Երբևէ մտածե՞լ եք, երբ է ձևավորվում հաղորդակցումը․․․

Գիտական հետազոտությունները վկայում են, որ հաղորդակցումը սկսում է դեռ ներարգանդային զարգացման շրջանում։ 16 շաբաթականում երեխան կարող է լսել և ընկալել մոր ձայնը, իսկ արդեն 20 շաբաթականում կարող է լսել և ընկալել նաև այլ ձայներ։

Բայց այս պարագայում հարկ եմ համարում ընդգծել կատարված հետազոտությունների ևս մեկ առանձնահատուկ եզրահանգում․ պտուղը այս ժամանակահատվածում սկսում է արձագանքել լսած ձայներին, իրավիճակներին, մոր հույզերին և այլնին՝ հրումներով։

Փոքրիկի կյանքը սկսվում է ռեֆլեկտոր ճիչով։ Վերջինիս լացը և անհանգիստ շարժումները  կյանքի առաջին օրերին հանդիսանում են փոքրիկի հաղորդակցման միջոցը, հենց դրա միջոցով է փոքրիկն արտահայտում իր դժգոհությունը, տհաճ զգացողությունները։

Աստիճանաբար ճիչը վերածվում է տարբերակված լացի, որի միջոցով էլ փոքրիկը արտաքին աշխարհին «ներկայացնում է» իր պահանջմունքները։

0-3 ամսեկան, Լյուսի ՀայրապետյանՄասնագետներն այս փուլը համարում են չափազանց կարևոր հուզականության զարգացման և «մայրիկ-փոքրիկ» հուզական կապի հաստատման տեսանկյունից։ Այս շրջանում փոքրիկը սովորում է «տարբերել» դրական և բացասական հույզերը։ 

1- 1,5 ամսեկանում փոքրիկը սկսում է կիրառել ժպիտը որպես հաղորդակցման միջոց․ ժպտում է, երբ իրեն հարմարավետ կամ լավ է զգում, հարազատ ձայն է լսում կամ տեսնում է մայրիկին։ Հենց այս շրջանում է, երբ մայրիկները սկսում են փորձարկել երեխայի արձագանքը տարբեր ինտոնացիաներին, օրինակ՝ խոսում են խիստ տոնով՝ երեխան սկսում է լաց լինել, նույն արտահայտությունն անում են մեղմ տոնով՝ երեխան ժպտում է։

2,5-3 ամսեականում երեխան սկսում է «երգելով» կրկնել իր լսած ձայնավորները և հետնալեզվային հնչյունները։

Վերջինս 3 ամսականում վերածվում է հստակ գղգղանքի, սա այն շրջանն է, երբ փոքրիկն արտաբերում է որևէ հնչյունախումբ՝ որպես հաղորդակցման միջոց, դադար տալիս՝ սպասելով արձագանք իր շուրջ գտնվող մարդկանցից։

Հետաքրքիրն այն է, որ ստանալով արձագանք մեծահասակից՝ նա լռում է այնքան՝ մինչև մեծահասակը կավարտի, այնուհետև շարունակում իր «ասելիքը»։ Սա ոչ այլինչ է, քան՝ երկխոսություն։ 

Փորձը ցույց է տալիս, որ որքան շատ են մեծահասակները տեղ տալիս այս փուլին և որքան շատ են խոսքով կամ ձայնով արձագանքում փոքրիկի «հնչյունային խաղերին» կամ գղգղանքին, այդքան երեխան շուտ է հաղթահարում այս փուլը և անցում կատարում դեպի թոթովանք։ 

Այսպիսով, եթե ուզում ենք ապահովել մեր 0-3 ամսեկան փոքրիկների հաղորդակցման ներդաշնակ զարգացումը, ապա լավ կլինի ուշադրություն դարձնենք յուրաքանչյուր թվացյալ «մանրուքներին», արձագանքենք միշտ ու ամենին։

Հաճախ, երբ հատկապես 6-10 շաբաթականներում երեխայի լացն ավելի անհասկանալի և շատ է լինում, մայրիկները էկրաններ են միացնում և «լռեցնում» երեխաներին։ Այս պարագայում պարզ է, որ երեխայի ցանկությունը ամենևին էլ էկրանին նայելը չէր և նա դա չէր պահանջում։

Սակայն յուրաքանչյուր լացին էկրան միացնելով արձագանքելը նպաստում է նրան, որ չի զարգանում «մայրիկ-փոքրիկ» հուզական կապը և երեխան ցանկացած պարագայում սկսում է լաց լինել, քանի որ, համաձայնեք, որ էկրաններից եկող ձայներն ու արտացոլվող գույներն ավելի գայթակղիչ են, քան օրորոցից կախված պտտվող և երգող խաղալիքները։

Արդյունքում, երեխան այլևս չի ձգտում զարգացնել իր հաղորդակցման միջոցները։

Մի քանի խորհուրդ 3 ամսեկան փոքրիկներին խնամողներին․

  1. Շատ խոսեք փոքրիկի հետ
  2. Ծանոթացրեք փոքրիկին այն ամենին, ինչը շրջապատում է իրեն
  3. Բարձրաձայնեք և մեկնաբանեք Ձեր և փոքրիկի յուրաքանչյուր գործողություն
  4. Բարձրաձայնեք և մեկնաբանեք իր հուզական վիճակը և դրա պատճառը
  5. Կարդացեք փոքրիկ հեքիաթներ
  6. Միասին լավ երաժշտություն լսեք և փորձեք երգել դրանք
  7. Հեռու պահեք էկրաններից
  8. Փոքրիկին շրջապատեք վառ գույներով, երգող և շարժվող խաղալիքներով
  9. Սովորեցրեք երեխային խաղալ խաղալիքներով
  10. Երեխային ապահովեք դրական ու ջերմ միջավայր։

Առողջ և ներդաշնակ եղեք․․․

Տարածելիս խնդրում եմ պահպանել հեղինակային իրավունքը

Հեղինակ՝ լոգոպեդ, ՀՄՀԱ համահիմնադիր Աննա Մալխասյան
ՀԱՍԿ սոցիալ-կրթական աջակցության կենտրոն
Հասցե՝ ք. Երևան, Արամ Խաչատրայն 4
Հեռ. 099084851