• 10 դեկտեմբեր, 2024
     Անի Միրզոյան, «Դու անասուն չես» գրքի շնորհանդեսը, BookArt

    Անի Միրզոյան, «Դու անասուն չես» գրքի շնորհանդեսը, BookArt

    2023 թվականի սեպտեմբերի 16-ին SarGallery-ում տրվեց BookArt մշակութային միջոցառումների շարքի առաջին մեկնարկը։

    Առաջին միջոցառման ժամանակ 4 ստեղծագործողներ ներկայացան իրենց լույս ընծայած ստեղծագործություններով, որոնց թվում էր նաև Անի Միրզոյանը։ Նա ներկայացրեց իր երրորդ գիրքը, որի վերնագիրն է «Դու անասուն չես»։ 

    Մի փոքր խոսենք գրքի մասին։

    Վեպը 392 էջ է՝ հագեցած դրամատիկ սյուժեով և խիտ իրադարձություններով։ Այն այսպես ասած ժանրերի-միքս գիրք է։ Այստեղ կա և՛ հակաուտոպիա, և՛ այլաբանություն, և՛ աշխարհաքաղաքականություն, և՛ դետեկտիվ, և՛ միստիկա, և  նաև սիրային դրամա, դե էլ ուր առանց դրա))

    Վեպը այլաբանորեն պատմում է ժողովրդավարական և բռնապետական աշխարհների մերօրյա բախման մասին։ Անի Միրզոյան, «Դու անասուն չես», BookArt

    Օրիոնը բռնապետական երկիր է, որտեղ մարդիկ ազատություններ չունեն և չեն էլ գիտակցում, որ կարող են այդ ազատությունները ունենալ։ Իշխանությունը ամեն կերպ կեղեքում և շահագործում է ժողովրդին, բայց հեռուստացույցով անընդհատ քարոզում են, որ իրենք ամենալավ երկիրն են, որ իրենց երկիրն աշխարհի առաջատար երկրներից է ամեն հարցում և որ բոլորը վախենում են իրենց ուժից։ Ծանոթ պատկեր է չէ՞։

    Դեյվը, ով այս գրքի առանցքային հերոսներից մեկն է, ապրում է Օրիոնում սովորականի պես։ Ամեն օր նույն կյանքն է, նույն տաժանակիր աշխատանքը, սակայն նրա կյանքը մի ակնթարթում փոխում է մի շատ «պատահական» իրադարձություն։ Թե ինչքանով է այդ իրադարձությունը «պատահական», ընթերցողը կիմանա վեպի վերջում։ Դեյվը սկսում է կամաց-կամաց գիտակցել, թե ինչ են անում իրենց հետ։ Այն բոլոր անարդարությունները, որոնց բախվում են ամեն օր մարդիկ, դա վերնախավի քմահաճույքների արդյունքն է միայն, ուրիշ ոչինչ։ Մտքի և գիտակցության էվոլյուցիան, որը աստիճանաբար համակում է Դեյվին, բերում, կանգնեցնում է նրան իր առաջիկա պայքարի սկզբնակետում, որից այն կողմ ամեն ինչ այլ է լինելու։

    Անի Միրզոյան, «Դու անասուն չես», BookArt
    «Դու անասուն չես» գրքի հեղինակ՝ Անի Միրզոյան

    Նա գտնում է այդ ռեժիմի դեմ պայքարի ոչ ստանդարտ միջոցներ ու խիզախորեն դիմում դրանց։ Անցնելով բազում փորձությունների միջով՝ նա կարողանում է դուրս հանել իր ժողովրդին անդունդից, շատ դեպքերում գործելով սխալներ, աններելի սխալներ։

    Սյուժեի ամենահետաքրքիր փակագծերը թերևս չբացենք։ Ընթերցողն այս գիրքը կարդալով կվերագտնի իր ներքին ուժը երբեք չհանձնվելու այն բոլոր խոչընդոտների դիմաց, որոնց առջև կյանքը մեզ անընդհատ դնում է։

    Ազատությունը մեզ տրված է ի վերուստ, սակայն ծնվելով ազատ, մենք միևնույն է պետք է սարսափելի մեծ ջանք թափենք այդ ազատությունը նվաճելու և պահպանելու համար։ Երբեք պետք չէ թույլ տալ, որ հասարակության գիտակցությունը թմրեցվի, քանի որ դա արվում է մի նպատակով, որ սպանվի նրանց մեջ սեփական երկրի ապագային տեր կանգնելու բնազդը։ Չնայած այս գիրքը սկսվում է հակաուտոպիայով, սակայն ավարտը չափազանց գեղեցիկ է և հուզիչ․ խավարին այնուամենայնիվ պիտի հաջորդի լույսը, իսկ թե ինչքան շուտ դա կլինի, կախված է միայն ու միայն խավարում ապրող մարդկանցից։ 

    Անի Միրզոյան, «Դու անասուն չես», BookArt
    «Դու անասուն չես» գրքի հեղինակ՝ Անի Միրզոյան

    Գրքից մի քանի մեջբերում ներկայացնենք ստորև՝

    1․ Մարդ արարածն իրականում հզոր է։ Նա կարող է ամեն ինչ՝ կործանել ինքն իրեն, փրկել ինքն իրեն կամ խանգարել փրկողին։ Երեք դեպքում էլ աշխատում է միտքը։ Միտքն է դրդում շարժվել կամ կանգնել, քայլել կամ ծափ տալ։ Միտքն է որոշում աշխատել, թե քննադատել, սիրել, թե ատել։ Ամեն ինչ աշխարհում միտքն է թելադրում, ուրեմն առաջինը խոցելու են դա, ու առաջինը ինչ-որ մեկին միտքն է հուշել, որ խոցի դա։

    2․ Բռնապետը հստակ գիտի՝ ինքը ստում է, ինքը ստում ու մոլորեցնում է ուրիշներին, որ ճշմարտությունը միայն իրեն պատկանի, ու ինքն այն անտեսի։ Հենց այդ ճշմարտությունն էլ իրեն կործանելու է վերջում, քանի որ ճշմարտությունը չի կարելի անտեսել։

    3․ Ի սկզբանե մերկացած է ամեն ճանապարհ, եթե այն ողողված է չարությամբ, պարզապես այդ մերկությունը վերջում է երևում, երբ առաջ է գալիս խիղճը․․․ ուշացած։

    4․Մոխրացող հոգիններին հույս տուր, և նրանք ճրագ կդառնան՝ լուսավորելով խավարը, որն իրենց շուրջն էր։  

    Անի Միրզոյան, «Դու անասուն չես», BookArt
    «Դու անասուն չես» գրքի հեղինակ՝ Անի Միրզոյան

        Անին մեզ հետ զրույցում ցանկացավ անդրադառնալ նաև BookArt-ի նման միջոցառումների կարևորությանը։ Նա ցանկացավ իր մեծ շնորհակալությունը հայտնել Հերմինե Գևորգյանին SPEECH BOX-ի ամբողջ թիմին BookArt-ի առաջին միջոցառումը հիանալի կազմակերպելու և բոլորին դրական էմոցիաներ հաղորդելու համար։ Նա վստահ է՝ այս միջոցառումների շարքը անպայման նորանոր հաջողություններ է գրանցելու և ավելի լայն ճանաչում է ձեռք բերելու։ 

    Ինչպես նաև Անին նշեց, որ շնորհակալ է hoonch-ի թիմին՝ ի դեմս Աննա Տեր-Հովհաննիսյանի, միջոցառման լուսաբանման համար։ 

    Մենք նույնպես միանում ենք Անի Միրզոյանին, հիանալի նախագիծ է BookArt-ը և ուրախ ենք, որ առիթ ենք ունեցել լինելու ինֆորմացիոն հովանավոր և լուսաբանելու բոլոր հեղինակիների աշխատաքները։ 

     

     

    Թեյեր Արցախից, Արցախի ոգով՝ «Արցախի բույրը»

    Թեյեր Արցախից, Արցախի ոգով՝ «Արցախի բույրը»

    Նախորդը

    Կոնֆերանս` «Կնոջ առողջությունը կյանքի տարբեր փուլերում»

    Կոնֆերանս` «Կնոջ առողջությունը կյանքի տարբեր փուլերում»

    Հաջորդը

    Մեկնաբանել