• 11 դեկտեմբեր, 2024
     Գոհար Հարությունյան, Միսս Հայաստան 1998, Միսս ԱՊՀ 1999, Միսսիս Գլոբ 2010

    Գոհար Հարությունյան, Միսս Հայաստան 1998, Միսս ԱՊՀ 1999, Միսսիս Գլոբ 2010

    Մեր ժամանակ ընդունված էին գեղեցկության մրցույթները, նրանք շատ բարձր վարկանիշ ունեին, տարվա իրադարձություն էր, ու ես որոշեցի մասնակցեմ․․․

    Gohar Harutyunayan, Гоар Арутюнян, Գոհար Հարությունյան

    Այս անգամ սիրով հյուրընկալել ենք "Միսս Արմենիա" համահայկական մշակութային հիմնադրամի նախագահ, "Միսս Տիեզերք" և "Միսս Աշխարհ" մրցույթների ազգային տնօրեն Գոհար Հարությունյանին։


    - Բարև Ձեզ սիրելի Գոհար, մի քիչ պատմեք Ձեր մասին, ինչպես հայտնվեցիք մեր օրերի ամենագեղեցիկ ոլորտում․․․

    - Բարև Ձեզ, ծնվել եմ Սովետական Միության ժամանակ, հաճախել և ավարտել եմ ռուսական դպրոց։ Կյանքը շատ ձանձրալի էր համեմատած մեր օրերին․ չկար համացանց, չկար հոսանք, ջուր․․․ ամեն ինչը սահմանափակ էր ու երբ քաղաքում որևէ իրադարձություն էր լինում, մարդիկ համախմբվում էին, ուրախանում․․․
    Այդ ժամանակ ես որոշեցի մասնակցել գեղեցկության մրցույթի ու կյանքս 180 աստիճան փոխվեց․․․
    Հաղթանականեր, ծանոթություններ, ճանապարհորդություններ, հարգանք․․․ 
    Ես, առ այսօր, շատ մեծ հարգանք ու սեր եմ վայելում մեր ժողովրդի կողմից․․․
    Ինքս շատ ավանդապաշտ եմ իմ բնույթով, ապրում եմ հասարակական նորմերին համապատասխան, երևի դա է պատճառը։ 
    Գեղեցկության մրցույթների ոլորտում քիչ ներդրում չեմ ունեցել, երկու միջազգային մրցույթների հաղթանակներ եմ բերել, հիմա էլ շարունակում եմ երիտասարդ աղջիկներին տալ հնարավորություն անցնելու իմ ճանապարհը, և անձնական աճ գրանցել․․․

    Գոհար Հարությունյան, Միսս Հայաստան 1998, Միսս ԱՊՀ 1999, Միսսիս Գլոբ 2010

    - Կրթություն, աշխատանք, ամուսնություն․․․ Որ տարիքում եք ամուսնացել Գոհար ջան, ինչպես գիտենք, Դուք պլանավորել էիք ունենալ շատ երեխաներ․․․ 
    - Ամերիկայում աշխատել եմ 5 տարի որպես մոդել, սովորել և բարձր գնահատականներով ավարտել եմ Կալիֆորնիայի Պոմոնա քաղաքի պետական ՊոլիտեխնիկՀամալսարանի «Միջազգային բիզնես/Մարքեթինգ» բաժինը։
    Երբ վերադարձա Հայաստան, այստեղ բավականին մեծ էր մարքեթինգի մասնագետների պահանջարկը։ Բայց Հայաստանում իմ աշխատանքային կարերիան կարճ տևեց, քանի որ ամուսնացա և տեղափոխվեցի Մոսկվա։ 
    Ամուսնացել եմ 27 տարեկանում, երբ արդեն ավարտել էի և մրցույթների, և մոդելային կարիերան։
    Մեր ընտանիքում ի սկզբանե դրվել է, որ մենք ունենալու ենք 5-7 երեխա, առանց մտածելու բարդությունների մասին։
    Շատ դժվարությունների միջով ենք անցել, բայց երբեք չեմ մտածել կանգ առնել ու չհասնել իմ երազանքներին․․․
    Gohar Harutyunyan- Ունենալ, մեծացնել 5 երեխա․․․ մի քիչ խոսենք մայրիկի դժվարությունների մասին․․․
    - Մեր ամուսնության առաջին տարվա ընթացքում արդեն ծնվեցին իմ 2 աղջիկները։ Ուղիղ 1 տարի է իրենց տարիքային տարբերությունը։ Մելինեն իմ առաջնեկը և Բիայնան, երկու քույրիկ․․․ շատ ծանր էր, շատ տարբեր ժամային գրաֆիկ ունեին, իրար արթնացնում էին, իրենց սնունդը, զբոսանքը․․․ 
    Նշեմ, մեր հասարակության, ընտանեկան ճնշումների հետևանքով պետք էր ունենալ նաև տղա երեխա, գերխնդիր էր դրված իմ առջև, ու ես մոտ 3 տարի տարված էի այդ հաշվարկներով, մտահոգությունով, թե չէ ես 5 երեխաներով դժվար սահմանափակվեմ, պետք էր այնքան ունենալ, որ գոնե 2 տղա լինի․․․
    Շատ ափսոսում եմ այդ ժամանակները, լարվածությունները, և բոլոր երիտասարդ կանանց խորհուրդ կտամ, չֆիքսվել դրա վրա, երբևիցէ չմտածել ինչ-որ մեկին բավարարել, միայն մտածեք, որ երեխան պետք է լինի երջանիկ աստղի տակ ծնված, առողջ․․․ 
    Կապ չունի աղջիկ թե տղա, կան կանայք, որ ունեն տղաներ, ու տարված են աղջիկ ունենալու մտահոգությամբ․․․ պետք է ուղակի մտածել, որ ավելի կարևոր բաներ կան, քան երեխայի սեռը․․․
    Ես ինքս արել եմ այդ սխալը, և խորհուրդ կտամ բոլորին, որ այդքան չտանջվեն․․․ Ինձ ոչ ոք չի ասել, որ հանգիստ թողնեմ․․․
    Gohar Harutyunyan Family- Ինչպես եք զբաղվում 5 երեխաների դաստիարակությամբ։ 
    - Մեր ընտանիքում մի քիչ բաժանված է դաստիարակության պահը, ես ավելի լավ գիտեմ, ոնց մեծացնեմ աղջիկ երեխաներին, իսկ տղաների դեպքում չգիտեմ, որն է ճիշտ, որն է սխալ, վտանգները, բարդությունները․․․ Ու մինչ կկողմնորոշվեմ, նրանցով զբաղվում է հայրիկը։
    Մեր ընտանիքը նման չէ ավանդական հայ ընտանիքներին, որտեղ աղջիկներին որպես ծառա են մեծացնում՝ հնազանդ, ենթարկվող․․․ Ընդհակառակը, ես աղջիկներիս միշտ ասում եմ, կյանքում ինչ էլ լինի, պետք է լինեք ուժեղ, ունենաք կարիերա, լինեք կայացած ու ոչ մեկի վրա հույս չդնեք․․․ Հատկապես այս տարիքում մոտիվացիան շատ կարևոր է․․․
    2013 թվականին ծնվեց իմ տղան, Մենուան։ Նա ամենաբարդ երեխան էր՝ իր առողջական խնդիրներով․ 8 ամսականից ասթմա, կրուպ, թոքաբորբ․․․ Մենուասմեծացավ հիվանդանոցներում․․․
    Այդ ժամանակ, իմ կյանքի ամենաբարդ փուլում, ես որոշել էի, որ իմ երազանքներին չեմ կարող այլևս հավատարիմ մնալ, սակայն ամուսինս պնդում էր, հիշեցնում, որ ես խոստացել եմ ի սկզբանե, որ պետք է շատ երեխաներ ունենանք․․․ ու չնայած բոլորը ասում էին, ունենք 2 աղջիկ, 1 տղա, ու նրանց պետք է մեծացնել, հասցնել իրենց նպատակներին․․․ ու ամեն ինչ տանում էր նրան, որ պետք էր կանգ առնել․․․
    Բայց ես ունեմ բնավորության մի գիծ, որ կյանքում իմ նախապես դրված նպատակներից հետ չեմ կանգնում, ու եթե որոշել եմ 5, ուրեմն պետք է ունենամ 5 երեխա։ Բարեբախտաբար վերջին հիղությունս զույգ էր ))
    Նշեմ, որ հղիության առաջին ամսում իմ բոլոր անհանգստությունները, հիվանդությունները, որոնք մտահոգեցնում էին բժիշկներին, անցան։
    Ես ավելի շատ առողջացա վերջին հղիության ժամանակ, տղաս էլ, Մենուան՝ առողջացավ, անցան նրա բոլոր հիվանդությունները․․․
    Մեր զույգ երեխաները մեր ընտանիքին ամբողջությամբ բերեցին բալանսի։ Ու հիմա ես հասկանում եմ, որքան ճիշտ էր, որ ես այդ քայլը արեցի, գնացի ռիսկի, ունեցա իմ երեխաներին․․․ 

    - Աշխատանք, մեծ ընտանիք․․․ ինչպես եք կարողանում համադրել․․․
    - Ես սկսեցի կազմակերպել գեղեցկության մրցույթ, երբ հղի էի զույգ երեխաներով։ Տոքսիկոզի փուլում ես գնում էի Մշակույթի նախարարություն, չգիտեի ընթացքում ինչ կլինի իմ հետ, ինչքան կվատանամ, բայց սկսել էի․․․ Շատ բարդ ոլորտ էր, քանի որ մարդիկ կային, որոնք սկսեցին խոչընդոտներ ստեղծել, անգամ դատական գործ հարուցվեց, թշնամություն և այլն․․․ Հղիությունս անցել է այդ ամենի միջով, բայց երազանքով, նպատակասլացությամբ, որ ես պետք է վերականգնեմ գեղեցկության մրցույթների ոլորտը Հայաստանում։

    - Ինչո՞ւ որոշեցիք նորից վերադառնալ գեղեցկության ոլորտ։ 
    - Ամենակարևորը իմ համար 2 կետ էր․ միջազգային ամենամեծ հարթակներում ներկայացնել Հայաստանը, որպես երկրի գովազդ, և երկրորդը, աղջիկներին տալ հնարավորություն անցնել իմ ճանապարհը, գրանցել հաջողություններ, որովհետև եթե չլինեին իմ ժամանկվա կազմակերպիչները, ես այս կյանքը չէի ունենա․․․ 
    Առ այսօր կան դժվարություններ, չնայած մեծ վերելք ունենք, բայց ընկալումը քիչ է փոխվել։ Գեղեցկության մրցույթները այնքան են հեղինակազրկվել այլ կազմակերպիչների կողմից, որ չնայած արվել է ամեն ինչ, դեռևս չի վերականգնվում հարգանքը այս ոլորտի նկատմամբ․․․ 
    Այժմ ամեն տարի տեսնում եմ իմ գեղեցկուհիների հաջողությունները․ մեկը ստանում է վիզա ու գնում իր երազանքի ետևից, մյուսը հայտնի է դառնում․․․
    Ես տեսնում եմ, որ ճակատագրեր են փոխվում և դա ինձ գերհաճույք է պատճառում։ 
    Եվ երբ մեծ բեմահարթակներում միլիոնավոր, միլիարդավոր հանդիսատեսի մոտ հնչում է մեր երկրի անունը, դա հպարտության զգացողություններ է առաջացնում։ 
    Նաև սփյուռքի հայուհիներն են գալիս, միանում մեր աղջիկներին և ապրում անմոռանալի օրեր։ 
    Gohar Harutyunyan, Kristina Ayanian, Marika Tunyan, Marina Karapetyan, vika_baloyan- Մի քիչ խոսենք գեղեցկության մրցույթների մասին, ի՞նչ  տարբերություն մրցույթների միջև։
    - Մենք ամբողջությամբ առաջնորդվում ենք միջազգային մրցույթների չափանիշներով, աշխատում ենք 2 մեծագույն բրենդների հետ՝ «Միսս աշխարհ», «Միսս տիեզերք»։ Ամեն մրցույթ ունի իր թեմատիկան, չափանիշները, միայն ֆիքսված է տարիքն ու ընտանեկան կարգավիճակը․ «Միսս աշխարհ» մրցույթում տարիքը 17-26 է,  իսկ «Միսս տիեզերք» մրցույթում տարիքը 18-28 է, վերջինում պարտադիր է, որ մասնակիցը լինի տվյալ երկրի ռեզիդենտը՝ մշտական բնակիչը։
    Կարգախոսներով էլ են տարբեր այս մրցույթները․ «Միսս աշխարհը» ավելի բարեգործական է, ընտրվում են այն աղջիկները, որոնք բարեգործությամբ են զբաղվում, հիմնադրամ ունեն։ Շատ չեն նայում արտաքին տեսքին, չնայած բազա պետք է լինի, բայց ավելի հանգիստ է, հաշվի է առնվում մասնակիցը ինչ է արել իր կյանքում, ինչպես է հաղթահարել դժվարությունները։
    «Միսս տիեզերքը» ամբողջ աշխարհի կանանց հզորացնելու թեմայով է, այստեղ մասնակցում են ամենաուժեղ, ինքնավստահ կանայք, ովքեր անցել են բազմաթիվ գեղեցկության մրցույթներ, ունեն կենսափորձ, ասելիք․․․ Այստեղ կարևոր է նաև արտաքին տվյալները, մրցույթը ունի նաև լողազգեստի փուլ, որտեղ ոչ թե ցույց են տալիս մարմինը, այլ ֆիթնես հաջողությունը, իրենց առողջ ապրելակերպի գաղտնիքներն են բացահայտում։ 
    «Միսս տիեզերքին» միայն ուղիղ եթերով հետևում են 500 միլիոն մարդ, ավելի քան 190երկրներում, չհաշված սոցիալական մեդիան հազարավոր կայքերով․․․ որի ընթացքում բոլոր աղջիկներին լուսաբանում են իրենց երկրներով հանդերձ։ 
    Անելիքներ շատ ունենք, շատ բարդ մրցույթներ են։ Այստեղ հավաքվում են աշխարհի ամենաուժեղ աղջիկները, պատրաստված, ու 20-յակի մեջ այն երկրների աղջիկներն են մտնում, որտեղ գեղեցկության մրցույթները բարձր հեղինակություն ունեն։ Այդ փաստին շատ մեծ ուշադրություն են դարձնում մրցույթի կազմակերպիչները, պետք է տիտղոսը տան այն մասնակցին, ում երկրում իրենց բրենդը շատ բարձր է գնահատվում։ 

    - Ինչ պետք է իմանալ ազգային մրցույթ գալուց առաջ։ 
    - Աղջիկները ազգային մրցույթ գալուց առաջ պետք է ուսումնասիրեն այս մրցույթները, հասկանան, որին են համապատասխանում, և ինչպես պետք է նախապատրաստվեն, մրցունակ լինեն։
    Իմ աղջիկները շատ-շատ են տանջվել, պայքարել, որ կարողանան կարճ ժամկետներում հասնել այդ պահանջներին։ Բայց պետք է տարիներ առաջ սկսել․ և ֆիթնեսը, և անգլերեն լեզուն․․․
    Աղջիկները պետք է կարողանան անգլերենով անկաշկանդ արտահայտել իրենց մտքերը, ծանոթ լինեն ինտերվյու-քոուչինգին, մրցույթային հարց-պատասխանին։ Մենք տալիս ենք ուղեցույցը, բայց քչերն են, որ պատրաստ են այդքան աշխատեն իրենց վրա։ 
    Կա կարծիք, որ «չեք կարողանում տեղ գրավել, մի մասնակցեք»։ Ես դրան շատ դեմ եմ, որովհետև երկրների համար մեծ պատիվ է այդ մրցույթներում մասնակից լինելը, և ասեմ, որ ոչ բոլոր երկրներին է տրվում լիցենզիան, ու փոքր երկրները ձգտնում են ուղղակի մասնակցել ու գովազդել իրենց երկիրը։
    Սովորաբար մասնակիցներին աջակցում է և պետությունը, և տուրիզմի և մշակույթի նախարարությունը, քանի որ նրանց համար կարևոր է երկիրը գեղեցիկ ու պատվով ներկայացնելը։ 
    Սկզբնական շրջանում ունեինք աջակցություն, բայց հիմա չունենք։
    Գոհար Հարությունյան՝ - Կին, ով ունեցել է 5 երեխա, ինչպես է կարողանում պահպանել սլացիկ ու գեղեցիկ կազմվածք։ 

    - Կա ինչ որ կա, առանձնապես ոչինչ չեմ անում, կարծում եմ, որ ամեն մարդ պետք է խաղաղություն գտնի իր արտաքինի հետ, կարևորը միտքն է, պետք է կարողանալ տեսնել սեփական առավելությունները, գեղեցկությունը։ Ամեն մարդ կարող է իր լավ տեսակը լինել, և բնավորությամբ, և արտաքինով․․․ 

    - Գոհար ջան, շատ շնորհակալ ենք նման հետաքրքիր, անկեղծ հարցազրույցի համար։ Մաղթում ենք Ձեզ բազում գեղեցիկ հաղթանակներ, նաև շնորհակալ ենք, մեր երկրի ներկայացման համար Ձեր կատարած աշխատանքների համար․․․ 

    Անսպառ էներգիա, խորհուրդներ Անուշ Ափիկյանից - հարցազրույց

    Անսպառ էներգիա, խորհուրդներ Անուշ Ափիկյանից - հարցազրույց

    Նախորդը

    Սուսաննա Հայրապետյան, HBC մարքեթինգային ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն

    Սուսաննա Հայրապետյան, HBC մարքեթինգային ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն

    Հաջորդը

    Մեկնաբանել