- Ողջույն Քրիստինա։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու և Ձեր պատմությամբ մեզ հետ կիսվելու համար։ Ինչպիսի՞ն էր Ձեր մանկությունը, արդյո՞ք փոքր տարիքից սիրում էիք կարգուկանոն և թվեր։

- Ողջույն Աննա ջան, ես եմ շնորհակալ հրավերի համար և հուսամ հետաքրքիր զրույց կստացվի: Հետաքրքիր է, հիմա վերհիշեցի, որ մանկուց ամեն ինչ սիրել եմ կոկիկ հավաքել, դասավորել ու ամենակարևորը պահել: Մինչև հիմա էլ շատ դժվար եմ որևէ իրից բաժանվում: Դպրոցական օրագրերս, հուշատետրերս մինչև վերջերս դեռ պահում էի, հետո հասկացա, որ հիշողություններից պետք է ազատվել, որ նորը գա ու այդպես էլ եղավ: 

Հաշվապահության մեջ պետք է շատ ուշադիր հավաքել բոլոր ծախսերը հիմնավորող փաստաթղթերը և պահպանել:

Kristina-Sahakyan-hoonch-hashvapah.jpeg

- Ինչպե՞ս ընտրեցիք Ձեր մասնագիտությունը, դա Ձեր ընտրությո՞ւնն էր, թե՞ ընտանիքի կամ միջավայրի ազդեցությունը։

- Աննա ջան, եթե թույլ տաք, մի քիչ ավելի հեռու գնամ ու պատմեմ առաջին մասնագիտությանս մասին: Վստահ եմ, շատ ընթերցողների համար դա մոտիվացիա կլինի երբեք չհանձնվելու և իրենց երազանքի հետևից գնալու համար: Պատանեկության տարիներս համընկան Հայաստանի անկախացման բարդ ու դժվար ժամանակների հետ: Միակ մարտահրավերը գոյատևելն էր, իսկ երբ արդեն հասավ մասնագիտություն ընտրելու պահը, պարզ էր, որ ընտանիքս չուներ բավարար միջոց կրկնուսույցի մոտ պարապելու: 

Ավարտել եմ Երևանի թիվ 139 անգլիական թեքումով միջնակարգ դպրոցը, և անգլերենն իմ համար օդ ու ջրի պես մի բան էր դարձել ու երազում էի թարգմանիչ դառնալ: Սկսեցի անգլերենն ինքնուրույն պարապել իսկ հայերենը` հորաքրոջս հետ: Դիմեցի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան, ընդունվեցի, բայց քանի որ կոնկուրսը բարձր էր անցա վճարովի և կյանքիս ամենաբարդ որոշումը կայացրի` հետ վերցնել գործերս և փորձել հաջորդ տարի: Եվ էտպես 3 տարի փորձել եմ, անցել վճարովի ու հետ վերցրել դիմումս: 

Միաժամանակ, հենց առաջին տարին իմ ստացած միավորներով Հայաստանի պետական ճարտարապետական համալսարանում բացվել էր տեխնիկական թարգմանչության բաժին, 4 տարով և տալիս էին բակալավրի աստիճան, դիմել և անցել էի, բայց պարզ էր, որ էն ոգևորությամբ չէի հաճախում դասերին, քանի որ միակ նպատակս Բրյուսով ընդունվելն էր: Եվ ես ամեն տարի ուսումնական տարվա վերջին արագացված հանձնում էի քննություններս, երկրից բացակայելու պատրվակով, ու սկսում պատրաստվել պետական ընդունելության քննություններին: Ի դեպ հայերենս 3 տարի շարունակ 20 բալ եմ ստացել: 

