• 22 նոյեմբեր, 2024
     Անահիտ Կարապետյան, հաշվապահ

    Անահիտ Կարապետյան, հաշվապահ

    - Բարև սիրելի Անահիտ, ինչո՞ւ ընտրեցիք հաշվապահի մասնագիտությունը։
    - Հաշվապահությունը յուրահատուկ արվեստ է, թվերի լեզվով արտահայտելու արվեստ: Ժամանակակից գործնական աշխարհում հաշվապահի մասնագիտությունը ամենապահանջվածներից է, թերևս ամենաբարդն է, բայց միևնույն ժամանակ շատ ճկուն: Շատերի կարծիքով հաշվապահի աշխատանքը ձանձրալի է և հոգնեցուցիչ: Չեմ հասկանում, թե ինչպես կարելի է աշխատանքը ձանձրալի համարվել, եթե դա պահանջում է կենտրոնացում և մտավոր ջանք: Մտածելը երբեք ձանձրալի չէ: 
    Եվ այսպես, ինչո՞ւ ընտրեցի հաշվապահի մասնագիտությունը: Մանկուց եմ սիրել թվերի աշխարհը, միշտ գրավել է հաշվապահությունը: Սկսել եմ հաշվետարի աշխատանքից ընդհուպ մինչև գլխավոր հաշվապահ:
    Երբեք մակերեսային չեմ վերաբերվել իմ մասնագիտությանը: Միշտ եղել եմ նպատակասլաց, իմ համար չի եղել հարցեր, որոնք չեն ունեցել լուծումներ: Երբեք չեմ ընկճվել ու չեմ հանձնվել դժվարությունների հանդիպելիս, դա էլ եղել է իմ հաջողության գրավականը: Ունեմ մոտ 10 տարվա աշխատանքային փորձ: 
    Հաշվապահ լինելը իմ կոչումն է, որը բնույթով ինձ է բնորոշ:
    - Բիզնեսի հիմնադրի, տնօրենի համար ինչքանով են կարևոր հաշվապահական գիտելիքները։ 
    - Յուրաքանչյուր ղեկավար բիզնեսի կառավարման գործում պետք է ունենա մի շարք հմտություններ և կարողություններ: Բացի նրանից, որ պետք է լինի լավ առաջնորդ, այլև պետք է ունենա վերլուծական հմտություններ, կոնֆլիկտների կառավարման ունակություններ: Ֆինանսական և հաշվապահական գիտելիքների առկայությունը ևս պարտադիր պայման է բիզնեսի կառավարման գործում: Ղեկավարը, մինչ բիզնեսը սկսելը, պետք է քաջատեղյակ լինի որոշ իրավական փաստաթղթերին և օրենքներին: Այդ ամենը կօգնի ճիշտ ու արդյունավետ կառավարել ողջ բիզնեսը:
    Բնականաբար հաշվապահի և փաստաբանի օգնությունը եթե չասեմ պարտադիր է, ապա շատ տեղին է ու անհրաժեշտ, սակայն ղեկավարները նույնպես պետք է անձամբ ծանոթ լինեն որոշ հիմնական և կարևոր օրենքներին, որոնք վերաբերվում են հարկային և ֆինանսական պահանջներին, որը կօգնի բիզնեսի պլանավորմանը, ֆիանանսական հոսքերի և ծախսերի վերլուծությանը:


    - Հաշվապահություն վարելու համար պարտադիր են համապատասխան ծրագիրներին տիրապետելը։ Կարող եք առանձնացնել ամենաշատ օգտագործվող հաշվապահական ծրագիրը։
    - Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ ավելանում է նաև հաշվապահի հանդեպ գիտելիքների որակի բարձրացման մակարդակը: Ժամանակակից աշխարհում ստեղծվել են բոլոր պայմանները մասնագիտության զարգացման, և կարիերայի աճի համար:
    Գոյություն ունեն հաշվապահական հաշվառման հսկայական ծրագրեր, որոնք մեծապես հեշտացնում են հաշվապահի աշխատանքը, օրինակ ՀԾ ծրագիրը, առանց որի գոյության արդեն անհնար է պատկերացնել միլիոնավոր տեղական ձեռնարկությունների բնականոն գործունեությունը: Հաշվապահական հաշվառման ծրագրակազմի օգտագործումը նաև թույլ է տալիս մուտք ունենալ ձեր հաշվապահական հաշվառման ծրագիր ցանկացած համակարգչից, այլ ոչ թե ունենալ ձեր սեփական աշխատասեղանը: Ծրագրի ներդրումը առավելապես օգնում է ավտոմատացնել բիզնեսը, կառավարելի դարձնել բիզնեսի գործընթացը:
    ՀՀ հաշվապահական ծրագրերի շուկայում մեծ դեր ունեն երկու ապրանքանիշեր՝ 1C և «Հայկական Ծրագրեր» ապրանքանիշերը:
    Երկուսն էլ ունեն բարձր ֆունկցիոնալություն և կարող են ապահովել կազմակերպությունում հաշվապահական հաշվառման բոլոր պահանջները:


    - Ինչպես գիտենք, Դուք նաև դասավանդում եք հաշվապահություն։
    - Արդեն 2 տարի դասավանդում եմ հաշվապահություն: Շատերը հարցնում են հնարավոր է առանց բարձրագույն կրթության հաշվապահ դառնալ, միանշանակ՝ ԱՅՈ: Մեծ ցանկության ու համառ կամքի դեպքում մարդը կսովորի ամեն ինչ:
    Շատ աշակերտներ եմ ունեցել, որոնք թերհավատորեն են լցված եղել սեփական ուժերի նկատմամբ, բայց ժամանակի ընթացքում դարձել են իրենց ոլորտում լավագույնները: Իրենց ամեն մի հաղթանակից ինքս եմ ոգևորվում: Ամեն ինչ կախված է մատուցման ձևից և անհատական մոտեցումից:
    Նրանք, ովքեր ցանկանում են ձեռք բերել նոր գիտելիքներ, ունեն հիանալի հնարավորություն, օրինակ, զրոյից հաշվապահ դառնալ՝ առանց կրթության: Դա կարելի է անել դասընթացներն ավարտելով: Անցնելով պրակտիկա և գիտելիքներ ձեռք բերելով: Դասավանդման ընթացքում ձեռք բերված գիտելիքների պաշարը օգտակար կլինեն գործնականում: Եվ ի վերջո եկեք չմոռանանք, որ լավ մասնագետը, բանիմաց հաշվապահը կազմակերպության համար մեծ ձեռքբերում է:


    Մարինա Վահանյան, դիմահարդար

    Մարինա Վահանյան, դիմահարդար

    Նախորդը

    «Fiona Shrek Hand Made» անվանական շապիկներ, բրենդի հիմնադիր Արմինե Բաբայան

    «Fiona Shrek Hand Made» անվանական շապիկներ, բրենդի հիմնադիր Արմինե Բաբայան

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: