• 21 նոյեմբեր, 2024
     Արծվի ժայռը - Աթաբեկ Խնկոյան

    Արծվի ժայռը - Աթաբեկ Խնկոյան

    (կովկասյան ավանդություն)

     

    Ասես երկնքից կախված է ժայռը,
    տակը մութ-մութ մի անտակ անդունդ,
    ծխում է այնտեղ մուժ ու մառախուղ,
    հեղեղն է կրծում քար ու քարափներ,
    շաչում, շառաչում, թշշում ու վշշում,
    արձագանքում են այրեր, խոռոչներ:
    Կախված է այդպես ժայռը դարերով,
    ամպին հարևան, ամպերի միջին.
    շուրջը անապատ, շուրջը դիք ժայռեր,
    մարդու հոտ չըկա, մարդու ոտ չըկա
    և ոչ մի նշան մարդկային կյանքի:
    Ճանապարհ չկա ու վերելք չըկա.
    հավքը իր թևով, օձը իր պորտով
    այնտեղ չի հասնի, այնտեղ չի սողա:
    Ու հարյուր տարին ժայռը մի անգամ
    կյանք էր ստանում ու կյանքը եռում.
    շքեղ Կովկասի ամեն կողմերից
    սեգ արծիվները երամ առ երամ,
    հավաքվում էին ժայռի բարձունքին,
    որ ամբողջ ցեղով ընտրեն նոր արքա:
    Այդ էր օրենքը հին-հին դարերի,
    սեգ արծիվների, արծիվ պապերի:

     

    2

     

    Այդպես, մի օր էլ, լուսաբացի հետ,
    արծիվներն եկան, իջան էն ժայռին
    ու ամեն մինը մի որս էր բերել,
    տոնի առիթով էն ժայռի գլխին:
    Եկավ և ահա նրանց ծեր արքան,
    եկավ ու իջավ էն սարի ծայրին:
    Սեգ արծիվները՝ ահել ու ջահել
    թռան տեղերից, պտույտներ արին,
    պտույտներ արին, նստեցին ժայռին
    էդպես հարգեցին իրանց արքային:
    Նստել էր գահին ծեր արծիվ արքան,
    նստել էր, նայում իր ժողովրդին,
    աչքերը խոշոր, բիբերը մարած,
    բայց էլի հպարտ, հայացքը ահեղ,
    Էլի կամքի տեր, էլի ուժի տեր:
    Ծագեց արևը բարձր Կազբեկից
    ու «Արծվի ժայռը» վառվեց լույսի պես:
    Տխուր է, մռայլ ծեր արծիվ արքան,
    ինչպես իր տակի ժայռի կտորը:
    Իր վերջին օրն է: Եվ մի երկու ժամ,
    Է՜, մնաք բարով և՛ գահ, և՜ կյանք, դո՜ւք:
    Մռայլ և տխուր արքա արծիվը
    իր վերջին խոսքն է ասում իր գահից.
    - Իմ հարյուր տարին ես բոլորեցի,
    ապրեցի պատվով, իմ ցեղի պատվով,
    երբեք ես չիջա գահիս բարձունքից,
    ազատ ծնվեցի, պատվով ապրեցի,
    ազատ ապրեցի, ազատ կըմեռնեմ:
    Ինձանից հետո նորընտիր արքան
    թող ինձ հետևի, թող նա էլ ինձ պես
    սիրե իր գահը Կազբեկի վրա:
    Այդ է օրենքը անցած դարերի,
    սեգ արծիվներիս, արծիվ պապերիս:
    Հիմա ես ծեր եմ: Տեր ժամանակը
    իր տվածն ինձնից ետ է պահանջում.
    պակսել է լույսը կանթեղ աչքերիս,
    թափել-ընկել է թև ու թռիչքս,
    մի նոր թագավոր ընտրեցեք իմ տեղ,
    թող երկար ապրի, մի հարյուր տարի,
    իր բախտովն ապրի, իր թախտովն ապրի:
    Սեգ արծիվները ամեն կողմերի՝
    Արգունյան, Կյուրյան, Դարգինյան, Անտյան,
    Կումիխյան և այլ սարի արծիվներ,-
    նստել են ժայռին հլու-հպատակ
    ու կախել իրանց սեգ գլուխները,
    լսում արքայի խոսքերը վերջին:
    Արքա արծիվը շարժեց գլուխը
    և երեք անգամ ծանր բարևեց
    սեգ արծիվներին, ու արծվի նման
    թռավ գահիցը: Շրջաններ գործեց
    անդունդի վրա ու հետզհետե
    դեպի վեր, բա՜րձր, բա՜րձր ամպերը:
    Նրա հետևից երամ առ երամ,
    ինչպես մի անվերջ, երկարուն շղթա,
    բարձրացան արծիվ արծվի ետևից:
    Արքան սլացավ, մի վերջին թափով
    ճախրեց, սավառնեց և տխուր հայացք
    գցեց վերևից մերկ-մերկ ժայռերին,
    որոնց գագաթին՝ իր գահն է եղել:
    Մեծափառ սարը,- շքեղ Կազբեկը,
    պեծին էր տալիս, աչք շլացնում-
    խոր-խոր ձորերը, անտեր, անանուն,
    անտակ, անհատակ, անչափ և անհուն:
    Մի հետ էլ արքան գերվեց Կազբեկով.
    - Դու, հզոր Կազբեկ, դու մնաս բարով,
    և՛ դուք, իմ սարեր, սեգ արծվի սարեր,
    և՛ դուք, անհանգիստ գյուղական տներ՝
    դուք պետք է մնաք ձեր տեղը անշարժ,
    ես պետք է գնամ ձեզանից կարոտ:
    Ես սավառնում եմ, ճախրում ձեր գլխին,
    բայց իմ գլխին էլ՝ մահը սևադեմ...
    Ու արծիվ արքան մխվեց ու մնաց
    բարձր օդի մեջ, աչքը իր գահին,
    ու այն բարձունքից, թևերը ծալած,
    ծանր քարի պես ընկավ վերևից
    իր գահի վրա, ժայռի քարերին:
    Կարմիր արյունով ներկեց իր գահը.
    մարմինը ընկավ անտակ անդունդը,
    և փետուրները ցիր ու ցան եղան:
    Այդ է օրենքը հին-հին դարերի,
    սեգ արծիվների, արծիվ պապերի:

     

    3

     

    Մի աղմուկ, շփոթ բարձրացավ օդում,
    սարեր ու ձորեր արձագանք տվին,
    սեգ արծիվները կըղղացին վշտից
    ու իջան նորից պապական ժայռին,
    իջան, որ ընտրեն իրենց նոր արքա:
    - Ո՞ւմ պետք է նրանք թագավոր ընտրեն:
    - Ով որ ուժեղ է, ով որ հաղթական,
    ով որ այդ օրը մեծ որս է բերել:
    Այդ էր օրենքը անցած դարերի,
    սեգ արծիվների, արծիվ պապերի:
    Որսերը շատ են ու տեսակ-տեսակ,
    սարի այծյամներ, սիրուն ջեյրաններ,
    ճերմակ կարապներ. շեկլիկ փասյաններ,
    ջահել կխտարներ և նապաստակներ:
    Բայց դրանք ոչինչ. կա մի ուրիշ որս,
    դա ոչ այծյամ է, ոչ սարի ջեյրան,
    ոչ ջրի կարապ, աղվես, նապաստակ:
    Դա մի մանուկ է չորս-հինգ տարեկան.
    նրան բերել է Անտյան լեռներից
    մի ջահել, կարող, մի հզոր արծիվ:
    Մեջքը տվել է նա «Արծվի ժայռին»
    Ու թույլ կոներով հա՛ պաշտպանվում է,
    անձնատուր լինել նա չի ցանկանում:
    Հայացքը ազդու, մի մահ, մի սարսափ,
    սարսափ է ընկել արծիվների մեջ.
    նա մի կորյուն է, ասլան բալասի,
    իրանց սարերի նման վայրենի:
    Վերջապես ո՞ւմն են ընտրում թագավոր.
    - Ով որ հզոր է, ով որ հաղթական,
    ով որ այդ օրը մեծ որս է բերել:
    Այդպես էր կարգը հին-հին դարերի
    սեգ արծիվների, արծիվ պապերի:
    Արքա ընտրեցին մանկան բերողին
    Թեև մի եղնիկ մեծ էր մանուկից:
    - Մարդն է, ասացին, աշխարհի արքան,
    արքայի արքան՝ հզոր արծիվն է.
    մարդուն բերողը թող լինի արքա:
    Կեցցե մեր արքան, մեր արծիվ արքան,
    իր հարյուր տարին թող նա բոլորի,-
    կղղացին ժայռի սեգ արծիվները,
    մանկան բերողին ընտրեցին արքա:
    Եվ սեգ արծիվը բազմեց իր գահին
    Պետք է զոհվեին բոլոր որսերը,
    դարագլուխ էր և նոր ընտրություն.
    մարդու որդին էլ զոհերի մեջն էր,
    անբիծ արյունը հոտ պետք է բուրեր,
    սպասում էին՝ ինչ կասի արքան:
    - Իմ սեգ արծիվներ, թող Կազբեկ սարը
    հաստատուն մնա մեր գահի գլխին
    երբեք ու երբեք թշնամի մարդը
    մտքով էլ չհասնի արծվի թռիչքին,
    թող «Արծվի սարը» անսասան մնա,
    մարդը ի՞նչ է որ, թև-թռիչք չունի,
    գետնին է կպել, հայացքը ներքև,
    թող մարդու որդին, իմ բերած զոհը,
    իր աչքով տեսնի մեր սուրբ հանդեսը.
    զոհեցեք զոհեր, թող ալ արյունը
    խնկի պես ծխա մեր գահի շուրջը,
    ես էլ իմ զոհին վերջը կզոհեմ:
    Աչքերը փայլուն և նրա սիրտը
    կառնեմ ինձ բաժին, կկտցահարեմ.
    միսն ու արյունը, իմ սեգ արծիվներ,
    ձեզ «Արծվի գահից» համեցեք կանեմ:
    Դեհ, սկսեցեք... Դեռ խոսքը բերնում,
    հանկարծ օդի մեջ մի բան կայծակտեց,
    վզզաց սուր նետը, նետը կուրորեն
    եկավ արքայի լայն կուրծքը ծակեց
    վիրավոր արքան դես-դեն թպրտաց,
    երեք-չորս անգամ գցեց թևերը,
    որ նորից թռչի բարձր ամպերը,
    թռավ ու ընկավ արքան անդունդը
    ու իր խորհուրդը տարավ իրան հետ:
    Ո՞վ էր՝ սպանեց արծիվ արքային.
    դա մի որսորդ էր, այն մանկան հայրը,
    կրակ էր թափել նրա սրտի մեջ,
    իր սերը չըկար, իր սիրտը չըկար...
    Գազազած ելավ, առավ նետ-աղեղ.
    - Ո՞րտեղ ես, Կազբեկ, դիք-դիք ժայռերդ
    ձեռքով մագլցեմ... մինչև չըգտնեմ
    կորած կորյունս, չերևամ մորը:
    Ասավ որսորդն ու՝ դեպի Կազբեկ:
    Հայրական սերը չըգիտե արգելք,
    գտավ նա ճամփա, գտավ նա վերելք,
    գնաց ու հասավ էն «Արծվի ժայռին»,
    տըվեց-սպանեց արքան իր գահին:
    Սեգ արծիվներին ցիր ու ցան արավ,
    ազատեց մանկան, բերեց Կազբեկից:
    Այն օրվանից դես՝ այն էր ու այն էր,
    Էլ արծիվները չունեցան արքա.
    բայց «Արծվի ժայռը», ամպին հարևան՝
    շքեղ Կազբեկի գլխին կա ու կա:

     

    Կրիան - Աթաբեկ Խնկոյան

    Կրիան - Աթաբեկ Խնկոյան

    Նախորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: