- Բարև Ձեզ հարգելի Գայանե։ Մի քանի խոսքով կպատմե՞ք Ձեր մասին, Ձեր գործունեության ու առհասարակ, կյանքի մասին․․․
- Ողջույն, անունս՝ Գայանե Բեգո Հարությունի։ Նախկին ազգանունս, մինչ ամուսնությունը Շիտիկյան է։⠀
Մասնագիտությամբ երաժիշտ-մանկավարժ եմ։ Նվագում եմ դաշնամուր, շվի ու մի քիչ էլ կիթառ։ ⠀
Դեռ վաղ տարիքից սիրել եմ աշխատել. 12 տարեկանից սկսած դպրոցական սպիտակ ժապավեններ էի պատրաստում ու հանձնում խանութներին (հետագայում այդ բիզնեսն ընդլայնեցի), անգլերեն լեզվի ու դաշնամուրի ուսուցման աշակերտներ ունեի, ինչպես նաև խաչբառեր էի կազմում, հոդվածներ գրում թերթերի համար ու դրանց համար հոնորարներ ստանում։ ⠀
ԵՊՄՀ֊ն ավարտելուց անմիջապես հետո աշխատել եմ պարի դպրոցում որպես նվագակցող, այնուհետև հանրակրթական դպրոցում և մանկապարտեզում, որպես երգի ուսուցչուհի։ ⠀
Այնուհետև նկարահանման առաջարկներ ստացա և սկսեցի ուժերս փորձել հեռուստաընկերությունում։ Նկարահանվում էի «Կադրերի բաժին» հումորային մանրապատումներում, ինչպես նաև «Պահմտոցի+, Թաքնված տեսախցիկ» հաղորդումներում։ Միառժամանակ աշխատել եմ քաղաքական ոլորտում, որպես արարողակարգի գրագրության բաժնի աշխատակից, ավելի ուշ աշխատել եմ «Նոյ» կոնյակի գործարանում` որպես գիդ։
Վերջին երևանյան աշխատանքս միջոցառումների կազմակերպիչն էր։
Արդեն 4 տարի է` բնակվում եմ Ֆրանսիայում, քանի որ ամուսինս ֆրանսիացի է։ ⠀
- Ինչպե՞ս փոխվեց Ձեր կյանքը, երբ հայտնվեցիք Ֆրանսիայում։
- Երբ եկա Ֆրանսիա, անմիջապես երեք տարբեր աշխատանքային առաջարկներ ստացա մշակութային ոլորտում։ Սակայն բալիկի էի սպասում ու ուզում էի լիարժեք վայելել հղիությունս՝ առանց աշխատելու։
Բայց դե աշխատասեր մարդու համար միշտ լուծում կա «ծարավը» հագեցնելու։ Ու դա հանդիսացավ պատճառ, որ ես ստեղծեմ իմ փոքրիկ հայ-ֆրանսիական բլոգը յութուբում և ինստագրամում։⠀
Բլոգն ինձ հնարավորություն է տալիս նախ և առաջ կարոտս առնել հեռուստաընկերության աշխատանքից, ինչպես նաև կապ հաստատել աշխարհի հայերի հետ։
- Իսկ ինչի մասին է Ձեր բլոգը։ ⠀
- Իմ բլոգում ցույց եմ տալիս, թե ինչպես է հայուհին ապրում Ֆրանսիայում իր բալիկների և ֆրանսիացի ամուսնու հետ, պատմում եմ Ֆրանսիայի ու ֆրանսիացիների և՛ լավ, և՛ վատ կողմերի մասին։ Ու ցույց եմ տալիս այն ամենն, ինչ իմ կարծիքով հետաքրքիր է իմ հետևորդների համար։ ⠀
Օրինակ, որ Ֆրանսիայում ամեն ինչ այնքան գունավոր ու հեշտ չի, որքան թվում է հեռվից, որ պետք է ձգտել, աշխատել, չարչարվել, բալիկներին ճիշտ դաստիարակել, հատկապես իմ դեպքում, երբ լրիվ մենակ եմ ու օգնող չունեմ։ ⠀
Քանի որ մեր ընտանիքը հայ-ֆրանսիական, երկլեզու ընտանիք է, փորձում եմ ամեն կերպ պահպանել հայերեն խոսքը բալիկներիս հետ, զարգացնել լեզվամտածողությունն ու ծանոթացնել հայկական արժեքների հետ։⠀
Ի դեպ ամուսինս, լինելով ֆրանսիացի` շատ կապված է հայ մշակույթի հետ, նաև խոսում է հայերեն և նվագում դուդուկ։ Համերգներով հանդես է գալիս տարբեր եվրոպական երկրներում։
- Ինչպես եք ընտրել Ձեր երեխաների անունները, և ինչպես է Ձեր ամուսինը արձագանքել հայկական անուններ ընտրելու հարցին։
- Ի դեպ` ինձ ամենաշատ տրվող հարցերից է։ Շատերին թվում է, թե եթե ամուսինս այլազգի է, ուրեմն պետք է դեմ լիներ հայկական անուններին։ Գուցե զարմանաք, բայց հայկական անուն ընտրելու գաղափարը պատկանել է հենց ամուսնուս։ Ամուսինս պնդում է, որ հայկական անունները շատ գեղեցիկ են հնչում Ֆրանսիայում։⠀
Բացի այդ, արդարության տեսանկյունից եթե դիտարկենք` երեխաները կրում են արդեն իսկ իրենց հոր` ֆրանս֊իսպանական ծագում ունեցող ազգանունը։ Անունը պետք է գոնե հայկական լինի, այնպես չէ՞։
Ի դեպ` անուններն ընտրելիս երկար ենք մտածել, քանի որ ֆրանսերենում արտասանությունը փոխվում է։ Ի վերջո ընտրեցինք իմ սիրելի անուններից ՍԵՎԱԿ և ՏԻԳՐԱՆ տարբերակները։
Ի դեպ, ոչ մի ֆրանսիացի անտարբեր չի գտնվում տղաներիս անունների հանդեպ ու միշտ հարցնում են անվան նշանակության կամ ծագման մասին։
- Իսկ ինչպես եք Դուք բացատրում Ձեր որդիների անունների նշանակությունը։
- ՏԻԳՐԱՆ ֊ Ծիղգան է հնչում ֆրանսերենով։ Ունի վագր կամ նետաձիգ նշանակությունը։
ՍԵՎԱԿ - Սև ակ, Սև աչքեր, Սևաչյա․․․
- Արդյո՞ք ֆրանսիացի ամուսինները անթերի են խոհանոցում պատրաստում։
- Ամուսինս` Քրիսը, շատ է սիրում պատրաստել ու հաճախ նոր բաղադրատոմսեր է փորձարկում։ Յութուբյան իմ ալիքում որոշ հոլովակներ կան «Ամուսինս` Խոհանոցում» խորագրով։
Ինչպես գիտենք, աշխարհի լավագույն խոհարարները ֆրանսիացիներ են։ Սակայն չեմ կարող միանշանակ ասել, որ բոլոր ֆրանսիացի տղամարդիկ սիրում են խոհանոցում պատրաստել, կամ առհասարակ պատրաստում են։
- Իսկ ինչպես է ստացվել, որ Ձեր ամուսինը դուդուկ է նվագում։
- Տարիներ առաջ ամուսինս կարծել է, թե Հայաստանն այլևս գոյություն չունի քարտեզի վրա, քանի որ մանկության տարիներին արևմտահայ ընկերներն ասել են, որ Արևմտյան Հայաստանն արդեն թուրքիայի կազմում է։ Քիչ ուշ, այլ հայ ընկերներ ձեռք բերելով, Շառլ Ազնավուրի երգերն ունկնդրելով ամուսինս կրկին հետաքրքրվել է Հայաստանով ու «պարզել», որ Հայաստանը կա՛, որոշել է անպայման գնալ ու տեսնել այդ խորհրդավոր երկիրը։ Ու 2011 թ֊ից սկսած գրեթե ամեն տարի այցելել է Հայաստան, ուսումնասիրել հայկական մշակույթն ու գերվել դուդուկի կախարդական հնչողությամբ։ Այժմ ամուսինս սովորում եմ Կոնսերվատորիայի դուդուկի բաժնում և իր շնորհիվ ես անմասն չեմ մնում հայ մշակութային կյանքից, Ֆրանսիայում` ևս։
- Ձեր կարծքը, այլազգի ամուսին ունենալու դժվարությունների ու առավելությունների մասին։
- Ես շատ ընկերուհիներ ունեմ, ովքեր նույնպես ամուսնացել են օտարերկրացիների հետ։ Հաճախ ենք զրուցում այս թեմայով ու փորձում զուգահեռներ անցկացնել։
Միակ համընկնող «դժվարությունն» այն է, որ օտարերկրացիները մեր տեղական հումորները չեն հասկանում։
Օրինակ ես շատ եմ սիրում կատակներ մեջբերել մեր հայկական հումորային ֆիլմերից ու հաղորդումներից, սակայն ամուսինս չի հասկանում այդ կատակներն ու դարձվածքները։ Ստիպված սկսում եմ թարգմանել, բացատրել ..... արդյունքում կատակը կորցնում է իր իմաստն ու արդեն ծիծաղ չի առաջացնում ))) թերևս միայն այս «դժվարությունն» ենք նկատել, եթե իհարկե կարելի է սա դժվարություն համարել։
- Շատ շնորհակալ ենք անկեղծ, գեղեցիկ հարցազրույցի համար Գայանե ջան։ Մաղթում ենք Ձեզ և Ձեր գեղեցիկ ընտանիքին առողջություն և բազում հաջողություններ։
Հուսով ենք մի օր հյուրընկալել Ձեզ արդեն Հայաստանում։
Մեկնաբանել