնից, գնացի։ Երբ վերադարձա տուն՝ այդ հաղորդման կրկնությունն էր։ Պետք է տեսնեիք թե ինչպես էր ոգևորվել, որ իր մայրիկին են ցույց տալիս և որ իր մայրիկը հեռուստացույցի մեջ է։ Ես հասկացա, որ այդ փոքրիկ օրինակը եթե մեծ մոդելավորենք, ինքը ինչի էլ հասնի՝ ուրախ է լինելու, որ ունի սոցիալական կյանք ունեցող ծնողներ, ովքեր իրենց անձնական կյանքը ևս ունեն և որ մեծ տարիքում միայն իրենից կախված չեն լինելու։ Ինքն իրեն մեղավոր չի զգալու, որ ծնողը մենակ է և սպասում է, որ իրեն ժամանակ հատկացնի։
Աննա-Մարի Սարգսյան, Վրույր Օգանյան, BSMI մարքեթինգի դպրոց Բացի դա, շատ կարևոր է ծնողի կողմից տված հնարավորությունը երեխային, թե ինչպիսի կրթություն կունենա, ինչ կապեր կունենա։ Եթե ես նստեմ տանը ու աշխատի միայն իմ ամուսինը, ապա ես հիսուն տոկոսով կրճատում եմ նրա հնարավորությունները, քանի որ մենք երկուսով կարող ենք շատ ավելիին հասնել։
Բնական է, որ երեխան ունի մոր կարիք, մայրը պետք է տեսնի երեխային։ Չեմ ասում, որ ուրիշները պահեն, իսկ մայրերը աշխատեն։ Ավելի լավ է այդ ժամանակը լինի քանակով ավելի քիչ, բայց լինի ավելի որակով։ Ոչ թե ամբողջ օրը գիշերանոցով, գզգզված մազերով, երեխայիդ վրա գոռալով ման գաս, այլ երեք ժամ ես տեսնում՝ տեսնես ավելի հանգիստ, ինքը քեզ կարոտած, դու՝ իրեն, խաղաս հետը ու գնաք քնելու։ Սա իմ սկզբունքն է։
Ես որպես մայր երկրորդ երեխային ավելի քիչ եմ տեսնում ու ինձ վատ եմ զգում։ Այս գիտակցությանը մնալով՝ ես գիտեմ, որ հետագայում նրա համար ավելի լավ է լինելու և ունենալու է լավ հնարավորություններ։ Երկրորդ կարծիքը չեմ ընդունում, որ մայրը պետք է նստի երեխայի կողքը ու ոչինչ չանի։

- Կա նման տեսակետ, որ աշխատող մայրերի երեխաները ավելի ինքնուրույն են լինում։ Դեռ մանկուց իրենք էլ են ձգտում առաջ գնալ, ավելի շատ են տեսնում, ավելի շատ բան հասկանում։
- Երեխայի համար հայրը միշտ էտալոն է, իսկ մայրը՝ օրինակ։ Տղաս գալիս է մեր դպրոց։ Նա չորս ու կես տարեկան է և ասում է, որ ուզում է այստեղ աշխատի։ Տեսնում է դասերը և ինքն էլ է ուզում, երբ մեծանա, բարձրախոսով մարդկանց մոտ ելույթ ունենա։ Եվ դա ենթագիտակցաբար տանում է նպատակների, որոնց ինքն ձգտելու է հասնի։
Եվս մեկ օրինակ, մեզ մոտ եկել էր ուսանող, կին, և ասում էր, որ 2,5 տարեկան երեխա ունի ու երբեք նրան մենակ չի թողել։ Հիմա եկել է դասընթացի միայն այն մտքով, որ մեր աշխատակիցը զրույցի ժամանակ նշել էր, թե որքան կարևոր է երեխայի համար մայրիկին հաջողակ տեսնելը։ ԵՎ նա այդ մտքով եկել էր սովորելու։
Ես այնքան ուրախ եմ, որ մարդիկ գալիս են այդ գիտակցությանը ու հասարակությունն էլ չի խանգարում, որ կանայք վատ չզգան ինչ որ բան անելուց։


- Որն է Ձեր ամուսնու ամենաէքստրեմալ, հիշվող արարքը։
- Իմ համար ամենահիշվողը նրա չարածներն են )))
Ես բնավ ռոմանտիկ չեմ։ Եթե օրինակ ծաղիկներով, փուչիկներով ինձ առաջարկություն աներ՝ միանշանակ կմերժեի։ Չգիտեմ ինչո՞ւ է այդպես, սակայն ես ավելի ռեալ արարքներ եմ սիրում։ Մենք պարզապես գիտեինք, որ մի երկու տարի հետո պետք է ամուսնանանք։
Մի օր Վրույրը եկավ, նստեց ու ուղղակի հարցրեց․ «Կարողա՞ էս տարի ամուսնանք», պատասխանեցի՝ «Կարողա․․․» )))
Աննա-Մարի Սարգսյան, Վրույր Օգանյան, հարսանիքԵվ երբ հարցնում են, թե ինչպես է արել առաջարկությունը, ինչ ռոմանտիկ ձևով, ես հիշում եմ, որ ինքը չի արել այդ առաջարկությունը )))
Աննա-Մարի Սարգսյան, Վրույր Օգանյան, հարսանիքՄի դրվագ էլ պատմեմ։ Ծնողներիս մոտ 3-4 ամիս ֆինանսական վատ դրություն էր... Այնպես ստացվեց, Վրույրը պետք է գար Հայաստան և ես որոշեցի առևտուր անել, որպիսի գնանք պիկնիկի։ Այդ ժամանակ մենք մոտ յոթ ամիս շփվում էինք ու արդեն պաշտոնապես ընկեր, ընկերուհի էինք դարձել։ Մեր ծնողներն էլ գիտեին, բայց մենք նոր պետք է հանդիպեինք իրար, և ես ուզում էի մի քիչ ռոմանտիկա մտցնել արդեն իրական կյանքի մեջ։
Տարբեր բաներ գնեցի։ Բայց քիչ գումարը ունեի, մոտ 8000 դրամ։ Շատ բան գնեցի, վերջում էլ սրտիկ կոնֆետները ավելացրեցի։ Դրամարկղի մոտ հասկացա, որ գումարը մեծ ստացվեց։ Ընդհանուր մոտ երեք հազարի առևտուր էր, իսկ  սրտիկ կոնֆետը՝ չորս հազար։ Բարեկամ քույրս ինձ հետ էր, ու չէի ուզում, որ նա նկատի այդ պահը և իմ փոխարեն վճարի։ Չասացի, որ կոնֆետները չեմ ուզում և իմ վերջին գումարով այդ առևտուրը արեցի։
Երբ Վրույրը եկավ Հայաստան, առաջարկեցի, որ գնանք պիկնիկի, բայց նա ասաց, որ պիկնիկ չի սիրում))) Երկու, երեք անգամ առաջարկեցի, բայց նա այդպես էլ չեկավ․․․
Մեկ տարի հետո, պատմեցի թե ինչպես է այդ ամենը եղել, ասաց, որ կյանքում այլևս չհիշեցնեմ, և որ դրա համար կյանքում ինքն իրեն չի ների )))
Դա այն հիշողություններից է, որ կարող եմ առանձնացնել․․․
Աննա-Մարի Սարգսյան, Վրույր Օգանյան, BSMI մարքեթինգի դպրոց
- Աննա-Մարին որպես հիմնադիր․ մի փոքր պատմեք BSMI դպրոցի և նրա առավելությունների մասին։ 
- Ես ունեի մի շարք դիպլոմներ, բուհական՝ բոլորը կարմիր, նաև այլ կենտրոններից․․․
Երբ ընդունվեցի աշխատանքի, չգիտեի թե ինչպես են աշխատում։ Սկսեցի աշխատանքների հերթականությունը ուղեցույց մշակել, օրինակ՝ միցակիցներին վերլուծության համար։ Այս ծրագրով ինձ հրավիրեցին համալսարանում դասավանդելու, որպեսզի գործնական գիտելիքներով կիսվեմ ուսանողների հետ։
Հատկապես միջազգային բրենդների հետ աշխատելով՝ հասկանում ես, որ մարքեթինգը շատ կոնկրետ է ամբողջ աշխարհում, ունի իր ձևերը և դա կարելի է սովորեցնել բուհերում։
Այդ մտքով եկանք Հայաստան։ Դպրոցի առաքելությունն էր տալ արտասահմանյան որակի մարքեթինգային կրթություն մեր երկրի ներսում։
Շատ մեծ դժվարությունների միջով ենք անցել։
Երբեք չեմ մոռանա այն 14 աշակերտներին, որ ինձ վստահեցին առաջին անգամ։ Բոլոր նրանք, ովքեր հիմա գալիս են սովորելու, ասում են, որ կարծիքների հիման վրա են եկել, որ իրենց ընկերը կամ ընկերուհին է մեզ մոտ ուղարկել։
Բայց եղել են 14-ը, ովքեր պարզապես շատ մեծ գումար են վստահել՝ առանց որևէ կարծիք կամ դասացուցակ տեսնելու։ Եկել են BSMI-ում սովորելու, քովիդի ժամանակ, երբ կրթական հաստատությունները փակվեցին, մենք անցանք օնլայնի․․․ Այդ մարդկանց վստահությունը մեզ օգնեց հաղթահարելու այդ դժվար փուլը։
Մյուս դժվարությունը եղել է ամռանը, որը կրթական ժամանակահատված չի և մենք պլանավորում էինք սեպտեմբերից շատ մեծ քայլեր իրականացնել, բայց մեկնարկի օրը սկսեց պատերազմը, որը մեզ ամբողջովին հետ գցեց ծրագրերից։ Մենք անգամ չենք հասցրել գովազդել ծրագիրը։
Նոյեմբերին, արդեն համակերպված, ուզում էինք խոսել մեր մասին, եղավ պատերազմի վատ ելքը, որը նույնպես հետաձգեց ծրագրերը։
Միայն ավարտած ուսանողների վստահությունը, նրանց տված կարծիքները, նրանց ուղարկած մարդկանց շնորհիվ էր, որ մենք կարողացանք այդ փուլը ևս հաղթահարել։
Աննա-Մարի Սարգսյան,  BSMI մարքեթինգի դպրոց
Մեր մոտիվացիան մեզ օգնեց այս ամենի միջով անցնելու և այսօր մենք ունենք 1300-ից ավելի շրջանավարտներ։
Բոլորը, ովքեր եկել են սովորելու աշխատանքի ընդունվելու համար՝ բոլորը ունեն աշխատանք։ Ովքեր եկել են իրենց բիզնեսը զարգացնելու՝ բոլորից ունենք այն կարծիքը, որ կրթությունը շատ է օգնել գործը զարգացնել, ովքեր եկել էին, որ մասնագիտական աճ ձեռք բերեին՝ հասել են նպատակին։
Ձեռքբերումներից է նաև, որ լավագույն շրջանավարտների հետ բացեցինք մարքեթինգային գործակալություն։
Պատերազմի ժամանակ շատ զինվորների, և բոլոր նրանց, ում բիզնեսը տուժել էր, առանց որևէ փոխհատուցման օգնել ենք ստանալ մասնագիտություն․․․ Ինչպես նաև շատ այլ ձեռքբերումներ, որոնք տանում են մեզ դեպի նոր նպատակներ։
Աննա-Մարի Սարգսյան,  BSMI մարքեթինգի դպրոց
- Փոքր բիզնեսներն փորձում են ամեն ինչ իրենք անեն, որի արդյունքում ձախողում են բիզնեսը, հիասթափվում։ Որպես մարքեթինգի մասնագետ ինչ խորհուրդ կտաք նրանց։
- Ես կողմ եմ բիզնեսը ինքնուրույն սկսելուն, շատ գործեր անելուն, բայց ճիշտ ժամանակին պետք է ներգրավել մարդկանց, որպիսի չսպառվես ու չփակես բիզնեսը։
BSMI-ում ես ինքս եմ պատասխանել հեռախոսազանգերին, պատրաստել եմ կայքը, գրել եմ տեքստերը, գովազդային բանեռներն եմ պատրաստել, տարածքն եմ գտել, անգամ աթոռների գինը խոսացել, գորգերն ու գրքերն եմ գնել, դասացուցակն եմ կազմել, մարդկանց հիշեցում ուղարկել, տեսագրել․․․
Եթե այդ ամենը ես ինքս չանեի, չէի կարող իմ աշխատողներից որևէ բան պահանջել։
Եթե բիզնես ես սկսում, ամեն նրբություն պետք է իմանաս։
Եվ երբ հասկանում ես, որ քո ժամանակը ինչ որ ուղղությամբ ներդնելը արդեն գումարի վրա է ազդում, պետք է ներգրավես մասնագետների, ովքեր կկարողանան օգնել։
Մեր թիմում յուրաքանչյուրը գիտի, որ եթե ես բան եմ պահանջում, ուրեմն ինքս էլ դա կարող եմ անել։
Գործակալությունը երբ բացել էի, աշխատողները հիմնականում իմ ուսանողներն էին, ու երբ ասում էի, որ վատ է, դժգոհում էին, որ ինձ ոչինչ դուր չի գալիս։ Ստացվեց այնպես, որ ասացի տվեք ես անեմ։ Իրենց վերաբերմունքը փոխվեց այն օրվանից, երբ իրենք տեսան, որ ես կարող եմ այդ գործը անել, ու անել լավ։ Ես օրինակ եմ և ամեն ինչ անում եմ, եթե պետք է, կարող եմ ափսեները լվանալ, տարածքը ավլել․․․
Ես մարքեթոլոգ եմ և կարող եմ իմ գովազդով ինքս զբաղվել։ Բայց այն նեղ ուղղությունը, որը մարդ չգիտի, ավելի լավ է հենց սկզբից վստահել ուրիշին՝ ընկերոջ, կամ սկսնակ մասնագետի, ամեն ինչ փոքրից է պետք սկսել։ Եթե դու հաշվապահություն չգիտես, իրավաբանություն չգիտես, կարող ես խնդրել քեզ օգնել, կամ դիմես, բայց չստացվի այնպես, որ դու ինքդ ամեն ինչը անես մինչև բիզնեսը ձախողես։
Պետք է սկսել այլ մարդկանց դիմել, երբ որ տվյալ փուլը անցար։

- Ընտանիքը, Ձեր համար, խանգարող դեր ունի, թե հակառակը՝ մոտիվացնող։
- Իհարկե մոտիվացիոն, բայց սկզբից դա նեգատիվով է եղել։
Ամուսինս ամբողջ կյանքում ապրել է Ռուսաստանում, բայց ամռանը նրան ուղարկել են պապիկի մոտ՝ Հայաստան։ Երեխա ժամանակ 3 ամիս այստեղ մնալուց հետո, միշտ լացելով ետ է գնացել։
Իսկ ես երբ գնացի Ռուսաստան, հասկացա, որ չեմ կարող այնտեղ հարմարվել։ Ես կյանքում ոչինչի չեմ կարողանում հարմարվել, եթե ի սկզբանե ինձ դուր չի եկել։ Դա վատ է, բայց այդպես է։
Ես Վրույրին ասացի, որ ետ եմ վերադառնալու Հայաստան։ Ու քանի որ դա նաև եղել է նրա կյանքի նպատակը, մենք տեղափոխվեցինք այստեղ շատ լավ կյանքից։ Ես աշխատել եմ աշխարհի մեծագույն կորպորացիայի՝ Unilever-ի հետ, որի բրենդներն են doveCalve, Балтимор, Rexona, Axe։ Իսկ ամուսինս Ռուսաստանի երեք խոշորագույն գործարաններից մեկի փոխտնօրենն էր։
Մենք ունեինք ստաբիլ կյանք, մեր բնակարանը, որը երիտասարդ զույգի համար այնտեղ այդքան էլ հեշտ չէր ունենալ, գծած կարիերա, թե յուրաքանչյուրս հետագայում ինչ էր ունենալու, եթե այնտեղ մնար։
Բայց մենք ընտրեցինք գալ Հայաստան, որտեղ մենք ունեինք միայն Վրույրի հոր՝ սովետական ժամանակաշրջանից գնած հին, չվերանորոգած բնակարանը, և ամենակարևորը՝ չունեինք աշխատանք։ Այն ժամանակ, մարդիկ ասում էին, որ այստեղից գնում են, որովհետև աշխատանք չկա, բայց դուք հետ եք գալիս ու բիզնես եք բացում, այն էլ կրթական, որն էլ փակվում է բացվելուց տասը օր հետո։
Բայց եթե հանկարծ չստացվեր, մենք ետ էինք գնալու․․․ Ես կարող էի վերադառնալ աշխատանքիս, քանի որ այդ ժամանակ դեկրետում էի, ամուսինս նույնպես կարող էր վերադառնալ իր աշխատանքին։ 
Եթե չստացվեր, ես կարող էի հարմարվել, որովհետև Հայաստանում ապրելու իմ մոտիվացիան շատ մեծ էր, բայց կայացած տղամարդը, չէր կարող լրիվ զրոյից նորից ետ գնալ ու տեսնել, որ չի ստացվում, բայց շարունակել մնալ այստեղ։
Այդ մոտիվացիան նեգատիվ էր, բայց մոտիվացնում էր, որ պետք է ամեն ինչ անել, որ հանկարծ ետ չգնանք։ Ու ես փորձում էի ամեն հնարավորություն բաց չթողնել, որ մի օր հանկարծ մենք չքննարկենք այն հարցը, որ ամեն դեպքում այստեղ վատ է։
Այն ամենը ինչի ուզել եմ հասնել, արել եմ իմ ընտանիքի համար և եթե որևէ խնդիր լիներ, ապա ես կընտրեի ընտանիքը ու չէի անի ավել բան։ 
Աննա-Մարի Սարգսյան, Վրույր Օգանյան, երեխաներ
- Շնորհակալ ենք Աննա-Մարի, անկեղծ, գեղեցիկ հարցազրույցի համար։ Մաղթում ենք Ձեզ բազում հաջողություններ, մեծ ձեռքբերումներ։