- Ողջույն Լուիզա, ե՞րբ և ինչպե՞ս ընտրեցիր դիմահարդարման կախարդական, ստեղծագործ աշխարհը․․․
Որոնք են հիմնական պատճառները։
- Ողջույն Աննա ջան: Դեռևս մանկուց, մայրիկիս դիմահարդարման պարագաներով քույրիկներիս էի դիմահարդարում: Ոգեշնչվում էի գեղեցիկ դիմահարդարված աղջիկներ տեսնելով։ Դիմահարդարումն, ըստ իս, ամենականացի մասնագիտություններից է և այն ինչ-որ իմաստով թերապևտիկ ֆունկցիա ունի՝ օգնում է ավելի լավ զգալ:
- Մի փոքր կպատմեք Ձեր մասին՝ մանկություն, կրթություն, մասնագիտական կրթություն։
- Դիմահարդարմամբ զբաղվում եմ 16 տարեկանից։ Աշխատանքի հետ համատեղ սովորել եմ ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետում:
Դիմահարդարումը յուրաքանչյուր օրս դրական էներգիայով լցնող, կյանքիս գույներ հաղորդող ոլորտն է։
Հայաստանում աշխատում եմ տարբեր արտիստների, բլոգերների հետ, ինքս էլ ակտիվորեն վարում եմ իմ ինստագրամյան էջը, որի շնորհիվ համբավ ունեմ նաև Հայաստանի սահմաններից դուրս։
Գործունեություն ծավալում եմ ոչ միայն որպես դիմահարդար, այլ նաև որպես դասավանդող։
Բազմաթիվ աշակերտներ ունեմ աշխարհի տարբեր վայրերից: Դասավանդում եմ խմբակային և անհատական կուրսեր, ինչպիսիք են՝ «Ինքդ քեզ դիմահարդար», «Պրոֆեսիոնալ դիմահարդարում», «Որակավորման բարձրացում»։
Նշեմ նաև, որ չնայած այս ամենին, վարում եմ գնային այնպիսի քաղաքականություն, որը հարմար է շատ շատերին. դա իմ փոքրիկ նվերն է գեղեցիկ սեռին։
- Ինչպես գիտենք, սիրում եք ճանապարհորդել։ Որն է ամենասիրելի երկիրը և ինչո՞ւ։
Կարծում եմ՝ շատերն են սիրում ճանապարհորդել, բայց քչերն են մտածել, թե ինչու են սիրում դա անել: Առաջինը կառանձնացնեմ ճամփորդությունից ստացած տպավորությունները, որոնք միշտ մեզ հետ են մնում․․․
Ճամփորդությունը ստիպում է մեզ գնահատել այն, ինչ արդեն ունենք:
Ես սիրում եմ ճանապարհորդել, քանի որ այն ինձ տալիս է լիակատար ազատության զգացում: Ճամփորդելը թույլ է տալիս փախչել «առօրյա» կյանքից, տեսնել այն, ինչ միայն տեսել ենք ֆիլմերում, փորձել նոր բաներ և հանդիպել նոր մարդկանց: Ճամփորդությունն ընդլայնում է աշխարհայացքն ու ասես լցնում է հոգիդ։
Սիրում եմ այն երկրները, որտեղ ավելի մոտ ես բնությանը:
- Ամենահամարձակ քայլը, դեպքը․․․
- Առանց ընտանիքիս անդամներին տեղյակ պահելու ինձ համար գնեցի մեքենա և անակնկալի բերեցի, քանի որ նրանք անգամ չգիտեին, որ ցանկություն ունեի մեքենա վարելու))
- Արտաքին տեսք, հագուստ, ինչ խորհուրդներ կտաք Լուիզա ջան, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնեն աղջիկները, ավելի ժամանակակից ու նորաձև տեսք ունենալու համար։
- Խորհուրդ կտամ առաջնայինը հետևել կազմվածքին և առողջ սնվել: Շատ կարևոր է հետևել մաշկի խնամքին, ընտրել ճիշտ կոսմետիկ միջոցներ։
Առաջինը մաշկի խնամքն է՝ մաքրում, սնուցում և խոնավեցում:
Կոսմետիկ միջոցներով մենք միայն ընդգծում ենք մեր բնական գեղեցկությունը։ Ուստի, եթե չոր մաշկ ունեք, աշխատեք ավելի հաճախ խոնավացնել այն, սնուցել կրեմով, դիմակներով, շիճուկով և այլ արդյունավետ կոսմետիկ միջոցներով։
Երիտասարդ աղջիկների դիմահարդարումը պետք է լինի առավելագույնս բնական։
Ինձ համար կարևոր է, որ ամեն աղջիկ ունենա իր յուրահատուկ ոճը: Իհարկե հետևել համաշխարհային թրենդներին, բայց գնել այնպիսի հագուստ, որը կհամապատասխանի իրեն և որում ավելի հանգիստ և ինքնավստահ կզգա:
Խորհուրդ կտամ նաև հագնել ավելի վառ գույներ, որը կփոխանցվի նաև տրամադրությանը։
- Ամենապահանջված, թրենդային դիմահարդարումը, որը նաև Դուք եք նախընտրում։
Նորաձև է բնական, թեթև, նուրբ դիմահարդարումը։
Անդրադառնամ դեմքի առանձին մասերին. շուրթերի գույնը՝ բնական, կարելի է ավելացնել մի փոքր թաց շրթներկ (gloss), հոնքերը՝ չհարդարված, իր բնական ձևով, դեմքը՝ առանց հստակ ուրվագծերի: Այս ամենի հետ մեկտեղ կարող ենք ընդգծել աչքերը կամ շուրթերը։
- Լուիզա ջան, կկիսվեք Ձեր ամենամեծ ձեռքբերմամբ։
- Իմ ճանաչելիությունը, որը ունեմ այս տարիքում: Դա ինձ համար առավել կարևոր է, քան նյութական ձեռքբերումները:
Կառանձնացնեմ Հայաստանում 2 մասշտաբային Master Class-երը` համաշխարհային խոշորագույն կազմակերպությունների հետ՝ MAC և Givenchy։
- Ինչպիսի՞ն պետք է լինի կինը մեր օրերում․․․
- Ես նկատել եմ, որ մեր օրերում կինը ավելի ձգտող, համարձակ և պայքարող տեսակ է: Շատ կուզենայի, որ ցանկացած պարագայում երբեք չկոտրվեն և ձգտեն հասնել իրենց պատկերացրած կատարյալին:
- Սխալ դիմահարդարման հետևանքները, որոնք անձամբ տեսել եք Ձեր փորձի ընթացքում։
- Պետք է ամեն աղջիկ ճանաչի իր մաշկի տեսակը և ընտրի համապատասխան կոսմետիկ միջոցներ՝ զերծ մնալով ոչ օրիգինալ պրոդուկտներից, որոնք վնասում են մաշկը: Ինչպես նաև շատ եմ նկատում սխալ արված կոնտուրինգ, որը ավելի է արտահայտում այն հատվածը, որը ցանկանում են քողարկել:
Ինչպես նաև ցանկալի չէ մատիտը շուրթերի կոնտուրից շատ դուրս քսել:
- Ինչ կմաղթեք աղջիկներին, որոնք ունեն երազանք․․․
- Կմաղթեմ ինքնակրթվել, քանի որ ապրում ենք այնպիսի դարում, որտեղ անընդհատ ունենք սովորելու կարիք:
Սիրեն իրենց ընտրած աշխատանքը, քանի որ առանց դրա ոչինչ չի հաջողվի: Միշտ փորձել ավելի կատարելագործվել և կայանալ ընտրած մասնագիտության մեջ:
Լինեն նպատակասլաց և երբեք չդադարեն երազել․․․
- Ի՞նչ նախագծերի շուրջ եք այժմ աշխատում, կիսվեք կարիերայի հետ կապված Ձեր ներկա և ապագա պլաններով։
- Ես՝ իմ պրոդյուսերի հետ միասին, այժմ աշխատում ենք Հայաստանում նմանը չունեցող օնլայն նախագծի շուրջ։ Առաջինն եմ Հայաստանում, ով դիմահարդարման օնլայն դասընթացներ է վարելու։ Մենք շարունակ առնչվում ենք ժամանակակից տեխնոլոգիաների ազդեցություններին, և այդ ազդեցությունները չէին կարող իրենց դերը չունենալ նաև դիմահադարման ոլորտում։
Դիմահադարման օնլայն հարթակն ունի անսահման հնարավորություններ, առավելություններ։
Օնլայն դասընթացների շնորհիվ կարող ես սովորել քո նախընտրած վայրից, քո նախընտրած գրաֆիկով։ Կարիք չկա ժամանակ ու գումար ծախսել երկար ճանապարհի վրա։ Ժամանակակից աշխարհում օնլայն հարթակը մեծ տեղ է զբաղեցնում և այն մարդիկ, ովքեր օնլայն սովորում են, նոր մասնագիտություն ձեռք բերում, գիտելիքներ ստանում, մեկ քայլ առաջ են բոլոր այն մարդկանցից, ովքեր թերագնահատում են օնլայն սովորելու առավելությունները։
Իմ ինստագրամյան էջում կա ողջ ինֆորմացիան՝ օնլայն դասընթացների հետ կապված։
Ուրախ կլինեմ, սիրելի’ ընթերցող, քեզ տեսնել իմ էջում։
- Ազա՞տ է արդյոք Լուիզա Ազատյանի սիրտը։ Եվ եթե ոչ, ինչպիսի երկրորդ կես ես տեսնում կողքիդ։
- Գիտեք, թերևս, ամենից շատ հնչող հարցերից է դա։ Լուիզա Ազատյանի սիրտն ազատ է, այո՜։ Իմ կողքին տեսնում եմ ուժեղ, նպատակասլաց, խելացի, կայացած, իմ նպատակներն ու աշխարհայացքն ինձ հետ կիսող տղամարդու, ում կողքին ինձ կզգամ մանկությանս երազանքներից եկած փոքրիկ արքայադուստր։
Մարդու, ով հետագայում ինձ հենարան կդառնա, մարդու, որին դեռ չեմ հանդիպել, բայց վստահ եմ, որ կլինի այնպիսին, ով ամեն հարցում ինձ կաջակցի և հենասյուն կդառնա կյանքիս հետագա փուլերում։
- Շնորհակալություն գեղեցիկ հարցազրույցի համար։ Ձեզ ցանկանում ենք ամենայն բարիք ու գեղեցկություն, բազում հաղթանակներ ու մասնագիտական վերելքներ․․․
Մեկնաբանել