• 09 նոյեմբեր, 2024
     Ով է տիֆլոմանկավարժը և ինչ աշխատանք է կատարում

    Ով է տիֆլոմանկավարժը և ինչ աշխատանք է կատարում

    Տիֆլոմանկավարժը, այսինքն՝ ես, այն մարդն է, ով աշխատում է չտեսնող և թույլ տեսողություն ունեցող երեխաների հետ։ Տեսողության խանգարումներ ունեցող երեխաների զարգացումն ու կրթությունը պահանջում է խնդրի առանձնահատկությունների հատուկ մոտեցում և ըմբռնում:

    Մարո Աղաբաբյան, Տիֆլոմանկավարժ, ՀԱՍԿՏիֆլոմանկավարժները հիմնականում աշխատում են հատուկ դպրոցներում, վերականգնողական
    կենտրոններում, տարածքային մանկավարժահոգեբանական աջակցման կենտրոններում, ներառական կրթություն իրականացնող դպրոցներում:

    Տեսողության խնդիրներ ունեցող կամ չտեսնող երեխայի հետ աշխատող տիֆլոմանկավարժը  պարզապես ուսուցիչ չէ, ով նրան սովորեցնում է գրել, կարդալ և հաշվել:

    Տիֆլոմանկավարժը այն մարդն է, այն մասնագետը, ով օգնում է երեխային հարմարվել սոցիալական միջավայրում, նախապատրաստում է անկախ կյանքի դժվարություններն ու խոչընդոտները հաղթահարելուն:

    Խաղեր երեխաների համար

    Տիֆլոմանկավարժական աշխատանքները որոշվում են մի շարք գործոններով` երեխայի
    տեսողության խանգարման մակարդակով, ուսման նպատակներով, հարազատների և օգնականների
    առկայությամբ: Մասնագետը կարող է աշխատել մի քանի ուղղություններով.

    • Աջակցել և երեխային, և ծնողին, և ուսուցչին, և դպրոցի հատուկ մանկավարժին։
    • Գնահատել երեխայի կարիքը՝ կատարել սովորողի ուժեղ և թույլ կողմերը բացահայտող
      ուսումնասիրություն, վեր հանել նրա կարիքները:
    • Համագործակցել ընտանիքի բոլոր անդամների հետ՝ օգնելու ծնողներին և այլ
      հարազատներին հասկանալ չտեսնող երեխայի ընկալման առանձնահատկությունները,
      սովորեցնել բնակելի տարածքում գրագետ կողմնորոշմանը՝ հաշվի առնելով նրա
      կարիքները. առաջարկել, թե ինչպես կազմակերպել տեսողության խնդիր ունեցող երեխայի
      կրթությունն ու առօրյան։
    • Կահավորել աշխատանքային և ուսումնական տարածքն այնպես, որ տեսողության
      խնդիրներ ունեցող երեխաների հետ տարվող աշխատանքները լինեն հարմարավետ և
      ապահով:
    • Երեխաներին սովորեցնել կարդալ, գրել, ինքնասպասարկման հմտություններ,
      կողմնորոշվել տարածության մեջ:
    • Պատրաստել ուսումնական նյութեր և ձեռնարկներ այնպես, որ տեսողության խնդիր ունեցող երեխան կարողանա ստանալ անհրաժեշտ տեղեկատվությունը մատչելի տեսքով և այլն։

    Տեսողական խնդիրներով երեխաՏիֆլոմանկավարժի կողմից իրականացված վերը նշված աշխատանքը հիմնարար և
    իմաստավորող մանկավարժական կատեգորիա է, որը դիտվում է որպես ուսուցիչների և աշակերտների հատուկ կազմակերպված գործունեություն մեկ մանկավարժական գործընթացում կրթության նպատակներին հասնելու, անձի ձևավորման գործընթացի կամ դրա անհատական որակների նպատակային և կազմակերպված կառավարման համար:

    Այսպիսով, տիֆլոմանկավարժը՝ որպես մասնագետ, կարևոր դեր է խաղում տեսողության խանգարումներ ունեցող երեխայի զարգացման և կրթության մեջ: Երեխայի հաջողությունը, ուսման նկատմամբ հետաքրքրությունը և անձի ձևավորումը, ազատ ժամանակի ճիշտ և հետաքրքիր կազմակերպումը մեծապես կախված են նրա մասնագիտական ​​և մարդկային հատկություններից:

    Ազատ ժամանակը ունի մեծ նշանակություն՝ հատկապես տեսողության խանգարումներ ունեցող
    երեխաների համար, քանի որ տեսողության խանգարումներ ունեցող երեխաները ունեն տարբեր
    հոգեֆիզիկական զարգացման խանգարումներ՝ տարածական կողմնորոշման, շփման, սոցիալիզացիայի, ներառման և այլն։ Այդ ամենը դժվարացնում է նրանց ինքնուրույն, ակտիվ օգտագործել ազատ ժամանակը։ Այդ ամենը նաև բերում է նրան, որ տեսողության խանգարում ունեցող երեխաներից շատերը չունեն ինքնավստահություն, չեն կարողանում առանց ուղղորդման ճիշտ օգտագործել իրենց ազատ ժամանակը և չեն կարողանում այն տնօրինել ինքնուրույն։ Բայց եկեք ազատ ժամանակի կազմակերպումը չշփոթենք մեր հայկական ընտանիքներին բնորոշ գերխնամքով, ամեն ինչ երեխայի փոխարեն անելով։

    Վատ տեսողություն ունեցող երեխա

    Իսկ ի՞նչ է անհրաժեշտ տեսողության խանգարում ունեցող երեխաներին, որպեսզի
    արդյունավետ անցկացնեն իրենց ազատ ժամանակը․

    • ինքնուրույնություն
    • բավարար տեղեկատվություն շրջապատող իրականության մասին
    • համապատասխան միջոցներ և միջավայրային հարմարեցում
      և ամենակարևորը՝ ցանկություն, որի պատասխանատուն հենց մենք ենք, այն մարդիկ, ովքեր
      շրջապատում են տեսողության խնդիր ունեցող անձին։

    Իսկ Ինչպե՞ս է ձևավորվում ինքնուրույնությունը։

    Ինչպես գիտենք երեխայի համար առաջին սոցիալական դպրոցը դա ընտանիքն է։ Ցանկացած երեխա առաջին հերթին ընտանիքում է ձեռք բերում փորձ, գիտելիք, հմտություն, կարողություն, որն էլ հիմք է հանդիսանում նրա հետագա զարգացման համար։

    Ոչ ոք չգիտի, թե ով է դառնալու իր երեխան ապագայում, բայց թե ինչպես է տեսողության խանգարում ունեցող երեխան կարողանում յուրացնել իր հատուկ կենսակերպը, ինչպես է սովորում ապրել հասարակության հետ ներդաշնակ, ինչպես է վարում անկախ կյանք, հիմնականում կախված է նրա ընտանիքից։

    Մարդկության փորձն ասում է, որ եթե տեսողության խանգարում ունեցող երեխաների համար ստեղծվի անհրաժեշտ և բավարար պայմաններ, ապա այդ երեխաները դառնալով մեծահասակ կկարողանան արժանի տեղ գտնել հասարակության մեջ։ Երեխայի հոգեբանական զարգացման ինտենսիվությունն ու որոկը կախված է այն գործունեությունից, որին երեխան մասնակցում է։

    Երեխայի ֆիզիկական զարգացման յուրաքանչյուր տարիքը բնութագրելու համար մասնագետները նշում են «Առաջատար» գործունեությունը։ Վաղ տարիքում ցանկացած երեխայի համար հիմնական գործունեությունը մեծահասակների հետ շփումն է, նրան կրկնօրինակումը։ Քանի որ Հայաստանում գրեթե չեն գործում ներառական կրթություն իրականացնող մանկապարտեզներ, այդ պատճառով էլ այս հարցի լուծման մեծ բեռը մնում է միայն ծնողների ուսերին։ ԵՎ ահա այստեղ էլ առաջ են գալիս մի շարք հարցեր․

    •  որքանով է ծնողը գիտակ
    •  ինչպես է ընդունում իր երեխայի խնդիրը
    •  կօգնի, թե կխանգարի երեխային

    Տեսողության խանգարում ունեցող երեխայի ծնունդը ընտանիքում շատ ծնողների մոտ առաջացնում է շոկային վիճակ։ Նրանք չունենալով բավարար գիտելիքներ, թե ինչպես պետք է շփվեն, մեծացնեն, դաստիարակեն և հոգ տանեն իրենց երեխային, մտնում են փակուղի։

    Շատ դեպքերում ընտանիքն ապրում է հուսահատություն, անկարողություն և այս ամենը հանգեցնում է անկայուն հուզականության, որն էլ բացասական է անդրադառնում երեխայի վրա։ Այնուամենայնիվ, հաշվի չառնելով բացասական կողմերը, ընտանիքը հանդիսանում է գլխավոր գործոնը տեսողության խանգարում ունեցող երեխաների զարգացման համար։ Ճիշտ միջավայրային հարմարեցումը, խելացի ձևով կազմակերպված դաստիարակությունը կարող է օգնել տեսողության խանգարում ունեցող փոքրիկին սոցիալիզացվել և ներառվելով հասարակություն, դառնալ նրա լիիրավ հաջողակ անդամ։Տեսողության խանգարում ունեցող երեխաների համար մեծ է գիտակ ընտանիքի և գիտակ շրջապատի դերն ու նշանակությունը։

    Դե ի՞նչ, առաջարկում եմ լինենք տեղեկացված, գիտակ հասարակության մի մաս և չսահմանափակենք մարդկանց միայն այն բանի համար, որ նրանք մեզ նման չեն։ Դե ես էլ պարբերաբար կներկայացնեմ նյութեր չտեսնողների մասին ու կհամոզվեք, որ սահմանափակ կարողություններ ունեցող մարդիկ ունեն անսահման հնարավորություններ։ Հա, ի դեպ ինչքան շատ շփվենք չտեսնող մարդկանց հետ, այնքան շատ բան «կտեսնենք»։

     

    Տարածելիս խնդրում եմ պահպանել հեղինակային իրավունքը

    Հոդվածի հեղինակ՝ Մարո Աղաբաբյան - Տիֆլոմանկավարժ
    ՀԱՍԿ սոցիալ-կրթական աջակցության կենտրոն
    Հասցե՝ ք. Երևան, Արամ Խաչատրայն 4
    Հեռ. 099084851

    Աուտիզմը և սննդի ընտրողականությունը

    Աուտիզմը և սննդի ընտրողականությունը

    Նախորդը

    Ինչո՞ւ են երեխաներն այդքան սիրում թաքնվել և թաքցնել․․․

    Ինչո՞ւ են երեխաներն այդքան սիրում թաքնվել և թաքցնել․․․

    Հաջորդը

    Մեկնաբանել