• 21 դեկտեմբեր, 2024
     Երբ տարիքը ենթարկեցնում ես քեզ, Սուրեն Գևորգյան

    Երբ տարիքը ենթարկեցնում ես քեզ, Սուրեն Գևորգյան

    Հարցազրույց, որը իրականացվել և տպագրվել է 2012 թվականին, սիրով ներկայացնում ենք ձեզ․․․

     

     Աղբյուրը՝ Երկիր հարցազրույց թերթ, 12․05․2012, N7

    «Սուրեն ԳԵՎՈՐԳՅԱՆՆ արդեն 54 տարի է, ինչ պարի դասատու է, եւ 14 տարի՝ ինչ ղեկավարում է «Ոգու փորձություն» կամավորականների միության «Երկրապահ» պարային համույթը։ Գեւորգյանը 78 տարեկան է, սակայն ոչ իրեն զգում է այդքան, ոչ էլ՝ երեւում։ Ապրիլի 29-ին՝ պարարվեստի միջազգային օրը, Գեւորգյանը մշակույթի նախարարության կողմից արժանացավ ոսկե մեդալի՝ երկարամյա գործունեության, պարարվեստում ունեցած մեծ ներդրման համար։

    «Պարը մարմնի լեզուն է, որը շատ բան կարող է պատմել պարողի մասին»։

     

    Երբ տարիքը ենթարկեցնում ես քեզ...

     

    - Վերջերս մի հարցազրույցի ժամանակ կարծիք հնչեց, որ պարը պետք է դասավանդվի հանրակրթական դպրոցներում, համամի՞տ եք։

    - Շատ լավ կլինի, քանի որ երեխաները հայկական ժողովրդական պարերը կսովորեն, ուստի եւ, ինքնըստինքյան, կցանկանան հայկական երաժշտության լսել։ Պարարվեստը միաժամանակ մարմնամարզության է, մարմնի գեղեցկության, միգուցե լավ պարող չդառնան, բայց պարային կեցվածքի մեջ կլինեն, հատկապես՝ աղջիկները։

     

    - Յուրաքանչյուր պար ինչ-որ բան է, չէ՞, պատմում։

    -Աշխարհում երկու լեզու գոյություն ունի՝ սպորտ եւ արվեստ, որոնք թարգմանության կարիք չեն զգում։ Մինչ մեր անկախացումը, մեզ պարտադրում էին անպայմանորեն թեմատիկ պար բեմադրել, օրինակ, եթե աշխատում ես ինչ-որ գործարանում, ապա արտադրությունը պետք է միացնեիր պարին։ Իհարկե, ամեն պար մի բան է պատմում, դրա համար էլ պետք է այնպես անես, որ պարն ունենա իր կուլմինացիան, եւ հանկարծ պարում ասվելիքը կիսատ չմնա։

     

    - Հիմա կարիք ունե՞նք թեմատիկ պարերի։

    - Չեմ կարծում, ավելի ճիշտ, պահանջարկ էլ չկա։ Բայց եթե պարի անունը դնում ես «Սեւանի ափին», պետք է քո շարժումները համապատասխանեցնես վերնագրին։

     

    - Ասում են, որ ազգային երգը նահանջ է ապրում, իսկ ժողովրդական պարերի պահանջարկը մե՞ծ է։

    - Այո, շատ։ ժողովրդական պարերը... այնքան մաքուր են դրանք, այնքան լուսավոր։ ժողովրդական պարը չի կարոդ նահանջ ապրել, չկա նման բան։ ճիշտ է, մեկ-մեկ լինում են թերություններ եւ թերացումներ։ Օրինակ, Վանուշ Խանամիրյանն էլ, ես էլ միշտ դեմ ենք եղել պորտապարին, հատկապես, երբ դա սովորեցնում են մեզ մոտ՝ Հայաստանում՝ չգիտես ինչ երաժշտության հնչյունների ներքո։ Կան որոշ ղեկավարներ, որ երբ իրենց ունակությունները վերջանում են, սկսում են արեւելյան պարեր սովորեցնել։

     

    - Հարսանիքների, ծնունդների ժամանակ հենց պորտապարն են նվեր մատուցում, պատկերացնո՞ւմ եք՝ Իրանում հոբելյանին որպես նվեր քոչարին պատվիրեն, որ պարեն։

    - Մարդկանց թուլությունից է դա գալիս եւ հոռացած լինելուց։ Ես էլ եմ դա տեսել, այո, ճիշտ եք, հարս ու փեսայի մոտ կիսամերկ մի աղջիկ իր մարմնի բարեմասնություններն է ցույց տալիս։ Գիտեք, պորտապարը որտեղից է գալիս. ժամանակին խանի հարեմի կանանց շղարշե հագուստով պարեցնում էին վերջինիս մոտ, եւ ավելի շուտ ցույց էր տրվում մարմինը, քան՝ պար էր դա կոչվում։ Հայկական ամենավատ կատարվող պարն անգամ ես չեմ փոխարինի արեւելյան ամենագեղեցիկ պարով։ Եթե հարսանիքին քոչարի կամ վեր-վերի չպարեն, էլ ինչ հարսանիք։

     

    - Գյուղերում, կարծես, ավելի շատ են պահպանված այդ ավանդույթները։

    - Այո, իհարկե, դա գուցե գալիս է նրանից, որ գյուղացին այդքան էլ շատ իր տարածքից դարս չի գալիս, եւ մեր ավանդույթներն ավելի մաքուր, անխառն ձեւով է պահպանված գյուղերում։ Յուրաքանչյուր գյուղում ինչ-որ պար է ընդունված, օրինակ, Ապարանում հարսանքավորները գյոնդ են պարում, որի ժամանակ 7 շրջան պտույտ են գործում. պատկերացնում եք, թե ինչքան է տևում մեկ պարը մինչեւ բոլորը ձեռք ձեռքի տված 7 պտույտ կատարեն։

     

    - Ո՞րն է, ըստ Ձեզ, ամենից ավելի հայկական էլեմենտներ պարունակող պարը։

    - Մեր քոչարին է։ Քոչարի անվան առաջացման մի քանի տարբերակներ կան. մեկն ասում է, որ մի տեղ, երբ մարդիկ քոչարի են պարել, նրանցից մեկը շատ լավ է պարել եւ նրա անունը Քոչո է եղել, որից հետո պարը կոչվել է Քոչոյի պար, որն էլ փոփոխության ենթարկվելով՝ Քոչարի է դարձել։ Արտուշ Կարապետյանն էլ մեկ այլ ձեւ է բացատրում, ըստ նրա, քոչվորների պարն է եղել քոչարին։ Քոչարին միասնական առնական պար է եւ ժամանակին պարողները մեջք մեջքի չեն բռնել պարելիս, այլ՝ ձեռք ձեռքի։ Քոչարին մեր միասնությունն է խորհրդանշում, մեր կամքի ուժն է ցույց տալիս, մեր հզորությունը։

     

    - Օտարերկրացին մեր պարերը նայելով ի՞նչ կարծիք կկազմի մեր մասին։

    - Սեծն Կոմիտասն ասել է՝ յուրաքանչյուր ազգի պարը ցույց է տալիս տվյալ ազգի քաղաքակրթությունը։ Ես աշխարհի շատ երկրներում եմ եղել եւ մեզ նման ոչ ոք չի պարում։ Մեր պարերը նայելով՝ նրանք կհասկանան, թե ինչ ճանապարհ ենք անցել, հիմա ինչ ունենք, ինչքան ուժեղ ենք եւ ինչն ենք կարեւորում կյանքում։ Մեր հայկական պարերը շատ պետք է պրոպագանդվեն, որպեսզի պարը նկատվի, տեսնվի։

     

    - Պարի եւ երգի համադրությունը շատ կարեւոր է, բայց կան, չէ՞, նաեւ ունիվերսալ պարեր, այսինքն՝ պարեր, որոնք կարելի է պարել տարբեր պարեղանակների ներքո։

    - Հա, իհարկե, կան պարեր, որոնք հատուկ ինչ-որ երաժշտության համար են բեմադրված, կան դեպքեր էլ, որ չգիտես՝ պարը, թե երգն է առաջինը եղել, սակայն կան նաեւ, ինչպես դուք ասացիք, ունիվերսալ պարեր։ Երբեմն դրանք այնքան վարպետորեն են կատարվում, որ մտածում ես, թե այդ պարեղանակի համար էլ բեմադրված է պարը։ Ողջունելի է նաեւ այն, որ այժմ կատարողները պարային խմբերի հետ են համագործակցում։ Սուրեն Գևորգյան, Պարահունչ

    - Հոգեբաններից ոմանք բողոքում են, որ մենք չունենք հայկական մի պար, որտեղ աղջիկ-տղա զույգով հանդես գան։

    - Ով է ասում, որ չունենք, իհարկե, ունենք, օրինակ, շալախոն, որը կա նաեւ դուետով։ Բեմադրության հարց է, Խաչատուր Ավետիսյանի «Եղեգ»-ի նվագակցությամբ ես զույգով նման մի պար էի բեմադրել․ սկզբում աղջիկն է պարում, հետո տղան դուրս է գալիս եւ աղջկան պարի է հրավիրում, եւ միասին էլ շարունակում են պարել։

     

    - Պարը մարդու մեջ ինչ-որ հոգեբանությո՞ւն է ձեւավորում։

    - Իհարկե, աղջիկների մեջ ավելի քնքշություն եւ նրբություն, իսկ տղաների մեջ՝ առնականությանն ու միշտ հաղթողի տեսակն է ձեւավորում։ Արվեստի յուրաքանչյուր տեսակ մարդու մեջ մարդուն է ձեւավորում, վեհ գաղափարներ առաջ քաշում։ Պար կա՝ տրամադրություն է ստեղծում։

     

    - Պարի խմբերի մեջ կա՞ մրցակցություն։

    - Հա, իհարկե։ Բայց էժանագին բաներ չեն արվում, շատ առողջ մթնոլորտ է պարարվեստում։ Օրինակ, երբ ես ոսկե մեդալ ստացա, բոլորն ուրախացել էին եւ շնորհավորում էին ինձ։ Ի դեպ, ոսկե մեդալի համար մշակույթի նախարարությանը ինձ հենց Վանուշ Խանամիրյանի պարարվեստի միությունն էլ ներկայացրել էր։ Այնպես որ, մեզ մոտ ամեն ինչ հարթ է գնում, արվեստի ոլորտում էժանագին խոսակցությունները չպետք է տեղ գտնեն։

     

    - Պարի ժամանակ հնչող բացականչությունները ինչի՞ արդյունք են՝ պարողները կուտակված էմոցիանե՞րն են դուրս հանում, թե՞ պարն ավելի ազդեցիկ դարձնելու համար են դրանք։

    - Նախ ներքին պահանջ է դա, քանի որ պարի ընթացքում, հիմնականում ռիթմիկ պարերի ժամանակ, այնքան էներգիա է կուտակվում, որ «հեյ»–ի միջոցով ցանկանում ես դա դուրս հանել միջիցդ։ Կա նաեւ երկրորդ կողմը՝ պարի արթնացումը, առանց այդ բացականչությունների ոնց որ լուռ կամ մեռած լինի պարը։ Բացականչությունները հանդիսատեսի մեջ ներքին դող են հաճախ առաջացնում, դրանք պարի շունչը բացելու համար են հնչում։ 

    Հարցազրույնցը կազմել է Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ։ »

     

    Սուրեն Գևորգյան, Արխիվ, Պարահունչ, Պարաhoonch

     

    «Մեր պապեր», Ջիվանու անվան աշուղական դպրոցի սաները

    «Մեր պապեր», Ջիվանու անվան աշուղական դպրոցի սաները

    Նախորդը

    Խամխամա, Աստղամանուկ պարի դպրոց, Simple Dance Show

    Խամխամա, Աստղամանուկ պարի դպրոց, Simple Dance Show

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: