Ծննդատունը սովորաբար տալիս է այն իրերի ցանկը, որոնք անհրաժեշտ կլինեն ծննդաբերության ժամանակ և հետագա մի քանի օրերի ընթացքում, երբ նորաթուխ մայրիկը և բալիկը պետք է մնան հիվանդանոցում: Սովորաբար, հետծննդաբերական ժամանակը, երբ մայրիկը և բալիկը մնում են հիվանդանոցում լինում է 2-4 օր։ Սակայն, որոշակի խնդիրների դեպքում, նրանք կարող են ավելի երկար մնալ հիվանդանոցում։ 
Իրերի քանակը կարող է տարբեր լինել, բայց հիմնականում համընկնում են․

  • անձնագիրը, սոցիալական քարտը
  • փոխանակման քարտը
  • անհատական դեղորայք, եթե մայրիկը օգտագործում է կամ ցուցված է բժշկի կողմից
  • հողաթափեր՝ լվացվող
  • բամբակից, կամ այլ բնական կտորից հագուստ (առօրյա հագուստ, խալաթ, գիշերանոց, գուլպաներ)
  • դուրսգրման հագուստ և կոշիկներ
  • ներքնաշորեր
  • անձնական օգտագործման պարագաներ (բաժակ, գդալ, ափսե և այլն)
  • հիգիենայի պարագաներ (ատամի մածուկ, խոզանակ, օճառ, զուգարանի թուղթ և այլն)
  • խնամքի միջոցներ (սանր, մազակալ, բամբակ, անհատական կոսմետիկ միջոցներ)
  • կրծքի խնամքի միջոցներ, բամբակե բարձիկներ (ըստ ցանկության)
  • թաց և չոր անձեռոցիկներ
  • սրբիչներ մայրիկի ու բալիկի համար
  • անկողնային տակդիրներ և հետծննդաբերական միջադիրներ մայրիկի համար
  • ցանկության դեպքում՝ բջջային հեռախոս, ամսագիր, գիրք և այլն։ 

Նորածնի համար․

  • նորածնային հագուստներ ըստ սեզոնի
  • դուրսգրման հագուստ, սեզոնային հաստության ծածկոց 
  • նորածնային բոդիներ, շապիկներ, տոտիկներ 6-8 հատ
  • բամբակե, նուրբ գլխարկներ, ձեռնոցներ, գուլպաներ

մանկական հագուստը պետք է լինի նախապես լվացված և արդուկված։

  • մանկական տակդիրներ ըստ փոքրիկի քաշի
  • կրեմ կամ ցանափոշի տակդիրի համար
  • մանկական տակդիրներ՝ օրական 5-6 հատ հաշվարկով

Նորածինների դեպքում խորհուրդ ենք տալիս մի քանի ավել հագուստ վերցնել, քանի որ նորաթուխ մայրիկը կարող է սխալ հագցնել տակդիրը, կամ փոքրիկը կարող է փսխել մի քանի անգամ։