Photo Contest: "Matenadaran through My Eyes"

Մաշտոցյան Մատենադարանը հայ մշակույթի պահպանման և հանրահռչակման խոշորագույն կենտրոններից մեկն է։ Այն իր հարուստ հավաքածուով և պատմական նշանակությամբ ամեն տարի հազարավոր այցելուների է հյուրընկալել, որոնք հիացել են Մատենադարանի շենքի ներքին և արտաքին հարդարանքով, ցուցանմուշներով և բազմաթիվ լուսանկարներ են ստեղծել։ Այժմ Մատենադարանը հայտարարում է լուսանկարների մրցույթ:

Մրցույթի մասնակցության ընդհանուր դրույթներն են՝

▪ Մրցույթին կարող է մասնակցել 18 տարին լրացած յուրաքանչյուր անձ, ցանկացած երկրից։
▪ Ամեն մի մասնակից կարող է ուղարկել առավելագույնը 3 լուսանկար։
▪ Լուսանկարները կարող են պատկերել Մատենադարանի և՛ արտաքին ճարտարապետության, և՛ ներքին հարդարանքի տարրեր։
▪ Լուսանկարները պետք է լինեն միայն JPG, jpg ձևաչափով, գերադասելի է 300 dpi ծավալով։
▪ Լուսանկարների վրա չպետք է լինեն հեղինակային իրավունքը փաստող մանրամասներ (անուն, ազգանուն, գրական կեղծանվան հապավված տարբերակ, հեղինակային իրավունքի նշանի (©) կիրառում) հանձնաժողովի անկողմնակալ գնահատականին արժանանալու համար։
▪ Այլ մրցույթների մասնակցած կամ տպագրված լուսանկարները ևս ընդունվում են:

Տեղեկացնենք, որ ապրիլի 11-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Մատենադարանի ներսում կթույլատրվի լուսանկարչական սարքով լուսանկարել, սակայն առանց լուսաբռնկիչի (flash, фотовспышка) կիրառման։ Մատենադարան մուտքը կթույլատրվի թանգարանային տոմսերով:

Մատենադարան, մրցույթ

Մրցույթի համար ուղարկված լուսանկարները հնարավոր է հետագայում հեղինակային իրավունքների պահպանմամբ հրապարակվեն Մատենադարանի սոցիալական էջերում կամ հրատարակվեն Մատենադարանի կողմից երաշխավորված գրքերում, ուստի մրցույթին մասնակցելով, փաստացի, այդ առումով լուսանկարիչը տալիս է իր համաձայնությունը։

 Լուսանկարի թվային տարբերակն անհրաժեշտ է ուղարկել pr.matenadaran@gmail.com էլ. հասցեին՝ վերնագրում (subject) նշելով «Լուսանկարների մրցույթ»:

 Նամակում պարտադիր է նշել․
​▪ Հեղինակի անունը, ազգանունը, հայրանունը,
​▪ Տարիքը,
▪ Քաղաքը, երկիրը,
▪ Լուսանկարի վերնագիրը,
▪ Լուսանկարի ստեղծման տարեթիվը,
▪ Հեռախոսահամարը։

 Ըստ հանձնաժողովի գնահատման արդյունքների՝ կլինի երեք հաղթող, որոնց կտրվեն

Առաջին հորիզոնական՝ 150 000 դրամ, պատվոգիր և խրախուսական նվերներ,
Երկրորդ հորիզոնական՝ 100 000 դրամ, պատվոգիր և խրախուսական նվերներ,
Երրորդ հորիզոնական՝ 50 000 դրամ, պատվոգիր և խրախուսական նվերներ։

 

«Մատենադարանն իմ աչքերով» խորագիրը կրող լուսանկարների մրցույթի հանձնաժողովի անդամներն են՝

Կարեն Մաթևոսյան - Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար,
Իվեթ Թաջարյան - արվեստաբան, Մատենադարանի ավագ գիտաշխատող, ԵՊՀ դոցենտ,
Գրետա Գասպարյան - արվեստաբան, Մատենադարան,
Մարկ Գրիգորյան – գրող, լրագրող, Ալ․ Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն,
Սոնա Հարությունյան – «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ, Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեի հիմնադիր։

Եզրափակիչ փուլ անցած 20 լուսանկար մայիսի 20-ից կցուցադրվի Մատենադարանի քարադարանի ճեմասրահում, իսկ լուսանկարիչներին կտրամադրվի պատվոգիր մրցույթին մասնակցելու և եզրափակիչ փուլ անցնելու համար։

Մրցույթի արդյունքները կամփոփվեն և մրցանակները կհանձնվեն մայիսի 20-ին՝ ժամը 19:00-ին, «Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակներում։

Մրցույթի մեկնարկ` ապրիլի 11,
Մրցույթի վերջնաժամկետ` մայիսի 1:

https://bit.ly/40Y0JoS