• 21 նոյեմբեր, 2024
     Ինչից է, որ խեցիքը աղմկում են - Աթաբեկ Խնկոյան

    Ինչից է, որ խեցիքը աղմկում են - Աթաբեկ Խնկոյան

    Ծովային արքան՝ հզոր Նեպտունը
    Ծովի հատակում ունի իր տունը:
    Ողջը բյուրեղյա, ճոխ այգիները
    Գրկել են նրա շեն պալատները.
    Շեն պալատները ճոխ են և հարուստ,
    Պատերը խեցի, նախշերը զուտ բուստ,
    Մարգարիտները երկար հյուսերով
    Ներսից կախված են պես-պես ձևերով,
    Փայլուն ձկները՝ պահապան դռան,
    Գիշեր ու ցերեկ հսկում են վրան:
    Ծովի իշխողին անթիվ աղջիկներ՝
    Գողտրիկ, նազելի հավերժահարսներ
    Ե՛վ ծառայում են, և՛ զբաղեցնում,
    Հազար տեսակի երգում ու պարում.
    Արքայի աչքից ոչինչ չի փախչում,
    Նա հանգիստ չունի և չի էլ ննջում.
    Նա հետևում է ձկների լողին,
    Եվ հրեշների այլանդակ խաղին.
    Նաև տեսնում է, ինչպես հավքերը
    Ջրի մեջ փռած ջարդված թևերը
    Գոռ ալիքների կամ քամու ձեռից
    Իջնում են անդունդ ծովի երեսից:
    Երբեմն էլ արքան հեծնում է իր ձին՝
    Ճեպընթաց ձուկը, ծովային Դելֆին,
    Գնում շրջելու իր տերությունը,
    Տեսնել ու զգալ իր մեծությունը:
    Այս մի անգամը արքան դուրս գնաց
    Եվ մի երկու օր ուրիշ տեղ մնաց.
    Մի չքնաղ աղջիկ մոտեցավ պատին,
    Այնտեղից պոկեց գույնզգույն խեցին.
    Կապեց մազերից, իրեն զարդարեց,
    Շատ ուրախացավ, շատ երգեց, պարեց:
    Հզոր Նեպտունը տուն վերադարձավ
    Տեսավ կորուստը և շատ բարկացավ.
    - Ո՞վ է գողացել թանկագին խեցիս,
    Ամբողջ աշխարհում միակ սիրելիս.
    Թող կորչի գողն այս իմ տերությունից,
    Աչքիս՝ չերևա հենց այսօրվանից:
    - Այդ ես եմ վերցրել քո խեցին, արքա
    Մի՞ թե իմ մեղքին թողություն չկա,
    Չգիտությամբ եմ արել սխալը,
    Ինձ խիստ գրավեց այն խեցու փայլը.
    Ների՜ր ինձ, արքա, ինձ մի աքսորիր,
    Մի հանիր ծովից, գահիդ մոտ պահիր:
    Հավերժահարսը խնդրում էր լալիս,
    Արքայի խեցին իրեն էր տալիս,
    Նեպտունը տեսավ անկեղծ զղջումը
    Եվ մինչև անգամ խղճաց մտքումը,
    Սակայն չլսեց թշվառ աղջկան.
    Միայն թե խեցին պարգևեց նրան:
    Հավերժահարսը նորից աղաչեց.
    Ընկավ ոտները, ծնկները պաչեց.
    - Օ՜, հզոր արքա՛, կարոտից, վշտից,
    Անշուշտ կմեռնեմ, երբ զրկվեմ ծովից.
    Ծովի շաչյունը, ծովի ծփանքը
    Կազմել են կյանքիս քաղցր պատրանքը:
    Օրոր են ասել ինձ օրորոցում,
    Ու քուն են դրել ջրերի ծոցում.
    Հիմա եթե դու ինձ չես խնայում,
    Քեզանից միայն ես այս եմ խնդրում.
    Ծովի շաչյունը տուր ինձ հիշատակ,
    Որ շոյե հոգիս ամեն ժամանակ,
    Ուր էլ որ գնամ, որտեղ էլ լինեմ,
    Իմ սիրած ծովի կարոտս առնեմ:

     

    Լավ,- ասաց արքան,- տուր ինձ այդ խեցին.

     

    Խեցին վեր առավ, դրեց բերանին.
    - Ծովի ծփանքը, ծովի շաչյունը
    Հենց այսօրվանից պահպանիր քո մեջ.
    Բոլոր խեցիքը թող այդպես անեն,
    Եթե ցամաքի վրա պատահեն.
    Խեցիի անցքից փչեց Նեպտունը,
    Լցնելով մեջը ծովի շաչյունը:
    Ապա ետ տվեց խեցին աղջկան
    Ու հրամայեց աքսորել նրան:
    Ընկերուհիներն արտաքսված կույսին
    Տարան ու թողին ծովի երեսին.
    Գոռ ալիքները գնացին-եկան
    Հավերժահարսի ետևից ընկան.
    Թե որտե՞ղ մնաց այնուհետև նա,
    Այդ մինչև այսօր գաղտնիք կմնա:
    Բայց դատարկ խեցին, որտեղ էլ լինի
    Մարդ որ վեր առնի, ականջին դնի,
    Անշուշտ կլսե ծովի շառաչյուն,
    Գոռ ալիքների աղմուկ ու գոչյուն:

     

    Կրիան - Աթաբեկ Խնկոյան

    Կրիան - Աթաբեկ Խնկոյան

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: