Հիմնադիր՝ Հեղնար Պետրոսյան, մասնագիտություն նկարիչ-իլյուստրատոր
«Գիսանե» ապրանքանիշը սկսել է իր գործունեությունը 2010 թվականից՝ ոգեշնչվելով չոր ծաղիկները զարդերի մեջ օգտագործելու հնարավորությունից: Այս գաղափարը այնքան բնական և ինքնաբուխ էր, որ այդպես էլ սկսեցինք աշխատել՝ անգամ չպատկերացնելով, որ այն կդառնա իմ հիմանական աշխատանքը։
Մեծ ցանկություն կար ստեղծել յուրահատուկ զարդեր և հայկական շուկան համալրել նախատիպը չունեցող հավաքածուներով, առաջնային նպատակ դարձավ իմ՝ որպես «Գիսանե» ապրանքանիշի հեղինակի ՝ ամեն նոր զարդում շեշտել մեր անհատական մոտեցումերը և ինքնատիպությունը:
Հետաքրքիր է, որ մեզ հաճախ տրվող հարցերից է, թե յուրաքանչյուր զարդ ինչ ժամանակահատվածում է պատրաստվում: Կարծում եմ պատճառն այն է, որ թեև զարդերի տեսականին քիչ չէ, բայց դրանից ոչ մեկն էլ նմանօրինակը չունեն:
Բնականաբար, երկար ժամանակ եմ ծախսում զարդը նախագծելու, ձևավորումը մտածելու վրա, ապա անցնում դրա իրագործմանը: Յուրաքանչյուր զարդ մինչև վերջնական տեսք է ստանում, անցնում է 3 փուլով, որին մասնակցում են երեք տարբեր վարպետներ:
Երբեք չեմ սահմանափակվում մեկ հատով, այլ միանգամից մտածում եմ հավաքածու ստեղծելու մասին: Թե այս գործընթացը հստակ որքան է տևում, կդժվարնամ ասել, յուրաքանչյուր զարդ իր մոտեցումն է պահանջում, փորձել եմ հաշվել և կարող եմ ասել, որ «Գիսանե»-ի գոյության 12 տարիների ընթացքում ստեղծվել է ավելի քան 4000 ինքնատիպ զարդ:
Շեշտենք, որ աշխատել ենք ամեն օր՝ անկախ երկրում տիրող իրավիճակից, կյանքում անձնական փոփոխություններից։
Անդադար աշխատանքի համար մեծ խթան են և ոգևորության աղբյուր են հանդիսացել մեր հաճախորդները, որոնցից առաջիններից էին ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆեռնը, Գերմանիայի փոխդեսպան Թերեզա Խյոլցելը, ՀՀ առաջին տիկինները` Ռիտա Սարգսյանը, Աննա Հակոբյանը և շատ ու շատ հրաշալի կանայք ու աղջիկներ, ովքեր մինչ օրս հավատարիմ հետևում և ոգևորում են մեզ:
Այսպիսով, «Գիսանե» ապրանքանիշը ոչ միայն Հայաստանի շուկայում է ճանաչելի և սիրելի, այլև մեր զարդերը սփռված լինելով աշխարհով մեկ՝ սեր ու դրական էներգիա են փոխանցում: Սա նույնպես անչափ ջերմացնում է մեր սիրտը և առաջ մղում աշխատանքը:
Բնական է, որ յուրաքանչյուր զարդ ունի իր պատմությունը և մեզ համար՝ սիրելի է յուրովի:
Բայց եթե առանձնացնելու լինեմ մեզ համար հատկապես կարևորները, ապա կառանձնացնեմ հայ նկարիչներից Հակոբ Հովնաթանյանին և ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին նվիրված սահմանափակ քանակությամբ արված հավաքածուները:
Մեր աշխատանքի ընթացքում ավելին քան համոզվել եմ, որ բնությունը կատարյալ է, և ինչ էլ որ արել եմ, միշտ ցանկացել եմ օգտագործված ծաղիկները կամ բույսերը այնպես, ինչպես դրանք հանդիպում են բնության մեջ: Թեև իմ զարդերում դրանք խնամքով տեղադրվում են խեժի լուծույթի տակ տակ, բայց ցանկությունը իրենց ավելի ազատ թողնելու չի մարել: Եվ որքան մեծ էր ուրախությունս և ոգևորությունս, երբ այս տարի մի շատ հետաքրքիր լուծում գտա: Սա մեր ապագա անակնկալն է՝ ներկայանալ բոլորովին նոր տարբերվող շարքով:
Գիտենք, որ յուրաքանչյուր բիզնես ներդրումներ է պահանջում՝ լինի դա սիրո և հոգատարության, թե ժամանակի և գումարի տեսքով։ Այն երեխայի պես քո կարիքը ունի, մինչև կմեծանա և կսկսի իր սեփական կյանքով ապրել: Ես սիրով անում եմ ամեն բան, որ մի օր «Գիսանե»- ն բավականին հասուն ու մեծ լինի, ինքնուրույն ապրի։
Ամփոփելով ասեմ, որ զարդերի տեսականին միշտ համալրվում է. սկսել ենք բմբուլիներից, ծաղիների թերթիկները ստվարաթղթի հետ համադրելուց, մինչև անգամ կոտրված ափսեների շարք ստեծելը, արել ձեռքով նկարված զարդեր, այսինքն անընդհատ բազմազան փորձարկումներ ենք արել:
Արծաթը օգտագործում ենք իր բոլոր հնարավոր դրսևորումներով՝ ոսկեջրած, ռոդիումապատ։ Այսօր կիսաթանկարժեք քարերի հետ ենք աշխատում, որը անսահման հնարավորություն է տալիս ստեղծագործելու։
Աշխատում ենք նաև լինել բազմազան ոչ միայն օգտագործվող նյութերի ընտրության մեջ, այլ նաև մեր թիրախային խմբերի՝ տեսականին հետաքրքիր դարձնելով տարիքային տարբեր խմբերի համար՝ երիտասարդ, հասուն, կին, տղամարդ։
«Գիսանե» ապրանքանիշի արծաթյա զարդերը վաճառվում են Գաֆեսճյան արվեստի կենտրոնում և Հյուսիսային պողոտա 10/1 հասցեում գտնվող «Կոկչյան» զարդերի մուլտիբրենդային խանութ սրահներում։
Գիսանե
+374 93 52 76 21
Մեկնաբանել