• 14 հունիս, 2024
     Երեխան չի արձագանքում իր անվանը ․․․ Ինչպես օգնել երեխային

    Երեխան չի արձագանքում իր անվանը ․․․ Ինչպես օգնել երեխային

    Երեխան սկսում է ճանաչել իր անունը և որևէ կերպ արձագանքել դրան մոտ 4 ամսականում, երբ երեխան լսում է իրեն ուղղված շրջապատողների խոսքը։

    Երեխան մոտ 10 ամսեկանում կարող է կատարել մեկ բառից կազմված հրահանգ / խնդրանք։ Արդեն 1,6 տարեկան երեխան կարող է կատարել այնպիսի խնդրանքներ, ինչպիսիք են՝ «Գնա, մեքենադ բեր» կամ «Կոշիկներդ բեր, որ գնանք դուրս»։

    Եթե երեխան չի արձագանքում իր անվանը կամ հակիրճ ու պարզ հրահանգներին՝ պատճառը հասկանալու համար լավ կլինի դիմել մասնագետներին՝ նյարդաբան, քիթ-կոկորդ-ականջաբան և այլն։ Քանի որ պատճառները կարող են շատ տարբեր լինել, օրինակ՝ չի ուզում արձագանքել, չգիտի ինչպես արձագանքել կամ երեխայի մոտ առկա է այլ խնդիր, որը կարող է բացահայտել բժիշկն իր գործիքային հետազոտությամբ, այդ պատճառով ցանկալի է առերես դիմել մասնագետներին պատճառ փնտրելիս, քան՝ գտնել պատճառների տարբեր մեկնաբանությունները համացանցում։
    Իսկ մինչ կդիմենք մասնագետների օգնությանը՝ առաջարկում եմ տանը փորձել ինքնուրույն օգնել երեխային։
    Եթե ուզում ենք երեխան արձագանքի իրեն ուղղված խոսքին կամ իր անվանը՝
     - Առաջին հերթին լավ կլինի երեխային բոլորս կանչենք նույն անունով։ Դեպքեր ենք ունենում, երբ ընտանիքում 4 հոգի են և յուրաքանչյուրը երեխային դիմում է իր «ձևով»։
     - Լավ կլինի երեխայի հետ խոսենք մի լեզվով և չաղավաղենք բառերը։
     - Կարևոր պայման է նաև, որ երեխային ցանկացած և երբեմն անիմաստ պահին չկանչենք։ Օրինակ՝ «Աշոտ, նայիր։ Աշոտ տես։ Աշոտ տես սա մեքենա է։ Աշոտ այս մեքենան խաղալիք է։ Աշոտ ասա մեքենա, Աշոտ», «Աշոտ ոչ, Աշոտ մի արա, Աշոտ չի կարելի»։ Նման դեպքերում երեխան «սովորում է» նրան, որ երբ հնչում է «Աշոտ» բառը՝ հիմա նրանից կա՛մ ինչ- որ բան կպահանջեն, կա՛մ ինչ-որ բան կարգելեն իրեն։

    Անհրաժեշտ է երեխայի անունը «կապել» հաճելի զգացողությունների և դրական հույզերի հետ։

    Օրինակ՝ երեխային գրկել, սիրել և միաժամանակ իր անունն արտաբերել։ Կամ կանչել երեխայի անունը և միաժամանակ փրփուրե պղպջակներ փչել կամ տալ նրան այն, ինչ ինքը սիրում է։

    Պղպջակներ, երեխաներՆման պարագայում երեխան «սովորում» է, որ երբ լսում է իր անունը՝ հիմա ինչ-որ դրական բան կպատահի։
    Երբ երեխային նոր ենք սովորեցնում արձագանքել իր անվանը, լավ կլինի զինվենք համբերությամբ և օրվա ընթացքում ստեղծենք իրավիճակներ, երբ կհնչի իր անունը որևէ դրական հույզեր պարգևող գործողության հետ միաժամանակ։ Այս ընթացքում հիշենք, որ երեխան ի սկզբանե իր անունը լսելիս չի վազելու մեզ մոտ և չի կանչելու մեր անունն՝ ի պտասխան, այլ՝ բավական կլինի նաև իր հայացքի փոփոխությունը, այնուհետև, իհարկե, աշխատելու ենք նաև նրա շուրջ, որ երեխան խոսքով արձագանքի դիմացինի խոսքին։ Հիշենք նաև, որ ցանկացած պարագայում, երբ կանչում ենք երեխայի անունը, երեխան պետք է իմանա «հանուն ինչի» արձագանքել ձեզ։
    Առողջ և ներդաշնակ եղեք․․․


    ՀԱՍԿ սոցիալ-կրթական աջակցության կենտրոնի համահիմնադիր,

    Լոգոպեդ Աննա Մալխասյան
    Հասցե՝ ք. Երևան, Արամ Խաչատրայն 4
    Հեռ. 099084851

    Ծծակի դերը երեխայի խոսքի զարգացման գործընթացում

    Ծծակի դերը երեխայի խոսքի զարգացման գործընթացում

    Նախորդը

    Ինչո՞ւ են երեխաներն այդքան սիրում թաքնվել և թաքցնել․․․

    Ինչո՞ւ են երեխաներն այդքան սիրում թաքնվել և թաքցնել․․․

    Հաջորդը

    Մեկնաբանել