Եբբ երեխայի քթից արյուն է գալիս, նախ պետք է պահպանել հանգստություն, ավելորդ անգամ չվախեցնել փոքրիկին, հակառակը, փորձեք հանգստացնել նրան, ասացեք, որ վախենալու բան չկա և շուտով ամեն ինչ կանցնի։

Առաջին օգնություն քթային արնահոսության ժամանակ

  • Հանգստացրեք երեխային
  • Նստեցրեք նրան գլուխը մի փոքր առաջ, ոչ մի դեպքում չպառկեցնեք նրան, կամ գլուխը հետ չտանեք։ Ինչո՞ւ, որովհետև արյունը կարող է լցվել ստամոքս և առաջացնել փսխում, հազ, որը շատ կվախեցնի և երեխային, և մեծահասակներին, այն նաև կարող է հայտնվել շնչափողի վրա և խեղդել․․․
  • Անձեռոցիկները կամ թաշկինակները թրջեք սառը ջրում, այն դրեք երեխայի ճակատին, ծոծորակին և քիթիկին։ Թրջոցները պետք է անընդհատ սառեցնել։

 Քթի արնահոսության հիմնական պատճառները

  • Չոր օդը
  • Արևահարությունը
  • Ալերգիաները
  • Տրավմաները, հարվածները
  • Վիրուսային հիվանդությունները
  • Սրտային, երիկամային հիվանդությունները
  • Քթի համար նախատեսված սփրեյների, կաթիլների շատ օգտագործումը
  • Ուժգին հազը, լացը, հիստերիան
  • Ակտիվ խաղերը, վարժությունները, հատկապես երեկոյան ժամերին
  • Վիտամինների, հիմնականում C, K, E վիտամինների, կալցիումի, կալիումի, մագնիումի պակասը և այլն։

Երբ դիմել բժշկի

  • Հաճախակի արնահոսության դեպքում
  • Առատ և 10 րոպեից ավել տևող քթային արնահոսության դեպքում
  • Որոշակի դեղորայքի ընդունումից հետո առաջացած արնահոսության դեպքում
  • Երբ քթի շուրջը, աչքերի տակ առաջացել են կապտուկներ
  • Արնահոսությունը առաջացել է ընկնելու, հարվածի կամ այլ տրավմայի դեպքում
  • Երբ բացի քթի արնահոսությունից առկա է ուժեղ գլխացավ, տաքություն
  • Երբ արնահոսությունից հետո երեխան իրեն թույլ է զգում, սփրթնել է, ունի գլխապտույտ
  • Երբ արնահոսության ժամանակ երեխան խեղդվում է, ցնցվում է, չի պատասխանում հարցերին

Ինչպես խուսափել քթի արնահոսությունից

  • Առողջ սննդի օգտագործում

Ինչպես արդեն նշել ենք, արնահոսության պատճառ կարող է լինել վիտամինների պակասը։ Շատ կարևոր է հետևել և օգտագործվող սննդին և քանակին։

  • Օդի խոնավության ապահովումը

Եթե հատկապես ննջասենյակում օդը չոր է, կիրառեք խոնավեցնող միջոցներ․

* բժշկի նշանակմամբ յուղերի օգտագործում, հատկապես շոգ և ցուրտ եղանակներին։ Յուղերը պաշտպանում են մաշկի չորանալուց, սնուցում և ամրացնում են մազանոթները

* օդը խոնավեցնող սարքեր

* խոնավ կտորներ սենյակի անկյուններում

* լայն ափսեով ջուր լուսամուտագոգին․․․

  •  Ապահովել երեխայի հոգեկան և ֆիզիկական հանգիստը

 

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻՆