Լոգոպեդի պատասխանատու աշխատանքը
- Բարև Ձեզ Աննա։ Շնորհակալություն հարցազրույցի հրավերը ընդունելու համար։ Ինչպիսի՞ հիշողություններ ունեք Ձեր մանկությունից։
- Ողջույն: Մանկությանս ամեն մի դրվագը հիշում եմ: Նյութական ծանր ժամանակներ էին ամբողջ հանրապետությունում, բայց ես դրա մեջ միայն դրականն եմ տեսնում ՝ շնորհիվ ծնողներիս, ընտանիքիս… Այնքան սեր կար մեր տանը, այնքան հոգևոր սնունդ կար, այնքան հույզեր, ջերմություն ու արվեստ կար տան յուրաքանչյուր անկյունում:
Իմ մանկության յուրաքանչյուր երեկոն մի մշակութային պատմություն էր: Ծնողներս ամեն ինչ արել են, որ երկար կրեմ մանկությանս վարդագույն ակնոցը, իրականում հիմա էլ՝ դեռ երբեմն այդ վարդագույն ակնոցը գրպանումս եմ պահում:
Ամենաուրախ, ամենաջերմ հիշողությունները կապված են հենց մանկությանս՝ ծնողներիս, քրոջս, եղբորս, տատիկիս, պապիկիս հետ. ցերեկները երեխաներով տանը մենակ մնալը, իրար համար հոգ տանելը, իրար հետ խաղեր հորինելն ու խաղալը, իրար հետ վիճելն ու պայմաններով հաշտվելը, տատիկիս հետ էքսկուրսիաները, պապիկիս հետ սունկ հավաքելու անտառ գնալը և այլն:
Երևի մենք էլ էսպիսին չլինեինք, եթե չլիներ ծնողներիս որպես ընկեր մեզ վերաբերելը, եթե չլինեին երեկոյան ընտանեկան ընթրիքներն ու ժողովները:
Երբեք չենք ունեցել արգելքներ, հակառակը՝ միշտ մեզ ցույց է տրվել ճանապարհ, բայց չի պարտադրվել: Մանկությունս յուրահատուկ բույր ուներ, որը որքան էլ փնտրում եմ՝ չեմ գտնում դեռ, հուսամ որոշ ժամանակ անց նորից կկարողանամ վերագտնել այդ բույրը:
- Իսկ ի՞նչ կպատմեք Ձեր պատանեկությունից։ Ինչպե՞ս կողմնորոշվեցիք մասնագիտություն ընտրելու ժամանակ։
- Պատանեկության տարիներին բավական շատ բարդույթներ ունեի, որոնք, իհարկե, բնորոշ են տարիքին, բայց դրանք հաղթահարեցի այն ժամանակ, երբ հասկացա, որ յուրաքանչյուրը անհատականություն է և չարժե համեմատվել: Ինչևէ, պատանեկության տարիներին ինձ նվիրել էի երաժշտությանը և սիրում էի շատ նկարել:
Որոշել էի դաշնակահար դառնալ, բայց Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի հենքային դպրոց վարժարանն ավարտելուց հետո ինձ համար պարզ էր, որ դա այն չէ՝ ինչ ես փնտրել եմ։
Փոխեցի որոշումս և սկսեցի պատրաստվել ընդունելության քննություններին հոգեբանության բաժնում։ Բախտի բերմամբ հայտնվեցի Լոգոպեդիա բաժնում, ինչը, պետք է խոստովանեմ, բավական մեծ հարված էր ինձ համար, քանի որ նույնիսկ պատկերացում չունեի, թե ինչ է Լոգոպեդիան։
Բայց․․․ սկսեցի սովորել և ժամանակի ընթացքում նվիրվեցի այս մասնագիտությանը։
- Երբ սկսեցի՞ք աշխատել։ Որպես մասնագետ, ինչ եք կարծում, ինչպիսին է կամավորության դերը երիտասարդների համար և ոչ միայն։
- Աշխատանքային առաջին քայլերս կատարել եմ հենց որպես կամավոր՝ երկրորդ կուրսից սկսած։ Հայրս դեմ էր, որ ես վճարվող աշխատանք իրականացնեի, միշտ ասում էր, որ սա այն մասնագիտությունն է, որ չպետք է աշխատել հանուն գումարի, ասում էր, որ առաջին հերթին պետք է սիրես այն, ինչ անում ես, հետո՝ մտածել դիմացինին օգնելու մասին, իսկ նյութականը երրորդական և չորրորդական է։
Այդ ընթացքում և՛ կամավորություն էի անում, և՛, չեմ ամաչի և կասեմ, որ վճարովի ռեֆերատներ ու կուրսայիններ էի գրում, ինչո՞ւ, որովհետև նախ պահանջարկ կար, հետո՝ ես շատ այլ ոլորտներից տեղեկություններ էի ստանում ու սովորում։ Երբ ծնողներս իմացան՝ շատ ծանր տարան, քանի որ մտածում էին, թե դա խաբեություն է և ես այդ խաբեության մի մասնիկն եմ, բայց իրականում ես այնքան բան եմ սովորել այդ տարիներին։
Օրինակ՝ ես, լինելով, լոգոպեդիա բաժնի ուսանող, կամավորական հիմունքներով լոգոպեդական աշխատանք իրականացնելով, կարող էի գրել որևէ գրական ստեղծագործության վերլուծության թեմայով կամ ինչու ոչ՝ տնտեսագիտության վերաբերյալ որևէ կուրսային կամ դիպլոմային աշխատանք, որոնք միանշանակ 90-100 բալ էին բերում ուսանողին։
Արդեն այդ ժամանակ հայրս թույլ տվեց, որ վճարով աշխատեմ՝ որպես լոգոպեդ, երևի մտածում էր կդադարեմ կուրսայիններ, ռեֆերատներ գրել, բայց ոչ․․․
Ես սիրում էի սովորել ու կարդալ, ինձ հետաքրքիր էր այդ աշխատանքը։ Հետաքրքիրն այն է, որ նույնիսկ պատվիրատուներն ինձ դեմքով չէին ճանաչում։ Երեք տարուց ավել տարբեր կազմակերպություներում որպես կամավոր-լոգոպեդ եմ եղել, շատ պարտաճանաչ գնում էի և ջանք չէի խնայում, քանի որ հստակ գիտակցում էի, որ սա է ինձ ճանապարհ հարթող ճանապարհը։
Այդ տարիներին շատ էին գործատուները, ովքեր օգտվում էին և չարաշահում էին, սակայն դա նաև իմ օգտին էր, քանի որ ես սովորում էի յուրաքանչյուր նոր դեպքի հետ առնչվելով։ Հիմա էլ, երբ ուսանողներն ինձ հարցնում են ինչից սկսել՝ պատասխանում եմ, որ լավ կլինի պետական ԲՈՒՀ-երում կամավորություն անելուց սկսեն։ Վերջինս բավական բարդ է և պատասխանատու, և կոփում է՝ որպես մասնագետ։
- Իսկ այժմ կամավորությամբ զբաղվում եք։
- Իհարկե, երբեք չեմ դադարել․․․ Այս աշխատանքում այլ կերպ չեմ պատկերացնում ինձ։
Նախ, ծնողների համար նախատեսվող վերապատրաստումների համար դեռ երբեք չեմ վճարվել, քանի որ գտնում եմ, որ ծնողների համար ցանկացած տեղեկատվություն կարևոր է և աշխատելու է ի շահ փոքրիկի, ծնողներին նախընտրում եմ տալ մասնագիտական գործնական հմտություններ, պարբերաբար անվճար խորհրդատվությունների օրեր եմ հայտարարում, այդ թվում՝ նաև մարզերում, և, անշուշտ, կան այցելուներ, ում հետ աշխատում եմ՝ առանց վարձատրության։
Համագործակցում եմ տարբեր ՆՈՒՀ-երի և այլ ուսումնական հաստատությունների հետ՝ աջակցելով իրենց աշխատակազմերին, զինելով նրանց գործիքակազմով։
Այս ամենը, ինչ նշեցի կամավորական իմ աշխատանքն է, որը, բնականաբար, անում եմ իմ հոգու համար։ Մի արտահայտություն ունեմ, որը հաճախ եմ բարձրաձայնում․ «Չի կարող լինել մի դեպք, որ ծնողները հնարավորություն չունենան լոգոպեդի այցեր կազմակերպելու, ես իմանամ ու չաջակցեմ, քանի որ փոքրիկը ոչնչում մեղավոր չէ»։ Այն, ինչ անում եմ իմ հոգու համար՝ նախընտրում եմ շատ չբարձրաձայնել։
- Երբ և ինչպե՞ս որոշեցիք ստեղծել ՀԱՍԿ-ը։
- ՀԱՍԿ-ը, մեր չորս ընկերների ստեղծած փոքրիկ, բայց ջերմ անկյունն է, որտեղ կարող ես հանգիստ աշխատել, ստեղծագործել և օգնել՝ որքան սիրտդ կուզի։ Մինչ ՀԱՍԿ-ը ստեղծելը մենք չորսս՝ ես, Նունեն Մելիքյան, Մերին Ավետիսյան և Հայկը Մկրտչյան մեծ մասնագիտական ճանապարհ ենք անցել։
Քովիդից և 44 օրյա պատերազմից հետո ուշագրավ փաստ էի նկատել, որ ավելի փոքր տարիքով բալիկների համար են սկսել դիմել մասնագիտական խորհրդատվության ու բոլորի մոտ գրեթե նույն նախանշաններն են։ Դե բարձրաձայնեցի ընկերներիս մոտ, Հայկ Մկրտչյանը առաջարկեց մեծամասշտաբ հետազոտություն իրականացնել ու հասկանալ, եթե ճիշտ է՝ ինչ լուծում ենք առաջարկելու։
Ինչևէ՝ հավաքվեցինք չորսով ու որոշեցինք հերքել առաջ քաշածս վարկածը, սակայն ճիշտ հակառակը։ Այնպիսի պատկեր ստացանք հետազոտության արդյունքում, որը երբեք չէի ուզենա ճիշտ լիներ։ Կրկին չորսով ռազմավարություն մշակեցին, ինչպես դուրս գալ ստեղծված իրավիճակից և ստեղծեցին նախաձեռնություն, որի շրջանակներում վերապատրաստեցինք ՆՈՒՀ 1000ից ավել մանկավարժների, ի դեպ՝ կամավոր և առանց նյութական որևէ ակնկալիքի։
Արդյունքում որոշեցինք ստեղծել համայնքային աջակցության սոցիալ կրթական կենտրոն՝ ՀԱՍԿ, որի նպատակն էր լինելու ծառայել իր անվանը համապատասխան։ Մեզ մոտ այսօր մասնագիտական ծառայություններ են մատուցվում՝ առանց տարիքային սահմանափակման և, առհասարակ, առանց սահմանափակումների։
Շատ նպատակներ ունենք ՀԱՍԿ-ի համար, դեռ ամեն ինչ առջևում է։
- Բացի Ձեր հիմնական աշխատանքից, ինչ այլ գործունեությամբ եք զբաղվում։
- Այս պահին լոգոպեդիան համատեղում եմ դասընթացավարության հետ և փորձագիտական աշխատանքի հետ։ Վերջինս ևս բավական պատասխանատու և շատ հետաքրքիր աշխատանք է, քանի որ ներգրավված եմ Անձի Ֆունկցիոնալության Գնահատման գործընթացում, որի գործիքակազմը մշակող հեղինակների խմբում ևս ներգրավված եմ եղել տարբեր ժամանակահատվածներում, այն այսօր համարվում է գնահատման պետական չափորոշիչ։
Այս աշխատանքը ևս ինձ համար մեծ պատիվ է։
- Ինչպես գիտեմ, բացի երեխաներից, Դուք աշխատում եք նաև մեծահասակների հետ։ Ո՞րն է տարբերությունը, հիմնական բարդությունները և նրբությունները։
- Մեծահասակների հետ համեմատաբար վերջերս եմ սկսել աշխատել՝ 2020 թվականից, բայց պետք է փաստեմ, որ անհամեմատ տարբերվում է փոքրիկների հետ իրականացվող աշխատանքներից։
Եթե փոքրիկների դեպքում կարող ես փաղաքշել, որևէ կերպ սիրտը շահել և էնպես աշխատել, որ նա չհասկանա, թե իր հետ ինչ աշխատանք է իրականացվում, ապա մեծահասակների դեպքում՝ չես կարող էդպես։ Մեծահասակները գիտեն ինչու են եկել և ունեն իրենց սպասելիքներն ու ակնկալիքները, չես կարող աշխատել ու չմեկնաբանել, թե ինչն ինչու ես անում։
Եթե երեխաներին կարող ես գրավել որևէ գունեղ խաղով, խաղալիքում, ապա մեծահասակի համար կարող է նույնիսկ սենյակիդ գունավոր աթոռը ճնշող լինել։ Այս ամենից հետևում է, որ յուրաքանչյուր դեպքում էլ բարդություններն ու նրբությունները շատ են, պարզապես պետք է անընդհատ որպես մասնագետ աշխատես քեզ վրա, վերապատրաստումներ անցնես և շատ ուսումնասիրես նաև հարակից ոլորտին առնչվող հարցերը, որ հաջողես։
- Ինչ է նշանակում աշխատել երեխաների հետ, ովքեր չեն խոսում։
- Մեծ պատասխանատվություն…
Անչափ կարևորում եմ յուրաքանչյուր վայրկյանը, որը երեխան անց է կացնում ինձ հետ և հնարավորինս պետք է այդ յուրաքանչյուր վայրկյանը դարձնել արդյունավետ, չէ որ այդ ժամանակահատվածը, որը փոքրիկն անց է կացնում ինձ հետ աշխատելով, կարող էր հասկակիցների հետ խաղալ։
Յուրաքանչյուր փոքրիկ մի ուրիշ աշխարհ է, նրանք և նման են, և միևնույն ժամանակ շատ տարբեր։ Ժամանակի ընթացքում սովորել եմ բալիկներից յուրքանչյուրի ներսում մի յուրահատուկ լույս տեսնել։
Ես միշտ ասում եմ իմ բոլոր փոքրիկ այցելուներն այնքան լուսավոր են, այնքան դրական են, որ անհնար է իրենց տեսնել և անկեղծ չժպտալ, կամ չսիրել․․․ Յուրաքանչյուրից մենք՝ մեծիկներս, շատ բաներ ունենք սովորելու։
- Ինչը կարող է խանգարել երեխաների խոսքի զարգացման փուլերին։
- Շատ գործոներ կան, որոնք կարող են խոչընդոտել խոսքի զարգացմանը, սկսած ներարգանդային զարգացման շրջանից։ Թթվածնաքաղցը, հղիության ընթացքում մայրիկի տարբեր հիվանդությունները, ծննդաբերության բարդ ընթացքը, վնասվածքները, սթրեսները, դեպրեսիաները, մուլտերը, շփման շրջանակի բացակայությունը, միջավայրը, որտեղ մեծանում է փոքրիկը, բազմալեզվությունը, ֆիզիկական, նյարդաբանական, ժառանգական խնդիրները և այլն։
Մի խոսքով՝ գործոնները բազմաթիվ են, պարզապես դրանք ճիշտ և օբյեկտիվ ախտորոշել է պետք։
- Իսկ առհասարակ, ինչպիսի նախանշանների դեպքում ծնողը պետք է դիմի մասնագետին։
- Հիմնական նախանշաններ կարելի է նշել․
1. Փոքրիկը լռում է, չի «թոթովում»։
2. Մեկ ու կես, երկու տարեկանում երեխան չի ասում «մամա», «պապա», «տատա», «կակա» և այլն, չի արձագանքում անվանը
3. Երեխան լռում է մինչև երեք տարեկանը, սակայն ընկալում է իրեն ուղված խոսքը։ Կամ չի ընկալում իրեն ուղված խոսքը։
4. Մինչև երկու-երեք տարեկանը խնդիր չէ, որ երեխայի մոտ գերակշռում է պասիվ բառապաշարը։ Երեք տարեկանից հետո պետք է գերակայի ակտիվը՝ երեխան գործածում է այն ամենը, ինչը կուտակել է։
5. Երեխայի խոսքը չի զարգանում, օրինակ՝ երեխայի խոսքը չորս տարեկանում նույնն է, ինչ՝ երեքում։
6. Չորս տարեկանում երեխան ընդհանրապես չի մտնում երկխոսության մեջ, չի կազմում նախադասություններ։
7. Երեխան ստացել է որևէ վնասվածք, օրինակ՝ ուղեղի ցնցում։
8. Երեխան մոտ հինգ տարեկանում սխալ է արտաբերում հնչյունները, օրինակ՝ փափկացնում է կամ ռնգայնացնում և այլն։
9. Հարկավոր է ուշադրություն դարձնել, երբ ավագ նախադպրոցական տարիքում, երեխան վատ է մտապահում բառը։
10. Դպրոցահասակ տարիքում չի կարողանում խոսել շրջուն նախադասություններով, պատմվածք կառուցել, պատասխանել հարցերին։
11. Ավագ նախադպրոցական տարիքում դժվարանում է հիշել գրաֆիկական պատկերները։
12. Երեխան բաց է թողնում վանկեր։
13. Անձի խոսքում նկատվում են կմկմոցներ, արհեստական կանգառներ, դադարներ։
14. Խոսքը անսովոր արագ է կամ դանդաղ։
- Շատ կարևոր հարց, ինչպես ընտրել մասնագետ երեխաների համար, ինչ կարևոր գործոններ կան, որոնց պետք է ծնողը ուշադրություն դարձնի, և միգուցե դժվար հարց եմ տալիս, բայց երբ և ինչպես ծնողը հասկանա, որ մասնագետը ճիշտ է աշխատում, կամ համակառակը, և միգուցե պետք է դիմել այլ մասնագետի ևս։
- Առաջին հերթին ծնողը պետք է վստահի այն մասնագետին, ում ընտրել է իր փոքրիկի համար՝ որպես բարդ ու դժվար ճանապարհի ընկեր։
Առաջին հերթին ծնողը պետք է ներքին վստահության ունենա, որ այս մասնագետն, ում ինքն ընտրել է իսկապես օգնելու է իր փոքրիկին։ Մասնագետին ընտրելու կարևոր չափանիշ է նաև, որ փոքրիկն ընդունի տվյալ մասնագետին, քանի որ վերջինս անմիջապես հեղինակություն է դառնում փոքրիկի համար։
Փոքրիկը, այո, պետք է ուրախ դուրս գա մասնագետի սենյակից, բայց և այնպես, պետք է որևէ, թեկուզ չնչին փոփոխություն պետք է նկատեք։ Ընտրեք այնպիսի մասնագետներ, ովքեր պատրաստ են համագործակցության, ովքեր չեն խուսափում Ձեզ հետ խոսել ցանկացած պահին, ցանկացած վայրում Ձեր իսկ փոքրիկի մասին։
Լավ կլինի, որ պահանջատեր լինի ծնողը և պահանջի ուղղորդումներ, տնային հանձնարարություններ։ Մեկ էլ չեմ սիրում, որ մասնագետները ծնողներին ժամկետներ են խոստանում, չէ՞ որ ծնողը սպասելու է այդ ժամկետին, իսկ մենք որպես մասնագետներ գիտենք, որ եթե կա մարդկային գործոն, հատկապես դիմացդ փոքրիկ է, ժամկետ կանխատեսել և դրա մասին բարձրաձայնելը այդքան էլ պրոֆեսիոնալ մոտեցում չէ։
- Կին, 2 երեխաների մայր․․․ ինչպես եք հասցնում համատեղել աշխատանքն ու ընտանիքը։
- Այո․․․ Երեխաներս իմ հպարտությունն են։ Իրականում, դժվար է, քանի որ որքան իդեալական ես փորձում լինել աշխատանքում, որովհետև պատասխանատվությունն է մեծ, քառակի անգամ ավել ջանում ես քո բալիկների համար։ Բայց, քանի որ ես հասկացել եմ ու գտել եմ ձևը, ինչպես լինել երեխաների հետ ՄԱՄԱ, ամուսնու կողքին՝ ԿԻՆ աշխատավայրում ՝ ԼՈԳՈՊԵԴ ԱՆՆԱ, ամեն ինչ ավելի հեշտ է դառնում։
Հաճախ, երբ միջոցառումների ժամանակ երեխաներիս հետ եմ և կարիք է լինում ներկայանալու՝ ես ներկայանում եմ որպես Հովհաննեսի ու Նարինեի մամա, երբեմն նույնիսկ անունս չնշելով։ Ուզում եմ, որ երեխաներս միշտ իմանան, որ ամբողջ աշխարհը պետք է պտտվի իրենց շուրջ ու անգամ մաման։
- Ինչո՞ւ պետք է մայրը աշխատի, ինչ է դա նշանակում երեխայի համար։
- Քանի որ մայրն ունի շատ նպատակներ, երազանքներ իր ձագուկների ապագայի վերաբերյալ՝ մի կողմից, մյուս կողմից՝ հոգեբանության տեսանկյունից, մենք ենք մեր փոքրիկների ապագան կերտողը՝ որպես տեսակ, չէ՞ որ մեր ձագուկները մեծանալու են և ընտրելու են նմանակման կերպար, ձգտելու են իրենց կողքին տեսնել մեզ նման մարդկանց։
- Բացահայտենք Ձեզ )) Ինչ հետաքրքրություններ ունեք։
- Հետաքրքրություններս շատ տարբեր են։ Շատ սիրում եմ կարդալ, երաժշտություն լսել, նկարել, վերջին տարիներին սկսել եմ գրել, շատ սիրում եմ առաջին հերթին իմ բալիկներին բացահայտել, հետո՝ մյուս բալիկներին, իրենց ուժեղ կամ թաքնված կողմերը։
- Ինչպես եք հանգստանում, կամ թոթափում լարվածությունը։
- Ձագուկներիս հետ․․․ Արդեն տասը տարի է, հանգստի այլ տարբերակ չեմ էլ փնտրում։ Բախտս բերել է երեխաներս էլ են սիրում քայլել։ Միասին դուրս են գալիս երեկոյան և քայլում ենք Երևանում, ունենք սիրած սրճարան, որը մեր հիմնական կայարանն է:
Իսկ, երբ լարվածությունը շատ մեծ է, որը, վստահ եմ, որ չեմ կարողանալու թաքցնել ընտանիքիցս, ականջակալներով բարձր երաժշտություն եմ միացնում ու քայլում, այնքան՝ մինչև մտովի լուծում կգտնեմ հարցերիս։
Ի վերջո, նաև կեցցեն հոգեբանները։ Երբ հոգիս շատ է ծանրանում, նաև այցելում եմ հոգեբանի։
- Սիրելի Աննա, բացառիկ մարդկանցից եք, որ աշխատում եք երևիթե ամենախոցելի խավի հետ, սակայն միշտ լավատես եք, ու ժպտում եք անկախ հոգնածությունից, ծանրաբեռնվածությունից․․․ Ինչն է Ձեզ օգնում առաջ գնալ աշխատանքում, անձնական կյանքում, ու միշտ լավատես լինել։
- Իրականում, հազվադեպ, բայց այդ լավատեսությունը կարող է մարել, բավական է գիտակցեմ, թե ով է կանգնած իմ դիմաց ու ամեն վատ միտք վերանում է։ Տարիների ընթացքում, թե աշխատանքային, թե՛ անձնական կյանքում տարբեր դժվարություններն են ինձ դարձրել այն, ինչ կամ։
Այնքան դժվարություններ եմ հաղթահարել, որ այսօր որևէ խնդիր չի կարող ինձ ընկճել։
Իմ բոլոր ճանապարհները ինքս եմ հարթել, բայց միշտ իմացել եմ, թե ովքեր են իմ թիկունքը՝ մեծ ու փոքր ընտանիքս, երեխաներս և այցելուներս, հավատացեք՝ բոլորի ներսի լույսն է ինձ այսքան ուժ տալիս։ Մի արտահայտություն ունեմ, որ հաճախ եմ ինքս ինձ կրկնում յուրաքանչյուր դժվար պահին․ «Աննա ջան, սա դեռ վերջը չէ, քանի որ ցանկացած երևույթ պետք է Happy end ունենա, իսկ քանի դա չկա՝ պայքարել է պետք»
- Ինչ կմաղթենք մեր կանանց և մայրիկներին։
- Մաղթում եմ, որ մեր կանայք և մայրիկները ներդաշնակ ու առողջ լինեն։ Սիրելի՛ կանայք և մայրիկներ, շատ սեր տվեք աշխարհին ու տիեզերքը Ձեզ կրկնակի կվերադարձնի․․․
- Շնորհակալություն մեր ողջ թիմի և հետևորդների անունից անչափ հետաքրքիր, ուսուցողական հարցազրույցի համար։
Ճանաչել ու լսել ԿՆՈՋ, ՄԱՍՆԱԳԵՏԻ, ով կարողանում և հասցնում է անել այնքան աշխատանք, որքան Դուք, պարզապես հպարտություն է։ Ձեզ մաղթում ենք ամենայն հաջողություններ, ամուր առողջություն և նորանոր մտքեր, որոնք կդարձնեն մեր հասարակության կյանքը մի փոքր էլ ավելի լավը։
Սիրով hoonch.am թիմ՝
Հարցազրույցը պատրաստեց՝ Աննա Տեր-Հովհաննիսյանը