• 22 դեկտեմբեր, 2024
     Մարոն - Հովհաննես Թումանյան

    Մարոն - Հովհաննես Թումանյան

    I

    Մեր գյուղն էն է, որ հըպարտ,
    Լեռների մեջ միգապատ,
    Խոր ձորերի քարափին՝
    Ձեռը տըված ճակատին՝
    Միտք է անում տըխրադեմ։
    Ի՞նչ է ուզում՝ չըգիտեմ․․․
    Պաս չենք էնտեղ մենք ուտում,
    Ու ջերմեռանդ աղոթում,
    Ժամ ենք գնում ամեն օր․
    Բայց միշտ ցավեր նորանոր,
    Միշտ մի աղետ, մի վընաս
    Գալիս են մեզ անպակաս։
    Ահա պատմեմ ձեզ մի դեպք,
    Մի պատմություն, որ երբեք
    Հիշատակով տըխրալի
    Սըրտիս հանգիստ չի տալի։

     

    II

    Մեր գյուղից վեր մինչ էսօր
    Կա ուռենի մի սըգվոր։
    Մեծ անտառից նա զատված,
    Մարդու կացնից ազատված՝
    Կանգնած է դեռ ու շոգին
    Հով է տալիս մըշակին։
    Գիժ, լեռնային մի վըտակ
    Խոխոջում է նըրա տակ,
    Խաղում կանաչ մարգերին։
    Էն առվակում կեսօրին,
    Երբ որ շոգից նեղանում,
    Գընում էինք լողանում։
    Տըկլոր, աշխույժ խըմբակով,
    Աղաղակով, աղմուկով
    Խաղում էինք, վազվըզում
    Գույն-գույն մանրիկ ավազում։
    Կամ հետևում հև ի հև
    Թիթեռնիկին ոսկեթև,
    Ու միշտ հոգնած ժամանակ,
    Էն մենավոր ծառի տակ
    Նըստում տըխուր մի քարի,
    Գերեզմանին Մարոյի․․․

     

    Մարո՜, անբա՜խտ, վաղամե՜ռ,
    Դու մանկության իմ ընկեր,
    Ո՜րքան ենք մենք խաղացել,
    Իրար սիրել ու ծեծե՜լ․․․

     

    III

    Ժիր էր Մարոն, դուրեկան,
    Նոր էր իննը տարեկան,
    Նըրանց տունը երբ մի օր
    Եկան երկու եկավոր։
    Ու Մարոյի մայրիկը
    Երբ որ բերավ, դրավ լիքը
    Խոնչեն նըրանց առաջին,
    - Շնորհակալ ենք մենք, ասին,
    Տաշտներըդ լի հաց լինի,
    Դուռներըդ միշտ բաց լինի․
    Հաց չենք ուզում ձեզանից,
    Հող տըվեք մեզ ձեր տանից․․․
    Էն ժամանակ Մարոյի
    Հայրիկն առավ արաղի
    Լիքը բաժակն ու ասաց․
    - Կամքըդ լինի, տեր աստված․․․
    Նըշանեցին Մարոյին,
    Տըվին չոբան Կարոյին։

     

    IV

    Չոբան Կարոն սարերի
    Մի հովիվ էր վիթխարի․
    Բոյ-բուսաթին նայելիս
    Մարդու զարզանդ էր գալիս․
    Բայց զոքանչը անսահման
    Սիրում, փարում էր նըրան։
    Շատ էր սիրում և Մարոն․
    - Լավն է, ասում էր, Կարոն,
    Բերում է ինձ ամեն օր
    Կանփետ, չամիչ ու խընձոր․․․

     

    V

    Մին էլ Կարոն աղմուկով
    Եկավ զուռնով-թըմբուկով,
    Ու Մարոյին զուգեցին,
    Երեսին քող ձըգեցին,
    Հինա դըրին ձեռքերը․․․
    Եկավ խաչով տերտերը,
    Տարավ ժամում կանգնեցրեց․
    - Տե՞ր ես, որդյա՛կ, հարցրեց։
    - Տեր եմ, ասավ մեր Կարոն,
    Լուռ կանգնած էր միշտ Մարոն…
    Հայրն էլ եկավ ու ծեսին
    Էսպես օրհնեց իր փեսին․
    - Ջաղացիդ միշտ հերթ լինի,
    Մեջքըդ ամուր բերդ լինի․․․
    Իսկ երբ հնչեց «տարան հա՜»-ն,
    Նըրան փեսի տուն տարան։
    Պըսակեցին Մարոյին,
    Տըվին չոբան Կարոյին։

     

    VI

    Թե գըրբացի չար ջանքով,
    Գիր ու կապով, բըժժանքով
    Մանուկ սիրտը կըտրեցին,
    Կամ թե նըրա հանդերձին,
    Էն անհոգի չար ջադուն
    Քըսեց գիլի ճըրագուն…
    Էդ չիմացավ ոչ ոք պարզ,
    Միայն փոքրիկ նորահարս
    Մարոն ատեց իր մարդուն․
    Փախավ, եկավ ետ հոր տուն։
    Եկավ լացեց նա վըշտոտ․
    - Ես չեմ գընալ նրա մոտ․
    Ես սիրում եմ մայրիկին,
    Ես չեմ ուզում լինեմ կին․․․

     

    VII

    Հայրիկն էնժամ բարկացավ,
    Ծեծեց նըրան ու ասավ․
    - Դուրս իմ տանից, սևերե՛ս,
    Ետ չնայես դեպի մեզ,
    Ոտ չըդնես էլ տունըս,
    Մըրոտեցիր անունս․․․
    Լալով, ծածկած իր դեմքը,
    Թողեց Մարոն հոր շեմքը։

     

    VIII

    Ու հալածված իր հորից,
    Փախած չոբան Կարոյից,
    Սոված, պատռած շորերով,
    Կորչում էր նա օրերով։
    Կուչ էր գալիս խըղճալի
    Օջախի շուրջ օտարի
    Կամ թափառում մեն-մենակ
    Մեր հանդերում շարունակ։

     

    IX

    Շատ ամիսներ անց կացան․․․
    Դիմաց սարից մի չոբան
    Ձեն էր տալիս մի օր մեզ,
    Թե՝ իմացե՛ք, որ էսպես
    Կարմիր շորով մի խիզան
    Ընկավ ձորը, մի կածան․․․
    Դուրս թափվեցինք մենք գյուղից,
    Հեռու կանգնած, երկյուղից,
    Տեսանք՝ ահեղ էն ձորում
    Ոնց էր լալիս ու գոռում
    Մարոյի հայրն ալևոր,
    Մայրը ճըչում սըգավոր։
    Շատ լաց եղավ և Կարոն․․․
    Մեռա՜վ, գընաց մեր Մարոն։

     

    X

    Սակայն անբախտ նըրա դին
    Պապի կողքին չըդըրին։
    Գյուղից հեռու մինչ էսօր
    Կա ուռենի մի սըգվոր։
    Էն մենավոր ծառի տակ
    Փոս փորեցին մի խորին,
    Առանց ժամ ու պատարագ
    Մեջը դըրին Մարոյին,
    Էն սև քարն էլ տաշեցին,
    Բերին վըրեն քաշեցին։

     

    XI

    Շատ եմ տեսել, երբ սըգվոր
    Մայրը մենակ, սևաշոր,
    Կորանալով էն քարին՝
    Ձեն էր տալիս Մարոյին․..
    - Ո՞վ քեզ ծեծեց, Մարո ջա՜ն,
    Ո՞վ անիծեց, Մարո ջա՜ն,
    Ո՞ւր փախար դու, Մարո ջա՜ն,
    Տուն արի՛, տո՜ւն, Մարո ջա՜ն,
    Խո՛ր ես քընել, Մարո ջա՜ն,
    Չե՛ս զարթնում էլ, Մարո ջա՜ն․․․
    Կորանալով էն քարին՝
    Ձեն էր տալիս Մարոյին․
    Խունկ էր ծըխում, մոմ վառում,
    Որ գիշերվան խավարում
    Փայփըլում էր մեն-մենակ
    Հեռվից երկար ժամանակ։

    Ժ. Ժ. Ռուսսոյի հիշատակին - Միքայել Նալբանդյան

    Ժ. Ժ. Ռուսսոյի հիշատակին - Միքայել Նալբանդյան

    Նախորդը

    Կախարդական սփռոցը

    Կախարդական սփռոցը

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: