• 22 դեկտեմբեր, 2024
     Անօրենը անպատիժ չի մնա

    Անօրենը անպատիժ չի մնա

    Ժամանակին մի դաժան ու կամակոր թագավոր է լինում։ Օրերից մի օր էս թագավորը կանչում է իր ծառաներին, ասում. «Ով հարցերիս պատասխան չտվեց՝ գլուխը կտրելու եմ»։ Մեկին հարցնում է. «Աստված ո՞ր կողմն է», մյուսին՝ թե. «Աստված ի՞նչ է մտածում», մեկելին էլ հարցնում է. «Երկնքում քանի՞ աստղ կա»։
    Ծառաները մնում են շվարած, կանգնած։ Միտք են անում, միտք, բան չեն գտնում պատասխան տալու, ասում են.
    - Թագավորն ապրած կենա, մենք խեղճ, ռամիկ մարդիկ ենք, էդ հարցերին ո՞նց պատասխան տանք: Խնդրում ենք մի ամիս ժամանակ տաս, գնանք աշխարհը պտտենք, մարդամեջ դուրս գանք, գուցե քո հարցերի պատասխանը բերենք:
    Թագավորը համաձայնում է:
    Էս ծառաները ճամփա են ընկնում, շատ են ման գալիս, տեսակ-տեսակ երկրներում են լինում, մարդկանց հարցուփորձ անում, բայց թագավորի հարցերի պատասխանը չեն գտնում: Մի ամիսը որ լրանում է՝ ետ են գալիս:
    Թագավորը հարցնում է.- Հը՜, աշխարհն էլ ման եկաք, հիմի տեսնեմ՝ ի՞նչ պատասխան եք տալիս:
    Ծառաները՝ թե. «Թագավորն ապրած կենա, ճիշտ է, շատ ման եկանք, շատ պտտեցինք, համա ոչ մի տեղ էլ էդ հարցերին պատասխան տվող չեղավ, մենք ի՞նչ անենք»:
    Թագավորը բարկությունից քիչ էր մնում պատռի, էն րոպեին հրաման է տալիս.- է՜յ, դահիճներ, եկեք սրանց տարեք, կախաղան հանեք, կրակի մեջ վառեք, մոխիրը քամուն տվեք:
    Էդ ժամանակ մի մարդ էր անցնում էս կողմերով, մոտենում է, հարցնում.- Էս մարդկանց ինչի՞ են կախում:
    Ասում են.- Թագավորը երեք հարց է տվել, սրանք էլ պատասխան չեն գտնում, կախում է:
    - Էդ ի՞նչ հարցեր են, չի՞ լինի՝ ինձ ասեք,- հետաքրքրվում է ճամփորդը:
    Ծառաներից մեկն ասում է. «Ինձ հարցնում է՝ Աստված ո՞ր կողմն է»: Էն մյուսը՝ թե. «Ես էլ պատասխան պիտի տամ, թե Աստված ինչի՞ մասին է մտածում»: Մյուսն էլ ասում է. «Ինձ էլ հարցնում է, թե երկնքում քանի՞ աստղ կա»:
    Ճամփորդը էս որ լսում է՝ միտքը փոխում է, ճամփան կիսատ թողնում, ասում է.- Ինձ տարեք ձեր թագավորի մոտ, ես նրան պատասխան կտամ, ձեզ կազատեմ:
    Գնում են թագավորին ասում, թե՝ էսպես-էսպես մի ճամփորդ մարդ ուզում է քո հարցերին պատասխան տալ:
    Թագավորը կանչում է էդ մարդուն, ասում.- Իմ հարցերին դո՞ւ պիտի պատասխան տաս:
    Ճամփորդն ասում է.- Հրամա՛նքդ, ես եմ, ուզում եմ էս խեղճ մարդկանց ազատեմ:
    Թագավորը զարմանում է.- Դե որ էդպես է, պատասխանիր տեսնենք՝ Աստված ո՞ր կողմն է, երկնքում քանի՞ աստղ կա, Աստված ինչի` մասին է մտածում:
    Ճամփորդը պատասխանում է.- Մարդ որ կողմը նայի՝ Աստվածն էլ էն կողմն է:
    - Էդ մեկը լավ ասացիր: Հապա երկնքում քանի՞ աստղ կա,- հարցնում է թագավորը:
    Ճամփորդը ժամանակ է խնդրում, վեր կենում, գնում:
    Առավոտը, լուսը դեռ չբացված՝ գալիս է թագավորի մոտ, ասում.- Դու ասա՝ քո գլխի մազերը քանի՞ հատ են, ես էլ կասեմ, թե երկնքում քանի աստղ կա:
    Թագավորը հրաժարվում է.- Ես չեմ կարող հաշվել, ի՞նչ գիտեմ, թե իմ գլխի մազե-
    րը քանի հատ են:
    Լուրը տանում, հասցնում են ծառաներին, թե՝ բա չեք ասի, ճամփորդը թագավորի երկու հարցի պատասխանը տվել, մնացել է մինը:
    Ծառաները էդ խոսքի վրա ուրախանում են.- Մեզ ազատեց, Աստված էդ ճամփորդի մինը հազար անի:
    Թագավորը տեսնում է, որ երկու հարցից բան դուրս չեկավ, վերջին հարցն է տալիս.
    - Դե որ էդքան բան գիտես, ասա տեսնեմ՝ Աստված ինչի՞ մասին է մտածում:
    - Վեց ժամ քո թագավորությունը ինձ բաշխի, ես քեզ ասեմ, թե Աստված ինչի՛ մասին է մտածում:
    Թագավորը վեր է կենում, իրեն թագավորական շորերը հանում տալիս է ճամփորդին, թագը դնում գլխին, ինքն Էլ աղքատի շորերն է հագնում, կանգնում նրա առաջ ու ասում.- Քո ուզածն էլ տվեցի, դե հիմի պատասխան տուր:
    - Աստված մտածում է, որ քո թագավորությունն առնի, տա ինձ,- պատասխանում է ճամփորդը ու հրաման տալիս.- Կանչե՛ք դահիճներին, զորքին, թող գան:
    Դահիճները գալիս են, կանգնում նրա առաջ, ասում,- Պատրաստ ենք, ի՞նչ ես հրամայում, թագավորն ապրած կենա:
    Ասում է.- Էս մարդուն շուտ տարեք, գլուխը կտրեք, դեն գցեք:
    Թագավորին գլխատում են, ծառաներն էլ ազատվում են:
    Էդ արդար դատաստանը որ տեսնում են՝ մարդիկ հավաքվում են, էդ աղքատ ճամփորդին նստեցնում թագավորական թախտին:

    Շնաճանճն ու առյուծը

    Շնաճանճն ու առյուծը

    Նախորդը

    Կամակոր թագավորը

    Կամակոր թագավորը

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: