Մեր հյուրն է դիմահարդար, մոդելավորող, ոճաբան, գեղեցկության ոլորտի առաջատար բլոգեր Ագա Քանքանյանը, ով նաև հանդիսանում է Aga Kankanyan Image Studio նորաձևության կենտրոնի և Aga Kankanyan Beauty Tools ապրանքանիշի հիմնադիրը։
- Ողջույն սիրելի Ագա, ընդհանուր առմամբ, ե՞րբ և ինչպե՞ս սկիզբ առավ Ձեր ճանապարհը դեպի կարիերա։ Որ կետում սկսվեց Ձեր հաջողության ուղին։
- Ողջույն, իմ կարիերան սկսվել է հեռավոր 90-ականներին, երբ սովորում էի «Ատեքս» նորաձևության կենտրոնում, որպես մոդելավորող դիզայներ: Նորաձևության ցուցադրությունների ժամանակ կերպարներս կատարյալ դարձնելու համար, ես դիմահարդարում էի անում մոդելներին: Այդպես էլ սկիզբ առավ մի հեքիաթային պատմություն, որով շատ հպարտ եմ:
- Ընտանեկան մթնոլորտը ինչպես է ազդել Ձեր մասնագիտության ընտրության վրա։
- Ես միշտ տարբերվել եմ ընտանիքում իմ երազանքներով, ստեղծագործականությամբ, մտածողությամբ, բայց և ստացել եմ այնպիսի լավ դաստիարակություն, որ, կարծում եմ, անկախ մասնագիտական կողմնորոշումից, մարդկային բարձր արժանիքներով եմ մեծացել, որոնք էլ ամենակարևորն են կյանքում:
- Ձեր կարծիքով, ինչպիսին է տղամարդու դերը կնոջ կարիերայի հաջողության կամ անհաջողության մեջ։
- Յուրաքանչյուր մարդու կյանքում, լինի դա կին կամ տղամարդ, կողակցի դերն անգնահատելի է: Կարևոր է, որ կողակիցները սատարեն իրար: Դա իսկապես օգնում է մարդու կայացման գործում:
- Ըստ Ձեզ, երեխաները խանգարում, թե մոտիվացնում են կնոջը, հասնել առավելագույնին․․․
- Կնոջից է կախված: Իմ երեխաներն ինձ համար եղել են ոգեշնչման աղբյուր, էլ ավելի լավը դառնալու մոտիվացիա:
- Ինչպես է սկսվում ձեր աշխատանքային օրը։
- Իմ աշխատանքային օրը սկսվում է շատ վաղ, քանի որ հարսների դիմահարդարում եմ անում հիմնականում: Այդ տեսակ օրվա սկիզբը շատ եմ սիրում, այնքան էսթետիկ ու երջանիկ է սկսվում օրս` չէ որ հարսներն իրենց ամենակարևոր օրն ինձ են վստահում, և ես նրանց հետ կիսում եմ այդ հուզմունքն ու սերը:
- Հաջողության հասնելու ճանապարհները սովորաբար քարքարոտ են լինում։ Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել Ձեր անցած ուղու ընթացքում։ Արդյո՞ք եղել է մի պահ, որ ցանկանաք հանձնվել, ոչինչ չանել․․․
- Ինձ ոչինչ չի կարող կանգնեցնել, այդպիսին միշտ եմ եղել, բայց, իհարկե, դա չի նշանակում, որ չեն եղել դժվարություններ: Ուղղակի իմ տեսակով պայքարող եմ և միշտ եմ պայքարել այդ դժվարությունների դեմ:
- Որպես կայացած գործարար հայուհի՝ ի՞նչ խորհուրդ կտաք այն կանանց, ովքեր նոր են սկսում կարերիայի իրենց երկար ճանապարհը, կամ դեռևս չեն հասել նկատելի հաջողությունների։
- Խորհուրդ կտամ չվախենալ, չհանձնվել, բայց և միևնույն ժամանակ չմոռանալ ինքնակրթության, ինքնազարգացման և ինքնակատարելագործման մասին:
- Կյանքում Ձեր ամենամեծ ձեռքբերումը:
- Ընտանիքս, երեխաներս, թիմս:
- Ի՞նչ կմաղթեք կանանց:
- Կմաղթեմ սեր և ուրիշ ոչինչ: Երբ կյանքդ սիրով է լցված, ամեն ինչ կստացվի:
Սիրով hoonch.am թիմ՝
Հարցազրույցը վարեց՝ Աննա Տեր-Հովհաննիսյան
Ֆոտոնկարահանում՝ Հասմիկ Լուսանկարչություն