• 03 նոյեմբեր, 2024
     Ինչո՞ւ են երեխաներն այդքան սիրում թաքնվել և թաքցնել․․․

    Ինչո՞ւ են երեխաներն այդքան սիրում թաքնվել և թաքցնել․․․

    Ինչո՞ւ են երեխաներն այդքան սիրում թաքնվել և թաքցնել․․․ Ինչպե՞ս կարելի է այդ խաղն օգտագործել ի շահ փոքրիկի․․․

    Մանկաբույժները փաստում են, որ 6 ամսական երեխան կարող է ճանաչել իրեն ծանոթ առարկան, եթե, նույնիսկ, այն կիսով չափ փակված է այլ առարկայով։

    Փոքրիկներին շատ են հետաքրքրում «թաքնված» առարկաները և անպայման «փնտրում» կամ «բացահայտում» են դրանք։

    Բայց կարևոր մի հանգամանք կա, եթե մենք ամբողջությամբ թաքցնենք երեխայի սիրելի խաղալիքը, ապա նա չի էլ փորձի փնտրել այն․ նա առարկաների մշտական գոյության մասին պատկերացում կազմում է միայն 7 ամսականից հետո։ Եվ եթե 7 ամսական երեխան գցում է խաղալիքը հատակին, ապա նա վստահ է, որ այն հենց այնտեղ էլ պետք է մնա։ Սա թույլ է տալիս մեզ՝ ծնողներիս, «թաքնվոցի» խաղը մի փոքր բարդացնել՝ զարգացնելով երեխայի ուշադրությունը, հիշողությունը, հույզերն արտահայտելու կարողությունը՝ ինչն էլ նպաստելու է հաղորդակցման ցանկության խթանմանը։

    Այս տարիքում արդեն կարող ենք ամբողջությամբ թաքցնել խաղալիքը, սակայն կարևոր է, որ սկզբնական շրջանում այնքան ցուցադրական այն թաքցնեք, որ վստահ լինեք՝ երեխան տեսել է, թե որտեղ է թաքնված իր խաղալիքը։
    ՀԱՍԿ սոցիալ-կրթական աջակցության կենտրոն

    Մասնագետները վստահեցնում են, որ գտնված խաղալիքից առաջացած ուրախությունը ստիպելու է երեխային կրկին փնտրել բարձի, սավանի, աթոռի տակ և այլուր։

    Արդեն 8 ամսականում կարելի է տարբեր տուփերի, տարրաների, պայուսակների մեջ թաքցնել տարբեր առարկաներ, ինչն էլ կամրապնդի «կորած իրերի գաղտնիքի» վերաբերյալ երեխայի ունեցած գիտելիքները։ Այս խաղերի հետևանքով երեխան հենց այս տարիքում սկսում է ինքնուրույն նախաձեռնել խաղ՝ թաքցնելով, փնտրելով և գտնելով տարբեր առարկաներ։
    9 ամսականում կարելի է արդեն հենց փոքրիկին թաքցնել՝ սրբիչով փակելով իր դեմքը, կանչել անունը և սպասել արձագանքի, երեխան մի փոքր կսպասի, այնուհետև՝ կհանի սրբիչն իր դեմքից և կսպասի Ձեր արձագանքին։

    Արդեն 11-12 ամսեկանում կարելի է տարբեր տարաների մեջ լցնել հատիկեղեն՝ լոբի, հնդկաձավար, բրինձ, ոսպ, լավ խառնել ու այնտեղ թաքցնել կենդանիների, մրգի, բանջարեղենի մուլյաժներ, որպեսզի երեխան դրանք գտնի և բացահայտի։ Վերջինս թույլ է տալիս ոչ միայն զարգացնել երեխայի մատների նուրբ շարժողականությունը, այլ նաև՝ ուշադրությունը, հիշողությունը, անվանողական ֆունկցիան և այլն։

    Լավ կլինի չմոռանանք, որ յուրաքանչյուր երեխա անհատականություն է, և պարտադիր չէ, որ հոդվածում նշված յուրաքանչյուր փաստ համապատասխանի յուրաքանչյուր երեխային։

    Տարածելիս խնդրում եմ պահպանել հեղինակային իրավունքը

    Հեղինակ՝ Աննա Մալխասյան 
    ՀԱՍԿ սոցիալ-կրթական աջակցության կենտրոն
    Հասցե՝ ք. Երևան, Արամ Խաչատրայն 4
    Հեռ. 099084851

    Երեխան չի արձագանքում իր անվանը ․․․ Ինչպես օգնել երեխային

    Երեխան չի արձագանքում իր անվանը ․․․ Ինչպես օգնել երեխային

    Նախորդը

    Մեկնաբանել