Մի թագավոր է լինում, պսակվում, հարս Է բերում: Էդ հարսը երեխա չի ունենում: Յոթը տարի անց է կենում, մի օր մի դերվիշ է գալիս թագավորի դռանը կանգնում ասում.- Թագավորն ապրած կենա, ես գիտեմ, թե քո քեֆը ինչի՛ է վատ:
Ասում է.- Ինչի՞ է վատ, դերվիշ բաբա:
Ասում է.- Նրա համար, որ կնիկդ երեխա չի բերում, ձիդ էլ՝ քուռակ:
Ասում է.- Դերվիշ բաբա՛, որ դու էտենց իմաստուն ես, դրա հնարն էլ կգիտենաս, բա ո՞նց կըլնի դրա ճարը:
Ասում է.- Թագավորն ապրած կենա, քու այգում մի խնձորի ծառ կա, էս օխտը տարի է՝ բար չի տալի, հիմի նոր մինը բռնել է, գնա բեր կլպի, միջուկը կնկանդ տուր, կլեպները՝ ձիուդ, թող ուտեն: Կնիկդ մի տղա կբերի, ձիդ էլ՝ մի քուռակ: Տղիդ անունը կդնես Անվախ, քուռակինը՝ Հրեղեն:
Էդ ասելու պես դերվիշը աներևութանում է:
Թագավորը գնում է այգին, տեսնում է, որ, դրուստ, հրես ծառի վրա մենակ մի խնձոր կա: Ոնց որ դերվիշն ասել էր՝ էնպես էլ անում է: Կնոջ ժամանակը լրանում է, ազատվում է՝ մի սիրուն տղա է բերում, ձիու ժամանակն էլ գալիս է, ծնում է՝ մի սիրուն քուռակ է բերում: Դերվիշի ասած անունները դնում են: Ով տարով կմեծանա, Անվախն ու Հրեղենը օրով են մեծանում: Անվախը որ ոտնավորվում է՝ հա՛ գնում է գոմը, ամեն օր Հրեղենին կեր Է տալիս ու թիմարում:
Օրվա մի օրը Հրեղենը լեզու է առնում, ասում է.- Անվա՛խ, որ տեղդ նեղվի՝ կգաս իմ կուշտը հարցմունքի:
Միառժամանակ անց է կենում: Անվախն էլ հասած տղա է դառնում, հանկարծ մի ցավ է բռնում, ծակոցը ջիգյարն է տալի, կուչ ու հուփ գալով հասնում Է գոմը, ասում է.- Հրեղեն ջա՛ն, ես մեռա, հնար ունե՞ս, տե՛ս:
Ասում է.- Մի՛ վախենա, աջ ձեռքդ տար ձախ կողքդ, էնտեղ մի խանչալ կա, հանի՛:
Ձեռքը կողքին է տանում, ճիշտ որ մի դաշույն է հանում, դաշույնի վրա տեսնում է մի սիրուն աղջկա նկար, վրան գրած՝ «Ծովինար»: Որ տեսնում է՝ խելքի ծերը գնում է, ցավն
էլ է մտահան անում, ամեն բան էլ:
Հրեղենն ասում է.- Հը՜, Անվախ, ի՞նչ եղավ քեզ հետ:
Ասում է.- Հրեղե՛ն, Ծովինարին որտե՞ղ գտնենք:
Ասում է.- Շատ է դժվար, համա քեֆդ խարաբ մի՛ անիլ, կգտնե՛նք: Գնա՛,- ասում է,- մի հատ թամք շինել տուր, բեր վրես դիր, փորկապս պինդ քաշի, վրես նստի, ես քեզ կտանեմ քո Ծովինարի մոտ:
Անվախը գնում է մի լավ թամք է շինել տալիս, բերում ձին թամքում, հեծնում է, ընկնում են ճամփա:
Գնում են, գնում, շատն ու քիչը իրենք գիտեն, գնում են մի Սև երկրի հանդիպում, տես-
նում են՝ ամեն ինչն էլ սև է: Մին էլ տեսնում են՝ մի սև ձիավոր դուրս եկավ, դրանց ճամփան
կտրեց ու հարցրեց.- Ո՞ւր եք գնում, սա իմ երկիրն է, ի՞նչ իրավունքով եք մտել իմ հողը:
Ասում Է ու թուրը հանում, վրա բերում Անվախին: Նրա վրա բերելուն պես Հրեղենը ծառս է լինում, երկնքի ծերը հասնում, թուրը ոչ մեկին էլ չի դիպչում:
Հրեղենն ասում է.- Անվախ, մի՛ մտածի, դու սրան պիտի զոռես, համա չսպանես, սա քո ախպերը կդառնա:
Անվախն ասում է.- Է՜, ախպերացու, քո թուրն ինձ բան չի անիլ, ես էլ թուր ունեմ:
Ասելուն պես դաշույնը կողքիցը հանում է թե չէ՝ շողքը ընկնում է էդ երկրի վրա, սև մարդը աչքերը փակում է: Դաշույնը տեղն է դնում, սև մարդը մոտ է գալիս, բարիշում են, դառնում ախպերացու ու գնում են: Գնում են տեսնում՝ էդ Սև երկրի ծայրին երեք եղբայր մի կողմից են կռվում, մի ամբողջ զորաբանակ՝ մյուս կողմից: Անվախը սև եղբորը պատվեր է տալիս, ինքն առաջ գնում:
Ասում է.- Թե շատի կողմն անցնեմ, կասեն՝ վախլուկ է, լավն էն է՝ երեքի կողմից կռվեմ:
Անց է կենում երեքի կողմը ու զորքի մի կողմից սրբում, մյուս կողմը դուրս գալիս: Էն կռվող երեք եղբոր բերանը բաց է մնում, մնում են զարմացած: Որ կռիվը վերջանում է՝ երեքն էլ գալիս են դրան գլուխ տալիս, տանում իրենց տուն, հորը պատմում եղելությունը:
Դրանց հայրը ասում է.- Կուզե՞ս իմ փեսան դառնաս:
Անվախն ասում է.- Իմ մուրազն էն է, որ ձեր աղջկանը տաք իմ ախպորը:
Դրանք համաձայնվում են, եղբորը կանչում են, յոթ օր, յոթ գիշեր հարսանիք անում, պսակում:
Վրա յոթ օրը Անվախը մատանին հանում է իր աջ ձեռի մատիցն ու տալիս սև եղբորը, ասում.- Քեզ թողնում եմ քու քեֆը քաշես, ես գնում եմ. ո՛ր վախտը էս մատանիքը սևանա՝ իմացիր, իմ տեղը նեղ է, հասիր ինձ օգնության:
Հրեղենին նստում է, էլի ճամփա ընկնում: Գնում են, գնում են, գնում, շատն ու քիչը իրենք գիտեն, գնում հասնում են հիմի էլ մի Սպիտակ երկիր: Էդ երկրումն էլ ամեն ինչ սպիտակ էր: Հիմա էլ մի սպիտակ ձիավոր է դրանց առաջը կտրում, էլի կռվում են, ախպերանում են, առաջ գնում: Պատահում են մի ուրիշ երեք եղբոր ու մի զորքի կռվի: Էդ երեք եղբոր կողմն են բռնում: Հրեղենը զորքին հաղթում է: Գլուխներդ ինչ ցավացնեմ, վերջն էդ երեք եղբոր քրոջն էլ է ամուսնացնում սպիտակ եղբոր հետ, ձախ ձեռքի մատանին էլ դրան է տալիս, պատվիրում, որ ինչ ժամանակ խավարի, օգնության հասնի: Ինքը
Հրեղենին նստում է, ընկնում ճամփա:
Գնում են, գնում, շատն ու քիչը իրենք գիտեն, հասնում են հիմի էլ մի Կանաչ երկիր: Էդ երկրումն էլ ամեն բան կանաչ է լինում: Էդտեղ էլ մի կանաչ ձիավոր է դուրս գալիս, էլի նրանց պես ախպերանում է հետը, էլի պատահում են մի ուրիշ երեք եղբոր ու զորքի կռվի. զոռում են զորքին, երեք եղբոր քրոջն էլ տալիս է կանաչ ախպորը, իր ոսկե գոտին տալիս է կանաչ ախպորը. պատվիրում, որ սևանա՝ իրեն օգնության հասնի: Ինքն էլի նստում է Հրեղենին, ընկնում ճամփա:
Ասում է.- Հրեղեն ջա՛ն, հիմի ո՞նց պիտի անենք:
Ասում է.- Կարմիր երկրումը մի ծով կա, էդ ծովի միջին մի ապարանք կա, Ծովինարն էդ ապարանքումն է, նրա համար ծովի ափին մեծ կռիվ կա, կգնանք կհաղթենք, քեզ կհասցնեմ քո Ծովինարի մոտ:
Գալիս են տեսնում՝ մի զորք մի ափին է կռվում, երեք առյուծ էլ՝ մյուս ափին: Էդ առյուծները չեն թողնում, որ զորքը ծովին մոտ գա: Հրեղենին ճիպոտում է, էդ զորքին մի կողմից կոտորելով՝ մյուս կողմից դուրս է գալիս: Ուզում է մոտ գնա ծովին, առյուծները չեն թողնում: Օրը որ մթնում է՝ առյուծները գնում են հանգստանալու:
Հրեղենն ասում է.- Դրանց հետ չենք կարող կռվել, ամենադժվար տեղն ենք հասել, ամեն գիշեր գնա մեկին սպանի, արի:
Անվախը գնում է գիշերը մեկին սպանում, լուսադեմին ետ գալիս: Հենց մութը ընկնում է, գնում է մյուսին էլ սպանում, լուսադեմին ետ գալիս: Հաջորդ գիշերն էլ մյուսին է սպանում: Լուսադեմին որ երկիրը կարմրին է տալիս, նստում է Հրեղենին, թռցնում է ծովի վրայով, գնում Ծովինարի ապարանքի դռանը իջնում:
Հրեղենն ասում է.- Դե գնա՛, որտեղ փակ դուռ տեսնես, խանչալդ դեմ արա՝ կբացվի:
Գնում է, մտնում ապարանքը, որտեղ փակ դուռ է տեսնում, դաշույնը դեմ է անում թե չէ՝ բացվում է: Գնում է մի սենյակ մտնում, կարմիր շողքը աչքերը ծակում է։ Տեսնում է՝ մի սիրուն աղջիկ նստած, իսկ և իսկ իր դաշույնի վրայի նկարն է, որ կա: Ծովինարը տեղից վեր է կենում գալիս, իրար վզով են ընկնում:
Ասում է.- Նամա՛րդ, ասլանները քեզ չէին վնասում, ինչի՞ սպանեցիր: Հիմի որ մեր թշնամի թագավորն իմանա՝ ասլաններին սպանել ես, պիտի գա ինձ ետ փախցնի:
Ասում է.- Հանգիստ կաց, ոչ ոք չի կարող քո մի մազին դիպչի:
Ժամանակ է անցնում: Կարմիր երկրի թագավորն իմանում է, որ առյուծները էլ չկան,
զորք է հավաքում ու գալիս ծովի ափը, վրան է խփում, բայց Հրեղենի ահիցը չի համարձակվում ծովն անց կենա:
Մի ջադու պառավ գալիս է, ասում.- Իմ քաշով մին ոսկի տո՛ւր, մեկ էլ՝ մի սիրուն խնոցի շինի, ինձ տուր, ես գնամ Ծովինարին գողանամ բերեմ:
Ոսկին էլ է տալիս պառավին, խնոցին էլ: Պառավը խնոցուն նստում է, գալիս հասնում ապարանքը: Էդ ժամանակ Անվախը որսի գնացած է լինում: Գալիս է պառավը, դուռը բաց է անում, մտնում ներս: Ծովինարը մենակ նստած կար անելիս է լինում. պառավին տեսնում Է թե չէ՝ փայտը քաշում Է, դուրս անում:
Դա աղաչանք է անում, ասում է.- Անտեր պառավ եմ, ինձ մի տեղ տուր կենամ, ձեր տունը կավլեմ, ձեր ոտները կլվանամ, ճաշը կեփեմ:
Ինչքան աղաչանք է անում, Ծովինարը բանի տեղ չի դնում, դուրս է անում: Անվախի՝ որսից ետ գալու ժամանակ էդ ջադու պառավը գնում է պատի տակին կուչ է գալիս, իբր թե լաց է լինում: Անվախը գալիս է թե չէ՝ հիմի էլ նրան է աղաչանք անում: Անվախի մեղքը գալիս է, ձեռիցը բռնում է տանում տուն:
Ծովինարն ասում է.- Դրանից մեզ վնաս կգա, դուրս արա, կորչի:
Ասում է.- Ո՛չ մի բան էլ չի լինի, աղքատ պառավ է, թող մի կտոր հաց ուտի, իրեն համար ապրի:
Նա՝ հա՛, սա՝ չէ՛, վերջը թողնում են:
Պառավը դեսուդեն է ընկնում, շփշփալով աշխատում է, դրանց աչքին դուր է գալիս: Դրան բերում են նոր շորեր հագցնում, իրենց հետ ուտեցնում, խմեցնում, պահում:
Մի օր Անվախը գնում է որսի, պառավը մտնում է Ծովինարի մոտ, համոզում է, ասում.- Դու որ էդքան մարդուդ սիրում ես, խի՞ չես հարցնում, թե դրա շնորհքն ինչումն է, որ էդքան զորքը կոտորեց:
Իրիկունը մութը որ ընկնում է՝ քնելու ժամանակ պառավը գնում է մտնում դրանց թախտի տակ:
Ծովինարը Անվախի օձիքը բաց չի թողնում, թե.- Քու շնորհքն ինչո՞ւմն է:
Ասում է.- Իմ շնորհքն իմ խանչալումն է:
Պառավը թախտի տակից ամեն ինչ լսում, իմանում է: Հենց դրանք քնում են թե չէ՝ դուրս է գալիս, դաշույնը տղայի ծոցից հանում է, տանում գցում ծովը: Որ ծովն է գցում՝ Անվախը կիսամեռ է դառնում: Առավոտը Ծովինարը կարծում է, թե քնած է, դուրս է գալիս դուռը՝ ծովին նայում:
Պառավը խորամանկություն է անում, ասում է.- Արի գնանք ծովի ափին մի քիչ ման գանք:
Ման ածելով տանում է իր խնոցու մոտ հասցնում:
Ծովինարը որ հուրհրատին տվող խնոցին տեսնում է, ասում է.- Էս ի՞նչ բան է, էսպես սիրուն:
Ասում է.- Արի մոտ գնանք, տեսնենք:
Տանում է մեջը նստեցնում, ասում է.- Ա՛յ խնոցի, դե քեզ տեսնեմ՝ հայդե՛ ծովի էն ափը:
Մինչն աչքերը բացուխուփ են անում՝ մին էլ տեսնում են ծովի էն ափին են:
Թագավորը առաջ է գալիս, ուզում է մոտ գա, Ծովինարը մոտ չի թողնում, ասում է.- Մինչև քառասուն օրը չլրանա, ես մոտս մարդ չեմ թողնի:
Դրանց էստեղ թողնենք, լուր տանք Անվախից: Եղբայրների մատնիքը մատներն են հուպ տալիս, մեկի էլ՝ գոտին, մտիկ են տալիս, տեսնում, որ սևացել են: Գալիս են էդտեղ հասնում, որ ի՜նչ տեսնեն՝ Հրեղենը գետինը փորում է, հողը ոտով գլխին ածում, քրտինքի մեջ լողում:
Ասում են.- Հրեղեն ջա՛ն, ի՞նչ անենք:
Ասում է.- Ջադու պառավը Անվախի խանչալը շպրտեց, կա՛մ ծովն է ընկել, կա՛մ աստղերին է հասել, կա՛մ թե չէ՝ ցամաքն է ընկել:
Սպիտակ ձիավորը եղբորն ասում է. «Ես գնամ աստղերին հարցմունք անեմ», կանաչին էլ ասում է. «Դու ձիդ քշի, ընկի ցամաքը՝ կանչի ամեն մի շնչավորի», սևին էլ ասում է. «Դու էլ ձիդ քշի ծովի հատակը, հավաքիր ձկներին: Հարց անենք, տեսնենք՝ ո՞ւմ մոտ է խանչալը, գտնենք, Անվախին ուշքի բերենք»:
Ասելուն պես սպիտակը երկինքն է բարձրանում, կանաչը՝ ցամաքը գնում, սևն էլ՝ ծովի տակը: Գնում է ծովի ձկներին հավաքում, տեսնում է՝ ոչ մեկի մոտ դաշույն չկա:
Ասում է.- Բա էլ ձուկ չկա՞:
Ասում են.- Մինը հիվանդ է:
Ասում է.- Ես դրան կսաղացնեմ, բերե՛ք:
Բերում են, տեսնում է՝ դաշույնը մեջքումը թաղված: Քաշում է, հանում՝ մեջքի փշերը բոլորը դաշույնի հետ դուրս են գալիս:
Ասում է.- Դու կսաղանաս ու կդառնաս էս ձկների իշխանը:
Մինչև էսօր էլ էդ ձկանը Իշխան են ասում:
Սև եղբայրը դաշույնը ձեռին գալիս է, գալիս, տեսնում է՝ մյուս եղբայրները դատարկ են եկել: Դաշույնը դնում են Անվախի կողքին թե չէ՝ զարթնում է:
Ասում են.- Բա էս ո՞նց էլավ:
Ասում է.- Էսպե՜ս, էսպե՜ս:
Դրանք ձիերը նստում են էնտեղ հասնում, որ Ծովինարի քառասուն օրը լրացել է, քողը երեսն են քաշել, ուզում են տանեն եկեղեցի, որ թագավորի հետ հարսանիք անեն: Ծովինարը աչքը ճամփին Է լինում, շուտ-շուտ ետ է նայում, արտասուքն աչքերին՝ գուցե օգնության հասնեն Անվախն ու Հրեղենը: Մտքում դրած է լինում, որ եկեղեցի մտնեն թե չէ՝ շեմքումը ևեթ դանակը սիրտը խրի: Մին էլ ետ է մտիկ տալիս, տեսնում է՝ թոզ ու դումանը երկինքը բռնել է: Էդ ժամանակ սպիտակ ձիավորը ձին քշում, հասնում է թագավորի մազերիցը բռնում, շպրտում՝ տալի աստղերի ճակատովը, կտոր-կտոր անում: Սև ձիավորն էլ ջադու պառավի մազերիցն է բռնում, ծովը գցում, ձկների բաժին դարձնում, կանաչ ախպերն էլ՝ էստեղ-էնտեղ ընկած, ժողովրդին է հանգստացնում, Անվախն էլ գնում է Ծովինարին փաթաթվում:
Հետո ժողովուրդը հավաքվում է, բոլորը ուրախանում են, որ իրենց ազատել են անօրեն թագավորից, պատիվ են տալիս, խաղ ու ծաղկով, ծափ ու ծիծաղով դրանց ճամփու են դնում, իրենք էլ իրենց գործին կենում:
Եղբայրներն էլ բերում են Անվախին ու Ծովինարին հարսանիք անում: Նրանք իրենց մուրազին հասան, դուք էլ ձեր մուրազին հասնեք:
Ծովինարը
- Հայ գրականություն
- 15.06.2023
Հավանեցի՞ր, տարածի՛ր
Մեկնաբանել