21.

Զատկի տոնին բոլոր թռչունները գնացին քահանայի մոտ և, խոստովանելով, հաղորդվում էին: Նրանց հետ գնացին նաև սակռը և հողամաղը:

- Տեր հայր,- ասացին նրանք,- մենք խիղճ ասած բանը չունենք. մենք մկներ ու գորտեր որսացինք ու կերանք:

Քահանան մերժեց հաղորդություն տալ սակռին և հողամաղին, պիղծ կոչելով նրանց:

Նրանք գնացին, սուրբ ձագեր որսացին և բերին տվին քահանային, որն ասաց.

- Դուք առաջին անգամ չիմացաք խոստովանվել, որովհետև մկներն ու գորտերը փետրաթափ թռչուններ են:

Այս ասելով՝ քահանան արդարացրեց նրանց և հաղորդեց:

 

22.

Անծեղը անտառում սովորաբար միշտ աղաղակում է, մանավանդ կենդանիներ տեսնելիս: Երբ ձագը կամեցավ դրա պատճառն իմանալ, մայր անծեղը պատասխանեց. «Որպեսզի թշնամիներս ինձ միշտ արթուն տեսնեն և չմտածեն վրաս հարձակվել՝ որսալու նպատակով»:

 

23.

Ճայեկը սագին աղաչում էր և ասում.

-Ես սեևադեմ լինելով արհամարված եմ բոլորից, իսկ դու սպիտակ ես ու պայծառ , խնդրում եմ ինձ սովորեցնես, որ քեզ պես սպիտակ լինեմ:

-Շատ լավ,- ասաց սագը,- միայ թե ինձ պես միշտ լվացվիր ջրով:

Ճայեկը լսեց սագի խորհուրդը, բայց լվացվելիս ընկնում էր նրա սև փետուրը և դարձյալ նույն գույնով գալիս էր մեկ ուրիշը:

Ճայեկը կրկին գնաց սագի մոտ ու աղաչեց, և սագն ասաց նրան.

-Լվացվելու հետ միասին իմ լեզուն էլ պետք է սովորես, որ կարողանաս իմձ նման լինել: Ճայեկն հանձն չառավ մոռանալ իր լեզուն և մնաց նույն սևադեմը:

 

24.

Ճնճղուկները երամով գնացին արագիլի մոտ և աղաչելով ասացին նրան.

-Թույլ տուր մեզ ձագեր հանելու քո բույնի մեջ և պաշտպանիր մեր ձագերն օձերից:

-Ինձ ի՞նչ կանեք,- ասաց արագիլը,- որ կատարեմ ձեր կամքը:

-Կաղոթենք, պատասխանեցին ճնճղուկները, որ ձեր ձագերը միշտ առողջ մնան և զերծ վնասակար օդից ու եղանակից:

Եվ արագիլը տեղ տվեց նրանց:

Երբ ճնճղուկները ձագ հանեցին, օձը սողաց դեպի բույնը նրանց ձագերն ուտելու: Արագիլը սպանեց այդ օձին և ման էր գալիս, որ ոչնչացնի բոլոր օձերին` ճնճղուկների ձագերին փրկելու համար:

Առակս ուսուցանում է կարեկից լինել տկարներին ու թույլերին և ցանկանալ, որ ազատություն վայելեն նրանք:

 

25.

Սիրամարգը իր գեղեցկությունն ամենքին ցուցադրելով՝գովեստ էր ստանում. և նա մտածեց թագավոր դառնալ: Իմաստուններից ոմանք խրատեցին՝ չխաբվել, ասելով, թե ազգով պետք է թագավոր լինել: Բայց սիրամարգը չէր ուզում լսել նրանց և ցանկանում էր անպատճառ հասնել իր նպատակին: Թռչունների թագավորը լսելով այդ մասին, եկավ ու կոտորեց նրա ձագերին ու ազգատոհմը: Շատերն էլ թևերն ու փետուրները դուրս քաշելով՝ մերկացրին նրան: Այսպիսով, սիրամարգը ոչ միայն թագավոր չդարձավ, այլև զրկվեց իր գեղեցկությունից:

Այսպես ահա, նրանք, ովքեր հրապուրվելով ցանկանում են հասնել անկարելիին, ոչ միայն ձեռք չեն բերում այն, այլև կորցնում են իրենց ունեցածը:

 

26.

Արջը փորում էր մրջյունի բույնը և լեզվով հավաքելով նրանց՝ ուտում:

Մրջյունը հնար էր մտածում սպանելու արջին:

Գնում է նա պիծակի, գոռեխի, շնաճանճի, բրետի և այլ սրանց նմանների մոտ և աղաչում օգնել ազգասիրաբար: Նրանք, ցավակցելով իրենց ազգակից մրջյունին, խփում են արջի աչքին և ականջներին, որը գլուխը զարկում է քարին և վերք է ստանում: Վերքը նեխում է, որից և առաջանում են որդեր: Արջը ցավի սաստկությունից գոչում է բերանաբաց: Որդերը նրա որովայնը մտնելով՝ խոցոտում են աղիքները, որից արջը տանջահար և ցավից ստիպված դիմում է դեպի ջրի հոսանքը և չափից ավելի խորը մտնելով՝ խեղդվում է:

 

27.

Չղջիկները լույսին նայել չեն կարող, մտնում են քարերի ճեղքը կամ պատերի խորշերը, և, որովհետև գարշահոտ են ու վատատես, ցերեկը գունդ ու կծիկ են լինում և գիշերը հարձակվում:

Այդպես են բանսարկուներն ու ավազակները, որոնք արդարության լույսից փախչելով՝ սիրում են խավարը:

 

28.

Պղնձագործն ու երկաթագործն միմյանց խնամի դառնալու ժամանակ վիճեցին. յուրաքանչյուրն իր արհեստն էր գովաբանում մեծաբարբառ, և նրանց մեջ հակառակություն ընկավ. գնացին ծերերի ատյանը: Ծերունիներն ասացին, թե հասարակաց օգտակարը պատվական է:

 

29.

Ոսկին թագավորելիս պահանջում էր, որ բոլոր նյութերը երկրպագեն իրեն: Նա թագավոր էր կոչում իրեն, որովհետև թագավորի պատկեր էր եղել, և դրանով ամբարտավանում էր արծաթագործների և ուրիշների վրա ևս: Բոլորը եկան երկրպագելու, բայց ցորենը չեկավ, ասելով. «Թող առաջ ինքը ոսկին գա ինձ երկրպագելու»:

 

30.

Սոսի ծառի մոտ երկրագործները ջրում էին բամբակի արտը:

Նրանք պատվիրում էին միմյանց զգուշանալ բամբակենու ծառերը կոխ տալուց: Սոսին բարկացավ, որ ծառ են կոչում բամբակենուն և ասաց.

- Ինչպե՞ս կարող է դա ծառ կոչվել և համանուն լինել ինձ, որ հաստ եմ այսքան ու բարձր և շատ տեղ եմ բռնում:

Եվ բամաբկենին անվախ՝ արձակ ու համարձակ պատասխանեց.

- Դու բարձր ես, արդարև, ու հաստ, սակայն անօգուտ, ո՛չ շինության համար ես պիտանիև ո՛չ պտղաբերությամբ՝ գովելի, այրելու համար էլ անպետք ես: Այլ միայն թանձր ստվեր ունես, որի համար ավելի շատ պարսավում են քեզ, քան թե գովում: Իսկ ես թեև փոքր եմ ու տկար, բայց բազմաշահ եմ և օգտակար բոլոր մարդկանց համար և՛ պահպանելու, և՛ քաղելու, և՛ գործելու ժամանակ, և վերջում դառնում եմ հագուստ, ինչպես ոչխարների բուրդը, կտավատի վուշը և շերամի մետաքսը: Մինչդեռ դու դրանցից ոչ մեկը չունես, բացի միայն խոզակից:

Եվ այս հանդիմանությունից հետո սոսին լռեց:

 

31.

Էշը գնաց սար կրոնավոր լինելու, բայց վախենալով տեղի դառնությունից ու դժվարություններից, մանավանդ որ խրատում էին, թե ծույլ չպետք է լինի, փախավ այնտեղից ասելով.

- Խառան, Խառան…

Այսինքն թե տաք է Խառանը, որտեղից եկել էր կրոնավոր լինելու:

 

32.

Ավազակը մի քահանայի բռնելով՝ կամենում էր սպանել նրան: Քահանան ուժ առավ, հաղթահարեց ավազակին և, ինչպես պետք է, սկսեց տանջել նրան:

Ավազակն աղաչում էր և ասում.

-Չէ՞ որ քահանա ես դու և միշտ ասում ես «խաղաղություն ամենեցուն» ու սրա նման շատ բաներ, ուրեմն ինչու՞ ես տանջում ու չարչարում ինձ:

- Ո’վ դու չարագործ, - պատասխանեց քահանան,- ես հենց խաղաղություն պահպանելու համար եմ տանջում քեզ, որովհետև դու չես սիրում խաղաղությունը:

 

33.

Երկրում կար շատ բարձր և անմատչելի մի լեռ: Մարդիկ կամեցան բնակություն հաստատել նրա վրա, որովհետև լի էր նա ամենայն բարիքով: Սակայն, շատ էր դժվարին նրա վրա բարձրանալը, թեպետև ուներ բազում ճանապարհներ: Նրանք, ովքեր նրա վրա բարձրանալու ժամանակ կանգ առան հանգստանալու, սայթաքեցին և ցած գլորվելով հասան մինչև հատակը, իսկ ովքեր չուզեցին դադար առնել, այլ գավազանի օգնությամբ աշխատեցին շարունակել վերելքը, բարձրացան լեռան վրա և հանգիստ կյանք վայելեցին:

Այսպես թուլակազմ անարիները մնում են կես ճանապարհին ու կորչում, իսկ հաստատակամները, համբերությունն իրենց նեցուկ ունենալով՝ վեր են բարձրանում ու հասնում նպատակին: