-  Բարի օր Հասմիկ, շնորհակալություն հարցազրույցի հրավերը ընդունելու համար։ Սկսենք Ձեր մանկությունից․ ամենահետաքրքիր դրվագը, որը առաջինն եք հիշում։ Ինչպիսի երեխա էիք առհասարակ։

- Բարի օր))
Կարծում եմ բավական էքսցենտրիկ էի այն ժամանակների համար, գրքային էի, և այլ աշխարհում էի ապրում, որը կապ չուներ իրականության հետ։ Մանկության մասին խոսելիս միշտ հորս եմ հիշում, մեր նվագարկիչը, որ գրեթե միշտ Բիթլզ էր ձայնարկում և մեր գյուղը՝ Մայիսյանը, որն այն ժամանակ շատ նեղ ու փոքր էր թվում, իսկ հիմա հրաշալի մի վայր է իմ կարծիքով, որ չեմ գնահատել այն ժամանակ։

 

- Ինչպես որոշեցիք ընտրել մասնագիտություն։ Ինչ կրթություն եք ստացել։

- Քանի որ շատ հումանիտար մեկն էի, երևի բնական էր, որ պիտի գեղարվեստի ֆակուլտետ ընդունվեի՝ մշակութաբանության բաժինը, որտեղ սովորեցի վեց տարի։ Մասնագիտությամբ մշակութաբան եմ՝ մանկավարժի որակավորմամբ։

- Իսկ ինչու ընտրեցիք լուսանկարչությունը որպես մասնագիտություն։

- Լուսանկարչությունը ավելի ուշ եկավ, երևի այն ժամանակ, երբ ինքս ինձ ավելի լավ ճանաչեցի և հասկացա սեփական կարիքներս առհասարակ։

Կարծում եմ գեղեցկության փնտրտուքները և դրսևորվելու հնարավությունը ինձ բերեց դեպի լուսանկարչություն։ Դա կարիք էր և գիտակցված ընտրություն միաժամանակ։

 

Որն է Ձեր մասնագիտությունների կապը։

- Կարծում եմ հղկվելու և հղկելու հնարավորությունը, երկու դեպքում էլ հղկվում ես՝ լինես մշուկաթաբան, թե լուսանկարիչ։ Անձնային աճի հրաշալի հնարավորություններ են տալիս և՛ մեկը, և՛ մյուսը։

 

- Ինչ կարևոր հատկանիշ պետք է ունենա լուսանկարիչը։

- Նախ և առաջ սիրելու ունակություն և հասկանալու ցանկություն, եթե այդ երկու ունակությունները ունի լուսանկարիչը, կարծում եմ նա չհաջողելու տարբերակ չի ունենա։ Լուսանկարիչն էլ, հոգեբանի  պես, մարդու հոգու հետ գործ ունի, բնության էներգիայի հետ է առնչվում, գրեթե նույն աշխատանքն է:

- Քանի տարի եք ոլորտում։ Ինչ ծառայություններ եք իրականացնում։

- Արդեն վեց տարի է ոլորտում եմ, ստեղծում եմ անհատական ֆոտոշարքեր, մշակում եմ արդեն ստեղծված ֆոտոշարքերը և տարբեր միջոցառումներ եմ լուսանկարում։

 

- Իսկ ինչպես ընտրել լուսանկարիչ՝ մասնագետի աչքերով ))

- Անպայման պետք է ուսումնասիրել կատարած աշխատանքները, քանի որ մարքեթինգի այս ժամանակներում հաճախ գեղեցիկ փաթեթավորում են իրենց սոցկայքերը և միշտ չի, որ նման որակի պրոդուկտ են տալիս։ Պետք է ուսումնասիրել և հասկանալ, որքանով է Ձեզ համապատասխանում լուսանկարիչը։

 

- Դուք ունեք նաև կայք՝ aragmshakum.com, ինչո՞ւ և ինչպե՞ս միտքը առաջացավ, և այն ինչ գործառույթներ ունի։

- aragmshakum.com-ը նախատեսված է նկարների մշակման համար։ Միտքը առաջացավ շատ պատահական, որն էլ իրագործեց եղբայրս՝ ստեղծելով կայքը։

Դա հրաշալի հնարավորություն է մարդկանց համար նկարները մշակելու, քանի որ այն հեշտացնում է պատվիրատուների գործը, իսկ ինձ տալիս աշխատելու հնարավորություն, որտեղ էլ որ լինեմ:


Աշխատել Հայաստանում և Լոս Անջելեսում, որն է տարբերությունը։

Տարբերությունը թերևս այն է, որ երբ Հայաստանում էի, հրաշալի ճանաչում էի իմ աուդիտորիան, այստեղ նոր եմ, ինձ ժամանակ է պետք՝ աուդիտորիա ձևավորելու և նրանց ճանաչելու համար։

 

- Ինչպես հաղթահարեցիք դժվարությունը՝ արդեն կայացած կարիերան թողնել ու 0-ից սկսել օտար երկրում։

- Միշտ մտածել եմ, որ կհաջողեմ այստեղ ևս, քանի որ հաջողել թե ոչ, դա համարում եմ ընտրություն, ես հավատում եմ, որ այստեղ ևս ինձ կընդունեն։

 

- Իսկ ինչքան ժամանակով եք մեկնել, և պլանավորում եք վերադառնալ Հայաստան, թե ոչ։

- Մոտակա տարիները պլանավորել ենք այստեղ, իսկ ավելի հեռու ապագայում դժվարանում եմ կարծիք ասել, դա կախված կլինի, թե ինչ կմտածեմ և ինչպես կզգամ կյանքը տվյալ ժամանակահատվածում։

 

- Ինչ միֆեր կան լուսանկարչությունում ))

- Չնայած տեխնոլոգիաների այս ժամանակներում շատ կարևոր է լավ ֆոտոխցիկ ունենալը, բայց այնուամենայնիվ միֆ է, որ լավ կադրեր ստանում են, որովհետեւ թանկարժեք ֆոտոխցիկ ունեն, կամ թանկարժեք ոսպնյակներ, այնուամենայնիվ կարևորը մասնագետն է և նրա սուր աչքը։

- Ինչու պահը անմահացնել, որն է դրա կարևորությունը։

- Միայն այն, որ ժամանակը անհնար է հետ բերել, արդեն խոսում է այն ֆիքսելու կարևորության մասին, չէ որ մեր կյանքում էմոցիաները երբեք, ոչ մի պարագայում չեն կրկնվում։

 

- Պոտֆոլիո նկարների դեպքում ինչ խորհուրդ կտաք։

- Պետք է անպայման հայացքով աշխատել խցիկի հետ, և կեցվածքը բնականաբար նույնպես ոչ պակաս կարևոր է։ Ամեն դեպքում դիմանկար ասելով ես հասկանում եմ աչքեր։

 

- Մայր, կին, ինպես եք հասցնում։

- Չեմ հասցնում ))) կարծում եմ այս պատասխանը ամուսնուս դուր կգար )))

 

- Ինչու պետք է կինը աշխատի ու զարգանա։ 

- Մարդը առհասարակ պետք է աշխատի և զարգանա: Կինն էլ, տղամարդն էլ, եթե որակով կյանքի են ձգտում, այլ տարբերակ չկա։ 

- Ինչու է կարևոր մոր ինքնակրթվելը երեխաների համար։ 

- Քանի որ մեր գործառույթը երեխաներին աջակցելն է, օգնել, որ նրանք կյանք մտնեն, ինչպես ասում են, շատ կարևոր է զարգացած լինելու փաստը, և հատկապես զարգացման պրոցեսի մեջ լինելու փաստը, անձնային աճի մեջ անդադար լինելը։ 

 

- Սիրելի Հասմիկ, Ձեր խորհուրդը կանանց։

- Խորհուրդ կտամ չհանձնվել որևէ պարագայում։

 

Սիրով hoonch.am թիմ՝

Հարցազրույցը պատրաստեց՝ Աննա Տեր-Հովհաննիսյանը