- Բարև Ձեզ Հասմիկ։ Փորձենք պատկերացնել, որ ժամանակը մեր ձեռքում է, և մենք հայտնվել ենք Ձեր մանկության տարիներում ․․․ Ինչպիսի՞ երեխա էր փոքրիկ Հասմիկը )))
- Ողջույն սիրելի Աննա։ Փոքրիկ Հասմիկը բավականին չարաճճի էր, համառ, իր ասածի, սիրում էր դրսում խաղալը (մերոնք մի կերպ էին տանում տուն):)))
Բավականին երես առած էի՝ ի շնորհիվ պապիկիս:))) Իրականում հիմա հաճախ դրսում այֆոններով ու արդեն «մեծ» փոքրիկների եմ տեսնում, ու գիտե՞ք, ես կարոտում եմ ա՜յն ժամանակները, ու ափսոսում եմ, որ հիմա փոքրիկները չեն համտեսում այդ գժական օրերը։
- Մի քիչ կպատմեք Ձեր պատանեկությունից, կարո՞ղ եք հիշել որևէ դեպք։
- Պատմելու շա՜տ բան կա, իհարկե։ Երբ նոր էի սկսել հաճախել դպրոց․․․ Չգիտեմ հիմա էդպես է թե ոչ, մեր ժամանակ տարրական դասարաններում չէին գնահատում, այլ առաջադրանքի ներքևի հատվածում գրում էին Ս․Տ․ (ստուգված)։ Հիշում եմ՝ ամեն օր լացելով տուն էի գալիս, թե բա «ես առանց սխալ գրել եմ, բայց ինձ «Ս․Տ․» են նշանակել» (գիտեի 2 են նշանակել)։ Իհարկե ինձ բացատրում էին, որ դա անբավարար չէ, բայց ես չէի հանձնվում ու ամեն անգամ «Ս․Տ․» ստանալուց լացում էի)))
Իսկ մյուս չմոռացվող դեպքը՝ երբ փոքր էի, սիրով հաճախում էի ժողովրդական պարի խմբակի։ Բայց մի օր իմացա, որ իմ ընկեր Վարդանը այլևս չի դասավանդելու... երկու ոտքս մի կոշիկ դրած հրաժարվեցի խմբակից, ասելով. «չէ որ չէ, ես իմ ընկեր Վարդանին եմ ուզում։ Չեմ գնա դասերի»։ Ու դադարեցրեցի խմբակս։
Եթե այդպես չլիներ, միգուցե այսօր լրիվ ուրիշ ոլորտում լինեի, և ուրիշ թեմայով հարցազրույց անցկցավեր)))
- Ինչպե՞ս կողմնորոշվեցիք մասնագիտության մեջ։ Ինչ կրթություն եք ստացել։
- Փոքրուց միշտ ցանկացել եմ օրիգինալ լեզու սովորել։
Մի երեկո ֆիլմ էինք դիտում, ճապոնական էր և հիերոգլիֆներ նկատեցի, հայրիկիս հարցրեցի թե դրանք ինչեր են, հայրս պատասխանեց, որ դրանք ճապոնական սիմվոլներ են, որ յուրաքանչյուր սիմվոլը մեկ առանձին բառ է նշանակում։ Շատ հետաքրքրեց դա, և որոշեցի, որ այդ օրիգինալ լեզուն պիտի լինի հենց ճապոներենը։
Ես հիմա ինչ ունեմ, ինչի ձգտել և հասել եմ հայրիկիս հենց այդ պատասխանի շնորհիվ է, որի համար շատ շնորհակալ եմ իրեն։
Կրթությունս բարձրագույն է։ Ընդունվեցի Հումանիտար համալսարան՝ այն ժամանակ միակ համալսարանն էր, որտեղ որպես առաջին լեզու դասավանդվում էր ճապոներեն։ Այնուհետև տեղափոխվեցի Վ․Բրյուսովի անվան պետական համալսարան։
2017ին վերապատրաստվեցի որպես զբոսավար։ 2020թվին մասնակցեցի Տոկիո համալսարանում անցկացվող օնլայն կուրսի։ 2023ին մեկնեցի Ճապոնիա, Կիոտո քաղաքում մշակութային կուրսի մասնակցելու։ Իսկ այս տարի կրկին ընդունվեցի Բրյուսով՝ մագիստրատուրա, Հանրային կառավարում բաժինը։
- Ո՞րն էր Ձեր առաջին աշխատանք, և ինչ նշանակություն ուներ այն Ձեզ համար։
- Իմ առաջին աշխատանքի մասին հիշելիս միշտ ժպտում եմ։ Առաջին անգամ դասավանդել եմ, երբ 19 տարեկան էի։ Երբե՜ք չեմ մոռանա իմ առաջին 16,000 դրամը, որն այնքա՜ն շատ էր թվում այդ ժամանակ, աշխատավարձիս օրն այնքա՜ն հպարտ էի :))) Շնորհակալ եմ իմ 16,000 դրամին, որն ինձ սովորեցրեց համտեսել սեփական աշխատանքի գնահատման «համը»։ Երբ առաջին անգամ մտա լսարան դասավանդելու՝ ինձ արդեն պարզ էր, որ դասավանդումը լինելու է իմ հիմնական ուղին, որը կընտրեմ ապագայում։
- Ինչո՞ւ որոշեցիք ունենալ սեփական լեզվի կենտրոն։
- Մանկուց երազում էի ունենալ իմ սեփական բիզնեսը, չէի ցանկանում ուրիշի բիզնեսի մի մասը լինելուց, հատկապես, երբ բոլորս գիտենք, որ ոչ բոլոր բիզնես ղեկավարներն են գնահատում աշխատողի կատարած աշխատանքը։ Խուսափում էի չգնահատված լինելուց։ Եվ դա ինձ օգնեց մտածել և գտնել գեղեցիկ ելք։
Սկզբում՝ մոտ մեկ տարի համագործակցեցի տարբեր լեզվի կենտրոնների հետ, այնուհետև 2018 թվականին որոշեցի որ եկել է իմ ժամը։ Վարձակալեցի փոքր տարածք (2 սենյակից բաղկացած), որտեղ որոշեցի դասավանդել ճապոներեն, և որտեղ կանցկացվեին նաև ասիական մյուս լեզուների դասընթացները՝ իհարկե այլ մասնագետների միջամտությամբ։
Ստեղծվեց լոգոտիպը, որոշվեց անվանումը։ Քանի որ ամեն ինչ cool էր որոշեցի, որ լեզվի կենտրոնը պիտի կոչվի Cool Language center: Եվ 2018 թ-ի օգոստոսի 1-ին պաշտոնապես բացվեց իմ Քուլը։
Դե բնականաբար բացված էր նաև Like Page: Անցան ամիսներ․․․ հաճախ էի ստանում նամակներ․ «Բարև Ձեզ Դուք անգլերեն դասավանդում եք?», որոշեցի որ դասավանդվող լեզուների ցանկին պետք է ավելացվի անգլերենը: Կամ «Բարև Ձեզ, Ձեզ մոտ կան ռուսերենի դասընթացներ?» ավելացրեցի նաև ռուսերենը, անցավ մեկ տարի... Քուլ լեզվի կենտրոնում արդեն դասավանդվում էր 18 օտար լեզում։ Այնուհետև զգացի, որ տարածքը փոքր է, և մեկ տարի անց տեղափոխվեցի այլ տարածք՝ ավելի մեծ։ Եվ սկսվեց Cool Language Center-ի պիկը։ Բազմաթիվ ուսանողներ գրանցվեցին ոչ միայն Հայաստանից, այլ նաև տարբեր երկրներից։ Այնուհետև երկու տարի անց զգացի, որ տարածքս կրկին փոքր է։ Եվ տեղափոխվեցի ավելի մեծ տարածք, այժմ լեզվի կենտրոնը գտնվում Հրաչյա Քոչար 14 հասցեում։ Բարեկամության մետրոյից մի փոքր վերև։
Նշեմ որ իմ Քուլը արդեն 6 տարեկան է ))
Եվ այո, իմ բոլոր հաջողությունների համար ես միշտ շնորհակալ եմ լինելու իմ ընտանիքին։ Ցանկացած բարդ իրավիճակում աննկարագրելի ուժ են տալիս ինձ։
- Ձեր կենտրոնում ի՞նչ դասընթացներ են գործում։
- Cool լեզվի կենտրոնում կարող եք սովորել՝ անգլերեն, ռուսերեն, իտալերեն, իսպաներեն, ֆրանսերեն, չինարեն, ճապոներեն, կորեերեն, գերմաներեն, վրացերեն, լեհերեն, ինդոնեզերեն, թուրքերեն, արաբերեն, ադրբեջաներեն, հունարեն, պարսկերեն, եբրայերեն, հնդկերեն։ Ինչպես նաև օտարերկրացի ուսանողներին սովորեցնում ենք հայոց լեզու նշված բոլոր լեզուներով։ Կարող եք աշխատել ինչպես հայ մասնագետների, այնպես էլ բնախոս մասնագետների հետ։
Քուլ-ում կարող եք վերապատրաստվել նաև միջազգային քննություններին։
- Ի՞նչ է խորհրդանշում Ձեր լոգոն։
- Ինչպես արդեն նշեցի լոգոն ստեղծվել է այն ժամանակ, երբ որոշեցի որ պետք է դասավանդվի ասիական լեզուներ, եթե ուշադիր նայենք Cool-ի «մարդուկ»-ին՝ կտեսնենք, որ մարդուկն իր մեջ պարունակում է ին-յան-ի սիմվոլը, որն էլ իսկ խորհրդանշում էր Ասիան։
- Որ տարիքից եք խորհուրդ տալիս սովորել այլ լեզուներ, և Ձեր կենտրոնում կա՞ տարիքային սահմանափակում։
- Սովորաբար 4 տարեկանից ընդունելություն լինում է Քուլ-ում։ Բայց իհարկե պետք չէ շատ բարդ լեզուներից սկսել։ Օրինակ, դեպքեր են եղել, երբ ծնող է զանագահարել և ցանկություն հայտնել, որ իր 3 տարեկան երեխային ընդունենք չինարենի դասընթացի։ Ցավոք՝ բայց մերժել եմ, քանի որ երեխայի համար բարդ է միանգամից սկսել չինարենով։ Ժամանակի և գումարի վատնում է դա։ Իսկ ինչ վերաբերվում է անգլերեն-ռուսերենին, այո, 4 տարեկանից ունենք ունդունելություն։ Իսկ տարիքային սահմանափակում մեզ մոտ չկա։ Ունեցել ենք նույնիսկ 65 տարեկան ուսանողուհի :))
- Ի՞նչ ձևաչափով են անց կացվում դասընթացները և ինչքան են տևում։
- Դասընթացները հստակ կարող եմ ասել, որ տարբերվող են։ Մասնագետներն աշխատում են բազմաթիվ մատերիալներով, տարատեսակ կայքեր են օգտագործում, և աշխատում ենք բոլոր ուղղությունների վրա։
Մոտեցումն անհատական է։ Դասընթացներն անցկացվում են այնպես, որ ցանկացած ուսանող մատչելի սովորի և սիրի լեզուն։ Եղել են դեպքեր երբ ուսանողը ցանկացել է գրանցվել և հարց է ուղղել՝ կարո՞ղ եմ գրանցվել միայն խոսակցական դասընթացներին, քանի որ ինձ պետք չէ քերականություն․․․ կրկին մերժել եմ, քանի որ առանց քերականության գրագետ խոսք կերտելը հնարավոր չէ։ Ես կարևորում եմ արդյունքը։
- Արդյո՞ք Ձեր լեզվի կենտրոնը ունի իր հստակ ոճը, ծրագրերը, մոտեցումը։
- Այո, բնականաբար ունի։ Երբ մասնագետ եմ ընդունում, էսպես ասած տնօրենի աչքով չեմ նայում, այլ ուսանողի։ Եթե ես ուսանող լինեի, արդյո՞ք կցանկանայի, որ հենց տվյալ մասնագետը լիներ իմ սրտի մասնագետը։ Հավատացեք թույն թիմ ձևավովորելը շատ բարդ էր, բայց ինձ դա հաջողվել է։ Շնորհակալ եմ իմ մասնագետներին ինձ հետ քայլ առ քայլ առաջ շարժվելու համար։ Հանգիստ կարող եմ ասել, որ պրոֆեսիոնալ թիմ է աշխատում ուսանողների հետ։ Եվ կարծում են հենց դրա շնորհիվ է, որ 3000 և ավել ուսանող է արդեն սովորել լեզվի կենտրոնում և այո, այստեղ չեմ ուզում համեստ լինել, այլ ուզում եմ հպարտությամբ բարձրաձայնել, որ 99% դեպքում հաջողել ենք և արդարացրել ենք ուսանողի սպասումները։
- Բացի լեզուների ուսուցումից, ի՞նչ այլ ծառայություններ ունի Cool Language Center-ը։
- Cool Language Center-ում բացի լեզուներին կարող են դասապատրաստվել 1-7 դասարանի աշակերտները։ Կարող են օտար լեզվի մասնագետները վերապատրաստման կուրս անցնել։ Կատարում ենք նաև ոլորտային թարգմանություններ, վեբ կայքեր ենք թարգմանում, ինչպես նաև հայախոս զբոսավարներին առաջարկում ենք իրենց նախընտրած օտար լեզվով վերապատրաստման կուրս անցնել։
- Իսկ ինչո՞վ է տարբերվում Ձեր կենտրոնը մրցակիցներից։
- Եթե անկեղծ, երբեք չեմ մտածել այդ մասով։ Ես ոչ մեկին ինձ մրցակից չեմ համարում։ Ես էստեղ չեմ մրցակից փնտրելու համար, ես էստեղ եմ սերունդ կրթելու համար։ Եվ դա ինձ շատ է գոհացնում։ Ես բավականություն եմ ստանում այն փաստից, որ ուսանողը ուրախ է դուրս գալիս լեզվի կենտրոնից։ Որ մասնագետին ասում է «գիտե՞ք, նենց անտրամադիր էի, եկա դասի տրամադրությունս բացվեց»։
Դեպքեր է եղել, երբ ուսանող է զանգել գրանցվելու, ազատ տեղ չենք ունեցել, նեղացել, անջատել է հեռախոսը)))) Գիտեմ որ վատ բան է ստացվել, բայց հավատացեք, դա ինձ ինչ որ տեղ նաև երջանկացնում է։ Այսինքն ինքը գիտի ուր է զանգել և իր սրտով չէր այն՝ ինչ լսեց։ Իհարկե հետո ամեն բան արվել է տվյալ ուսանողի համար մեր գրաֆիկում ժամ ազատելու համար։
- Համագործակցո՞ւմ եք արդյոք այլ ընկերությունների հետ։
- Այո համագործակցում ենք մի քանի ընկերությունների հետ։ Եվ շնորհակալ եմ նրանց՝ իրենց ընկերության աշխատակիցների գիտելիքները Քուլին վստահելու համար։ Սիրով եմ աշխատում բոլոր գործընկերներիս հետ և միշտ շատ ջերմ փոխհարաբերությունների մեջ ենք։
- Ինչպիսի՞ն է ասիական լեզուների դերը մեր իրականության մեջ։
- Դեռ 2010 թվականից մտածում էի, որ ասիական լեզուները ունենալու են զգալի դեր մոտ ապագայում։ Եվ երբ 2017-ին անցա աշխատանքի Հայաստանում Ճապոնիայի դեսպանատանը՝ հաստատվեց կասկածս։ Մի քանի տարում բազմաթիվ ծրագրերի շնորհիվ ասիական լեզուները տարածվեց Հայաստանում։
- Ինչպե՞ս գիտեմ, Դուք ունեք հեղինակային գիրք, կպատմեք, ինչո՞ւ այն ստեղծեցիք և ինչ ուղերձ ունի այն։
- Երկու տարի առաջ կրկին մենակ էի մնացել իմ մտքերի հետ, եվ մտածեցի, որ ճապոնասերների համար պիտի գիրք հրատարակեմ։ Այն է՝ ճապոներենի եռալեզու ինքնուսույց։ Ուսանողը ձեռք բերելով գիրքը կարող է ինքնուրույն սովորել։ Գրքում խոսել եմ նաև տարօրինակ սովորույթների, հետաքրքիր փաստերի և այլնի մասին։ Գիրքը հայերեն-անգլերեն-ճապոներեն տարբերակով է և կոչվում է «Ճապոներեն For みんな», որը թարգմանվում է «Ճապոներեն բոլորի համար»։
- Ըստ Ձեզ, ի՞նչ նշանակություն ունի աշխատանքը կանանց համար։
- Աշխատանքը անհրաժեշտություն է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար։ Կինը պիտի կրթվի, ու աշխատի։ Դա կարևոր է, ու կարևոր է ոչ թե ֆինանսական առումով, այլ հոգու հանգստության համար։ Մարդու հոգին պիտի բավարարված լինի։ Կինը՝ ով աշխատում է, ավելի ինքնահաստատված է, ավելի ամուր է կանգնած իր ոտքերի վրա ու հստակ գիտի ինչ է ուզում կյանքից։
- Ձեր համար, ինչ է նշանակում երազանքը վերածել իրականության։
- Կարճ կլինեմ այս հարցում։ 2009-ից երազում էի Ճապոնիայում լինել։ 2023-ին մեկնեցի Ճապոնիա վերապատրաստման կուրս անցնելու։ Եթե ունես երազանք ՊԻՏԻ կատարես, թեկուզ դա տևի 1 տարի, 14 տարի, թե 57 տարի․․․
- Կարիերայի ստեղծման ու զարգացման ընթացքում ի՞նչ դժվարությունների եք հանդիպել, և ինչպես եք հաղթահարել դրանք։
- Կարիերայի զարգացման ընթացքում շատ դժվարություններ եմ ունեցել։ Սկզբում դժվար էր ճանաչում գտնելը, կայանալը։ Հետո անցանք քովիդի միջով։ Քովիդը կաթվածահար արեց ամեն ինչ։ Պահ եկավ, որ շատ էի հուսահատվել, ուզում էի թողնել սկսածս, բայց ներսիս համառ Հասմիկը թույլ չտվեց։ Օգնեց, պայքարեցինք միասին։ Հետո՝ պատերազմը։ Հուսահատված էի, չէի ուզում աշխատել, անգամ զգացի, որ դասիս ընթացքում սխալ քերականություն էի բացատրում։ Մի քանի օր չաշխատեցի։ Հետո որոշեցի, որ թուրքերենն ու ադրբեջաներենը առաջնային լեզու պիտի դասավանդվի լեզվի կենտրոնում և շաա՜տ մատչելի վճարով դրեցի արագացված կուրս (չէի կարող անվճար, քանի որ գոնե մի փոքրիկ վարձատրություն պիտի արվեր մասնագետներին)։ Աննա, այնքա՜ն նամակներ ստացա մեր հայ «հայրենասերներից»։ Կանայք ու «հայերենասերները» պեղում, գտնում էին իմ իրական ֆեյսբուքյան և ինստագրամյան էջը ու այնքան վատ նամակներ գրում։ Երբեք չեմ մոռանա երկու նամակի բովանդակություն։ 1) - hamalsaranneric haneciq hayereny u anckacnum eq turqeren, adrbejaneren, azgada՜v. Էդպես էլ չհասկացա, ես ինչ կապ ունեի համալսարանի հետ։
Իսկ հաջորդը՝ 2) ay tenc gna turqi het amusnaci: Այնքա՜ն հիասթափվեցի, էլի ուզում էի թողնել ամեն ինչ, քանի որ չէի ուզում նման հասարակության կրթման մեջ ես դեր ունենայի։ Հետո է՜ն համառ Հասմիկն էլի հայտնվեց ու թույլ չտվեց։
Գիտեք բոլոր ծանոթներս Հասմիկին գիտեն ուրախ, հանգիստ, նպատակասլած, եթերային ու երբեք չտխրող, երբեք խնդիրներ չունեցող մարդու։
Այսօր կուզեմ մի բան ասել, որ շատ քչերը գիտեն միայն։ Այ իրենց իմացած անհոգ, ուրախ Հասմիկը լի՜քը անգամներ կոտրվել է, արտասվել է, որոշել է, որ պիտի թողնի բիզնեսը, բայց հետո պայքարել է ինքն իր դեմ, ու հասկացել, որ առանց դժվարությունների երջանկություն չի լինում։
- Ինչ կմաղթեք կանանց և աղջիկներին։
- Միշտ լինեն նպատակասլաց։ Միշտ պայքարեն այն ամենի համար, ինչ իրենցն է։ Միշտ ժպտան։
- Շնորհակալություն Հասմիկ հետաքրքիր, դրական ու Cool հարցազրույցի համար։ Մաղթում ենք Ձեզ հաղթանակներ բոլոր պայքարներում, ու անկեղծ ժպիտներ․․․