• 22 դեկտեմբեր, 2024
     Ոսկեմազիկը

    Ոսկեմազիկը

    Լինում է, չի լինում՝ մի մարդ ու կին։ Էս կինը էդ մարդու երկրորդ կինն է լինում։ Դա իրեն հետ մի աղջիկ է բերած լինում։ Մի աղջիկ էլ մարդն է ունենում առաջին կնոջից։ Սրանք մի կով են ունենում։
    Էդ կինը կովը խորթ աղջկա առաջն է անում, մի կտոր հաց է տալիս, ասում.- Վա՜յ, հողս գլխիդ, տա՛ր կովը արածացրու, էս հացն էլ տա՛ր ման ածա, իրիկունը հետդ բեր, հանդի հացը անուշ կըլնի։ Էս թեշիկն էլ տար, մանի՛։
    Խորթ աղջիկը սոված, թեշիկը մանելով գնում է, գալիս։ Մի օր էլ հանդում թեշիկը մանելիս թելը կտրվում է, գլորվում, մի անցքով ներս է ընկնում։ Էդ անցքով մտիկ է անում, տեսնում՝ հրեն Վիշապամայրը նստած, արճիճը ծամոնի տեղ բերնումը ծամում է, հետն էլ ճախարակ է մանում։
    Ասում է.- Նանի ջան, նանի՛, թեշիկս ինձ տա՞ս։
    Ասում է.- Հավքն իր թևով, օձն իր պորտով դեսը չի եկել, դու էդ ո՞վ ես, որ սիրտ ես արել, եկել։ Ներքև արի՛, բալա ջան, ներքև արի՛, տեսնեմ էդ ո՞վ ես։
    Ներքև է գնում, պառավն ասում է.- Դե արի գլուխս մաքրի, սանրի։
    Մաքրում է, սանրում, ասում է.- Վո՜ւյ, հրես կասենաս իմ նանի թել-թել մազերն ըլնի: Բայց դե որտե՞ղ, մազերը ոնց որ խոզի կոշտ մազեր լինեին, մեջն է՛լ անիծ, է՛լ որդ, է՛լ մրջյուն՝ լիքը:
    Խորթ աղջիկը էդ պառավին դուր է գալիս, ասում է.- Դե, սոված կըլես, գնա տաշտիցը հաց վե կալ, կե՛ր:
    Գնում է, տեսնում՝ տաշտի միջինն աթար է, ասում է.- Վո՜ւյ, կասենաս իմ նանի թխած հացն ըլնի:
    Ասում է.- Դե հիմի էլ գնա, թթու հանի, կե՛ր:
    Գնում է, թթվի կարասը բաց անում, տեսնում է՝ օձն ու մողեսը իրար վրա դարսած են, աղ արած:
    Ասում է.- Վո՜ւյ, կասենաս իմ նանի դրած թթուն ըլնի:
    Էս աղջիկը ոչ մի վատ բան էլ չի ասում, ինչ որ ցույց է տալիս, չի ուտում, բայց որ հարցնում է. «Կերա՞ր, բալա ջան», ասում է՝ հա՛:
    Ասում է.- Դե որ կերար, բալա ջան, արի մի երկու բան ասեմ:
    Ասում է.- Ասա՛։
    Ասում է.- Բալա ջա՛ն, ես քեզ շատ հավան կացա, դուն իմ աղջիկն ես, իմ աղջկանիցն էլ շատ սիրեցի:- Ասում է.- Հրեդ, էդտեղից երկու ջուր է գալիս, մինը սև է, մինը՝ սպիտակ, գլուխդ կոխի սպիտակ ջրի տակ ու անց կաց:
    Աղջիկը որ էդպես է անում ու անց կենում, տեսնում է՝ մազերը դառան ոսկի:
    Ասում է.- Վո՜ւյ, նանի ջան, իմ խորթ մերը որ տեսնի մազերս էսպես է՝ գլուխս կկտրի, հիմի կովս էլ, ով գիտի, կորավ, ես գնամ ի՞նչ պատասխան տամ:
    Ասում է.- Մի՛ վախի, աղջիկ ջան:- Հետո մազերը կոլոլում է, մի պարկ է կարում, միջին դնում, ասում է.- Գնա՛, կովի պոզերից մինը եղ է դուրս գցում, մինը՝ մեղր, ծծի, ապրի: Էդ չոր հացն էլ տար, իրա գլխովը տուր:
    Աղջիկը ասում է.- Վախում եմ:
    Ասում է.- Մի՛ վախի:
    Տանում է, ոնց որ էդ պառավն ասել էր, էդպես է անում: Մի քանի օր անց է կենում, դա էնքան սիրունանում է, էնքան լավանում է, որ էլ չասելու: Դառնում է մի հուրի-փերի:
    Մեր ու աղջիկ ասում են.- Վա՜յ տամ սրա գլխին, էս ի՜նչ է ուտում, որ հա՛մ չոր հացը ետ է բերում, հա՛մ էլ էսպես լավանում, սիրունանում է:
    Հարազատ աղջիկն ասում է.- Հիմի էլ ես՛ պիտի գնամ կովն արածացնեմ:
    Մայրն էս աղջկա հետ սեր, կարագ, պանիր, շարմաղ հաց է դնում, ասում.- Բալա ջա՛ն, տար թեշիկ մանելով, խաղ ասելով կովն արածացրու, սրանք էլ կեր, լավացիր, սիրունացիր:
    Դա կովը տանում է: Դեռ թեշիկը երկու անգամ ոլորած չի լինում, թելը կտրվում է: Թեշիկը գլորվում, էլի էն անցքովը ներս է ընկնում: Մոտենում, անցքից նայում է, տեսնում՝ Վիշապամայրը նստած, արճիճը ծամոնի տեղ ծամում է, հետն էլ ճախարակ է մանում:
    Ասում է.- Ա՛յ քավթառ, ա՛յ քավթառ, էդ թեշիկը դեսը տուր:
    Պառավն ասում է.- Հավքն իր թնով, օձն իր պորտով դեսը եկած չի, դու էդ ի՞նչ անվախ իսան ես, որ եկել ես, ներքև արի՛, ներքև արի՛, աղջիկ ջան:
    Սա գնում է:
    Ասում է.- Աղջիկ ջա՛ն, արի գլուխս մաքրի, սանրի:
    Գնում է մոտը, նայում է մազերին ու ասում.- Պա՜, պա՜, պա՜, գրողը քո գլխին, սաղ որդունք ու մրջեմ է, ես դրա մաքրողը չեմ:
    Թքում է ու մի կողմ կանգնում:
    Պառավն ասում է.- Դե գնա հաց հանի, կե՛ր, սոված կըլնես։
    Աղջիկը գնում է տաշտի մոտ ու ասում է.-  Յա՜խկ, յա՜խկ, յա՜խկ, էս ի՞նչ է էս աթարը, որ ես ուտեմ, հրես իմ շարմաղ հացը, սա թողած՝ է՞դ պիտի ուտեմ:
    Էլի թքում է ու մի կողմ կանգնում:
    Պառավն ասում է.- Դե գնա, կարասից թթու հանի, կե՛ր:
    Գնում է կարասին նայում. «Թո՜ւ, թո՜ւ, թո՜ւ» է ասում, ետ փախչում:- Վա՜յ տամ էդ քավթառ գլխիդ,- ասում է,- ինձ օձի ու խլեզի թթու ես ուզում ուտացնես:
    Պառավին էդ աղջիկը դուր չի գալիս, ասում է.- Դե արի էստեղ:
    Գնում է մոտը, պառավն ասում է.- Էստեղից երկու ջուր է գնում, մինը սպիտակ է, մինը՝ սև, գլուխդ սպիտակի տակին չդնես, սևի տակին կդնես:
    Գալիս է ջրի մոտ, գլուխը դնում սևի տակ, մեկ էլ տեսնում է՝ էշի պոչը ճակատից կախվեց:
    Ասում է.- Քավթա՛ռ, էս ի՞նչ արիր:
    - Գնա՛, անզգամ, քեզ էդ է արժան,- պատասխանում է պառավը:
    Սա աղմուկ, աղաղակ է բարձրացնում, ճվճվում: Պառավը բերում է մի պարկ էլ դրա գլուխն է անցկացնում, ասում.- Էն կովի մի պոզը արին է, մինը ժահր՝ է, գնա ծծի. դու էլ կլավանաս խորթ քվորդ պես:
    Սա գնում է ծծում, օրն օրի վրա նիհարում, տգեղանում է, դառնում ոնց որ մի քոսոտ ձի:
    Մի երկու օր տանում է կովն արածացնում, բերում, մայրն ասում է.- Վա՜յ տամ գլխիդ, էդ կովը մորթեցե՛ք, երեխաս հալից ընկավ դրա հետևից պտիտ գալով:
    Խորթ աղջիկը տեսնում Է, որ կովը պիտի մորթեն, գնում է էն պառավի մոտ, ասում է.- Նանի ջա՛ն, կովը մորթում են, հիմի ի՞նչ անեմ:
    Ասում է.- Լաց մի՛ լինի, աղջիկ ջան, թող մորթեն: Դու մսիցը չուտես, համա ոսկորները հավաքի, տար մի տեղ թաղի: Հլա տես ինչքա՜ն օգուտ կանես:
    Կովը մորթում են, էդ խորթ աղջկա սիրտը մրմռում է, լաց է լինում:
    Միսն իրենք ուտում են, դրան չեն տալիս, ինքն էլ չի ուզում: Որ ուտում, վերջացնում են՝ էդ աղջիկը ոսկորները հավաքում է:
    Ասում են.- Տո հողը քո գլխին, էդ ոսկորները ի՞նչ պիտի անես:
    Ասում է.- Ձեր հոգուն մատաղ, ոսկորը դեն չգցեք, ի՛նձ տվեք, պիտի տանեմ թաղեմ, էդ կովն ինձ պահել է, մոր համ է տվել:
    Ինչքան դրա վրա ծիծաղում, գլխին տալիս են` դա ականջ չի դնում, հավաքում է: Երբ որ բոլորն էլ կուշտ կերած տանիցը դուրս են գալիս հովերում ման գալու՝ դա գնում Է դռան տակին մի հոր փորում, էդ ոսկորները կարգով միջին շարում ու թաղում:
    Շատ է անցնում, թե քիչ, խորթ մայրն ու քույրը զուգվում-զարդարվում են, գնում են ուխտ: Դրան տանը թողնում են, ասում.- Վա՛յ քո գլխին, տունը կավլես, կմաքրես, էս կորեկն էլ տանը շաղ կտաս ու նորից հատ-հատ կհավաքես, հետո կնստես ու լաց կըլնես, էնքա՜ն լաց կըլնես՝ էս ամանն արտասուքով կլցնես:
    Ասում են ու իրենք ճամփա ընկնում, գնում:
    Դա տունը, դուռը ավլում, մաքրում է, ամեն բան շնորհքով տեղը դնում, հետո էն կորեկը շաղ Է տալիս, նորից հավաքում, հետն էլ լաց է լինում:
    Էդ ժամանակ մի պառավ Է գալիս տուն, ասում.- Աղջիկ ջան, ինչի՞ ես լաց լինում ու էդպես մղկտալով հատ-հատ կորեկը հավաքում:
    Ասում է.- Հե՜չ, նանի ջան, սիրտս լցվեց, լաց եմ լինում, էս կորեկն էլ էսպես շաղ եմ տալիս, որ պարապ չկենամ:
    Ասում է.- Ինձ ինչի՞ ես խաբում, աղջիկ ջան, ճիշտն ասա:
    Սա տեսնում է՝ չի կարող սուտ ասի, խոստովանում է.- Դե, եսիմ, նանի ջան, ինձ ասում են էսպես արա, ես էլ անում եմ:
    Ասում է.- Վա՜յ դրանց գլխին, դու էլ ավլով հավաքի, մի տեղ թոփ արա, որը թոփ կըլնի՝ վե կալ, որը չի ըլի՝ ավլի ծերով դեն ածա: Թասն էլ մի քիչ ջուր ածա, մի պտղունց աղ գցի, դիր էդտեղ, թող գան, հենց գիտենան՝ արտասուք է: Հողե՛մ ես դրանց գլուխը, որբ էրեխա են գտել, որ հոգին հանեն:
    Էդպես ասում է ու ինքը գնում: Դա էլ բերում է էդ պառավի ասածները անում, վերջացնում:
    Որ տունը հանդարտվում է՝ գնում է, դռան արանքից մտիկ է անում, ասում է. «Հլա տեսնեմ, ի՞նչ կա էնտեղ»: Տեսնում է՝ աչքը բարին տեսնի, մի սիրուն ձի էնտեղ թամքած, մի բոխչա շոր էլ էնտեղ կապած: Դա վերցնում Է էդ շորերը, հագնում, դառնում է մի հուրի-փերի: Ձին նստում, հետևներից գնում Է ուխտ: Ոսկե մազերն ուսերովը փռած, ոտնամաններն ու շորերն էլ պլպլալով, գնում է հասնում ուխտատեղը:
    Ժողովուրդը հայիլ-մայիլ է մնում,գալիս են ձիու գլուխը բռնում, վեր է գալիս, գնում է ուխտ անում, նորից ձիուն նստում է, թռչելով ետ գալիս տուն։ Ձին թռցրած գալու ժամանակ ոտնամանի մի հատը վեր է ընկնում, դա գլխի չի ընկնում։ Ոտնամանն ընկնում է ջրի մեջը։ Գալիս է տուն, ձին թողնում է, գնում է իրեն տեղը, շորերն էլ հանում է, էնտեղ դնում: Էլի իրեն քրչոտ շորերը հագնում է, պատի տակին նստում:
    Խորթ մայրն ու քույրը ուխտից ետ են գալիս: Գալիս են, տեսնում՝ էդ աղջիկը պատի տակին կուչ եկած, գլխին տալիս են, ասում.- Ի՜, վա՜յ քո գլխին, դու էլ քեզ աղջիկ ես հաշվում: Մի հուրի-փերի աղջիկ եկավ ուխտ, ոսկե մազերը ուսովը փռած, շորերն ու ոտնամանները պլպլալեն, ուխտ արավ, էլի նստեց հրեղեն ձին ու գնաց:
    Ասում է.- Դե ի՞նչ անեմ, ինձ չտարաք, որ ես էլ տեսնեի:
