• 21 դեկտեմբեր, 2024
     Հասմիկ Սահակյան, բլոգեր Հնդկաստանից

    Հասմիկ Սահակյան, բլոգեր Հնդկաստանից

    - Բարև Ձեզ Հասմիկ ջան, մի փոքրիկ պատմեք Ձեր մասին մինչ ամուսնությունը։
    Ինչպես հայտնվեցիք հեքիաթային Հնդկաստանում, մեզ շատ հետաքրքիր է նաև Ձեր սիրո պատմությունը։

    Անունս` Հասմիկ Սահակյան է, մասնագիտությամբ մանկավարժ եմ, ավարտել եմ Երևանի Բրուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի (այն ժամանակ այդպես էր կոչվում) մանկավարժության ֆակուլտետը։
    Համալսարանն ավարտելուց հետո` 2014 թվականին ամուսնացել եմ։ Ամուսինս ազգությամբ հնդիկ է։

    Հնդկաստան ինձ բերել է ՍԵՐԸ։
    Հարսանիքից հետո տեղափոխվել եմ Դոհա, քանի որ ամուսինս մի քանի տարի էր, ինչ էնտեղ էր ապրում։ Դոհայում աշխատել եմ մանկապարտեզում։

    Մոտ 1 տարի այնտեղ ապրելուց հետո վերադարձել ենք Հնդկաստան և մինչ օրս ապրում ենք այստեղ։

    Հասմիկ Սահակյան, բլոգեր Հնդկաստանից- Ինչպե՞ս կատարեցիք Ձեր կյանքի կարևորագույն որոշումներից մեկը։ Քչերը կարող են դիմել նման համարձակ քայլի` ընտրելով կյանքի ընկեր այլ այզգից ու կրոնից։

    - Ժամանակի ընթացքում հասկացա, որ նա այն միակն է, ում կողքին ես երջանիկ կլինեմ, միշտ գնահատված և հարգված, ինչը շատ կարևոր է ինձ համար։
    Կրոնը երբեք ոչ մի կերպ չի ազդել մեր հարաբերությունների վրա, երկուսիս համար էլ Աստված մեկն է։ Ի տարբերություն հնդիկների մեծամասնության` ամուսինս կրոնամոլ ու ավանդապաշտ չէ, ապրում ենք շատ պրակտիկ կյանքով։
    Ամուսինս ինձ գրավեց իր անկեղծությամբ ու պարզությամբ, մարդկային բարձր արժեքների կրող է, անչափ բարի, հոգատար ու ընտանիքին նվիրված։

    Անկախ ազգային պատկանելիությունից` մարդու տեսակն է շատ կարևոր, չենք կարող ասել, թե բոլոր նրանք, ովքեր ամուսնացել են իրենց ազգակցի հետ` երջանկություն ու սեր են վայելում։ Դա միանշանակ այդպես չէ։
    Հասմիկ Սահակյան, բլոգեր Հնդկաստանից, Hasmik Sahakyan, blogger
    Ինչպես անցավ Ձեր հարսանեկան արարողությունը․․․ Արդյոք պահպանվել են երկու ազգերի հարսանեկան սովորույթները․․․
    - Նշանադրությունը տեղի է ունեցել Հայաստանում հայկական ոճով, հարսանիքը` Հնդկաստանում։
    Հարսանեկան արարողությունը եղել է հնդկական ավանդույթներով։ 
    Նշանադրությանն սպիտակ շորն էի հագել, քանի որ հարսանիքին հնդկական էի հագնելու։ 

    Հասմիկ Սահակյան, բլոգեր Հնդկաստանից
    - Ինչո՞ւ որոշեցիք բլոգեր դառնալ...
    Բլոգինգի աշխարհում ի՞նչն է Ձեզ առավել շատ դուր գալիս:
    Յութուբում ալիք բացելու ու վլոգներ նկարելը ամուսնուս՝ Արունի գաղափարն է եղել։
    Այն ժամանակ հնդկական սերիալները մեծ սեր էին վայելում Հայաստանում, մարդկանց հետաքրքրում էր ամեն ինչ Հնդկաստանի, հնդկական մշակույթի մասին։ Ամուսիսն էլ առաջարկեց ալիք բացել ու իմ հայրենակիցներին հենց Հնդկաստանից հայերեն լեզվով ներկայացնել այդ ամենը, պատմել կյանքի, ավանդույթների, խոհանոցի և այլնի մասին, ինչպես նաև` իմ կյանքից դրվագներ, թե ինչպես է հայուհին ապրում հեռավոր Հնդկաստանում։
    Հասմիկ Սահակյան, բլոգեր Հնդկաստանից Ալիքը դանդաղ քայլերով, բայց իմ ներդրած ժամանակի ու աշխատանքի շնորհիվ մեծացավ, հիմա ունեմ ավելի քան 20.000 բաժանորդ։
    Ալիքին զուգահեռ որոշեցի վարել նաև բլոգ Ինստագրամում` հավելյալ տեղեկություն տալու, հետևորդներիս հետ ուղիղ կապ պահելու համար։
    Բլոգ ունենալու առավելություններից մեկն այն է, որ նոր ու տարբեր մարդկանց հետ ես ծանոթանում, այսքան հեռու ապրելով` հայրենակիցներիդ հետ շփվելու հնարավություն ես ունենում, կապն արտաքին աշխարհի հետ կարողանում ես պահել։
    Բացի դա` ես սիրում եմ իմ իմացածով ու տեսածով կիսվել մարդկանց հետ։ Ժամանակին երազում էի հաղորդավարուհի, դերասանուհի դառնալու մասին, հիմա ասես այսպես եմ կարողանում երազանքս իրականացնել ինչ որ չափով։
    Բլոգին զուգահեռ արդեն 3 տարի է, ինչ աշխատում եմ ամուսնուս հետ, ունենք մեր ընտանեկան բիզնեսը, որը միասին սկսել ենք զրոյից հավաքել ու ծաղկեցնում ենք։Հասմիկ Սահակյան, բլոգեր Հնդկաստանից

    - Կարող եք մի քիչ պատմել Ձեր ընտանեկան բիզնեսի մասին։

    - Բիզնեսի մասին միայն ավելացնեմ, որ ամուսինս զարդերի 3D մոդելավորող-դիզայներ է, աշխատում է և՛ տեղական, և՛ միջազգային շուկայի համար, ունի դիզայներների իր թիմը, ինչպես նաև աշակերտներ տարբեր երկրներից, ում 3D մոդելավորման անհատական դասեր է տալիս առցանց։
    Հասմիկ Սահակյան, Արուն, հայ-հնդկական ընտանիք, բլոգեր Հնդկաստանից
    - Ի՞նչ կասեք հնդկական խոհանոցի մասին, այն շատ է տարբերվում հայկականից։
    - Հնդկական խոհանոցում համային ու գունային բազմազանություն է տիրում։ Իհարկե շատ է տարբերվում հայկական խոհանոցից, բայց հնդիկներն էլ հայերի նման առատ յուղ ու կարագ են օգտագործում ճաշերի մեջ, սիրում եմ խորը տապակած ուտելիքներ։ Հնդիկները համեմունքների սիրահար են, սնունդն առանց կծու համեմունքների անհամ է իրենց համար։ Ունեն աղի ու քաղցրի համադրությամբ ուտեստներ։ Ճիշտ է`շատ եմ սիրում որոշ ուտեստներ, բայց նաև հոգնում եմ համեմունքներից, հաճախ եմ պատրաստում մեր հայկական խոհանոցից։
    Հասմիկ Սահակյան, բլոգեր Հնդկաստանից, Hasmik Sahakyan, Blogger
    - Ձեր բարեմաղթանքը մեր հայ կանանք ու աղջիկներին:
    Մեր հայ կանանց ու աղջիկներին ցանկանում եմ սեր, ներքին խաղաղություն ու ներդաշնակություն։ Շատ հաճախ հենց մենք ինքներս ենք պատասխանատու մեր երջանիկ րոպեների, կյանքը դրական նոտաներով ապրելու համար։ Պարզապես պետք է դրական տրամադրվել և ամեն բան ավելի դյուրին կընթանա։
    Սիրեք ինքներդ ձեզ ավելի շատ, իմացեք ձեր արժեքը, գնահատեք ձեր արժանիքները։
    Թող փթթուն, ծաղկաշատ գարուններ շատ լինեն ձեր կյանքում։
    Տաք արևներ ու սեր եմ ուղարկում հեռավոր Հնդկաստանից։

    - Անչափ շնորհակալ ենք ջերմ հարցազրույցի համար սիրելի Հասմիկ։ Թող Ձեր ու Ձեր ընտանիքի արևները միշտ պայծառ լինեն, ու հաջողությունը միշտ լինի Ձեր կողքին։
    Սիրով կսպասենք Ձեզ Հայաստանում․․․

    Հասմիկ Սահակյան

     

    ԻնստագրամYouTube

    Գայանե Բեգո Հարությունի, բլոգեր

    Գայանե Բեգո Հարությունի, բլոգեր

    Նախորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: