(Գրիմմ եղբայների հեքիաթներից)
Ամռան մի առավոտ ոզնին դուրս եկավ դաշտ՝ զբոսնելու: Նրան պատահեց նապաստակը:
- Բարև, նապաստակ եղբայր, ո՞նց ես,- հարցրեց ոզնին:
Իսկ նապաստակը, փոխանակ քաղաքավարի բարևելու, ասաց.
- Այդպես վաղ ի՞նչ ես անում դաշտում, ոզնի:
- Զբոսնում եմ:
- Զբոսնո՞ւմ ես,- զարմացավ նապաստակը,- իմ կարծիքով քո այդ ծուռտիկ ոտներով շատ չես զբոսնի:
- Դու կարծում ես, թե ինձնից արա՞գ կվազես,- հարցրեց ոզնին:
- Իհարկե՛,- ծիծաղեց նապաստակը:
- Փորձե՛նք,- ասաց ոզնին:
- Փորձե՛նք,- ծիծաղեց նապաստակը:
- Դե այստեղ քիչ սպասիր, գնամ տուն, նախաճաշեմ, գամ: Լա՞վ:
- Լա՛վ:
Ոզնին վազեց տուն և կնոջն ասաց.
- Կնի՛կ, շուտով շորերդ հագիր, պետք է դաշտ գնանք:
- Ի՞նչ կա որ,- հարցրեց կինը:
- Նապաստակի հետ գրազ եմ եկել, թե ո՞վ ավելի արագ կվազի: Դու պետք է ինձ օգնես:
- Գժվե՞լ ես, ինչ է: Դու ո՞նց կարող ես նապաստակից առաջ անցնել:
- Քո գործը չէ: Ես գիտեմ, թե ինչ եմ անում:
Կինը շորերը հագավ, և նրանք դաշտ գնացին:
Ճանապարհին ոզնին կնոջն ասաց.
- Ա՛յ, այս դաշտով պետք է վազենք: Ես մի ակոսով, նապաստակը՝ մյուս ակոսով: Դու մի ակոսի ծայրին նստիր, երբ նապատակը վազելով կգա քեզ մոտ, հանկարծ դուրս եկ և գոռա. «Ես արդեն այստեղ եմ»: Հասկացա՞ր:
- Հասկացա,- ասաց ոզնու կինը:
Իսկ ոզնին ու իր կինը այնպես նման էին իրար, ոնց որ ջրի երկու կաթիլ:
Այդ ժամանակ նապաստակը եկավ:
- Դե՛, վազենք,- ասաց նա:
- Վազենք:
- Մե՛կ, երկո՛ւ, երե՛ք:
- Վազե՛նք:
Ոզնին մի քանի քայլ վազեց, ապա կամաց ետ դարձավ և իր տեղում հանգիստ նստեց: Երբ նապաստակը հասավ ակոսի ծայրին, հանկարծ ոզնու կինը դուրս եկավ ու գոչեց.
- Իսկ ես արդեն այստեղ եմ:
Շատ զարմացավ նապաստակը, որ ոզնին հաղթեց իրեն, և բարկացած գոչեց.
- Է՛լի վազենք: Մե՛կ, երկո՛ւ, երե՛ք,- և քամու նման վազեց:
Երբ որ տեղ հասավ, հանկարծ ոզնին դուրս եկավ և գոչեց.
- Իսկ ես արդեն այստեղ եմ:
- Է՛լի վազենք,- բարկացավ նապաստակը:
Էլի վազեցին:
Նապաստակն այնքան այս ու այն կողմ վազեց, որ ուժասպառ եղավ:
- Դու ինձ հաղթեցիր,- ասաց նապաստակը և գլուխը կախ հեռացավ:
Հետաքրքիր է նաև․․․
Դպրոցի ճամփան, Հովհաննես Թումանյան
- 16.09.2025
ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴ Հայ Մեծերից
- 24.07.2025
Աղվեսը, Հովհաննես Թումանյան
- 28.09.2024
Փիսոն, Հովհաննես Թումանյան
- 25.09.2024
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Այս տարին իսկապես հրաշքներով լի էր, Լուսինե Թովմասյան
- 2026-01-08 11:48:00
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
Հայկ Աջապահյան, «Ամանորի հրաշքը» գրքի գեղեցիկ շնորհանդեսը
- 2025-11-22 18:16:00
Քրիստինա Սահակյան, հաշվապահ, դրամաշնորհների/ֆինանսների կառավարիչ
- 2025-11-19 04:54:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
All Rights Reserved © 2026