Վերջին տասնամյակներում խոսքի զարգացման հապաղումը հանդիպում է յուրաքանչյուր չորրորդ երեխայի մոտ: Ծնողը, երբ նկատում է խոսքի ուշացում, պետք է դիմի համալիր ախտորոշման, որն իր մեջ պարտադիր ներառում է նյարդաբանի, հոգեբանի, լոգոպեդի ախտորոշումը: Խոսքի զարգացման հապաղման պատճառները տարաբնույթ են՝ նյարդային համակարգի, լսողության, մտածողության խանգարումներ, ներարգանդային զարգացման ընթացքում անբարենպաստ ազդեցությունները, վաղաժամ ծննդաբերություն, ասֆիքսիա, ժառանգականության գործոն, մանկավարժական բաձիթողի վիճակ, հաճախ պայմանավորված է նաև հոգեշարժողական ոլորտի զարգացմամբ, այսինքն, երբ է երեխան պահել գլուխը, նստել, քայլել:
Եթե երեխան 1,5 տարեկանում չի արձագանքում իր անվանն և շրջապատող առարկաների անվանն, ապա 2 տարեկանում չի փորձի կրկնել բառերը, իսկ եթե 2,5 տարեկանում չի ասում բառակապակցություններ, 3 տարեկանում պարզ նախադասություններ, ապա այստեղ անհանգստանալու կարիք կա:
Երեխայի խոսքի զարգացման հապաղումն առավել շատ հանդիպում է այն ընտանիքներում, որտեղ ծնողները հաճախակի վիճում են կամ ունեն հոգեբանական խնդիրներ և միանշանակ առկա է հուզական անլիարժեքություն: Այս ամենն անմիջականորեն իր անդրադարձն է ունենում երեխայի հոգեկանի և խոսքի զարգացման գործընթացի վրա, այդ իսկ պատճառով առաջարկում եմ մի քանի մոտեցումներ, որոնք կօգնեն ծնողին որոշ չափով կանխել երեխայի խոսքի զարգացման հապաղումը:
- Երեխայի մոտ պետք է զարգացնել ոչ միայն բառերի անվանումները, այլև նրանց նշանակությունը։
- Երեխային պետք չէ ծանրաբեռնել ինֆորմացիայով, քանի որ այդ դեպքում կարող է խառնել և արդյունքում ոչինչ չհիշել, իսկ վատթարագույն դեպքում կարող է նորի հանդեպ հետաքրքրության ցանկություն չառաջանա։
- Ինֆորմացիայի մտապահման համար սկզբնական շրջանում պետք է խոսել այն առարկաների, գործողությունների, երևույթների և իրավիճակների մասին, որոնց հետ նա մշտապես բախվում է։
- Երեխայի մոտ պետք է ձևավորել առարկայական բառապաշար, որն իր մեջ ներառում է մարմնի մասեր, կահույք, միրգ և բանջարեղեն, կենդանիներ, բայական բառապաշար՝ նստել, գնալ, վազել, մաքրել, կարդալ։
- Խոսքի զարգացմանն օգնում են խաղալիքները, գտեք ժամանակ խաղալու ձեր աղջիկների հետ տիկնիկներով, իսկ տղաների հետ՝ զինվորներով և հետևեք, թե ինչ է երեխան խոսում խաղալիքի հետ և դուք կիմանաք ձեր արտահայտությունների, ինտոնացիայի, ժեստերի, խոսելաձևի մասին, քանի որ երեխայի խաղում այն անմիջապես դրսևորվում է։
Կազմակերպեք երեխայի համար շփում այլ երեխաների հետ։ Սկզբնական շրջանում երեխան կուսումնասիրի, թե ինչպես են խաղում մնացած երեխաները, իսկ հետո արդեն կընդգրկվի գործընթացի մեջ։
Երեխաների համար կարդացեք հեքիաթներ, անկախ ամեն ինչից՝ իրենք ձեզ լսում են, և երբեք մի հուսահատվեք, այդ ամենը կվերադարձնեն ձեզ:
Հեղինակ՝ Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոնի հոգեբան, լոգոպեդ Մարինե Հարությունյանը
Մեկնաբանել