• 22 նոյեմբեր, 2024
     Մարիաննա Քաբաբյան, բլոգեր

    Մարիաննա Քաբաբյան, բլոգեր

    - Բարի օր Մարիաննա ջան։ Լինելով մեր հասարակության ամենահայտնի բլոգերներից մեկը, կպատմեք Ձեր մասին։ 
    - Ես Մարիաննա Քաբաբյանն եմ, 31 տարեկան, մասնագիտությամբ բանասեր։ Սկսել եմ կարիերան որպես լրագրող, այնուհետև որոշել եմ իմ բլոգը բացել, որը կլինի նորաձևության մասին։
    Հայկական բլոգինգի գրեթե ակունքներում եմ կանգնած արդեն 10 տարի: Որպես բլոգեր հանդես եմ գալիս նորաձևություն, ապրելակերպ, կարիերա և ընտանիք, մոտիվացիա թեմաներով։ 
    Ունեի կայք, սակայն այն տեղափոխվեց սոցցանցեր, որտեղ և ներկայացնում եմ իմ ապրելակերպը։ 
    Մարիաննա Քաբաբյան, Mashroom- Եկեք խոսենք Ձեր գործունեության մասին որպես գործարար հայուհի։ 
    - Շնորհակալ եմ, որ ինձ ընդգրկել եք «Գործարար հայուհի» շարքում։
    Ինձ համար տարօրինակ է «գործարար» բառը, բայց և հպարտանալու տեղ ունեմ, որովհետև սկսել եմ իմ բլոգը որպես բիզնես 13,000 դրամով, 2011 թվականին ձեռք բերելով բլոգի դոմենը և հոսթինգը։ Այսօր կարող եմ ուրախությամբ փաստել, որ իմ ամբողջ եկամուտը այդ 13,000 դրամի արդյունքն է։ Եթե այն ժամանակ ես աշխատում էի ամսագրում և վարում էի բլոգ, հետո աշխատում էի բարեգործական հիմնադրամում և վարում էի բլոգ, նաև ղեկավարում էի պրոեկտ՝ հայ արտադրողների ընդհանուր հարթակը, հիմա արդեն 1 տարի է, ես բոլորովին ազատ ու անկախ եմ, որևէ տեղ չեմ աշխատում։ Որպես անհատ ձեռնարկատեր, որպես գործարար կին, տնօրինում եմ իմ կյանքը, իմ աշխատանքը, իմ ֆինանսները, որի ակունքը այդ փոքրիկ գումարն է, որը ես ներդրել եմ և սկսել եմ իմ բիզնեսը։
    Որպես գործարար ունեցել եմ նաև խանութ, որտեղ վաճառվում էին հայ արտադրողների հագուստներ՝ դիզայներական։ Այդ պրոեկտը ունեցավ 3 տարվա կյանք։ Ցանկություն կար ընդլայնվելու, առևտրի կենտրոնից գալու դեպի քաղաքի կենտրոն, բայց սկսվեց պանդեմիան․․․ Ցավոք սրտի չկարողացա իրականացնել այդ ծրագրերը և փակեցի խանութը։ Սակայն հույս կա, որ պանդեմիկ այս վիճակը կավարտվի, դեպի մեր երկիր տուրիստների հոսքը կվերականգնվի, և այդ բիզնեսը նորից կսկսեմ, որովհետև այն անում էի շատ մեծ հաճույքով։ 
    mashroom.am, Մարիանն Քաբաբյան- Մենք գիտենք, որ Դուք երկու երեխաների մայր եք։ Ինչպես եք համատեղում ընտանիքը, երեխաների խնամքը և աշխատանքը։
    - Իրականում այս հարցը ամենահաճախն է հնչում։ Երբ կար մեկ երեխա, պատասխանը այլ էր, երբ երկուսն են այլ է իրավիճակը։ Չեմ կարող կեղծավորություն անել և ասել, որ շատ հեշտ է ամեն ինչ ինձ մոտ ստացվում։ Ոչ, երկու ոլորտն էլ իրար հետ կապ չունեցող և նույնիսկ իրար խանգարող են, և երբ դրանք բախվում են իրար, մեջտեղում կինն է, ով ինչքան էլ չունենա շատ էներգիա, ցանկություն աշխատելու, կարող է և ունենա հանգստի կարիք, և անհամատեղելին համատեղելու պայքարում շատ մեծ ուժ է պետք։ 
    Եվ պետք է այս մասին կարդան հայ կանայք, և իմանան, որ երբ մենք սոց․ ցանցերում ցույց ենք տալիս, որ մեզ մոտ ամեն ինչ շատ հեշտ, արագ ու առանց խնդիրների, խոչընդոտների է ստացվում, դա այդքան էլ այդպես չէ, դժվարությունները շատ են և ամեն օր են։ Չկա մեկ օր, որ կարելի է ասել․ «Այսօր հեշտ էր, թեթև անցավ»։ 
    Էլի եմ նշում, ինձ մոտ ստացվում է, չեմ բողոքի, բայց անհամատեղելին համատեղելու, անհնարինը հնարավոր դարձնելու պայքարի արդյունքում է ստացվում։ Իմ ընտրությունն է, ես միշտ փորձել եմ վերցնել կյանքից մաքսիմալը։ Իմ ընտրությունն է եղել կառուցել կարիերա, ունենալ երեխաներ, ոչ թե մեկ, այլ երկուսը․․․
    Այս ամենը ես շատ լուրջ գիտակցումով եմ ստեղծել, և ինձ թվում է, այստեղ մի կարևոր բան կա, որ կինը գիտակցի, ինչ է իրեն սպասվում։
    Երբ չես գիտակցում, կամ գուցե երիտասարդ ես, կամ կյանքին վարդագույն ակնոցներով ես նայում այլ է, բայց երբ գիտակցումով ես մոտենում, յուրաքանչյուր դժվարություն հաղթահարում ես ավելի հեշտ ու թեթև։  
    Marianna Qababyan, Մարիաննա Քաբաբյան, Mashroom.am
    - Ինչպես հասկանում ենք, տարբեր ոլորտներում եք գործունեություն ունեցել։ Բլոգինգը ի՞նչ է Ձեզ տվել։ 
    - Բլոգինգը ստեղծել է ինձ․․․ Ես միշտ ասում եմ, ինձ ստեղծել է ինտերնետը։ Այն ինչի ես հասել եմ ինտերնետի օգնությամբ, դժվար էր պատկերացնել 20, 30 տարի առաջ, քանի որ այն ժամանակ ավելի դժվար էր հայտնի դառնալ, ճանաչելի դարձնել ինքդ քեզ, որպես անձնական բրենդ։ Բլոգինգին այսօր պարտական եմ ամեն ինչով: Բայց բացի դրանից, կարող եմ նաև հստակ ասել, որ հետագայում ուսումնասիրել եմ բիզնեսը AGBU-ի ծրագրի շրջանակներում, որպես կին ձեռնարկատեր, ուսումնասիրել եմ մարքեթինգի ստրատեգիայի մշակույթը։ Ինձ ավելի հոգեհարազատ է եղել մարքեթինգային ոլորտը ու հիմա այդ ամենը փորձում եմ համադրել կրեատիվության շրջանակներում, այսինք որպես անհատ, ով գեներացնում է մշտապես նոր գաղափարներ ու փորձում է ժամանակից միշտ մի քայլ առաջ լինել, որպիսի հասցնի։ 
    Այսօր, ժամանակակից աշխարհի ռիթմում, հնարավոր չէ ունենալ մեկ մասնագիտություն և լինել աշխարհի ռիթմի կիզակետում, կամ գոնե մոտ լինել դրան։ Պետք է անընդհատ կրթվել, ինքնազարգանալ, փորձել աճել հոգեպես, հոգևոր արժեքները անընդհատ բարձր պահելով և նաև անընդհատ նոր ինֆորմացիա ստանալով՝ հասցնել աշխարհի խենթ ռիթմին։ 
    Marianna Qababyan, Մարիաննա Քաբաբյան, Mashroom.am
    - Բլոգում երբեք չեք տրտնջում, այդ մասին նաև փոստ ունեք Ձեր ինստագրամում։ Կցանկանանք լսել «Լուսավոր Մարիաննայի» անտրտունջ կերպարի մասին։
    - Իրականում փորձում եմ իրական լինել բլոգում, ու երբ կա խնդիր, այդ խնդիրը նույնպես ներկայացնել։ Չգիտեմ ինչքանով է ստացվում, ամեն դեպքում, թե բլոգում, թե կյանքում երբեք թույլ չեմ տալիս մարդիկ իմ վատ տրամադրությունը նկատեն, իրենց վրա վերցնեն։ Կարծում եմ դա դաստիարակության մաս է, ոչ ոք պարտավոր չէ նեգատիվ աուրա ստանալ դիմացինից հասարակական, աշխատանքային կամ ընկերական շփումների ժամանակ։ 
    Հիմնականում սովոր եմ դժվարությունների միջով անցնել ինքս։ Երևի թե ձեռքի մատերի վրա հաշված մարդիկ են իմանում, երբ իրոք շատ վատ վիճակում եմ լինում։ 
    Միշտ փորձում եմ փոխանցել պոզիտիվը, բայց ոչ թե ձևական, այլ իրականում այդպիսի մարդ եմ։ Դեռ առաջին կուրսում մեզ շարադրություն էին հանձնարարել գրականությունից և ես ստացել էի ամենաբարձր բալը միայն վերջին նախադասության համար․
    «․․․ անձրևից հետո միշտ արև է ծագում»։
    Այդպես ես առաջնորդվում եմ կյանքում։ Եվ ինչքան էլ ծայրահեղ ծանր բաներ են տեղի ունեցել իմ կյանքում, ես միշտ իմացել եմ, որ
     կյանքը շարունակվում է քանի դու կաս․․․
     ամեն ինչ հնարավոր է, եթե ողջ ու առողջ ես․․․ 
    Marianna Qababyan, Մարիաննա Քաբաբյան, Mashroom.am
    - Ձեր կյանքի ամենակարևոր օրը․․․
    - Երևի շատ տրիվիալ կթվամ, բայց երկու այդպիսի օր եմ ունեցել, երբ իմ երեխաները ծնվել են։ Կարծում եմ յուրաքանչյուր մայրիկ կփաստի, որ դրանից բարձր էմոցիոնալ էյֆորիա կնոջ կյանքում չի լինում, երբ շատ ուժեղ ցավից հետո շատ ուժեղ բերկրանք ես ապրում։ Եվ երևիթե դա դրական էմոցիաների գագաթնակետն է, որ մարդը կարող է ապրել։

    - Իսկ աշխատանքի մեջ եղե՞լ է ինչ-որ օր, ինչ-որ պահ, որ Ձեզ համար առանձնանում է։
    - Նմանատիպ օրեր շատ եմ ունեցել։ Աշխատանքի մեջ ամեն միջոցառումը, որ կազմակերպում եմ, ամեն պրոեկտ, որը հաջողություն է գրանցում, ինձ տալիս է այնպիսի ուժեղ էմոցիաներ, ինչպես կարող է շատ մարդկանց կյանքում մի քանի անգամ լինի։ Առհասարակ, ես էմոցիոնալ մարդ եմ և յուրաքանչյուր պահ փորձում եմ ապրել, յուրաքանչյուր հաջողությամբ փորձում եմ լիաթոք ուրախանալ, ու միշտ է այդպես։ 
    Marianna Qababyan, Մարիաննա Քաբաբյան, Mashroom.am- Դժվար է արդյո՞ք գործարար կին լինելը։ Ինչպես եք հաղթահարում այդ դժվարությունները։
    - Մեր երկրում առհասարակ դժվար է լինելը, լինել գործարար, լինել կին գործարար։ Կարծես թե ամեն ինչ քո դեմ լինի, բայց դու միևնույն է քո գործը առաջ ես տանում։ Իհարկե, կարծրատիպերը շատ են։ Որպես ընկերության աշխատակից, էլի ունեցել եմ դժվարություններ։ Եվ կարծում եմ, ցանկացած աղջիկ ու կին ունի այդ դժվարությունները, քանի որ կան տարօրինակ կարծրատիպեր, թե ինչի համար է կինը առհասարակ աշխատում, ինչի է դա նրան պետք։ Ուրեմն նա ծայրահեղ աղքատության շեմին է ապրում, եթե որոշել է աշխատել, ինչը ինձ համար շատ տարօրինակ է։ Իմ տատիկներն են աշխատել, իմ մայրիկն է աշխատել․․․ աշխատող կնոջ կերպարը ինձ համար եղել է նորմալ, ոնց որ օրինակ հաց ուտելը․․․ Շատ բնական մի բան․․․
    Գործարարության մեջ ինձ շատ են մեղադրել փափուկ լինելու մեջ, բիզնեսին հատուկ կոշտությունը չունենալու մեջ։ Այդ մեղադրանքները հնչել են տարիներ շարունակ։ Եվ երևի ես շատ ուժեղ մարդ եմ, որ ինձ չեն կոտրել։ Իմ աչքերում ես այնքան ճիշտ եմ, այնքան բնական վիճակում եմ գտնվում, ոչ թե ես ճիշտ եմ, որովհետև ինչ-որ առավելություններ ունեմ, այլ իմ կարծիքով այլ կերպ ուղղակի հնարավոր չէ։ Եթե դու կորցնում ես քո մարդկային դիմանկարը, մարդկությունը, սրտացավությունը, ուրեմն դու բանի պետք չես որպես գործարար, կամ մարդ առհասարակ։ 
    Այսօր ամբողջ աշխարհում հայտնի է էմոցիաներով կառավարելու միտումը, ու սրան նվիրված բազմաթիվ կոնֆերանսներ են տեղի ունենում․․․ Ես իմ առավելություն եմ համարում, որ միշտ եմ էմոցիոնալ ինտելեկտով առաջնորդվել, միշտ եմ իմ աշխատակիցներին վերաբերվել իբրև ընկերների և թիմի գաղափարը միշտ այնքան բնական է ստացվել։ 
    Երևի իմ պատմությունը հասարակության կարծրատիպերը կոտրելու, դժվարությունները կոտրելու մասին է։ 
    Մարդկանց թվում է, որ եթե մի բան անում ես, ուրեմն հեշտ է, ստացվում է։ Իսկ ես իմ ամբողջ կյանքով նրա մասին եմ, որ անել նույնիսկ եթե շատ դժվար է, նույնիսկ անհնարին է թվում, որովհետև երբ որ մարդուն, աղջկան, երեխային ծնողը տալիս է հնարավորություններ, ու նրա մոտ հաջողվում է, դա շատ պարզ ֆորմուլա է, բայց հետաքրքիր չի։ Հետաքրքիր է, երբ բոլոր նախադրյալները կան, որ դու առաջ չգնաս, բայց դու միևնույն է, ինչ-որ հաջողություններ ես գրանցում։ 
    Հնարավոր է, մեծ մաշտաբով դրանք մեծ հաջողություններ չեն, բայց դրանք քո փոքրիկ հաջողություններն են, որոնք դու գրանցել ես ինքդ քեզ համար։ Ու եթե կողքից ինչ-որ մեկ, տաս, հարյուր, հազար մարդու, կնոջ կոգեշնչես այդ փոքրիկ քայլերով, դա արդեն երջանկություն է։ 

    - Եթե մենակ բառերով բնութագրենք Ձեր աշխատանքը, ինչպես այն կբնութագրեք։
    - Երևի խառը, անհնարին ու գեղեցիկ։ 
    Մասնագիտական առումով՝ բլոգինգ, իվենթ-մենեջմենթ, մարքեթինգ։ Իմ թիմը կատարում է գերազանց տեխնիկական պահանջները, բայց ինձ հետ համագործակցությունը տարբերվում է նրանով, որ այդտեղ ես եմ ու իմ գաղափարները, և այդ գաղափարները այնքան մեծ են, որ կարող ես իրենցով առաջնորդվել ու մարքեթինգային ռազմավարություն մշակել․․․ 
    Կրեատիվ մարդը պետք է կրեատիվ միտքը արտաբերի, պետք է ստեղծագործի ու դրանով գեղեցկացնի այս աշխարհը։ 

    - Իսկ թիմի մասին ինչ կասեք։ Ինչպե՞ս եք մարդկանց ընդգրկում Ձեր թիմ։ 
    - Թիմը այն մարդիկ են, առանց ում հնարավոր չէ ոչ մի օրս։ Առաջին հերթին կարևոր են մարդկային հատկանիշները, պրոֆեսիոնալ մոտեցումը ու առհասարակ մոտեցումները կյանքի նկատմամբ, իհարկե կրթությունը, մասնագիտական որակներ, հարկ եմ համարում նշել, որ արտաքինին ևս շատ մեծ ուշադրություն եմ դարձնում, ոճին, քանի որ մեր ոլորտում առանց դրա հնարավոր չէ խոսք ասել։ 

    - Շատ շնորհակալություն անկեղծ, դրական ու գեղեցիկ զրույցի համար։ Մաղթում ենք Ձեզ բազում հաջողություններ և ամուր առողջություն։ 
    Այսօր մեր հասարակությանը իրոք պետք են հաջողակ կանանց կերպարներ, որոնցով նրանք կոգեշնչվեն, և միգուցե կատարեն իրենց կյանքի կարևորագույն քայլերը․․․ 

    Անի Նալբանդյան, Սամադհի Յոգա Ստուդիայի համահիմնադիր, Յոգայի ուսուցչուհի

    Անի Նալբանդյան, Սամադհի Յոգա Ստուդիայի համահիմնադիր, Յոգայի ուսուցչուհի

    Նախորդը

    Գայանե Բեգո Հարությունի, բլոգեր

    Գայանե Բեգո Հարությունի, բլոգեր

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: