Շուտով մոտենում է սեպտեմբերը, և սկսվելու է ուսումնական նոր տարին, որին սրտի թրթիռով սպասում են հատկապես առաջին դասարանցիները և նրանց ծնողները։ Ծնողներն անհանգստություններ ունեն երեխայի պատրաստվածության համար. արդյոք երեխան պատրաստ է, թե՞ ոչ։ Դպրոցին պատրաստվելու ժամանակն ավելի արդյունավետ օգտագործելու համար խորհուրդ է տրվում ավելի ինտենսիվ զարգացնել երեխայի հետևյալ հմտությունները, որոնք իրեն դպրոցում և ամբողջ կյանքում կօգնեն ավելի հեշտ յուրացնել ցանկացած գիտելիք և տեղեկություն:

  1. Տրամաբանություն
  2. Մանր մատորիկա
  3. Ինքնուրույնություն
  4. Հիշողություն
  5. Արագություն
  6. Կենտրոնացում
  7. Ուշադրություն
  8. Համբերատարություն

Դե իհարկե այս ամենին նպաստում է խաղը։

Կարևոր է խաղի միջոցով հետաքրքրություն առաջացնել շրջապատող միջավայրի նկատմամբ, ձևավորել բացահայտելու կարողություն, զարգացնել հետաքրքրասիրությունը, հնարամտությունը, երևակայությունը, սրամտությունը, ինքնատիպությունը, ճկունությունը, մտածողության լայնությունն ու խորությունը։ Խաղը հիմք է ստեղծում կրթական գործունեության համար։

Հայ մեծ բանաստեղծ Հ. Թումանյանը գրել է. «Խաղը մանուկ մարդու բնական, օրգանական պահանջն է, նրա լրջությունն է, նրա էությունն է: Կյանքում ամեն բանի նա խաղով է մոտենում, դա նրա ձևն է, դա նրա մեթոդն է: Եվ ամեն բան, ինչ որ նրան տրվում է խաղով, ուրախությունով ընդունում է, հեշտ էլ յուրացնում`առանց ձանձրանալու, առանց հոգնելու»:

 

Խաղ ՝ «Գտիր համապատասխանող պատկերը»

Նպատակը՝ զարգացնել երևակայությունը, հիշողությունը, ուշադրությունը, արագ կողմնորոշվելու կարողությունը, ամրապնդել տարվա եղանակների մասին գիտելինքները։

Անհրաժեշտ պարագաներ՝ տարվա  չորս եղանակները պատկերող նկարներ և դրանք բնորոշող փոքր քարտեր/ նկարներ։

Ընթացքը՝ երեխաները  ընտրում են տարվա չորս եղանակները պատկերող նկարներ և սեղանին դրվում են փոքր քարտեր, որոնք բնորոշում են տվյալ եղանակ։ Երեխաները խաղում են և՛ անհատական, և՛ խմբերով։

Խաղի կանոնը՝ երեխաները պետք է կարողանան տրված ժամանակի ընթացքում գտնել տարվա տվյալ եղանակը բնորոշող խաղաքարտերը և շարել նկարի տակ։ Հաղթում է այն երեխան կամ այն խումբը, որը արագ ու անսխալ է կատարում առաջադրանքը։

 

Խաղ՝ «Ուրվագծել» 

Նպատակը զարգացնել կենտրոնացումը, ուշադրությունը , տեսողատարածական կողմնորոշումը , աչք -ձեռք կապը, ձեռքերի համաձայնեցված շարժումները։

Անհրաժեշտ պարագաներ՝ տարբեր պատկերներ, ձևեր ունեցող տարբեր առարկաներ , թուղթ, գրիչ։

Ընթացքը՝ երեխան թղթի ցանկացած մասում դնում է առարկան և ուրվագծում։ Հետո դնում է մի կողմ և վերջում փորձում է հետ բերել առարկան և դնել ըստ համապատասխան  ուրվագծի։

Կարելի է նաև հարցերի միջոցով ամրապնդել աջ ,ձախ ,մեջտեղ ,վերև ,ներքև հասկացությունները։

 

Հեղինակ՝ Մարիաննա Խաչատրյան, Մանկավարժ

«Մալխասյան» Խոսքի Զարգացման Կենտրոն

Հեռ․ 044888312

Հասցե՝ Ք․ Երևան, Մանթաշյան 41