- Բարև Ձեզ Վահան։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու և hoonch.am հարցազրույցների շարքին միանալու համար։ Մեր ֆորմատին հավատարիմ մնալով, սկսենք բացահայտել Ձեզ )) Արդյոք հիշում եք դրվագներ Ձեր մանկությունից, կկիսվե՞ք )))
- Բարև Ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Մանկությունից շատ բան կարող եմ հիշել, բայց եթե ավելի ընդհանրական լինեմ մանկության ամենահիշվող դրվագները կապված են բակային ընկերների, նաև պապական տան հետ, որտեղ ամեն անգամ այցելելիս հիշում եմ մանկությանս լավագույն դրվագները։
- Իսկ ինչ հետաքրքրասիրություններ, հոբբիներ ունեք։
- Ես մեծ հետաքրքրություններ ունեմ կապված համակարգիչների հետ, համակարգչային խաղերի հետ, նաև շատ եմ սիրում ֆուտբոլ և լող։

- Ինչպե՞ս առաջացավ օտար լեզուների նկատմամբ հետաքրքրությունը։
- Օտար լեզուների նկատմամբ հետաքրքրություն առաջացավ, երբ որ դպրոցում սկսվեց ստացվել ինձ մոտ անգլերենը, անկեղծ ասած չէի մտածում, որ ապագայում անգլերենից բացի նաև ուրիշ լեզուներ պետք կլինեն կյանքում։ Ցավոք համալսարանում հնարավորություն չունեցա անգլերենը շարունակել, բայց հետագայում աշխատանքի բերումով ինքս ինձ վրա աշխատելով անգլերենի գիտելիքներս հասցրեցի բարձր մակարդակի։ Նույնը կարող էր լինել ցանկացած ուրիշ լեզվի մասով։
- Ինչ արժեքներ ստացաք Բրյուսովում սովորելու տարիներին։
- Այս պահին չեմ կարող որևէ արժեք առանձնացնել, բայց կրթությունը ինքնին արդեն մեծ արժեք եմ համարում։ Կլինի դպրոցում ստացած, թե համալսարանում, նույնիսկ ինքնակրթվելը, որն այսօր բավական մեծ դեր ունի։
- Կպատմե՞ք Ձեր առաջին աշխատանքի մասին։
- Առաջին պայմանագրային աշխատանքս եղել է Չինաստանում, աշխատել եմ որպես անգլերենի ուսուցիչ։

- Ինչքանով է կարևոր իմանալ օտար լեզուներ մեր օրերում, երբ կան այսքան շատ ու արագ զարգացող ԱԲ գործիքներ։
- Իհարկե ԱԲ գործիքները բավականին արագ սկսեցին զարգանալ վերջին տարիներին, սակայն դա չպետք է խոչընդոտի, որպեսզի մարդիկ դադարեն սովորել օտար լեզուներ։ Օտար լեզուն մանավանդ օտար երկրում գտնվելիս կենսական նշանակություն ունի, ԱԲ-ն ամեն պահի հասանելի չի կարող լինել, ԱԲ-ն կարող է օգնել ժամանակը ավելի էֆեկտիվ օգտագործելու հարցում, բայց լիարժեք փոխարինել մասնագետներին դեռևս չի կարող։
- Ինչպես գիտեմ, Դուք այժմ բնակվում և աշխատում եք Չինաստանում։ Ինչպե՞ս ընդունեցիք Չինաստան տեղափոխվելու որոշումը։
- Չինաստան տեղափոխվելու համար առանձնապես երկար չեմ մտածել, եղել են նպատակներ, որոնք իրականացնելու համար տեղափոխվել եմ Չինաստան։
- Որո՞նք էին առաջին դժվարությունները՝ լեզվի, մշակույթի, կամ աշխատանքային միջավայրի հետ կապված։
- Նշվածներից երևի դժվարությունը լեզուն է եղել, քանի որ ընդհանրապես ծանոթ չեմ եղել չիներեն լեզվին։ Մշակույթի, կամ աշխատանքային միջավայրի հետ առանձնապես դժվարություններ չեն եղել, երևի մեկ էլ մանկավարժ չլինելով դասավանդելն է եղել առաջին դժվարություններից։
- Պարզ, բայց հետաքրքիր հարց ունեմ)) Չինաստանում, Ձեր շրջապատում կա՞ն հայեր։
- Իհարկե կան, բավականին շատ հայ ընկերներ ունեմ, ազդեցիկ և հայրենասեր մարդիկ, ովքեր իրենց տաղանդով արդեն բավականին մեծ ձեռքբերումներ ունեն այստեղ։

- Որն է Ձեր հիմնական գործունեությունը այսօր։ Ինչպե՞ս ծնվեց Ձեր սեփական ընկերություն հիմնելու գաղափարը։
- Իմ հիմնական գործունեությունը այսօր արտահանումն է Չինաստանից տարբեր երկրներ։ Գաղափարը ծնվել է, երբ դեռ Չինաստան չէի տեղափոխվել։ Չեմ կարող հստակ հիշել, ինչպես է ծնվել գաղափարը, բայց Չինաստանում ընկերություն հիմնելը եղել է մեծ նպատակ ինձ համար։
- Ի՞նչ խոչընդոտների հանդիպեցիք բիզնես զարգացնելու ճանապարհին։
- Երևի ամենադժվար ժամանակահատվածը այն էր, երբ դեռ պայմանագիր ունեի գործատուի հետ, բայց զուգահեռ պետք էր բիզնեսով զբաղվել։ Այնպես էր ստացվել, որ աշխատանքը ավելի խոչընդոտում էր, քան օգնում։ Նաև իհարկե քովիդի համաճարակը, որը անդառնալի հետևանքներ ունեցավ ամեն հարցում, նաև բիզնեսի։

- Ձեր անձնական կայացման մեջ, ինչ ազդեցություն է ունեցել կրթությունը և առաջին աշխատանքային փորձերը։
- Իմ անձնական կայացման հարցում ամենամեծ ազդեցությունը ունեցել է նախ աշխատանքը, հետո կրթությունը։ Աշխատել եմ մի երկրում, որտեղ աշխատանքը և կրթությունը համարժեք են, մարդիկ աշխատում են իրենց ստացած կրթության համապատասխան։
- Ի՞նչը Ձեզ ամենաշատը զարմացրեց չինացիների բիզնես մտածողության մեջ։ Եվ, օրինակ, ինչ լավ բիզնես հատկանիշներ ունեն չինացիները, որոնք կցանկանաք լինեն նաև Հայաստանում։
- Բիզնեսը ուղիղ կապ ունի, թե ինչ ռազմավարություն է ընտրել պետությունը բիզնեսի շուրջ, ես ավելի շատ կուզեի, որ Հայաստանում պետությունը ավելի մեծ վերահսկողություն սահմաներ արդար բիզնես միջավայր ստեղծելու համար։
Չինացիների բիզնես մտածողության մեջ կարևորում եմ միմյանց հանդեպ հարգանքը, շատ դեպքերում հակառակորդ կողմերի փոխշահավետ համագործակցությունը։
- Ի՞նչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին, ովքեր ուզում են աշխատել կամ բիզնես սկսել արտասահմանում, մասնավորապես Չինաստանում։
- Խորհուրդ կտամ աշխատել և բիզնես ստեղծել Հայաստանում ))
- Եվս մեկ անգամ շնորհակալություն Վահան ջան, առաջարկը ընդունելու և Ձեր փորձով մեզ հետ կիսվելու համար։ Ձեզ մաղթում ենք մեծ հաջողություններ, և հույս ունենք, հետագայում էլ կիսվեք մեզ հետ էլ ավելի մեծ հաջողություններով։
Սիրով hoonch.am թիմ՝
Հարցազրույցը պատրաստեց՝ Աննա Տեր-Հովհաննիսյանը