• 22 դեկտեմբեր, 2024
     Ոսկե իլիկը - Աթաբեկ Խնկոյան

    Ոսկե իլիկը - Աթաբեկ Խնկոյան

    Կար, չկար մի կին կար: Էդ կինն ուներ երկու աղջիկ, մինը գեղեցիկ, բայց ծույլ, մյուսը տգեղ, բայց շատ աշխատասեր:
    Մայրը գեղեցիկ աղջկան շատ էր սիրում:
    Տգեղ աղջկան միշտ բուրդ էր մանել տալիս: Մի անգամ էլ ջրհորի գլխին կանգնած ժամանակ թելը կտրվեց, ու իլիկն ընկավ ջուրը:
    Գլխին տալով եկավ մորը պատմեց, թե իլիկս ընկավ ջրհորը:
    Մայրը թե.
    - Ա՜յ աղջիկ, ոչ է՛ս, ոչ է՛ն, պետք է գնաս իլիկը բերես, եթե ոչ՝ ձեռքիցս պրծնողը չես:
    Աղջիկը չէր իմանում ինչ անի, տխուր-տրտում եկավ ջրհորի մոտ, կռացավ նայեց վերևից, մին էլ գլխի վրա ընկավ ջրհորը:
    Որ ուշքի եկավ, աչքերը բաց արավ, տեսավ մի սիրուն, գեղեցիկ մարգագետին: Արև-արեգակ, ճաճանց, կանաչ, ծառ ու ծաղիկ, վարդ ու մեխակ, սուսան սմբուլ ու շահբլբուլ, մի խոսքով, ես քիչը կասեմ, դու շատը հասկացիր:
    Աղջիկն ուրախացավ ու էդ մարգագետնով գնաց, գնաց, հասավ մի հացով լիքը թոնրի: Թոնրի միջից հացերը ձեն էին տալիս.
    - Վառվեցի՜նք, էրվեցի՜նք, աղջի՛կ, հանի՛ր մեզ թոնրից, ազատի՛ր:
    Աղջիկը կռացավ և հացերը թոնրի կողերից պոկեց, հանեց, փռեց, սառեցրեց, իրար վրա դարսեց ու գնաց:
    Գնա՜ց, գնա՜ց, հասավ մի խնձորի ծառի: Խնձորենին հիվանդի պես տնքում էր ու կանչում.
    - Մեռա՜, մեռա՜, ծա՜նր է բեռս, շա՜տ են խնձորներս, ափսո՜ս են ճղներս. թա՛փ տուր, թափահարի՛ր, շա՛ղ տուր, շաղահարի՛ր ինձ:
    Աղջիկը լսեց, խղճաց խնձորենուն, շաղահարեց ծառը, խնձորները մի տեղ հավաքեց ու գնաց:
    Գնա՜ց, գնա՜ց, էս անգամ հասավ մի տան: Ներս մտավ, տեսավ մի ծեր կին հիվանդ պառկած է:
    - Աղջի՛կս, դու բարո՜վ եկար, ի՛մ աչքի, ի՛մ գլխի վրա եկար, ես անորդի մերիկ եմ, տեր չունեմ, տիրական չունեմ, հիվանդ եմ. պահի՛ր, պահպանի՛ր ինձ, մինչև լավանամ:
    Աղջիկը մնաց հիվանդի մոտ, պահեց-պահպանեց նրան, հոգս տարավ, խնամեց, ջուր դրեց՝ լողացրեց, քրտնացրեց, ոտի հանեց:
    Երբ պառավը լավացավ, ոտի կանգնեց, աղջիկն ասավ.
    - Նանի՛, դե ինձ իրավունք տուր գնամ… գնամ իլիկս ման գամ, գտնեմ, գնամ տուն, գործս մնաց, մեր տանը կարոտել եմ:
    - Լա՛վ, աղջիկս, լա՛վ ես անում, որ քո հորական տունը սիրում ես: Գնանք քո իլիկը գտնենք:
    Ձեռք-ձեռքի տվին ու գնացին:
    Գնացի՜ն, գնացի՜ն հասան մի փակ դռան:
    Պառավն ասավ.
    - Բախտի դռնակ, բարև՛, բարև՛, բացվի, մաղի ոսկե անձրև. Էս աղջկան գեղեցկացրու և մազերը ոսկի դարձրու. ջանասեր է էս բալիկը, ոսկի դարձրու և իլիկը:
    Էսպես որ ասավ, դուռը բացվեց: Նրանք երկուսով ներս մտանք դռնից:
    Մին էլ անձրևը մաղեց, մաղ տվեց, շաղեց, շաղ տվեց ոսկին աղջկա գլխին, աղջիկն եղավ ոսկեմազիկ, գեղեցկացավ, խաս ու ղումաշ շորեր հագավ, դարձավ կաքավ:
    Պառավը վերցրեց ոսկե իլիկը, տվեց աղջկան, համբուրեց նրան ու ասավ.
    - Էս էլ ինձ պահելու վարձը, աշխատանքիդ գինը:
    - Պառավը էդպես ասավ-չասավ, մին էլ դուռը փակվեց, պառավն անհետացավ: Աղջիկը աչքը խփեց բացեց, ահա իրենց տունը: Շունը, կատուն դեմ վազեցին, աքաղաղը կանչեց.

     

    Ծուղրուղո՛ւ, հավ ու ճուտ,
    Եկավ, կտա նա մեզ կուտ.
    Օրոր, շորոր մի կաքավ,
    Ոսկեմազիկը եկավ,
    Վրան ոսկի է շարել,
    Իլիկը ոսկի է արել:
    Գիտեք ո՞վ է, ո՞վ նախշել,
    Հիվանդ պառավն է բաշխել:
    Ծուղրուղո՛ւ հավ ու ճուտ,
    Եկավ, կտա ջուր ու կուտ:

     

    Ոսկեմազիկը գնաց մոր ու քրոջ մոտ: Մայրն ու քույրը նրան սիրով ընդունեցին. ոսկի շատ էր բերել:
    Ոսկեմազիկը պատմեց իր տեսածն ու լսածը:
    Մայրն իր սիրելի աղջկան էլ ուղարկեց ջրհորի մոտ՝ բուրդ մանելու: Ծույլ աղջիկը մանեց, մանեց և իլիկը դիտմամբ գցեց ջրհորը ու ինքն էլ գլխի վրա ընկավ մեջը:
    Որ ուշքի եկավ, էլի էն մարգագետնի վրա տեսավ իրան:
    Մարգագետնով գնաց, գնաց հասավ էն թոնրին: Հացերը կանչում էին.
    - Հանի՛ր մեզ կրակից, վառվեցի՛նք, էրվեցի՛նք:
    Ծույլ աղջիկը թե՝
    - Իմ շատ պետքս է, թե վառվեցինք, էրվեցինք, ո՞վ պետք է իրան կեղտոտի, ձեռները մոխրոտի:
    Գնա՜ց, գնա՜ց, հասավ խնձորենուն:
    Խնձորենին կանչում էր.
    - Մեռա՜, բեռս ծա՜նր է, թա՛փ տուր, թափահարի՛ր, շաղ տուր, շաղահարի՛ր, խնձորներս հասել են:
    - Հա՛, հենց ակաս-պակաս էդ էր պակաս: Մեռնում ես՝ մեռի՛ր: Իմ ի՞նչ բանն է, թե մեռնում ես, գնում եմ ոսկեմազիկ դառնամ, ոսկի բերեմ:
    Գնա՜ց, գնա՜ց հասավ պառավի տանը և սկսեց պառավին ծառայել:
    Առաջին օրը վաղ վեր կացավ, սենյակը հավաքեց, մաքրեց, հիվանդի կամքը կատարեց: Երկրորդ օրը սկսեց ծուլանալ: Երրորդ օրն՝ ավելի շատ: Չորորդ օրն արդեն տեղից ժաժ չէր գալիս: Պառավը նրանից ձանձրացավ, հիվանդ-հիվանդ վեր կացավ, տնքտնքալով տարավ ծույլին էն բախտի դռան մոտ և ասավ.
    - Բացվի՛ր դռնակ, դե ցնծա, էս աղջկան մի ընծա. ալարկոտ է, ծույլ է սա, սրան կուպր մի կաթսա, թող կպրոտի, սևանա ու կպրոտած տուն գնա:
    Երբ ծույլ աղջիկը տուն եկավ, աքաղաղը կանչեց.

     

    Ծուղրուղո՜ւ…
    Էս ո՞ւր գնաց, ո՞ւր եկավ,
    Էս կապոցը զուր եկավ,
    Սպիտակ գնաց, սև եկավ,
    Սիրուն գնաց, դև եկավ:
    Ելեք տեսեք ո՞վ եկավ:
    Նա մեզ չի տա ջուր ու կուտ.
    Ծուղրուղո՜ւ, հավ ու ճուտ:

     

    Ու էսպես, ջանասեր աղջիկը ոսկեմազիկ, գեղեցիկ աղջիկ դարձավ, ծույլ աղջիկը մնաց կպրոտ և տգեղ: Քանի-քանի լողացրին, չիստակվեց, էն կպրոտն էր, կպրոտ էլ մնաց:

     

     

    Կռունկն ու աղվեսը - Աթաբեկ Խնկոյան

    Կռունկն ու աղվեսը - Աթաբեկ Խնկոյան

    Նախորդը

    Քույրն ու եղբայրը - Աթաբեկ Խնկոյան

    Քույրն ու եղբայրը - Աթաբեկ Խնկոյան

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: