• 22 դեկտեմբեր, 2024
     Քույրն ու եղբայրը - Աթաբեկ Խնկոյան

    Քույրն ու եղբայրը - Աթաբեկ Խնկոյան

    Ժամանակով մի քույր ու եղբայր են լինում: Եղբայրը դուրսն է աշխատում, քույրը՝ տանը: Նրանք շատ սիրով քույր ու եղբայր են լինում:
    Մի օր էս քույրն ու եղբայրը նստած են լինում տան շեմքին ու դեսից-դենից խոսում:
    Եղբայրը ասում է թե.
    - Քույրի՛կ, կուզե՞ս սպիտակ աղավնի դառնաս ու թռչես:
    - Ա՜խ,- պատասխանում է քույրը,- այն էլ ինչպե՜ս կուզեմ:
    - Թե որ այդպես սրտանց ուզում ես,- ասում է եղբայրը,- սպիտակ աղավնի դարձիր ու թռիր:
    Հենց այդ խոսքի վրա, մին էլ տեսնում է, որ քույրը թևեր առավ, սպիտակ աղավնի դառավ ու թռավ: Եղբայրը գլխին է տալիս, ծնկներին է տալիս, լաց է լինում ու ասում.
    - Լեզուս լռվեր, ինչո՞ւ անիծեցի քրոջս, ա՜խ, ինչո՞ւ անիծեցի անուշիկ քրոջս: Ինչ էլ կուզի լինի, երկաթե տրեխ կհագնեմ, երկաթե գավազան կառնեմ ձեռքս, աշխարհե աշխարհ ման կգամ, կգտնեմ հարազատ, միակ քույրիկիս:
    Ասում է եղբայրը, վեր է կենում, գնո՜ւմ, գնո՜ւմ, գնում-մտնում է մի անտառ: Անտառում լինում է մի դղյակ: Մոտենում է դղյակինու դուռը խփում: Դուրս է գալիս մի պառավ կին ու հարցնում.
    - Ի՞նչ ես ուզում, ա՛յ ջահել տղա:
    - Նանի՛, նանի՜՛, քրոջս եմ ման գալիս, նրան անիծեցի, դարձավ թագը գլխին մի սպիտակ աղավնի ու թռավ: Չգիտե՞ս նրա տեղը, չե՞ս տեսել:
    - Սիրուն տղա, ես չգիտեմ քո աղավնի քրոջ տեղը. արի ներս, գուցե իմ որդին՝ Քամի թագավորը գիտենա քո քրոջ տեղը:
    Եղբայրը ներս է մտնում, տեսնում է, որ Քամի թագավորը նստած է իր գահին:
    Չոքում է թագավորի առաջ ու ասում.
    - Ես քրոջս եմ ման գալիս. նրան անիծեցի, դարձավ թագը գլխին սպիտակ աղավնի ու թռավ: Ասա՛, չե՞ս տեսել իմ աղավնի քրոջը:
    - Ո՛չ, կտրիճ տղա, չեմ տեսել սպիտակ աղավնի, թագը գլխին քրոջդ: Գնա Արև թագավորի մոտ, գուցե նա գիտենա աղավնի քրոջդ տեղը:
    Տղան վեր է կենում, տխուր-տրտում գնում է, գնո՜ւմ, գնո՜ւմ հասնում է մի ուրիշ դղյակի: Ներս է մտնում, տեսնում է, որ Արև թագավորը նստած է գահին: Չոքում է գահի առաջ ու ասում.
    - Թագավոր, ես իմ քրոջն եմ ման գալիս: Նրան անիծեցի, դարձավ թագը գլխին մի սպիտակ աղավնի ու թռավ: Չե՞ս տեսել իմ աղավնի քրոջը, ասա՛, որտե՞ղ է իմ անուշիկ քույրիկը:
    - Ջահել պատանի, այո՛, ես գիտեմ որտեղ է քո անուշիկ քույրիկը: Նա Ստվերների թագուհու մոտ գերի է:
    - Արև արքա, ինչպե՞ս ազատեմ քրոջս:
    - Ստվերների թագուհու դղյակը շինած է գետափին: Կերթաս, կերթաս, կհասնես մի մեծ, շատ մեծ գետի: Այդ գետի կամուրջը մարդու ոսկորներից է շինած: Դու որ կհասնես կամուրջին, մատդ դանակով կտրիր ու արյունը կաթեցնելով՝ անցիր կամուրջից:Դղյակը շատ սենյակներ ունի, մի սենյակում քնած է քո քույրը:
    Պատանին վեր է կենում, համբուրում է Արև արքայի ոսկեհեր միրուքը, շնորհակալ է լինում, ճամփա ընկնում, գնում է, գնում հասնում Արև արքայի ասած կամուրջին: Հանում է դանակը մատը կտրում, արյունը կաթեցնելով անցնում կամուրջը, հասնում սև սաթե դղյակն ու ներս մտնում: Մտնում է առաջին սենյակը, տեսնում է մի աղավնի քնած: Մտնում է երկրորդ սենյակը,տեսնում է էլի մի աղավնի քնած: Էդպես, դու ասա տասը, ես ասեմ քսան սենյակ իրար հետևից անցնում է և յուրաքանչյուր սենյակում մի-մի աղավնի է քնած գտնում: Վերջին սենյակը որ մտնում է, ի՜նչ տեսնի. սպիտակ աղավնին, թագը գլխին, թևերը փռած՝ քնել է:
    - Քույրի՛կ ջան, ինչո՞ւ ես քեզ անիծեցի, քո կարոտն ինձ այրեց:
    Ասում է ու վրա վազում, աղավնի քրոջն համբուրում: Քույր աղավնին զարթնում է, թևերը թափ-թափ, ծափ-ծափ տալով թռչում է լուսամուտին կանգնում ու ասում.
    - Ա՜խ, ախպեր ջան, ինչո՞ւ ինձ համբուրեցիր, դու ինձ մատով պետք է խփեիր, գլխիս թագը պոկեիր, ես աղջիկ կդառնայի, քեզ սիրող քույրը: Ես դարձյալ աղավնի կմնամ, կգնամ Ստվերների մոր այրը, կարող ես, եկ ինձ ազատի: Հիմա գնա այն բոլոր քնած աղջիկներին զարթեցրու: Նրանք քեզ պես ազիզ ախպեր չեն ունեցել, որ գան իրենց քրոջն ազատելու: Նրանց զարթեցնելիս չլինի թե համբուրես, այլ մատով խփիր:
    Ասում է, թևին տալիս ու թռչում:
    Եղբայրն ընկնում է գետին, գլխին է տալիս, լալիս է, արցունք է թափում, բայց ճա՜րն ինչ, ի՜նչ կարող էր անել, անցածն անցել էր: Վերջը գնալով՝ մեկ-մեկ բոլոր քնած աղավնիներին մատով խփում է ու զարթեցնում: Բոլոր աղավնիները նորից աղջիկներ են դառնում, գնում իրենց տները:
    Միայն մնում է մի աղջիկ, թագավորի աղջիկը:
    - Սիրո՛ւն տղա,- ասում է այդ աղջիկը,- դու ինձ լավություն արիր, ազատեցիր Ստվերների կախարդ մոր ձեռքից: Ես քեզ խրատ կտամ, թե ինչպես ազատես քո անուշ քրոջը: Հիմա Ստվերների մայրը նստած է իր գահին, իսկ նրա ուսերին, գահի շուրջը շարված են աղջիկ-աղավնիներն ու ղունղունում են: Հանի՛ր դանակդ, մատդ քիչ կտրիր, արյունը քսիր աչքերիդ ու մտիր այրը: Աչքերդ մթնում լույս կտան: Ստվերների թագուհին և բոլոր այնտեղ եղած աղավնիները քեզ չեն տեսնի: Զգուշությամբ մոտեցիր, բռնիր քույր աղավնուդ բկից ու դուրս բեր:
    Ինչպես աղջիկն ասում է, տղան այնպես էլ անում է: Մատը կտրում է, արյունը քսում իր աչքերին ու մտնում Ստվերների թագուհու այրը: Մոտենում է իր քրոջը, բկից բռնում ու դուրս բերում:
    Թագավորի աղջիկը իր մատից մի կաթ արյուն է կաթեցնում քրոջ թագի վրա, ապա թագը քաշելով պոկում է, և աղավնին դառնում է աղջիկ: Քույր ու ախպեր ջերմ փաթաթվում են իրար և կարոտներն առնում:
    Թագավորի աղջիկն այդ սրտաշարժ տեսարանից սաստիկ զգացվում է ու լալով ասում.
    - Թեև ես թագավորի աղջիկ եմ, ամեն տեսակ բարիքով լցված, բայց չեմ վերադառնում հորս մոտ: Ես էլ կգամ ձեզ հետ, ինձ էլ ձեզ հետ տարեք: Միասին կաշխատենք, միասին կուտենք:
    Թագավորի աղջիկն ու ազատարար պատանին՝ երեքով վերադառնում են տուն: Միասին աշխատում են, միասին ուտում, հաշտ ու սիրով ապրում:
    Նրանք հասան իրենց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին:

     

    Ոսկե իլիկը - Աթաբեկ Խնկոյան

    Ոսկե իլիկը - Աթաբեկ Խնկոյան

    Նախորդը

    Հազարան Բլբուլը - Աթաբեկ Խնկոյան

    Հազարան Բլբուլը - Աթաբեկ Խնկոյան

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: