• 26 դեկտեմբեր, 2024
     Ուրախ Հրայրը և սագի սայլը - Հայրապետ Հայրապետյան

    Ուրախ Հրայրը և սագի սայլը - Հայրապետ Հայրապետյան

    Մեր Հրայրը,
    Ժիր ու սրտոտ,
    Պետք է գնար
    Տատիկի մոտ։
    Մի գիրք էին
    Տվել ընծա,
    Ուզում էր, որ
    Տատին ցույց տա…
    Ազատ օրվա
    Նախօրյակին
    Մաքուր սրբեց
    Շորն ու գոտին,
    Եվ լույս ու մութ
    Չբաժանված,
    Իր մայրիկին
    Կանչեց, ասաց,
    - Դե՛, մայրիկ ջան,
    Քնում եմ ես,
    Ծեգը ծեգին
    Իմաց կանես։
    Լավ կլինի՝
    Լույսով գնամ
    Ու լույսով էլ
    Վերադառնամ։-
    Առավոտյան՝
    «Ծուղրուղո՜ւ…
    Հրայր, վեր կաց,
    Շորդ հագիր»,
    Աքլորը զիլ
    Ձայնով կանչեց,
    Մեր Հրայրին
    Ոտքի հանեց։
    - Դե՛, մայրի՛կ ջան,
    Գնում եմ ես։
    - Հրա՛յր, տե՛ս, հա՛,
    Զգույշ լինես։
    - Ի՞նչ ես ասում,
    Մայրի՛կ, գիտեմ.
    Համ էլ, դե՛, ես
    Փոքրիկ հո չե՞մ…

     

    2

    Առավոտ վաղ՝
    Ծեգը ծեգին,
    Մի գիրք դրած
    Թևի տակին,
    Մեր Հրայրը
    Արագ քայլով
    Անց էր կենում
    Լայն դաշտերով։
    Առավոտ էր
    Վառ ու սիրուն,
    Հովն էր խաղում
    Լայն դաշտերում։
    Գետն էր հոսում,
    Օրոր ասում,
    Եվ անտառը
    Կամաց խոսում։
    Երեք հնձող
    Մեքենաներ
    Հնձում էին
    Հասուն արտեր…
    Ուրախ-ուրախ,
    Ժպիտ դեմքին,
    Գիրքը դրած
    Թևի տակին,
    Քայլում էր նա
    Ազատ դաշտում
    Եվ ամեն ինչ
    Նայում, դիտում։
    Մի թփի մոտ
    Կանգ առավ նա.
    Որ շունչ առնի՝
    Հանգստանա։
    Թփի տակին
    Մի լավ շնիկ,
    Կլոր, ինչպես
    Թելի կծիկ,
    Կուչ էր եկել
    Ու վնգստում
    Եվ կարծես թե
    Հաց էր ուզում։
    Տղան շանը
    Շոյեց, ասաց.
    - Բա անունդ,
    Սիրուն շնիկ,
    Ես ի՞նչ դնեմ.
    Հա՜, Դիլդիլիկ,
    Դիլդիլիկ ջան,
    Արի՛, արի՛,
    Ճամփեն մոտ Է,
    Մի՛ ալարի։

     

    3

    Կամրջի մոտ,
    Ճամփի կեսին,
    Պիոներներ
    Հանդիպեցին.
    Չորս պիոներ,
    Վզկապներով,
    Անցնում Էին
    Այն դաշտերով։
    - Բարև՛, բարև՛,
    Պիոներնե՛ր,
    Այդ ի՞նչ շուտ եք
    Դաշտ դուրս եկել։
    - Դուրս ենք եկել
    Լուսաբացին,
    Նայենք, հսկենք
    Ոսկի բերքին։
    Բա դու ո՞ւր ես
    Այդպես գնում։
    - Տատս ապրում է
    Ա՜յ, այն գյուղում,
    Տատիս տուն եմ
    Հիմա գնում։
    - Այդպես մենա՞կ։
    Կեցցե՛ս, տղա…
    Որ գնում ես,
    Ճամփան գիտե՞ս։
    - Գիտե՛մ, գիտե՛մ,
    Չեմ մոռացել։
    - Այդ քո շունը՝
    Ի՜նչ լավիկն է։
    - Շան անունը
    Դիլդիլիկ է,
    Շատ խելոք ու
    Լավ շնիկ է։
    Դե՛, ես գնամ,
    Շուտ պիտ դառնամ
    Հավաքույթ կա
    Երեկոյան։

     

    4

    Դիլդիլիկը
    Եվ Հրայրը
    Շուտով հասան
    Գյուղի ծայրը։
    Անցան կանաչ
    Բլրի տակով,
    Արագահոս
    Գետի կողքով,
    Ցածրիկ պատից
    Թռան տակը,
    Մտան տատի
    Կանաչ բակը։
    Սագիկները,
    Օրոր-շորոր,
    Պատել էին
    Տատի բոլոր։
    Տատիկն էլ մի
    Մեծ ամանից
    Սագիկներին
    Կեր էր տալիս։
    Հենց որ հանկարծ
    Թոռին տեսավ,
    Թևերը բաց
    Վրա հասավ,
    Գրկեց, պաչեց
    Ջուխտակ թուշը,
    Ասաց.- Բալաս,
    Ի՜մ անուշս,
    Այդ ո՞նց եղավ
    Եկար ինձ մոտ,
    Անուշ բալաս,
    Ժիր ու սրտոտ։
    - Դարձել եմ ես
    Գերազանցիկ,
    Ստացել եմ
    Մի սիրուն գիրք։
    Գիրքն էլ այս է,
    Տատի ջան, տե՛ս։
    - Վո՜ւյ, ինչ լավն է,
    Ապրե՛ս, ապրե՜ս,
    Ես էլ ընծա
    Պիտի տամ քեզ,
    Ի՞նչ ես ուզում,
    Ասա՛, բալես։
    - Սագիկներից
    Մեկը տուր ինձ։
    - Ո՞րը կուզես։
    Ո՞նց կտանես։
    - Ես կտանեմ,
    Իմ լավ տատի,
    Դրա մասին
    Մի՛ մտածի։
    – Հա՛, միջանցքում
    Լայն ու երկար,
    Ամուր հյուսած
    Մի կողով կա։
    Սագը դնեմ
    Կողովի մեջ,
    Որ դու տանես
    Թեթև ու հեշտ։
    Դե՛, գնանք տուն,
    Ազիզ բալես,
    Նստիր շունչ առ,
    Հոգնած կլինես։
    Մենակ եմ ես
    Տարին բոլոր,
    Մնա ինձ մոտ
    Մի քանի օր։
    - Ո՞նց կլինի,
    Որ ես մնամ,
    Հրես շուտով
    Պիտի գնամ,
    Հավաքույթ կա
    Երեկոյան։
    - Խոսքով ընկանք,
    Հրայր բալես,
    Ախր հիմի
    Սոված կլինես։
    Սիրտդ ի՞նչ Է
    Ուզում բալես։
    - Փլա՛վ, տատի,
    Ճուտն Էլ տակին։

     

    5

    Մեր Հրայրը,
    Ձեռքին կողով,
    Անց էր կենում
    Տատոնց գյուղով,
    Սագը չաղլիկ,
    Կողովը մեծ,
    Հրայրը շուտ
    Հոգնեց, քրտնեց։
    Հազիվ հասավ
    Գյուղի ծայրին,
    Ուժը հատավ,
    Նստեց գետնին.
    «Այսքան բեռը
    Ինչպե՞ս տանեմ,
    Պետք է մի հեշտ
    Միջոց գտնեմ»։
    Կողովն առավ
    Ու նրա տակ
    Մատով բացեց
    Երկու մեծ անցք։
    Չաղլիկ սագին
    Դրեց կողով,
    Տոտերն հանեց
    Այդ անցքերով։
    Մեծ կողովը
    Մեջքին առած՝
    Սագը քայլեց
    Կամաց-կամաց։
    Տղան հանեց
    Մեջքի գոտին
    Ու սանձ արեց
    Սագի վզին։
    Մի մեծ ճիպոտ
    Ձեռքը առած՝
    Սագին ճամփով
    Քշեց առաջ։
    Գոչեց. «Նո՛, նո՛,
    Հրեղեն սագ։
    Վազի՛ր, գնա՛
    Արագ-արագ»։
    Դիլդիլիկն էլ
    Նրա ետքից
    Արագ-արագ
    Վազ էր տալիս։
    Մեկ վազում էր,
    Մեկ էլ նստում,
    Դունչը ցցում
    Ու վնգստում։
    Ախր պստիկ
    Շնիկ էր նա.
    Այնքան ճամփա
    Ինչպե՞ս գնար։
    Մի երեխա
    Գյուղի ծայրին
    Տեսավ սագին
    Ու Հրայրին,
    Գոչեց. «Տղե՛րք,
    Սագի սայլը…
    Շուտով եկեք
    Գյուղի ծայրը»։
    Հեռու մոտիկ
    Փողոցներից
    Մի նայեցեք
    Ո՜նց են գալիս…
    Գալիս են ու
    Նայում սայլին,
    Հնարագետ
    Մեր Հրայրին։
    Իսկ Հրայրը,
    Ուռած, փքված,
    Գոտի-սանձը
    Ձեռքին բռնած,
    Մտրակում է,
    Քշում իր ձին,
    Էլ չի նայում
    Դար ու փոսին։
    - Է՜յ, տղանե՛ր,
    Հեռո՜ւ, հեռո՜ւ,
    Շատ ճամփա եմ
    Ես գնալու։
    Իմ ձին, գիտե՞ք,
    Հրեղեն է,
    Սայլն էլ տեսեք՝
    Ուռեղեն է։
    Մի՛ խանգարեք,
    Թողեք գնամ.
    Շատ գործ ունեմ
    Երեկոյան։
    Դիլդիլի՛կ ջան,
    Արի՛, արի՛,
    Տունը մոտ է,
    Մի՛ ալարի։

