Մահացել է Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է հայ շախմատիստը։
«Նա չափազանց աշխատասեր, խելացի և կենսուրախ անհատականություն էր: Սիրում եմ հավերժ, ննջի՛ր խաղաղությամբ»,-գրել է Արոնյանը:
Արիանան ծնվել է 1986թ-ի դեկտեմբերի 22, Մանիլայում։ Նրա հայրը ֆիլիպինցի է, իսկ մայրը կիսով չափ հոլանդուհի, կիսով չափ՝ իռլանդուհի։ Շախմատ խաղալ սկսել է 6 տարեկանից։ Նա Ավստրալիայի լավագույն շախմատիստուհիներից էր և այդ երկրի կանանց հավաքականի կազմում մասնակցել է 2008-ի համաշխարհային օլիմպիադային, որը կայացել է Դրեզդենում (Գերմանիա)։
2009-ին Արիանա Կաոիլին 9 հնարավորից վաստակելով 8 միավոր՝ հաղթել է Մեծ Բրիտանիայում կայացած «Լոնդոն Չեսս կլասսիկ» խոշոր մրցաշարում՝ 2 միավորով առաջ անցնելով մոտակա մրցակցից։
Արիանա Կաոիլին մասնագիտությամբ տնտեսագետ էր։
2015 թվականի փետրվարի 18-ին Լևոնն ու Արիանան նշանվեցին։ Հարսանյաց արարողությունը տեղի է ունեցել 2017 թվականի սեպտեմբերի 30-ին։
2017 թվականի նոյեմբերի 21-ին Կարեն Կարապետյանը նրան նշանակել է ՀՀ վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով։
Դժբախտ պատահարը տեղի է ունեցել 2020 թվականի մարտի 15-ին` ժամը 00:02-ին, երբ նա, իր վարած «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում բախվել է բետոնե հենասյանը: Ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
Արիանա Կաոլին մահացել է 2020 թվականի մարտի 30-ին։
Հայտնում ենք խորին ցավակցություններ Լևոր Արոնյանին, Արիանա Կաոլիի ընտանիքին և ընկերներին:
Մեկնաբանել