- Բարև Ձեզ, պարոն Թևան։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու ու մեր հարցազրույցների շարքին միանալու համար։ Ըստ մեր ձևաչափի, սկսենք խոսել Ձեր մանկությունից։ Ինչպիսի՞ միջավայրում եք մեծացել, և ի՞նչ արժեքներ են ձևավորվել Ձեր մանկության տարիներին։

-  Արցախյան մանկություն, պապիկներ, տատիկներ, ծնողներ, բարեկամներ, փողոց, գյուղ, ջերմություն... արժեքներն էլ՝ ընտանիք, հարազատներ, հայրենիք։

 

- Ինչպե՞ս ընտրեցիք Ձեր մասնագիտական ուղին։ 

- Երևի առաջին երազանքս Արցախում համակարգչային տեխնոլոգիաներով հագեցած ֆերմա հիմնելն էր, դրա համար էլ մասնագիտության ընտրությունս ավտոմատացված համակարգերի կառավարում սովորելն էր։ Հետո սկսվեց արցախյան առաջին պատերազմը, և դրա հետևանքով կարիք առաջացավ պայքարել նաև դիվանագիտական դաշտում։ Ընդունվեցի Ամերիկյան համալսարանի «Միջազգաին հարաբերություներ և քաղաքագիտություն» ծրագրում, որն ավարտելուց հետո դարձա Արցախի առաջին ներկայացուցիչը ԱՄՆ-ում։ 2004 թ.-ից սկսեցի զբաղվել իմ հոբբիով՝ գինեգործությամբ, մինչև 2021թ.-ից այն դարձավ հիմնական զբաղմունքս։

Tevan-Poghosyan-harcazruyc-hoonch.am1.jpg

-  Ինչպե՞ս ծնվեց MOONQ Wines ստեղծելու գաղափարը։ Ինչո՞ւ հենց գինեգործություն, և ինչով է այն Ձեզ համար առանձնահատուկ։

- 2004թ.-ին ծնվեց մեր չորրորդ աղջիկը՝ Ադրինեն։ Չեմ կարող ասել, թե ինչու, երևի աստվածային ինչ-որ բան կար այդ իրադարձության մեջ։ Շնորհավորական միջոցառումներից մեկի ժամանակ մի մարդ է միանում և պատմում, որ եկել են, իր խաղողը գնել են, բայց 180 կիլոգրամ դեռևս մնում է։ Ես էլ ասում եմ, որ դա էլ ես եմ վերցնում, որ գինի պատրաստեմ։ Գինին պատրաստեցի այնպես, ինչպես պապիկս՝ Թևան Դեդոն, էր սովորեցրել։

Այնպիսի տարբերվող գինի էր ստացվել, որ հաջորդ տարվանից սկսած ամեն տարի արդեն գնում էի այդ մարդու մոտ խաղող գնելու ու պատրաստելու մեր ընտանեկան ամանորյա նվերը՝ իմ ձեռքով պատրաստված 100 շիշ «Ադրինե» գինի ընկերների ու բարեկամների համար։ Ու այդպես՝ 18 տարի շարունակ։ Գինեգործությունը դարձավ իմ հոբբին, որի արդյունքում ստեղծվում էր նաև մեր ընտանեկան ամանորյա նվերը։ Իսկ 2020թ.-ից հետո կյանքն այնպիսի իրավիճակ ստեղծեց, որ ընտրեցի գինեգործությունը որպես հիմնական զբաղմունք։ Այդտեղ ես եմ և իմ ստեղծագործությունը, այդպես ավելի ազնիվ էր։

Այսպիսով, 2021թ.-ին ծնվեց ՄՈՒՆՔ/MOONQ-ը։

Tevan-Poghosyan-Adrine-w_gini-harcazruyc-hoonch.am.jpeg

- Ի՞նչ դժվարություններ եք ունեցել բրենդի ստեղծման առաջին փուլում։

- Մի «աշխարհից» անցնում ես այլ «աշխարհ»։ Բայց երբ երազանք ունես, դրա ճանապարհին դժվարություն բառն անիմաստ է. կան խնդիրներ, որոնք պետք է հաղթահարես և անցնես առաջ՝ սովորելով, պայքարելով, հետևողական լինելով։ Այդպես է հայրս դաստիարակել ինձ։

Դե, հաշվի առնելով, որ 18 տարի միայն նվիրել եմ գինիները, ապա այս վերջին 5 տարիների ընթացքում ամենամեծ խնդիրը դրանք նվիրելու փոխարեն վաճառելն էր առկա շուկայական «ավանդույթների» պայմաններում, բայց դե դա էլ էր պետք հաղթահարել, որով և հիմա զբաղվում եմ։ 

 

- Ինչպե՞ս եք համադրում ավանդույթն ու նորարարությունը MOONQ Wines-ում։

- Մեր փոքրիկ ընտանեկան գործարանում ամենն անում եմ իմ ձեռքով։ Հաշվի առնելով, որ արդի շուկայում միակն եմ, ով աշխատում եմ հայկական Նռնենի խաղողի սորտի հետ, իսկ Նռնենի դաշտը 0.5 հեկտար է ընդամենը։ Այգու այդ փոքրիկ լինելը տույլ է տալիս բերքից տարեկան պատրաստել 1000 շիշ 100% Նռնենի, իսկ մի մասն էլ օգտագործել ՄՈՒՆՔ խարնորդի՝ Արենի-Խնդողնի-Նռնենի սորտերից, կամ ՄՈՒՆՔ Նռնենի մուգ վարդագույն և ՄՈՒՆՔ Նռնենի Ռեզեռվի։

Գործընթացի հիմքում ընկած քայլերն ավանդույթից են գալիս, իսկ ժամանակակից սարքավորումներն արդեն նորարարության մասին են վկայում։ Ամեն օր սովորում եմ, տեղեկանում նոր սարքավորումների մասին, բայց գինու այն քանակի դեպքում, որը ես եմ արտադրում, հաճախ ժամանակակից վերջին սարքավորումների կարիքն էլ այդքան չկա։ Դրանք հիմնականում գինու մեծ գործարանների համար են նախատեսված։

Ես ունեմ ընդամենը երկու էլեկտրական սարքավորում՝ խաղողի ջարդիչ-չամչահանիչ և պոմպ։ Նույնիսկ պրեսը հիդրավլիկ է։ Յուրաքանչյուր գինու շիշ իմ ձեռքերում հայտնվում է մոտ 30 անգամ մինչ հասնում է հաճախորդին։ Բայց այս անենն ունի մի այլ կողմ ևս. ես իսկապես ամբողջական սեր, հոգի և կյանք եմ դնում գինու ամեն շշի մեջ։  

Tevan-Poghosyan-harcazruyc-hoonch.am.JPG

- Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում ձախողումներին՝ որպես գործարար։

- Ինչպես դաս։ Ցանկացած ձախողում իր մեջ պարփակված զարգացման հնարավորություն ունի։ Ձախողման համար էլ հաճախ հենց դու ես պատասխանատու՝ մի բան վատ ես սովորել, կիսատ ես արել գործը, լավ չես ուսումնասիրել, սխալվել ես, լսելով ինչ-որ մեկի խորհուրդը, ոչ ճշգրիտ հաշվարկ ես արել...

Այս ամենի մեղավորը հենց դու ես, և եթե ցանկանում ես այն չկրկնել, ուրեմն պետք է քո մտածելակերպը կամ վարքը փոխես, որ նույնը չանես կամ նույն վատ արդյունքը չստացվի։ Իսկ մտածելակերպը կարող է փոխվել միայն եթե գիտելիքդ ավելանա, մոտեցումներդ վերանայես և նոր հմտություններ ձևավորես։ Այնպես որ, ձախողումը դաս է, որից սովորում ես, որ հաջորդ անգամ այլ ձևով անես՝ հուսալով, որ եթե դասը լավ ես սովորել, ապա հաջողություն կունենաս։

 

- Ո՞րն է Ձեր մոտիվացիայի գաղտնիքը։

- Երազանքը․․․ Հենց առաջին քայլն ես անում հասնելու երազանքիդ, այն վերածվում է նպատակի։ Բայց այդ քայլն անելու մոտիվացիան հենց երազանքն է։

Tevan-Poghosyan-harcazruyc-hoonch.am2.jpg

- Սովորաբար մեր օրերում մարդիկ անգամ 2 երեխա են դժվարանում ունենալ ))  Իսկ Դուք 5 երեխայի հայր եք։ Ինչ դժվարություններ ու հակառակը՝ առավելություններ կան բազմազավակ ընտանիքներում։ 

- Գայանեն և ես միշտ ցանկացել ենք ունենալ մեծ ընտանիք, նույնիսկ պայմանվորվել էինք, որ 13 երեխա պետք է ունենք, բայց 5-ն են՝ Աստծո օրհնությամբ։ Հուսամ, մեր բալիկները ավելի շատ թոռնիկներ կպարգևեն մեզ։ Երեխաների շատն ու քիչը չի լինում, գլխավորը՝ լինեն առողջ, և կարողանաս իրենց բարի ու լավ մարդ դաստիարակես։ Իսկ իրենք մնացածն ինքնուրույն կանեն։ 

Ունեցել ենք և՛ օբյեկտիվ, և՛ իրավիճակային դժվարություններ։ Երևի իմաստ էլ չկա պատմել դրանց մասին, դրանք բոլորն անցողիկ են, իսկ բազմազավակ ընտանիքի առավելությունը փոխադարձ սիրելու ավելի մեծ հնարավորությունն է։ Մեկ մարդու համար, բնականաբար, ավելի դժվար է հաղթահարել կյանքի դժվարությունը, իսկ երբ կա 5 մարդ, որոնք միմյանց ցավը կամ խնդիրը հասկանում են, ապա դրանք ավելի արագ ու հանգիստ կարելի է հաղթահարել։ Աստված տա, որ ցանկացած հայկական ընտանիք լինի բազմազավակ։ Արդյունքում մենք ավելի հզոր կլինենք։  

 

- Ձեր երեխաներին ի՞նչ արժեքներ եք ամենաշատը փորձում փոխանցել Ձեր օրինակով։

- Այն, ինչ ինքս եմ տեսել։ Ինչպես ամենասկզբում նշել եմ՝ արցախյան մանկությանս ժամանակ ձևավորված արժեքները՝ սեր, ամրություն, հայրենասիրություն, երազանքի հետևից գնալու հավատ։  

Tevan-Poghosyan-harcazruyc-hoonch.am3.jpg

- Ի՞նչ խորհուրդ կտաք մարդկանց, ովքեր ուզում են ստեղծել իրենց բրենդը Հայաստանում՝ առանց վախենալու փոքր շուկայից։

- Երազե՛ք, կատարե՛ք առաջին քայլը և գնացե՛ք ձեր նպատակի հետևից։ Հայաստանում կան շատ արտակարգ օրինակներ, և վստահ եմ, որ ցանկության դեպքում հենց այդ օրինակները կարող են լինել վարակիչ և ուսանելի։ Չհանձնվե՛ք, աշխարհում չկա անհնարինը։ 

 

- Շնորհակալություն հրավերը ընդունելու համար, սրտանց մաղթում եմ մեծ հաջողություններ, նորանոր շուկաներ, ինչու չէ, ավելի մեծ տեսականիներ ու արտադրական հոսքեր․․․ 

Սիրով hoonch.am թիմ՝

Հարցազրույցը պատրաստեց՝ Աննա Տեր-Հովհաննիսյանը

Թևան Պողոսյան, ճարտարագետ սիստեմատեխնիկ, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների փորձագետ/մագիստրոս, գինեգործ