     

    6

    Այսպես անցան
    Դաշտի միջով
    Ու գետակի
    Նեղ կամրջով,
    Մեկ էլ ճամփին՝
    Դիլդիլիկը
    Հանկարծ ցցեց
    Իր դնչիկը,
    Գետնին նստեց
    Ու վնգստաց,
    Թե՝ «Հրայր ջան,
    Մի քիչ կամաց,
    Ախր պստիկ
    Շնիկ եմ ես,
    Ոտս ցավեց,
    Հերիք վազես»։
    «Հոգնել ես, հա՞,
    Իմ լավ ընկեր,
    Շատ ճամփա ես
    Այդպես եկել,
    Արի դնեմ
    Սայլի միջին,
    Քիչ հանգիստ առ,
    Հետո իջիր»։
    Հանկարծ դաշտից
    Մի պիոներ
    Բարձր գոչեց.
    - Էհե՜յ, ընկե՛ր,
    Ո՞ւր ես գնում,
    Հլա մի կաց,
    Եկել ես որ
    Շո՞ւն գողանաս։
    - Լավ ճանաչիր
    Դու ինձ, գիտե՞ս.
    Չեմ գողացել,
    Ասում եմ քեզ։
    Սոված, ծարավ,
    Թփի տակին
    Վնգստում էր
    Նա դառնագին,
    Հետս տարա
    Տատիկի մոտ,
    Տվի տապկած
    Ճուտի մի ոտ…
    - Դե լա՛վ, դե լա՜վ,
    Կատակ արի,
    Այս անգամին
    Դու ինձ ներիր։
    Այդ պուճուրիկ,
    Սիրուն շունն էլ
    Թող մեզանից
    Լինի նվեր։
    Երբ իջել էր
    Մթնշաղը,
    Նրանք հասան
    Իրենց թաղը։
    Մի երեխա՝
    Գիժ Զայրմայրը
    Հենց որ տեսավ
    Սագի սայլը,
    Գոչեց. «Հրեն
    Մեր Հրայրը,
    Առաջն արած
    Սագի սայլը,
    Վազեք շուտով,
    Եկե՛ք, հասե՛ք,
    Եկեք տեսեք
    Ու զարմացեք»։
    Հեռու մոտիկ
    Փողոցներից
    Մի նայեցեք
    Ո՜նց են գալիս:
    Գալիս են ու
    Նայում սայլին.
    Հնարագետ
    Մեր Հրայրին։
    Իսկ Հրայրը,
    Ուռած, փքված,
    Գոտի-սանձը
    Ձեռքին բռնած,
    Մտրակում է
    Ձի-սագիկին,
    Որ շուտ հասնի
    Իր մայրիկին։
    - Ի՞նչ ես արել,
    Հրայր բալես,
    Էլ մի ուրիշ
    Օյին չունե՞ս…
    Ասաց, վազեց,
    Տղին գրկեց
    Ու թշերը
    Պինդ-պինդ պաչեց։
    - Նայի՛ր- մայրի՛կ,
    Այս սագիկը
    Նվեր տվեց
    Մեր տատիկը,
    Այս պստլիկ
    Սիրուն շունն էլ
    Տղաներն են
    Նվեր տվել,
    Շան անունն էլ
    Դիլդիլիկ է,
    Շատ խելոք ու
    Լավ շնիկ է։
    - Ա՛յ, ապրես դու,
    Հրայր բալես,
    Միշտ էլ այդպես
    Ուրախ լինես։-
    Իսկ Հրայրը
    Հպարտացած,
    Փարվեց մորը
    Ու շանն ասաց.
    - Դե՛, Դիլդիլիկ,
    Իմ լավ շնիկ,
    Չվնգստաս,
    Լուռ կմնաս։
    Մայրիկի մոտ
    Հանգիստ նստիր,
    Ես գնում եմ
    Հավաքույթի։-
    Սրբեց շորը,
    Կապեց գոտին,
    Գնաց դպրոց
    Հավաքույթի։

    Ցողիկն ու Շողիկը - Հայրապետ Հայրապետյան

    Ցողիկն ու Շողիկը - Հայրապետ Հայրապետյան

    Նախորդը

    Խաբված ծիտիկը - Հայրապետ Հայրապետյան

    Խաբված ծիտիկը - Հայրապետ Հայրապետյան

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: