Մի թագավոր մի որդի ուներ։ Նա հրաման արեց նայիպներին, թե ամեն օր ձեզնից մեկը թող տանի իմ որդուն և պատվի: Եվ տանում էին:
Մի օր մի նայիպ պատվելու էր տարել թագավորի որդուն։ Երեկոյան նրան տարավ թագավորի տունը և ինքը գնաց: Թագավորի տղան խիստ գինով էր։ Նա հարբած դուրս եկավ աղբանոց և մեռավ:
Թագավորը հրամայեց, թե իմ իշխանության ներքո ինչքան այգի կա՝ փակեք և կարասները կոտրատեք: Այդպես արին:
Մի այրի կին մի որդի ուներ։ Նս պահեց իր հնձանը ու գինին։ Ամեն առավոտ և երեկո հացի վրա երկու թաս գինի էր տալիս որդուն:
Այրի կնոջ որդին մի գիշեր դուրս եկավ, սպանեց թագավորի առյուծին։ Թագավորն առավոտյան հրամայեց՝ եթե իմ առյուծին սպանողը գա և ինձ պատմի՝ նրան չեմ պատժի:
Եկան այրի կինը և նրա որդին:
Թագավորը նրան հարցրեց, թե ինչպե՞ս սպանեցիր առյուծին: Նա ասաց. թե գիշերով դուրս եկա, հանդիպեցի առյուծին և սպանեցի: Մայրն ասաց. թե նրան գինով է սնուցել և պատմեց, թե ինչպես է գինով սնուցել:
Թագավորը հրաման արձակեց. թե այգի տնկեք և գինին այնպես խմեք, որ առյուծ սպանեք և ոչ թե աղբանոցում մեռնեք:
Մեկնաբանել