    Ասում են.- Ա՛յ հողը քո գլխին, դու էիր պակաս էնտեղ, որ ձիու ոտների տակն ընկնեիր, մեռնեիր:
    Դա սուս է անում, էլ ձեն չի հանում:
    Իրիկունը թագավորի ծառաները տանում են ձիերը ջուր տալու: Ձիերը ջրի մեջ փայլուն ոտնամանը որ տեսնում են՝ խրտնում են, չեն խմում: Ծառաները մտիկ են անում, տեսնում՝ ջրի միջին մի բան է պսպղին տալիս:
    Գնում են, թագավորի տղային ասում.- Թագավորն ապրած կենա, էսպես, էսպես մի բան կա ջրում, վառվում է, ձիանը խրտնում են, ջրին մոտ չեն գալի:
    Ասում է.- Գնացեք թոռ գցեք, բռնեք, բերեք տեսնեմ ի՞նչ բան է:
    Թոռ են գցում, հանում, տեսնում են՝ ոտնաման է:
    Բերում են, տալիս թագավորի տղային: Թագավորի տղան ասում է.- Սա որ էսքան է սիրուն, բա սրա հագնողն ինչքա՜ն սիրուն կըլնի:
    Թագավորն ասում է.- Ման ածեք, տեսեք. ում ոտովն ըլնի՝ նրան իմ տղի համար պիտի ուզեմ:
    Ման են ածում, յոթը գյուղ պտտում են, ոչ մեկի ոտով չի լինում: Բերում են Ոսկեմազիկենց տուն։ Էն խորթ մայրը վռազ տանում է իրեն աղջկանը հագցնում: Բայց դե որտեղի՞ց կլինի։
    Ասում են.-Հլա նրան էլ հագցրեք:
    Հագցնում են խորթ աղջկանը, իսկական ոտովն է լինում: Հիմի պիտի գան, որ նշան դնեն: Խորթ մայրը իրեն ուտում է, ասում է. «Սրան պիտի տանեն, իմ աղջիկը տանը պիտի մնա»:
    Երկու օրից հետո հարսանիքը գալիս է, դռանը կանգնում: Էդ խորթ մայրը տանում է էդ Ոսկեմազիկին թոնիրն է կոխում ու մի քար էլ վրան դնում, իր աղջկան նրա շորերը հագցնում, տանում է թախտին նստեցնում: Դրանք քեֆ են անում, ուտում են, խմում, պատրաստվում, որ տանեն:
    Էդ ժամանակ աքլորը գալիս է թոնրի վրա կանգնում, ասում է.- Կիկղի՜-կի՜, էշի պոչը թախտին է, Ոսկեմազիկը թոնրումն է:
    Խորթ մայրը աքլորին ծեծում Է, քշում, բայց էլի գալիս է թախտին կանգնում, կանչում:
    Թագավորի տղան ասում է.- Սո՛ւս կացեք, մի՛ քշի, թող մին էլ կանչի:
    Մին էլ է կանչում:
    Թագավորի տղան ամեն ինչ իմանում է, ասում է.- Գնացեք թոնիրը բաց արեք:
    Բաց են անում, տեսնում` հրե՛ն Ոսկեմազիկը, պարկը գլխին, կուչ եկած պուճախում: Դրան թոնրից դուրս են բերում, խորթ աղջկանը թախտից իջեցնում, մոր երեսին էլ թքում են, խայտառակում։
    Ոսկեմազիկին ուզում են տանեն նոր շորերը հագցնեն, ասում է.- Ես շորեր ունեմ, հարկավոր չի, ես իմ շորերը կհագնեմ:
    Գնում է իր շորերը դռան տակից հանում, հագնում Է, պարկը գլխիցը հանում, դեն է գցում, ոսկե մազերը հյուսած ուսին է գցում, զուգվում-զարդարվում, ձիուն նստում է, դուրս գալիս հրապարակ: Ժողովուրդը որ դրան մտիկ է անում՝ մնում է զարմացած, ասում են.- Սա էն ուխտ եկող աղջիկն է:
    Նոր դրան բերում են հարսանիք անում, թագավորի տղայի հետ պսակում:
    Սրանք հասնում են իրենց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին:

    Ով աշխատի՝ նա կուտի

    Ով աշխատի՝ նա կուտի

    Նախորդը

    Շնաճանճն ու առյուծը

    Շնաճանճն ու առյուծը

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: