• 13 հոկտեմբեր, 2024
     Ամենից լավ տունը, Հովհաննես Թումանյան

    Ամենից լավ տունը, Հովհաննես Թումանյան

    Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ
    Ուր ջուրն աղմկում, անվերջ փրփրում,
    Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ
    Մի շատ անհանգիստ տղա էր ապրում

    Մի գորշ խրճիթում,
    Մի հին խրճիթում,
    Գետի եզերքին,
    Ծառերի տակին։

    Մի օր էլ եկավ անհանգիստ տղան,
    Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.
    «Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.
    Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ,

    Էս գորշ խրճիթն է,
    Էս հին խրճիթն է,
    Գետի եզերքին,
    Ծառերի տակին։

    Թո՛ղ գնամ շրջեմ, աշխարհից աշխարհ,
    Ճամփորդեմ՝ լավ-լավ տներ տեսնելու,
    Ամենից լավը ընտրեմ մեզ համար,
    Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու

    Էս գորշ խրճիթից,
    Էս հին խրճիթից,
    Գետի եզերքին,
    Ծառերի տակին»։

    Ու գնաց, երկար թափառեց տղան,
    Մեծ ու հոյակապ շատ տներ տեսավ,
    Բայց միշտ, ամեն տեղ պակաս Էր մի բան…
    Ու հառաչելով ետ վերադարձավ

    Էն գորշ խրճիթը,
    Էն հին խրճիթը,
    Գետի եզերքին,
    Ծառերի տակին։

    -Գտա՞ր, զավա՛կս,- հարցրեց մայրը՝
    Ուրախ նայելով իր տղի վրա։
    -Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ,
    Ամենից սիրուն, լավ տունը որ կա,

    Էս գորշ խրճիթն է,
    Էս հին խրճիթն Է,
    Գետի եզերքին,
    Ծառերի տակին։

    Ամեն գիշեր իմ պարտեզում․․․ Ավ․ Իսահակյան

    Ամեն գիշեր իմ պարտեզում․․․ Ավ․ Իսահակյան

    Նախորդը

    Կարուսել - Վահան Տերյան

    Կարուսել - Վահան Տերյան

    Հաջորդը

    Մեկնաբանել