• 21 դեկտեմբեր, 2024
     Ցավալի լուր, կյանքից հեռացել է Շառլ Ազնավուրը

    Ցավալի լուր, կյանքից հեռացել է Շառլ Ազնավուրը

    Այսօր, հոկտեմբերի 1-ին, կյանքից հեռացել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը (իսկական անուն-ազգանունը՝ Վաղինակ Ազնավուրյան): ՄԵԾԱԳՈՒՅՆ ՀԱՅԸ 94 տարեկան էր: Շառլ Ազնավուրը ծնվել է  հայ ընտանիքում, 1924 թվականի մայիսի 22-ին, որը 1922 թվականին գաղթել էր Ֆրանսիա: Նրա հայրը՝ Միշան, ծնվել է Վրաստանի Ախալցխա, մայրը՝ Թուրքիայի Իզմիր քաղաքներում: Շառլի ընտանիքն ամուր կապված էր ազգային սովորույթներին, մայրենի լեզվին, եկեղեցուն: Ծնողները մասնակցում էին հայերի կազմակերպած թատերական ներկայացումներին, որոնց ներկա էր լինում նաև Շառլը: Մանկուց նա մեծ հետաքրքրություն ուներ արվեստի հանդեպ: Հաճախում էր թատերական դպրոց: Ծնողներին օգնելու համար պատանի Շառլը ելույթներ էր ունենում փոքր ներկայացումներում, երգում  եկեղեցում: 

    Ավելի ուշ սկսել է երգեր գրել ժամանակի ճանաչված երգիչների համար: 1946 թ-ին ծանոթացել է հանրահայտ երգչուհի Էդիտ Պիաֆի հետ, և միասին շրջագայել են համերգներով: Սկզբնական շրջանում երգել է Պիեռ Ռոշի հետ: Համընդհանուր ճանաչման է հասել 1959 թ-ին՝ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում ելույթից հետո:
    Երգել է աշխարհի գրեթե բոլոր լավագույն համերգասրահներում, համերգներով հանդես է եկել նաև Երևանում:
    Ազնավուրը գրել է 1000-ից ավելի երգեր՝ «Սա է վերջը», «Մամա», «Իզաբել», «Երկու կիթառ», «Սիրուց հետո», «Ջահելություն» և այլն: Նրա երգերի սկավառակները թողարկվել են միլիոնավոր օրինակներով, բանաստեղծությունները թարգմանվել և լույս են տեսել առանձին գրքերով:
    Ազնավուրը երգել է Լուչանո Պավարոտիի, Պլաչիդո Դոմինգոյի, Լայզա Մինելիի, Միրեյ Մաթյոյի, Պատրիսիա Կաասի հետ:
    Դստեր՝ Սեդայի հետ կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը:
    Գրել է նաև օպերետային երաժշտություն: Ազնավուրը նկարահանվել է 60-ից ավելի կինոնկարներում՝ «Հռենոսի անցումը», «Սատանան և տասը պատվիրանները», «Հայր Գորիո» և այլն, իսկ «Գլուխը՝ պատը» ֆիլմի համար արժանացել է «Բյուրեղյա աստղ» մրցանակի: Ուշագրավ է նրա դերակատարումը Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում, որը նվիրված է Մեծ եղեռնին:
    1988 թ-ի Սպիտակի երկրաշարժից հետո նա բազմիցս այցելել է Հայաստան, եղել աղետի գոտում: Փարիզում ստեղծել է երկրաշարժից տուժածների օգնության «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամը, որի ներկայացուցչությունը բացել է Երևանում: Երգիչ և կոմպոզիտոր Ժորժ Կառվարենցի հետ գրել է «Քեզ համար, Հայաստան» երգը, թողարկել տեսահոլովակ` Ֆրանսիայի 90 երգչի ու դերասանի մասնակցությամբ:
    Կուբայում Չ. Վալդեսի հետ թողարկել է ալբոմ (2007 թ., շնորհանդեսը՝ Մոսկվայում): 
    1995 թ-ից ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով պատվավոր դեսպանն է, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշտական պատվիրակը Հայաստանում: 2009 թ-ին նշանակվել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Շվեյցարիայում: Պարգևատրվել է ԼՂՀ «Գրիգոր Լուսավորիչ» և Թեքեյան մշակութային միության ադամանդակուռ «Արարատ» շքանշաններով: 
    Գրել է «Ազնավուրն Ազնավուրի մասին» (1975 թ.), «Անցած օրեր» (2004 թ.) հուշագրությունները: 
    Ազնավուրի անունով կոչվել են հրապարակ Երևանում, Վաղարշապատի դրամատիկական թատրոնը, իսկ 2000 թ-ին Գյումրիում՝ նրա անվան հրապարակում, կանգնեցվել է հուշարձանը: Ազնավուրի մոմե արձանը 2004 թ-ին դրվել է Մադամ Տյուսոյի թանգարանում: 2009 թ-ին Երևանում բացվել է Ազնավուրի թանգարանը:
     
    Շանսոնյեի ամենահետաքրքիր մտքերը տեղադրել ենք նաև մեր կայքում: Մայրենի լեզվի մասին Ես ինձ իհարկե հայ եմ զգում, քանի որ հայկական ընտանիքում եմ մեծացել, բայց առաջին բառերս ֆրանսերեն են հնչել: Հետագայում արդեն ես, քույրս և աղջիկս հայերեն սովորեցինք: Ես լավ խոսում, բայց ո՛չ գրում եմ, ո՛չ էլ կարդում հայերեն: Հոգ չէ: Վերջիվերջո իմ նախնիները, ովքեր դպրոց չեն հաճախել, դրանից ավելի վատ հայեր չեն եղել: Իսկ ո՞վ ասաց, թե լեզուն գոյություն ունի միայն գրքերում: Փարիզի մասին Դա այն քաղաքն է, որտեղ ես ծնվել եմ, մեծացել և հանրահայտ դարձել: Փարիզն ինձ դաստիարակել է, բայց գալիս է մի պահ, երբ այլևս չես կարող «ծնողներիդ» հետ ապրել: Մի տարիք է գալիս, երբ քաղաքի ու ամբոխների փոխարեն ուզում ես բնություն տեսնել: Փարիզյան հուշարձանները հրաշալի են, բայց բնությունը պակաս ուշագրավ է: Փոխարենն իմ պատուհանից երևում են գեղեցիկ ձիթենիները: Մոխրագույնը ես փոխել եմ կանաչով: Նախագահների մասին Իմ օրոք եղած Ֆրանսիայի բոլոր նախագահները ինձ հարազատի պես էին ընդունում և միշտ էլ հաճելի էր նրանց հետ շփվելը: Բոլորն էլ լուրջ, գիտակ մարդիկ էին. մեկը Պոմպիդուն հանրագիտարանի պես էր, ես նրա կողքին ինձ անգրագետ էի զգում: Երբեք չեմ օգտվել նախագահների հետ իմ մտերմությունից, ինչի համար էլ հպարտանում եմ: Ամուսնության մասին Ինչպես գոյատևի օտար ներգաղթյալն այնպիսի երկրում, ինչպիսին Ֆրանսիան է: Սիրահարվե՛լ և ամուսնանա՛լ նրա հետ: Իսկ հետո, ինչպես յուրաքանչյուր զույգի մոտ, սիրել քո երկրորդ կեսին և անել ամեն ինչ, որպեսզի նա էլ քեզ սիրի: Հանրահայտության մասին Եթե դու ընտրում ես դերասանի, երգչի, կատակերգուի մասնագիտությունը, ապա թող բոլորն էլ քեզ իմանան: Թող քննարկեն քո հագուստը կամ ընկերուհիներին: Նա, ով բեմ է բարձրանում, պետք է պատրաստ լինի այն բանին, որ իր մասին ամեն ինչ հայտնի է դառնալու: Չէ՞ որ դու այդ ամենը միայն հաց վաստակելու համար չես անում, ինքդ էլ ուզում ես, որ քեզ ճանաչեն, սիրեն կամ ատեն, որ քո փոքրիկ կյանքը բոլորին հետաքրքրիր դառնա:
    Քիմ Քարդաշյանի VERSACE ոսկեգույն զգեստը իսկական ֆուրոր առաջացրեց...

    Քիմ Քարդաշյանի VERSACE ոսկեգույն զգեստը իսկական ֆուրոր առաջացրեց...

    Նախորդը

    Տեսեք ինչ տեսք ունեին աստղերը, քանի դեռ չկար պլաստիկ վիրահատությունն ու ֆոտոշոպը

    Տեսեք ինչ տեսք ունեին աստղերը, քանի դեռ չկար պլաստիկ վիրահատությունն ու ֆոտոշոպը

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: