- Ողջույն Մերի, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Մեր ձևաչափին համապատասխան, սկսենք Ձեր մանկությունից։ Ի՞նչ արժեքներ եք ստացել մանկությունից, որոնք այսօր Ձեզ հետ են։

- Ես մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ աշխատասիրությունը, ազնվությունը և մարդկանց օգնելու պատրաստակամությունը պարզապես խոսքեր չէին, այլ ապրելակերպ։ Ծնողներս սովորեցրել են, որ ամեն ինչի պետք է հասնել սեփական աշխատանքով, երբեք չհանձնվել և միշտ մարդ մնալ՝ անկախ դժվարություններից։ Այդ արժեքներն այսօր էլ իմ կյանքի և բիզնեսի հիմքն են։

Meri-Grigoryan-mrug-kids-hoonch-am.jpg

- Ինչ կրթություն եք ստացել։

- Բարձրագույն կրթություն ունեմ, մասնագիտությամբ լինգվիստ եմ և ուսուցչուհի։ Աշխատում եմ Լուսաղբյուրի միջնակարգ դպրոցում։ Կրթությունն ինձ սովորեցրել է մարդկանց հասկանալ, լսել և շարունակել սովորել ամբողջ կյանքի ընթացքում, իսկ այդ հմտությունները շատ են օգնում նաև բիզնեսում։

- Ե՞րբ առաջին անգամ զգացիք, որ ուզում եք ոչ միայն աշխատել, այլ ստեղծել ինչ-որ բան Ձեր սեփական ձեռքերով։

- Այդ զգացողությունն առավել ուժեղ դարձավ հայրիկիս կորցնելուց հետո։ Հասկացա, որ պետք է շարունակեմ հայրիկիս կիսատ թողած ճանապարհը։ Դա ինձ համար դարձավ ոչ միայն նպատակ, այլ առաքելություն։ Ցանկացանք ստեղծել մի միջավայր, որը արժեք կունենա մարդկանց համար և կշարունակի այն գաղափարները, որոնց հավատում էր հայրիկս։

Meri-Grigoryan-mrug-hoonch-am1.jpg

- Շատերը բիզնես սկսելու համար ձգտում են տեղափոխվել Երևան կամ ավելի մեծ քաղաք։ Դուք հակառակ ճանապարհն եք ընտրել։ Ինչո՞ւ։

- Երկար տարիներ ապրել ենք Ռուսաստանի Դաշնությունում։ Վերադառնալով Հայաստան՝  որոշեցինք բնակություն հաստատել ամուսնուս՝ Հովհաննեսի, հայրենի գյուղում՝ Լուսաղբյուրում։ Մեզ համար սա պարզապես բնակության վայր ընտրելու որոշում չէր, այլ գիտակցված ընտրություն՝ մեր ուժն ու գիտելիքը ներդնել մեր համայնքի զարգացման մեջ։

Շատերն իրենց երազանքներն իրականացնելու համար հեռանում են գյուղից, իսկ մենք որոշեցինք վերադառնալ և մեր երազանքը կառուցել այստեղ։ Մենք հավատում էինք, որ հնարավորությունները պետք չէ միայն փնտրել, դրանք պետք է ստեղծել։

Այսօր մարդիկ տեսնում են MRUG ապրանքանիշը, բայց դրա հետևում կանգնած է մեր քրտնաջան աշխատանքը, պայքարը, հավատն ու նվիրումը։ MRUG-ը մեր ընտանիքի մեծ աշխատանքի արդյունքն է։ Այն ծնվել է սիրուց, համառությունից և այն համոզմունքից, որ նույնիսկ փոքր գյուղում կարելի է ստեղծել մեծ արժեք։

Մեզ համար ամենամեծ ձեռքբերումը միայն մեր բրենդի հաջողությունը չէ։ Ավելի կարևոր է, որ կարողանում ենք աշխատատեղեր ստեղծել, մարդկանց հավատ ներշնչել և ապացուցել, որ գյուղում նույնպես հնարավոր է կառուցել մրցունակ և ճանաչված բրենդ։

 

- Ի՞նչ դժվարություններ ունի գյուղում բիզնես ստեղծելը, որոնց մասին քաղաքում ապրող մարդը գուցե նույնիսկ չի մտածում։

- Գյուղում յուրաքանչյուր քայլը մի փոքր ավելի դժվար է։ Մատակարարումները, լոգիստիկան, մասնագետների պակասը, շուկաներից հեռու լինելը՝ ամեն ինչ լրացուցիչ ժամանակ, ուժ և ֆինանսական ռեսուրս է պահանջում։ Բայց մենք սովորել ենք ոչ թե արդարացումներ գտնել, այլ լուծումներ։

Meri-Grigoryan-mrug-hoonch-am2.jpg

- Իսկ ի՞նչ առավելություններ ունի գյուղում ստեղծագործելը և աշխատելը։

- Գյուղն ինձ տալիս է խաղաղություն, բնությունից ուժ ստանալու հնարավորություն և մարդկանց հետ իրական, անկեղծ կապ։ Այստեղ յուրաքանչյուր հաջողություն ոչ միայն քոնն է, այլ ամբողջ համայնքինն է։ Ամեն ստեղծված աշխատատեղ նշանակում է, որ ևս մեկ ընտանիք կարող է ապագան տեսնել իր գյուղում։

 

- Ինչպե՞ս ծնվեց MRUG-ը։ Ո՞րն էր առաջին գաղափարը։

— MRUG-ը սկսվեց շատ փոքր քայլերից։ Սկզբում ստեղծում էինք գիպսե արձանիկներ, որոնք մարդիկ ներկում էին։ Մեր նպատակն էր ոչ միայն արտադրանք ստեղծել, այլև ստեղծել հնարավորություն՝ հատկապես հաշմանդամություն ունեցող մարդկանց համար աշխատելու և իրենց ներուժը բացահայտելու։ Հետագայում հասկացանք, որ կարող ենք ավելի մեծ երազանք իրականացնել, և այդպես ծնվեց նաև հագուստի արտադրությունը։

Meri-Grigoryan-mrug-hoonch-am.jpg

- Ինչո՞ւ հենց «MRUG»։ Ի՞նչ պատմություն կամ իմաստ կա անվան հետևում։

— «MRUG»-ը շատ անձնական պատմություն ունի։ Այդպես ինձ անվանում էր հայրս, և մինչ օրս այդպես են դիմում նաև հայրական կողմի հարազատներս։ Երբ ընտրում էինք բրենդի անունը, ուզում էի, որ այն միշտ հիշեցնի հայրիկիս և իր թողած արժեքները։ Ամեն անգամ, երբ ասում եմ «MRUG», ինձ թվում է՝ հայրիկիս ձայնն եմ լսում։ Այդ անունը ինձ ուժ է տալիս շարունակելու։

 

- MRUG-ն այսօր ունի երկու ուղղություն՝ գիպսե արձանիկներ և հագուստ։ Ինչպե՞ս մեկ բրենդում միավորվեցին այս երկու տարբեր աշխարհները։

— Երկուսն էլ ստեղծագործություն են։ Մեկը գեղեցկություն է ստեղծում արվեստի միջոցով, մյուսը՝ հագուստի միջոցով։ Բայց երկուսի հիմքում նույն գաղափարն է՝ ստեղծել արժեք, աշխատանք և ժպիտ մարդկանց համար։ Այդ պատճառով դրանք շատ բնական կերպով միավորվեցին մեկ ընտանիքում՝ MRUG-ի ներքո։

 

- MRUG-ի պատմության մեջ առանձնահատուկ տեղ ունի ձեր ամուսինը։ Ինչպե՞ս եք կարողանում համատեղել ամուսնական և գործնական հարաբերությունները։

— Ամուսինս ոչ միայն կյանքի, այլև իմ ամենամեծ գործընկերն է։ Մենք սովորել ենք լսել միմյանց, հարգել միմյանց կարծիքը և միասին որոշումներ կայացնել։ Երբ կա ընդհանուր նպատակ, բոլոր դժվարությունները հաղթահարելի են։

Meri-Grigoryan-mrug-hoonch-am3.jpg

- Երբ բիզնեսում դժվար իրավիճակ է ստեղծվում, ո՞վ է առաջինը ասում՝ «չենք հանձնվելու»։

— Անկեղծ ասած՝ երկուսս էլ։ Մեզանից մեկը, եթե հոգնում է, մյուսն է ուժ տալիս։ Մեր ընտանիքում «չենք հանձնվելու»-ն պարզապես խոսք չէ, այլ կյանքի սկզբունք։

 

- Ձեր ճանապարհին ո՞րն է եղել ամենադժվար փուլը։

— Ամենացավոտ փուլերից մեկը մեր ապրանքների մեծ կորուստն էր, երբ երկու տարվա աշխատանքը մի ակնթարթում վտանգվեց։ Այդ պահին թվում էր, թե ամեն ինչ սկսում ենք զրոյից։ Բայց հենց այդ ժամանակ հասկացանք, որ մեզնից ոչ ոք չի կարող խլել մեր փորձը, գիտելիքը և պայքարելու կամքը։

 

- Կա՞ մի բան, որն այսօր հեշտ է թվում, բայց դրա հետևում իրականում տարիների աշխատանք ու պայքար է կանգնած։

— Այսօր շատերը տեսնում են պատրաստի արտադրանքը, պատվերները կամ հաջողությունները, բայց չեն տեսնում անքուն գիշերները, անհաջող փորձերը, ֆինանսական դժվարությունները և անվերջ աշխատանքը։ Յուրաքանչյուր հաջողության հետևում տարիների պայքար կա։

Meri-Grigoryan-mrug-hoonch-am4.jpg

- Ի՞նչ է Ձեզ համար նշանակում ներառականությունը։ Ինչո՞ւ եք կարևոր համարում, որ հասարակությունը տեսնի ոչ թե սահմանափակումը, այլ մարդու հնարավորությունները։

- Ինձ համար ներառականությունը հավասար հնարավորություն է յուրաքանչյուր մարդու համար։ Ես երբեք չեմ ցանկանում, որ մարդուն գնահատեն իր սահմանափակումներով։ Ես ուզում եմ, որ տեսնեն նրա տաղանդը, աշխատասիրությունը և ներուժը։ Երբ մարդուն հնարավորություն ես տալիս, նա կարող է անել ավելին, քան պատկերացնում էինք։

 

- Ձեզ ճանաչելով, Դուք պարբերաբար փորձում եք օգնել մյուսներին։ Որտեղի՞ց է գալիս այդ պատասխանատվության զգացումը։

Կարծում եմ՝ դա գալիս է ընտանիքից։ Ես միշտ հավատացել եմ, որ հաջողությունը միայն քոնով չի չափվում։ Եթե քո ճանապարհով կարողանում ես օգնել մեկ ուրիշին կանգնել ոտքի, ուրեմն իսկապես արժեք ես ստեղծել։

 

- Եթե Ձեր այսօրվա ճանապարհը մեկ նախադասությամբ նկարագրեիք, ի՞նչ կասեիք։

- Ամենամեծ երազանքները իրականություն են դառնում, երբ հավատը, սերը և աշխատանքը երբեք չեն հանձնվում։

Meri-Grigoryan-mrug-family-hoonch-am.jpg

- Եթե այսօր Ձեր պատմությունը կարդա մի կին, ով ապրում է գյուղում, ունի գաղափար, բայց վախենում է սկսել, ի՞նչ կասեք նրան։

- Մի սպասեք կատարյալ պահին, որովհետև այն երբեք չի գալու։ Սկսեք այն ամենով, ինչ ունեք այսօր։ Մեծ բիզնեսները նույնպես սկսել են փոքր քայլերից։ Հավատացեք Ձեր ուժերին, աշխատեք ամեն օր և մի վախեցեք սխալվելուց։ Հիշեք՝ գյուղը սահմանափակում չէ, այն կարող է դառնալ Ձեր ամենամեծ հնարավորությունը։

MRUG-ը պարզապես բրենդ չէ։ Այն մեր ընտանիքի պատմությունն է, մեր արժեքների արտացոլումը և ապացույցը, որ մեծ երազանքները ծնվում են այնտեղ, որտեղ կա սեր, աշխատանք և երբեք չհանձնվելու կամք։

 

Մերի Գրիգորյան, MRUG բրենդի հիմնադիր