Բայց եկավ մի պահ, որ սկսեցի գնահատել Պոլիտեխնիկի դասավանդման մեթոդները, հրաշալի դասախոսական կազմը և միտքս մի պահ պայծառացավ, իսկ եթե ես Բրյուսովում չստանամ էն ինչ էստեղ են տալիս, արդյո՞ք իմ հիասթափությունն ավելի մեծ չի լինի: Էտպես հրաժարվեցի 4-րդ տարին ընդունվելու մտքից, ստացա տեխնիկական թարգմանչի դիպլոմս և գեթ 1 օր չաշխատեցի իմ մասնագիտությամբ, քանի որ բարդ տարիներ էին, աշխատանք գտնելն էր բարդ, եթե չասեմ` անհնարին… ծանոթ-բարեկան կապերը գերիշխում էին:

26 տարեկանում որոշում կայացրի մագիստրատուրա սովորել: Մտածում էի Ամերիկյան համալսարանի քաղաքագիտության բաժինն ընդունվել, բայց էստեղ էլ նորից խնդիր կար, աշխատանքի հետ համատեղելն անհնարին էր: Այդ տարիներին տանն ինտերնետ և համակարգիչ ունենալն անհասանելի էր: Դու պիտի ամբողջ օրն անցկացնեիր համալսարանի գրադարանում դասերը պատրաստելու, բարձր առաջադիմություն ապահովելու համար, իսկ ինձ աշխատանքը պետք էր օդ ու ջրի պես: 

Եվ մի գեղեցիկ օր պատահաբար գտա «Հաշվապահության Ուսուցման Միջազգային կենտրոն» կրթական հիմնադրամի (ՀՈՒՄԿ/IATC) 2006-2008 ուս. տարվա մագիստրատուրայի ընդունելության հայտարարությունը: Դիմեցի երեկոյան դասերի և աշխատանքիս հետ համատեղելով ու շատ մեծ դժվարություններ հաղթահարելով (անկեղծ բարդ էր հումանիտար մասնագիտությունից անցումը տնտեսագիտության) ես վերջապես ստացա հաշվապահության մագիստրոսի աստիճան և չանցած 1 ամիս անցա աշխատանքի, որպես հաշվապահ:

Ստացվեց, որ հանգամանքների բերումով անցա բարդ ու հետաքրքիր մի ճանապարհ, որտեղ գտա փայլուն ընկերներ, սիրելի ու հարազատ դասախոսներ, որոնց հավերժ շնորհակալ եմ և ամենակարևորը՝ սիրելի մասնագիտություն: Ընտանիքս միշտ հպարտացել է իմ հաջողություններով: Մինչ օրս ինձ մոտիվացնողը և թև տվողը մայրս է, հիմա նաև՝ ամուսինս։

Kristina-Sahakyan-Arsen-Grigoryan-hashvapah.JPG

- Որո՞նք էին Ձեր առաջին քայլերը հաշվապահության ոլորտում։

- Հաշվապահի առաջին փորձն անցել եմ Մաքուր երկաթի գործարանում, որտեղ աշխատեցի ընդամենը 8 ամիս, որպես շարքային հաշվապահ: Այնուհետև ընդունվեցի  գլխավոր հաշվապահ միջազգային ընկերությունում, որտեղ պետք էր նաև անգլերենին տիրապետող մասնագետ։ Ուժերս և մասնագիտական կարողություններս փորձել եմ ամենատարբեր ոլորտներում, բացահայտել յուրաքանչյուր ոլորտի հաշվապահական նրբությունները: Հետագայում շատ եմ հետ նայել անցածս ճանապարհին ու հասկացել եմ, որ ոչինչ պատահական չի լինում, և ինձ պետք էր անցնել հենց էս ճանապարհը: 2014թ-ից դարձյալ շատ պատահական ինձ համար բացահայտեցի Հիմնադրամների, Հասարակական կազմակերպությունների հաշվապահությունը և արդեն 11 տարի ուղղակի վայելում եմ այս ոլորտի ոչ հեշտ, բայց շատ հետաքրքիր հաշվապահությունը: Այստեղ համատեղում ես ֆինանսական, հարկային և ծրագրային հաշվապահությունները միաժամանակ երկու լեզվով:

 

- Եթե հիմա նորից պետք լիներ ընտրել մասնագիտություն՝ կմնայի՞ք հաշվապահության ոլորտում։

- Միանշանակ հենց սկբից էլ կընտրեի տնտեսագիտական կրթությունը, բայց մի քանի բացթողում կշտկեի: Ավելի շուտ կդիմեի ու կավարտեի Որակավորված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) քննությունները (հիմա դեռ ընթացիկ է) և էլի շատ կարևոր որակավորումներ ժամանակին ձեռք կբերեի, գուցե կհամատեղեի ժամանակակից մասնագիտություններից որևէ մեկի հետ, ինչու ոչ։

Kristina-Sahakyan-hashvapah-hoonch.jpg

- Որո՞նք են հաջողակ հաշվապահի 3 ամենակարևոր անձնային որակները։

Շատ մեծ պատասխանատվություն, երբ քեզ վստահված է վարել մի ողջ կազմակերպության ֆինանսներ, 

- Ճշգրտություն, սա շատ կարևոր է, քանի որ հաշվապահությունը մոտավոր հաշվարկներ չի ընդունում,

- Երբեք խուճապի չմատնվելու մեծ հմտություն, հաճախ կրիտիկական իրավիճակներում փրկում է սառնասրտությունը, և հավատացեք նման իրավիճակներում, երբ խուճապի չես մատնվում, խնդրի լուծման ոչ թե մեկ, այլ մի քանի տարբերակ ես կարողանում գտնել:

Նաև ավելացնեմ աշխատասիրություն, քանի որ սա այն ոլորտն է, որտեղ երբեք չպետք է բավարարվել ստացած գիտելիքով, միշտ կարդալ, միշտ վերապատրաստվել, էլ չեմ ասում ՀՀ-ում ամեն ժամը մեկ օրենքի նոր փոփոխություն կա, և հաշվապահը պետք է հասցնի ավելի շուտ դրանց ծանոթանալ, վերլուծի, “մարսի” և հետո նոր ներկայացնի ղեկավարությանը:

 

- Որո՞նք են ամենատարածված սխալները, որ հաճախակի եք նկատում փոքր բիզնեսներում հաշվապահական գործում։

- Մի թյուր տպավորություն կա և շատերը հաշվապահի մասնագիտությանը մի տեսակ հեգնանքով են մոտենում, և շատ հաճախ հաշվապահությունը վարում է ինքը բիզնեսի հիմնադիրը, կամ ադմինիստրատիվ աշխատակիցը՝ համատեղությամբ և հետևանքներն անդառնալի են լինում: Իսկ մյուս տարածված և գլոբալ խնդիրը, ինչ-որ եռամսյա կուրսեր ավարտած ոչ մասնագետները շուկայում գին են թելադրում, խեղաթյուրում են իրենց վստահված կազմակերպության հաշվապահությունը և դա շտկելն ավելի բարդ է, քան զրոյից հաշվապահություն սկսելը:

 

- Որո՞նք են այն հմտությունները, որոնք կարևոր են հաշվապահ դառնալու համար։

- Նոր մասնագիտություն ձեռք բերելու համար չխնայել ժամանակ և ֆինանսներ, ստանալ լիարժեք կրթություն, շատ աշխատել՝ լավ և պահանջված մասնագետ դառնալու համար:

Kristina-Sahakyan-Arsen-Grigoryan-hashvapah-hoonch-5.jpeg

- Ինչպե՞ս է փոխվել հաշվապահի դերը թվայնացման դարաշրջանում։

-  Ինչպես և բոլոր մնացած ոլորտներում, պետք է խոստովանել, որ այսօր նոր գործիքներն ավելի թեթևացրել են հաշվապահի կյանքը, իհարկե որոշ վերապահումներով: Հաշվապահական ծրագրերը, էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների հանձնման համակարգն ինչ խոսք իրոք երազանք էին 20-30 տարի առաջվա հաշվապահների համար: Բայց ժամանակակից հաշվապահն էլ ամենօրյա ռեժիմով կռիվ է տալիս թերի աշխատող էլեկտրոնային համակարգերի հետ, ՊԵԿ-ում ոլորտից անտեղյակ ծրագրավորողների փայլուն մտքի թռիչքների հետ, և էտպես խնդիրները շատ են:

Կարելի է ասել յուրաքանչյուր հերթական հաշվետվություն ՊԵԿ հանձնելը հերոսություն է հաշվապահի համար, քանի որ կամ օրերով համակարգ չես կարողանում մուտք գործել, կամ հաշվետվությունը հնարավոր է լինում հանձնել վերջնաժամկետին շատ մոտ, ինչն էլ բնականաբար տագնապային իրավիճակ է ստեղծում: Բայց ես լավատես եմ, և վստահ եմ, որ շուտով այս բոլոր խնդիրներն իրենց տրամաբանական լուծումները կստանան:

 

- Արհեստական բանականությունը և ավտոմատացված համակարգերը՝ սպառնալիք են, թե՞ նոր հնարավորություն հաշվապահների համար։

- Ինչ խոսք, այսօր հնարավոր է նույնիսկ տանից մեկ րոպե դուրս չգալով, մի ողջ կազմակերպության հաշվապահություն վարել, քանի որ բոլոր հնարավորությունները դրա համար կան՝ սկսած օնլայն բանկինգից մինչև օնլայն հաշվապահական և հարկային ծրագրեր:

Արհեստական բանականությանը կարծում եմ ավելի լուրջ պետք է վերաբերվենք, դեռ սրանից մի քանի տարի առաջ մասնագետները կանխատեսել են, որ հաշվապահությունը ևս առաջիկա մեռնող մասնագիտությունների շարքում է: Հուսանք, որ դա շուտ չի լինի։

Երբ 2020 թ․-ին մասնակցում էի Զարթուցիչի օնլայն դասերին, ի դեպք լոք-դաունի ընթացքում դա իմ փրկությունն էր, օրս ամբողջովին լցվել էր նոր` ինձ անծանոթ ինֆորմացիայով, որի համար շնորհակալ եմ Գրիգոր Առաքելյանին: Շատ լավ միտք տվեց, հաշվի առնելով վերջին տենդենցները, առաջարկեց յուրաքանչյուր 5 տարին մեկ նոր մասնագիտություն ձեռք բերել: 

Վերջերս ստացա Թվային հոգեբանի դիպլոմ, ևս մեկ ապացույց, որ թվերի նկատմաբ անտարբեր չեմ:

Kristina-Sahakyan-Arsen-Grigoryan-hashvapah-hoonch-2.jpeg

- Ի՞նչ խորհուրդ կտաք փոքր բիզնեսներին, որոնք ուզում են ճիշտ կազմակերպել հաշիվ-ապրանքագրերը և հարկային գործընթացները։

- Ցանկացած բիզնես սկսելուց առաջ, նույնիսկ մինչև պետական ռեգիստրում կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր գրանցելը անպայման խորհրդակցել մասնագետի հետ: Ընտրել տվյալ ոլորտի նրբություններին տիրապետող հաշվապահ։

Հավատացնում եմ շատ ու շատ խնդիրներից կխուսափեն:

 

- Ի՞նչ տարբերություններ եք տեսնում կին և տղամարդ հաշվապահների աշխատանքի մոտեցումների մեջ։

- Կանայք ավելի կոկիկ են հաշվապահության մեջ, զգուշավոր, իսկ տղամարդիկ ավելի ռիսկով են ստանձնում բարդ հաշվապահություն, արագ են կողմնորոշվում բարդ իրավիճակներում: Օրինակ, չեմ պատկերացնում տղամարդ հաշվետար, ով իր խառնվածքով կկարողանա նստել գրասենյակում ու մանրակրկիտ հավաքել սկզբնական ֆինանսական փաստաթղթերը: Կանայք ավելի կազմակերպված են և համբերատար են անում իրենց վստահված աշխատանքը:

 

- Ձեր կարծիքով, հաշվապահ դառնալու համար պարտադի՞ր է ակադեմիական կրթություն ունենալը, թե արդյոք հնարավոր է մասնագիտանալ նաև կարճաժամկետ ուսուցմամբ։

- Ես միանշանակ կողմ եմ ակադեմիական կրթությանը, քանի որ Ֆինանսական հաշվապահությունը մի ողջ գիտություն է, իր բոլոր բարդ ու հետաքրքիր ճյուղերով: Լավ և պահանջված մասնագետ դառնալու համար երբեք պետք չէ խնայել որևէ ռեսուրս: 

Ի դեպ, շատ կազմակերպություններում, հաշվապահը նաև համատեղությամբ իրավաբան է, մարդկային ռեսուրսների մասնագետ, հետո նոր հաշվապահ: Եկեք խոստովանենք եռամսյա կուրսերը նման գիտելիքներ չեն տալիս:

Kristina-Sahakyan-Arsen-Grigoryan-hashvapah-hoonch-3.jpeg

- Ի՞նչը կուզեիք փոխել Հայաստանի աշխատաշուկայում, որ հատկապես օգտակար լինի կին մասնագետների համար։

- Կարծում եմ մենք այնպիսի ժամանակներում ենք ապրում, երբ կանայք ցանկացած ոլորտում ապացուցել են իրենց մասնագիտական կարողությունները, լուրջ հաջողություններ են գրանցել: Եթե տարիներ առաջ կին վարորդներին հաշվել կարելի էր, այսօր ամեն երրորդ մեքենայի ղեկին կին է: Դա ևս մեկ ապացույց է, որ կանայք իրենց աշխատասիրության հաշվին այսօր ունեն կայուն, բարձր վարձատրվող աշխատանք, ինքնաբավ են և դա ինձ շատ է ուրախացնում:

  

- Մեր մշտական հարցը՝ ինչպե՞ս եք պատկերացնում կնոջ դերը այսօր. ինչո՞ւ պետք է նա լինի նախաձեռնող, շարունակի զարգանալ և քայլի ժամանակին համաhoonch))) 

- Այսօր շատ մեծ հնարավորություններ կան թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում կրթության, վերապատրաստումների, օնլայն դասերի և դրանցից չօգտվելն ունի մեկ բացատրություն` ծուլություն կամ վախ կոմֆորտ զոնայից դուրս գալու:

Ժամանակակից կինը, աղջիկը պետք է ձգտի կրթվել, ինքնակրթվել, ամուր կանգնել իր երկու ոտքերի վրա, երբեք չփնտրել հենարան, հույսն իր վրա դնել ու վստահ քայլերով առաջ գնալ: Իհարկե, կանացի էներգիան երբեք չպետք է տուժի, ճիշտ հակառակը` ամեն ինչ բալանսի մեջ պահելով:

Եվ պետք է խոստովանել, որ ամեն օր մենք մեր շուրջը տեսնում ենք հաջողակ կանանց, որոնք շատ հարթակներով ներկայացնում են իրենց հաջողության  պատմությունները` դրանով իսկ մոտիվացնելով շատ ու շատ կանանց:

Վստահ եմ, այս տենդենցը ժամանակի հետ կնվազեցնի նաև ընտանեկան բռնությունները և այսօր ցանկացած աղջկա մայր, պետք է ձգտի, որ աղջիկը սովորի, լավ կրթություն ստանա, աշխատի և հետո նոր մտածի ընտանիք կազմելու մասին: Հետագայում երեխա կրթելու հարցում էլ մեզ պետք են գիտակից և կրթված մայրիկներ: 

 

- Ինչ կասեք ֆրիլանս հաշվապահության մասին, ինչ խնդիրների կարող է բախվել հաշվապահը

-  Ինքս վերջին 6 տարին ֆրիլանս եմ աշխատել, այս պահին համատեղում եմ: Պետք է նշեմ և՛ լավ է, և՛ վատ: Բայց որպեսզի թյուր կարծիք չձևավորվի, ներկայացնեմ մի քանի կետով ֆրիլանս աշխատող հաշվապահի առօրյան.

Ինքդ ես որոշում աշխատանքի առաջնահերթությունը, գուցե օրվա ընթացքում կարողանում ես երբեմն մի քանի ազատ ժամ ունենալ անձնական գործեր կազմակերպելու հարցնում, բայց բացթողումը ստիպված ես լինում լրացնել հանգստիդ ժամերի հաշվին:

Ֆրիլանս հաշվապահը երբեք չունի ազատ ժամանակ։ Նույնիսկ հանգիստը լիարժեք 2 շաբաթով կազմակերպելու դեքում, պետք է մեկ ամիս գիշեր-ցերեկ աշխատել, որ կարողանա առանց համակարգիչ երկրից բացակայել և հուսալ, որ որևէ մեկը ինչ-որ մի խնդրով չի հիշի իրեն հանգստի ընթացքում:

Ֆրիլանս հաշվապահին կարող են հիշել նույնիսկ գիշերը 23:30, երբ ինչ որ հաշվետվության հանձնելու վերջնաժամկետին մնացել է 30 րոպե:

Շաբաթ-կիրակի խնդրեն, օրինակ առաջիկա 3 ամսվա ծախսերի կանխատեսում, կամ բյուջեն vs փաստացի ծախսերի վերլուծության և էտպես շարունակ:

Կարելի է ասել, այս դեպքում դառնում ես 24/7 աշխատող հաշվապահ:

Kristina-Sahakyan-Arsen-Grigoryan-hashvapah-hoonch-4.JPG

- Ինչ հետաքրքրություններ ունի հաշվապահը ազատ ժամերին ))

- - Հետաքրքիր փաստ ասեմ, ուսանողական տարիներից սիրել եմ տարբեր արշավախմբերի հետ արշավներ գնալ: Վերջինը Արշավականներ արշավախումբն էր, որոնց հետ մոտ 3 տարի արշավների էի գնում և արշավականների մեծամասնությունը հաշվապահներ էին: Պարզ է չէ՞, մայր Բնությունից վերցնում ենք ուժ դիմանալու մասնագիտական մարտահրավերներին:

Հիմա ինձ համար բացահայտել եմ յոգան իմ սիրելի ուսուցիչներ Անիի, Սուվարի և Արմենի շնորհիվ:

Նեյրոգրաֆիկան դարձել է առօրյայիս անբաժանելի մասը: Դասերն օնլայն եմ վերցնում և չի բացառվում, որ մի գեղեցիկ օր ուղղակի որոշեմ այդ ոլորտում էլ ինձ փորձել:

Իհարկե բարդ օրվանից հետո ինձ լիարժեք հանգստացնում է ձեռագործ աշխատանքը։ Վերջերս Մարաշի ասեղնագործությունն եմ ինձ համար բացահայտել: Հուսամ ժամանակ կգտնեմ մի գեղեցիկ բան ասեղնագործելու: 

Վերջին տարիներին գրքերը միայն հասցնում եմ գնել, բայց կարդալու ժամանակ չի մնում: Հուսամ դրան էլ մի օր ժամանակ կգտնվի:

Դե իսկ ամենակարևորը ճամփորդելն է, որ փորձում եմ գերծանրաբեռնված գրաֆիկով աշխատանքիս հետ համատեղել։ Դա ինձ ամենաշատն է լիցքավորում, մոտիվացնում և ստիպում դեռ չվերադարձած պլանավորել հաջորդը։

 

-  Ի՞նչ խորհուրդ կտաք այն կանանց, որոնք ցանկանում են առաջին քայլերն անել հաշվապահության աշխարհում։ Ի՞նչից պետք է սկսել։

- Սկսել սկսնակի կարճաժամկետ կուրսերից, համոզվել, որ դա քոնն է, հետո ստանալ ակադեմիական կրթություն: 

 

- Շնորհակալություն Քրստինա ջան նման հետաքրքիր ու ինֆորմատիվ հացազրույցի համար։ Ձեզ մեր ողջ թիմի կողմից մաղթում ենք հաջողություններ և մեծ բարձրունքներ։

Քրիստինա Սահակյան, հաշվապահ, դրամաշնորհների/ֆինանսների կառավարիչ